Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Քաղ.գործ թիվ 08-601

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`

20.02.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Դ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
դատավոր` Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
քարտուղարությամբ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
մասնակցությամբ հայցվոր ` Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ /անձնագիր` ..../
պատասխանող Ա. ԲԱԶՈՒՆՑ /անձնագիր` ..../
պատասխանողի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Երևանում, վերաքննիչ դատարանում, դռնբաց դատական նիստում, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի /դատավոր` Գ. Խանդանյան/ 2007թ. նոյեմբերի 30-ին կայացրած վճռի դեմ սույն քաղաքացիական գործով հայցվոր` Լ. Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի` Լուսինե Խաչատրյանի ընդդեմ Արարատ Բազունցի` կայուն գումարով ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:

 

Առաջին ատյանի դատարանի 30.11.2007թ.-ի թիվ 2-1645 վճռով հայցապահանջը բավարարվել է մասնակիորեն:

Դատաքննությամբ և գործի փաստական հանգամանքներով վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը.

Հայցվոր Լուսինե Խաչատրյանը /անձնագիր` ..../ դատարանին հայտնել է, որ 1995թ.-ից փաստական ամուսնության մեջ է գտնվել պատասխանողի հետ: 2001 թ-ից իրենց ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է Արմավիրի մարզի Վաղարշապատի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա` Արման Արարատի Բազունց` ծնված 10.08.1996թ. և Հարություն Արարատի Բազունց` ծնված 12.11.1998թ.: Ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսնական կյանք չեն վարում, բնակվում են առանձին: Երկու երեխաներն էլ ի ծնե հիվանդություն ունեն և նրանք հատուկ խնամքի կարիք ունեն, պատասխանողը որևէ նյութական օգնություն ցույց չի տալիս երեխաների խնամքն ապահովելու համար: Բացի այդ երեխաների ապրուստը հոգալու, նրանց բուժման և դեղորայքի համար անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ, որն ինքը միայնակ չի կարողանում իրականացնել:
Դատարանից խնդրել է պատասխանող Արարատ Բազունցից հօգուտ իրեն բռնագանձել ալի մենտ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 40000 դրամ կայուն գումարով` նրանց խնամքն ու ապրուստն ապահովելու համար:
Դատաքննությամբ հայցվորը պնդեց առաջին ատյանի դատարանում տրված բացատրությունները և խնդրեց այն բավարարել, ավելացնելով, որ պատասխանողը զբաղվում է ավտոմեքենաների առուվաճառքով:
Պատասխանող Արարատ Բազունցը / անձնագիր` ..../ հայցի դեմ առարկել է մասնակիորեն և դատարանին հայտնել է, որ հայցվորի հետ ամուսնացել է 1995թ.: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, որոնց հայրությունն ինքն ընդունել է: Հայտնել է նաև, որ ինքը զբաղվում է մասնավոր աշխատանքով և կայուն գումար չի վաստակում, այդ իսկ պատճառով պահանջած գումարը չի կարող վճարել, սակայն ինքն ալիմենտ վճարելուց չի խուսափում պարտավորվում է հնարավորության սահմաններում յուրաքանչյուր երեխային վճարել 15000-ական դրամ:
Բացի այդ երեխաներն օրենքով սահմանված կարգով օգտվում են պետական պատվերի շրջանակներում կատարվող արտոնություններից և յուրաքանչյուրն ամսական ստանում է հաշմանդամության թոշակ 5950 դրամի չափով:
Վերաքննիչ դատարանում պատասխանողը և նրա ներկայացուցիչը պնդեցին առաջին ատյանի դատարանում տրված բացատրությունները, առարկությունները, ավելացրեցին, որ պատասխանողը պատրաստ է յուրաքանչյուր երեխայի համար վճարել 7500 ՀՀ դրամ:
Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահատելով քաղաքացիական գործում առկա ողջ ապացույցները, դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է մերժել և Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 30.11.2007թ.-ի թիվ 2-1645 վճիռը թողնել անփոփոխ, հետևյալ պատճառաբանությամբ:
Դատաքննության և գործի փաստական տվյալներով դատարանը հաստատված համարեց, որ կողմերը 1995թ.-ից փաստական ամուսնության մեջ են գտնվել: 2001թ-ից նրանց ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է Արմավիրի մարզի Վաղարշապատի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա` Արման Արարատի Բազունց` ծնված 10.08.1996թ. և Հարություն Արարատի Բազունց` ծնված 12.11.1998թ.: Ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսնական կյանք չեն վարում, բնակվում են առանձին:
Երկու երեխաններն էլ ի ծնե հիվանդ են և հատուկ խնամքի կարիք ունեն: Օրենքով սահմանված կարգով երեխաներն օգտվում են պետական պատվերի շրջանակներում կատարվող բուժսպասարկման և այլ ծառայություններից: Երեխաներից յուրաքանչյուրն ամսական ստանում է 5950 դրամ հաշմանդամության թոշակ: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68 հոդվածի համաձայն, եթե ծնողներն ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները /ալիմենտը/
ծնողներից բռնագանձվում են դատական կարգով: Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71 հոդվածի 1-ին մասի` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանել կայուն դրամական գումարով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դրամական չափը որոշում է դատարանը` ելնելով երե խայի նախկին կենսապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 հոդվածի 1-ին մասի` համաձայնության բացակայության և բացառիկ հանգամանքների առկայության /ծանր հիվանդություն, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղում, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն/ դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կրելու գործին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 77 հոդվածի` ծնողները պարտավոր են պահել իրենց անչափահաս երեխաներին: Սույն գործով պատասխանող Ա. Բազունցը չի աշխատում, զբաղվում է մասնավոր աշխատանքով, վերջինիս խնամքին են գտնվում նաև նրա ծնողները, որպիսի հանգամանքի դեմ չառարկեցին նաև կողմերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34 –րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի իրավունք: Սահմանադրական այս երաշխիքը ենթադրում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ, միջազգայնորեն ընդունված, ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների նվազագույն քանակի ապահովման իրավունք:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, որոնք վերաբերում են պատասխանողի ընտանեկան և սոցիալական դրությանը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցն ամբողջությամբ բավարարելու դեպքում կարող է առաջանալ Ա.Բազունցի և նրա ընտանիքի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բավարար կենսամակարդակի իրավունքի խախտման իրական վտանգ:
Հետևաբար վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել յուրաքանչյուր երեխայի համար ալիմենտ ամսական 15000-ական դրամի չափով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պատասխանողը 15000 դրամ ալիմենտ վճարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանում չի առարկել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221 հոդվածով վերաքննիչ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

Լուսինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 30.11.2007թ-ի թիվ 2-1645 վճիռը թողնել անփոփոխ:
Պատասխանող Արարատ Բազունցից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 9600 ( ինը հազար վեց հարյուր ) դրամ, որպես վերաքննիչ դատարանի պետական տուրքի գումար:
Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`
Դ. Խաչատրյան

ԴԱՏԱՎՈՐ`
Ն. Տավարացյան

ԴԱՏԱՎՈՐ`
Ս. Միքայելյան