Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

գործ ԵԱՆԴ 2631/02/08 /2008թ

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

02.12.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս. ՈւԶՈւՆՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ՆԱԶԱՐՅԱՆ
հայցվորի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
պատասխանող Ս. ՌՈւՇԱՆՅԱՆ

2008թ. դեկտեմբերի 2-ին դատարանում, դռնբաց դատական նիստում, քննեց գործն ըստ հայցի Գևորգ Խաչատրյանի (անձնագիր` ....) ընդդեմ Սառա Ռուշանյանի (անձնագիր` ....)` ամուսնալուծության թույլտվության պահանջի մասին:

 

Հայցվորը, դիմելով դատարան, խնդրում է թույլատրել իր և պատասխանողի ամուսնալուծությունը, պատճառաբանելով, որ ինքը և պատասխանողն օրինական կարգով ամուսնացել են 18.04.1987թ-ին, որը գրանցվել է Երևանի Նոր Նորք համայնքի ՔԿԱԳ տարածքային բաժնում: Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են 3 երեխա` Արթուր Գևորգի Խաչատրյանը` ծնված 13.05.1987թ-ին, Արման Գևորգի Խաչատրյանը` ծնված 28.07.1988թ-ին և Աննա Գևորգի Խաչատրյանը` ծնված 26.07.1990թ-ին:
Համատեղ կյանքի վերջին հատվածում իր և պատասխանողի հարաբերությունները լարվել են, որի պատճառով 1997թ-ից սկսած դադարել են համատեղ կյանք վարել և ներկայումս իրենց ամուսնության մեջ մնալը կրում է ձևական բնույթ: Դատաքննությամբ հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը, տալով հայցադիմումին նույնաբովանդակ ցուցմունք, պահանջը պնդեց և խնդրեց այն բավարարել:
Պատասխանող Սառա Ռուշանյանը հայցի դեմ չառարկեց, սակայն հայտնեց, որ իրենց համատեղ ամուսնական կյանքի անհնարինության պատճառը հայցվորն է եղել, քանի որ վերջինս խուսափել է ընտանիքի հանդեպ իր պարտավորությունները կատարելուց և անտարբեր վարքագիծ է դրսևորել երեխաների նկատմամբ:
Լսելով հայցվորի ներկայացուցչի և պատասխանողի ցուցմունքները, հետազոտելով քաղաքացիական գործում եղած փաստաթղթերը, դատարանը պարզեց, որ Գևորգ Խաչատրյանը և Սառա Ռուշանյանն օրինական կարգով ամուսնացել են 18.04.1987թ-ին, որը գրանցել են Երևանի Նոր Նորք համայնքի ՔԿԱԳ տարածքային բաժնում, թիվ 660 ակտով:
Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երեք երեխա` 13.05.1987թ-ին ծնված Արթուր Գևորգի Խաչատրյանը, 28.07.1988թ-ին ծնված Արման Գևորգի Խաչատրյանը և 26.07.1990թ-ին ծնված Աննա Գևորգի Խաչատրյանը:
Ամուսնության սկզբնական շրջանում Գ.Խաչատրյանը և Ս.Ռուշանյանը ապրել են համերաշխ, սակայն 1997թ-ից նրանց հարաբերությունները լարվել են, որի պատճառով հեռացել են միմյանցից, նրանց միջև դադարել են ամուսնական հարաբերությունները և շուրջ տասնմեկ տարի է, ինչ բնակվում են առանձին:
Գնահատելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, հաշվի առնելով, որ տրված ժամկետում կողմերը չեն հաշտվել, դատարանը հանգեց համոզման, որ կողմերի ամուսնության մեջ մնալը կրում է ձևական բնույթ և նման պայմաններում անհնարին է պահպանել ընտանիքը, ուստի ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն պետք է լուծել կողմերի ամուսնությունը:
Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 140,1411 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել:
Լուծել Գևորգ Կառլենի Խաչատրյանի և Սառա Ռազմիկի Ռուշանյանի ամուսնությունը:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ`
Ս. ՈՒԶՈՒՆՅԱՆ


 

 

* * *

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2631/02/08

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`

25.03.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ն. Հովսեփյան

2009 թվականի մարտի 25-ին դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործով ըստ հայցի` Գևորգ Խաչատրյանի ընդդեմ Սառա Ռուշանյանի` ամուսնալուծության թույլտվության պահանջի մասին Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարա- նի /դատավոր` Ս.Ուզունյան/ 2008 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ԵԱՆԴ/2631/02/08 վճռի դեմ պա- տասխանող Սառա Ռուշանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.
23.09.2008 թվականին հայցվոր Գևորգ Խաչատրյանը, դիմելով Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան, խնդրել է թույլատրել լուծել իր և Սառա Ռուշանյանի ամուսնությունը: Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ԵԱՆԴ/2631/02/08 վճռով հայցը բավարարվել է: Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող Սառա Ռուշանյանը:
Հայցվորը վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացրել:

 

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Բողոք բերած անձը գտնում է, որ դատարանի կողմից կայացված վճիռը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսդրության պահանջներից` հետևյալ պատճառաբանությամբ.
1. Դատարանը խախտել է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի գ ենթակետը, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ և 108-րդ հոդվածները: Դատարանն անտեսել է պատասխանողի միջնորդությունը համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանումը կատարելու վերաբերյալ` վկայակոչելով, որ այն չի առնչվում հայցի հետ: Դատարանը կրկին անգամ անտեսել է պատասխանողի կողմից ներկայացրած գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը` նույն դատարանին ներկայացրած Ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ ակնհայտ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարը բաժիններին համաչափ բաշխելու, 750.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումը, նույն հիմնավորմամբ` բանավոր: Այնինչ, դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում, դատարանը պարտավոր է ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը: Ելնելով վերոգրյալ հանգամանքից դատարանը պարտավոր էր կասեցնել գործի վարույթը, մինչև վերը նշված պահանջով քաղաքացիական դատավարության կարգով քննվող հայցով վերջնական դատական ակտի կայացնելը: Այսպիսով, վերոհիշյալ փաստարկների մասով դատարանի վճիռն ընդհանրապես պարզաբանված չէ և դատարանը չի նշել այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որի հիմքով ամուսնալուծության պահանջի քննարկման հետ միասին դատարանի կողմից չպետք է քննարկվի ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջը: 2. Դատարանը խախտել է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ըստ որի` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: 3. Դատարանը խախտել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Այս առումով առկա է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի թիվ 3-1648 /ՎԴ/ նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե փաստական, և թե իրավական հիմնավորումները: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի /նորմերի/, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ԵԱՆԴ 2631/02/08 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Գևորգ Խաչատրյանը և Սառա Ռուշանյանն օրինական կարգով ամուսնացել են 18.04.1987 թվականին, որը գրանցել են Երևանի Նոր-Նորք համայնքի ՔԿԱԳ տարածքային բաժնում, թիվ 660 ակտով: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երեք երեխա` 13.05.1987-ին ծնված Արթուր Գևորգի Խաչատրյանը, 28.07.1988թ-ին ծնված Արման Գևորգի Խաչատրյանը և 26.07.1990թ-ի ծնված Աննա Գևորգի Խաչատրյանը:
1997թ-ից կողմերի փոխհարաբերությունները լարվել են, որի պատճառով հեռացել են միմյանցից, նրանց միջև դադարել են ամուսնական հարաբերությունները և շուրջ տասնմեկ տարի է, ինչ բնակվում են առանձին:

 

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վերաքննիչ բողոքը նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններւմ` վերաքննիչ դատարանը գտնում է, որ
1/ վերաքննիչ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ կետի □գ□ ենթակետի համաձայն` ամուսնալուծվելիս ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է ամուսինների /ամուսիններից մեկը/ պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ
հայցով որոշում կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108 հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանն օրենքով սահմնանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Տվյալ դեպքում գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ընդհանուր իրավասության դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում վերաքննիչ բողոք բերած անձն ընդհանուր սեփականություն համարվող գույքի բաժանում կատարելու մասին որևէ պահանջ չի ներկայացրել, գործում առկա չէ գրավոր միջնորդություն` քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին, առկա չէ նաև հայցվորի կողմից նույն դատարանին ներկայացրած` Ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վճառելու և գումարը բաժիններին համաչափ բաշխելու, 750.000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումը և այն դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշումը:

2/ Վերաքննիչ բողոքը երկրորդ և երրորդ հիմքերով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130, 132 հոդվածների խախտման մասին, ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Ընդհանուր իրավասության դատարանը գործում առկա ապացույցների հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ հաստատված համարելով այն հանգամանքը, որ դատարանի կողմից տրված ժամկետում կողմերը չեն հաշտվել և նրանց ամուսնության մեջ մնալը կրում է ձևական բնույթ, ընտանիքը վերականգնելն ու պահապանելը դարձել է անհնարին, գործով հաստատված փաստական հանգամանքներից ելնելով` իրավացիորեն բավարարել է հայցը և լուծել կողմերի ամուսնությունը:
Այս պայմաններում, վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130, 132 հոդվածների պահանջների պահպանմամբ, բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ կայացրել է օրինական և հիմնավորված և պատճառաբանված վճիռ: Հետևաբար, վերաքննիչ դատարանն անհիմն է համարում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերում նշված դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105, 108, 130, 132 հոդվածների և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17 հոդվածի պահանջների խախտման վերաբերյալ քննարկվող վերաքննիչ բողոքի փաստարկները, որոնք բավարար հիմք չեն վերաքննիչ բողոքը բավարարելու և վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220, 221-րդ հոդվածներով` վերաքննիչ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

Սառա Ռուշանյանի վերաքննիչ բողոքը մերժել: Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ԵԱՆԴ /2631/02/08 վճիռը թողնել օրինական ուժի մեջ: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

 

Նախագահող դատավոր`
Գ. Մատինյան
Դատավոր`
Լ. Գրիգորյան
Դատավոր`
Ն. Հովսեփյան