Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ 07-1345

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`

24.05.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ն. ՀՈՎՍԵՓԱՆ
դատավոր` Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
դատավոր` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ԴԱՎԹՅԱՆԻ
Հայցվորի ներկայացուցիչ` Լ. ԱՎԱԳՅԱՆ /անձնագիր ..../
պատասխանողի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Վերաքննիչ բողոք բերող Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

2007թ. մայիսի 24-ին Երևանում, դռնբաց դատական նիստում, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ( դատ.` Ս.Չիչոյան) 08.08.2006թ. կայացված թիվ 2-167 վճռի դեմ պատասխանող Անուշ Շահբազյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Զավեն Մանուկյանի ընդդեմ Անուշ Շահբազյանի` ամուսնալուծության պահանջի մասին և Անուշ Շահբազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Զավեն Մանուկյանի` համատեղ գույքի չափաբաժինն առանձնացնելու, փաստաթղթեր տրամադրելու և օժիտը բռնագանձելու պահանջների մասին:

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է: Դիմելով դատարան հայցվոր Զավեն Մանուկյանը հայտնել է, որ 1987թ. փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել պատասխանող Անուշ Շահբազյանի հետ: 27.03.1991թ. ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ մարմնում: Ամուսնությունից ունեցել են չորս երեխա` Կարո Զավենի Մանուկյան` ծնված 15.09.1989թ., Արմեն Զավենի Մանուկյան` ծնված 18.03.1991թ., Մարիամ Զավենի Մանուկյան` ծնված 29.05.1996թ. և Արթուր Զավենի Մանուկյան` ծնված` 29.11.2000թ.: Ամուսնական սկզբնական շրջանում իրենց հարաբերությունները եղել են նորմալ, սակայն գնալով դրանք սկսել են լարվել, ընտանիքում ամեն մի առիթի դեպքում վեճեր են ծագել, աստիճանաբար աճել է փոխադարձ անվստահությունը: Պատասխանողը բազմիցս վիճելով` հեռացել է տանից, իր հետ տարել է կամ չի տարել երեխաներին, վերջին տասը տարիների ընթացքում ընտանիքը պահպանելու ուղղված իր ջանքերը եղել են ապարդյուն, չի օգնել անգամ երկու երեխաների ծնունդը: Ինքը երեխաների շահերից ելնելով` ամեն կերպ փորձել է շարունակել պատասխանողի հետ համատեղ կյանքը, սակայն, դատելով երեխաների այսօրվա վարքագծից, պարզ է դառնում, որ պատասխանողի հետ համատեղ կյանք վարելն ուղղակիորեն բացասաբար է անրադարձել նրանց վրա: Արդյունքում իրենց ավագ որդու և պատասխանողի հարաբերություններն այնքան են սրվել, որ այժմ նրանց համատեղ կյանքն էլ է դարձել անհնարին: Եվ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ պատասխանողը հերթական անգամ, իր հետ վերցնելով երեք երեխաներին, հեռացել է տանից և բնակվում է անհայտ մի բնակարանում: Իրենց ընտանիքը վերականգնելու հեռանկարներ չկան և ամուսնությունը կրում է ձևական բնույթ: Խնդրել է հիմք ընդունելով նշված հանգամանքները` իրենց ամուսնալուծել առանց հաշտության ժամկետ սահմանելու: Պատասխանող Անուշ Շահբազյանը հայցի դեմ առարկել է և հակընդդեմ հայց է ներկայացրել Զավեն Մանուկյանի դեմ` հայտնելով, որ իրենց ավագ որդու հետ հարաբերությունները սրվել են Զավեն Մանուկյանի պատճառով: Հայտնել է նաև, որ հայցվորը թաքցնում է ամուսնալուծության պատճառը: Վերջինիս հետ համատեղ կյանքով ապրել են շուրջ 18 տարի, իրենց ունեցվածքը դա համատեղ աշխատանքի արդյունք է: Պահանջել է իրեն հատկացնել իր չափաբաժինը, այդ թվում նաև բնակելի տարածք: Վերաքննիչ դատարանում հայցվորի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանը հայցը պնդեց, հակընդդեմ հայցի դեմ առարկեց, որ պատասխանող Անուշ Շահբազյանը հայցվորի հայրական տանից հեռացել է իր կամքով, նշված տունը սեփականության իրավունքով պատկանում է Կարապետ Մանուկյանին, երեխաներից մեկը բնակվում է հայցվորի հետ, իսկ մնացած երեքը` պատասխանողի հետ: Խնդրեց հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել: Պատասխանողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայցի դեմ ըստ էության չառարկեց, հակընդդեմ հայցը պնդեց, հայտնելով, որ կողմերն ամուսնական հարաբերությունների մեջ են մտել 1991թ-ից և համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք են բերել որոշակի գույք: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, այսինքն օրենքը պարտադիր պայման է դիտում կողմերի ամուսնալուծությունից հետո գույքը բաժանել հավասար մասերի: Անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից 2005թ. տրվել են չորս սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հավաստում են, որ Անուշ Շահբազյանը համարվում է համասեփականատեր հողատարածքների նկատմամբ, որոնց չափերն առկա են վկայականներում: Բացի այդ 2006թ. ՀՀ ոստիկանության Սևանի ՊԱՏ բաժնի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Զավեն Մանուկյանի անվամբ 12.05.1998թ. գրանցված է ՎԱԶ-2106 մակնիշի 31 ԼՏ 299 պ/հ ավտոմեքենա: Գավառի քաղաքապետի տեղակալի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Հացառատ թաղամասում գտնվող բնակարանը հանդիսանում է Կարապետ Մանուկյանի և մյուսների, այդ թվում նաև Անուշ Շահբազյանի սեփականությունը, ուստի բնակարանի զ մասը պետք է հատկացնել վերջինիս և երեխաներին, բացի այդ, համաձայն գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքի` Կարապետ Մանուկյանը և նրա ընտանիքի անդամները ստացել են վարելահողեր` տարբեր կարգերի և չափերի: Դրանցից Անուշ Շահբազյանին և նրա խնամքին գտնվող երեք երեխաներին պետք է հատկացնել 800քմ. վարելահող, 300քմ. 3-րդ կարգի վարելահող և 400քմ. 4-րդ կարգի վարելահող: Տնտեսության եղած անասուններից 75 գլուխ ոչխար, 75 գլուխ գառ, մեկ կով, մեկ հորթ, մեկ ձի և համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ավտոմեքենայի զ-րդ մասը: Դատարանից խնդրում է նաև լուծել երեխաների ապրուստի միջոցի` ալիմենտի հարցը: Լսելով կողմերին, ուսումնասիրելով, վերլուծելով և գնահատելով քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցները, վերաքննիչ դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցը մասնակի բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքննությամբ պարզվեց, ու կողմերը 1987թ-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել, իսկ օրինական կարգով ամուսնացել են և ամուսնությունը ՔԿԱԳ մարմիններում գրանցվել է 27.03.1991թ.: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա` Կարո (ծնված` 15.09.1989թ.), Արմեն (ծնված` 18.03.1991թ.), Մարիամ (ծնված` 29.05.1996թ.) և Արթուր (ծնված` 29.11.2000թ.) Զավենի Մանուկյաններ (գ.թ.4-7): Կողմերը համատեղ բնակվել են մինչև 2006թ., որից հետո ընտանեկան անախորժությունների հետևանքով պատասխանող (հակընդդեմ հայցվոր) Անուշ Շահբազյանը երեք երեխաների հետ միասին հեռացել է հայցվորից` մեկ երեխային թողնելով վերջինիս խնամքին: Կողմերի բացատրություններով դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ նրանց ընտանիքը վերջնականապես քայքայվել է և այն վերականգնելու հիմքեր չկան: Համաձայն ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ կետի` "Ամուսինների միջև համաձայնության դեպքում դատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշել, թե ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը հանդիսացող համատեղ գույքի բաժանում.

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը:

 

1. Դատաքննությաբ պարզվեց, որ կողմերն ունեն չորս երեխա, որից Կարո Զավենի Մանուկյանը` (ծնված 15.09.1989թ.), գտնվում է հայցվոր Զավեն Մանուկյանի խնամքին, իսկ Արմեն (ծնված` 18.03.1991թ.),Մարիամ ( ծնված` 29.05.1996թ.) և Արթուր (ծնված` 29.11.2000թ.) Զավենի Մանուկյանները գտնվում են Անուշ Շահբազյանի խնամքին` կողմերի փոխադարձ համաձայնությամբ և այն հարցը, թե երեխաները ծնողներից ում հետ պետք է ապրեն, կողմերը լուծել են, ուստի պետք է լուծվի երեք անչափահաս երեխաների ապրուստի միջոցի` ալիմենտի հարցը: Քանի որ Զավեն Մանուկյանը չի աշխատում, ուստի նրանից ալիմենտ բռնագանձելիս դատարանը հաշվի է առնում վերջինիս գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը: ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի իրավունք: Սահմանադրական այս երաշխիքը ենթադրում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման անհրաժեշտ, սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների նվազագույն քանակի ապահովման իրավունք: Առաջին ատյանի դատարանը վճռել է Զավեն Մանուկյանից բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր երեխայի համար` 7000-ական ՀՀ դրամ, ինչի դեմ կողմերը բողոք չեն բերել:

2. Պարզվեց նաև, որ կողմերը և հայցվոր Զավեն Մանուկյանի ծնողները համատեղ տնտեսություն են վարել և բնակվել են համատեղ ք. Գավառ, Հացառատ թաղամասում գտնվող հայցվորի հոր` Կարապետ Մանուկյանի անվամբ գրանցված տանը: Անուշ Շահբազյանն առաջին ատյանի դատարանում բնակարանի պահանջից հրաժարվել է, դատարանը բնակարանի պահանջի վերաբերյալ հայցը թողել է առանց քննության (տես գ.թ. վճիռը) : Քանի որ բնակարանի պահանջն առաջին ատյանի դատարանը քննության չի առել, ուստի վերաքննիչ դատարանն այն վերաքննելու իրավունք չունի: Անուշ Շահբազյանն իրավունք ունի դիմել առաջին ատյանի դատարան` բնակարանի պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործը քննության առնելու համար: Պարզվեց նաև, որ սկսած 1991թ-ից պատասխանող Անուշ Շահբազյանը մասնակցել է տնտեսություններում ձեռք բերվելիք գույքի ստեղծմանը, այդ թվում, անասուններ` 150 գլուխ ոչխար, 150 գլուխ գառ, 2 կով, 2 հորթ և մեկ ձի (գ.թ. 51) : Բացի այդ, գործում առկա` ՀՀ Ոստիկանության Սևանի ՊԱՏ բաժնի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Զավեն Մանուկյանի անվամբ Սևանի ԳՔԲ-ում 12.05.1998թ. գրանցված է ՎԱԶ- 2106 մակնիշի 31 ԼՏ 299 պ/հ ավտոմեքենա 1988թ. արտադրության (գ.թ. 48) : Դատաքննությամբ պարզվեց, որ տնտեսության գործունեությանը մասնակցել են հայցվոր Զավեն Մանուկյանը, վերջինիս ծնողները և պատասխանող Անուշ Շահբազյանը, որպես չափահաս անձինք, ուստի տնտեսության գույքը պետք է բաժանել ընտանիքի չափահաս անդամների միջև: Քանի որ հողի սեփականաշնորհմանը մասնակցել են նաև ընտանիքի չափահաս անդամները` կողմերի երեխաները, որոնցից երեքը գտնվել են պատասխանող Անուշ Շահբազյանի խնամքին, ուստի վերջինիս պետք է հատկացնել հողամասի զ-րդ բաժնի չափով: Դատարանը գույքը բաժանելիս ղեկավարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199 և 201 հոդվածներով, նկատի ունենալով, որ տնտեսությունում եղած գույքն ընդհանուր համատեղ սեփականություն է, ուստի այն ընտանիքի բոլոր չափահաս անդամների միջև պետք է բաժանել հավասար: Դատարանը քննության առավ նաև հակընդդեմ հայցվորի պահանջը` օժիտի վերաբերյալ և պարզեց, որ կողմերի միջև այդ կապակցությամբ վեճ չկա, ուստի պահանջի այդ մասը ենթակա է կարճման: Ելնելով վերեգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածով վերաքննիչ դատարանը`

 

ՎՃՌԵՑ

Զավեն Մանուկյանի հայցը բավարարել: Զավեն Կարապետի Մանուկյանի և Անուշ Սերյոժայի Շահբազյանի ամուսնությունը (գրանցված 27.03.1991թ. Կամոյի քաղ. ԶԱԳՍ-ի բաժնում` վկայական III-CL թիվ 356879) լուծել : Ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՔԿԱԳ մարմնում:

Զավեն Կարապետի Մանուկյանից հօգուտ Անուշ Շահբազյանի բռնագանձել ալիմենտ` կայուն դրամական գումարով` ամսական 7.000-ական ( յոթ հազարական) ՀՀ դրամի չափով, որպես երեխաներ` Արմեն (ծնված` 18.03.1991թ.), Մարիամ (ծնված` 29.05.1996թ.) և Արթուր (ծնված` 29.11.2000թ.) Զավենի Մանուկյանների ապրուստի միջոց` մինչև նրանց չափահաս դառնալը: Բռնագանձումը սկսել 22.06.2006թ.-ից:

Անուշ Շահբազյանի հակընդդեմ հայցը բավարարել մասնակի: Անուշ Շահբազյանին սեփականության իրավունքով հատկացնել տնտեսության եղած կենդանիներից` 37 գլուխ ոչխար, 37 գլուխ գառ, մեկ կով, մեկ հորթ և մեկ ձի: Ինչպես նաև Զավեն Մանուկյանի անվամբ գրանցված, 1988թ. ՎԱԶ-2106 մակնիշի 31 ԼՏ 299 պ/հ ավտոմեքենայի արժեքի Զ-րդ մասը: Անուշ Շահբազյանին և նրա երեք երեխաներին հատկացնել հողամասից` 800քմ. վարելահողը, 300քմ. 3-րդ կարգի վարելահող և 400քմ. 4-րդ կարգի վարելահող: Հակընդդեմ հայցը օժիտի վերաբերյալ` կարճել: Հակընդդեմ հայցը մնացած մասով` մերժել: Բռնագանձել Անուշ Շահբազյանից հօգուտ պետական բյուջեի 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ, որպես վերաքննիչ դատարանի համար նախատեսված պետական տուրքի գումար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի ԴԱՀԿ ծառայության մարմիների միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող դատավոր` Ն.Հովսեփյան

Դատավոր` Տ.Սահակյան

Դատավոր` Ա.Թումանյան

 

* * *

 

Քաղաքացիական գործ թիվ 3-1505 (ՎԴ) 2007թ.

Ո Ր Ո Շ Ու Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ Վճռաբեկ դատարան/
09.08.2007թ. ք.Երևան
նախագահությամբ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

քննարկելով Անուշ Շահբազյանի հակընդդեմ հայցով ընդդեմ Զավեն Մանուկյանի` համատեղ գույքից չափաբաժին առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 24.05.2007 թվականի վճռի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի հավատարմագրված փաստաբան Սոս Գրիգորյանի միջոցով բերված Կարապետ Լոլեյանի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզեց, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդունելության հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը , որի իրավունքը չի խախտվել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը: Հետևաբար, վերը նշված պահանջների խախտումները վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք են: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու նամար: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ և 231.2- րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերադարձնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 24.05.20007 թվականի վճռի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Սոս Գրիգորյանի միջոցով բերված Կարապետ Լոլեյանի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանի վճռաբեկ բողոքը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող`

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
դատավորներ`

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ