ԿՐՈՆԻՍ, ՊԱՏՎԻՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՉԿՊՆԵՍ
Մարդու պատվի, արժանապատվության պաշտպանությունն ուղիղ համեմատական է մարդու պատմությանը: Դարերի ընթացքում պատվի, արժանապատվության հետ կապված են եղել այլ չափորոշիչներ, ինչպես նաև դրանց պաշտպանությունը եղել է տարբեր: Միջնադարում մարդն իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար իրավունք ուներ ձեռնոց նետելու և հրավիրելու մենամարտի: Խորհրդային շրջանում պատվի, արժանապատվության հետ կապված գործում էին իրավական նորմատիվային բազմաթիվ և բազմապիսի ակտեր (օրենք էթիկայի և էսթետիկայի մասին, բարոյականության օրենսգիրք և այլն):
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ազատականացվեց ամենն ու ամեն ինչը: Ազատականացվեցին նաև պատվի, արժանապատվության և գործարար համբավի հետ կապված շատ դրույթներ: Ասել, թե կա մի սահման, որից այն կողմ տաբու է դրված և չի կարելի անցնել, նշանակում է ոչինչ չասել, քանի որ դժվար է ցույց տալ այդ սահմանը: Կարծում եմ, որ ազատականացված այս հասարակարգում, առավել ևս մեր` հայերիս համար, արժե ունենալ մի օրենք պատվի և արժանապատվության մասին` համահունչ դարերից եկող եւ մեր կողմից պաշտպանվող ավանդույթների: Հայերիս մոտ իր կամ իր հարազատ անձի պատիվն ու արժանապատվությունը բարձր տեղ ունեն, որը և համարվում է հայի ապրելու կերպի անբաժան մասը: Ընդ որում, յուրաքանչյուր հայ, ի տարբերություն շատ այլազգիների, պատրաստ է պաշտպանել ոչ միայն իր, այլ նաև իր հարազատների /մայր, քույր, կին, երեխա և այլոց/ պատիվն ու արժանապատվությունը, իսկ հայրենիքի սահմաններից դուրս ավելանում են նաև հայրենիքն ու կրոնը` ընդունելով և ուրիշներին պարտադրելով հետևյալ բանաձեւը. կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպնես: Ներկայիս գործող ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը վերաբերում է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանը:
1. Պատիվը մարդու բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական եւ այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ գնահատականն է: 2. Արժանապատվությունն անձի կողմից տրվող օբյեկտիվ գնահատականի գիտակցումն է` սեփական արժանիքների ինքնագիտակցումը: Պատիվը և արժանապատվությունը գտնվում են փոխադարձ կապի մեջ, կազմում են օրգանական միասնություն: Չնայած պատվի և արժանապատվության անխզելի կապին, նրանց միջև էական տարբերությունը կայանում է նրանում, որ պատիվն օբյեկտիվ հասարակական հատկություն է, իսկ արժանապատվությունը` սուբյեկտիվ ինքնագնահատում: Այստեղից հետեւում է, որ արժանապատվությունը որոշակի կախվածության մեջ է գտնվում դաստիարակությունից, անձի հուզական վիճակից, ընկալումից եւ այլն: Այսինքն` եթե մարդը չունի արժանապատվություն, չի գիտակցում իր պատվի նշանակությունը, ապա պատվի պաշտպանության մասին չի կարող կատարել համահունչ գործողություններ: Օրենսգիրքն իրավունք է վերապահել քաղաքացուն դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Օրենսդիրն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանել` ըստ էության հնարավորություն և ազատություն տալով դատարանին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով ձեւավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, ձևավորված նախադեպերից, որոշել դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածվող տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող: Օրինակ. ավազակ, կաշառակեր, թմրամոլ, փողոցային եւ այլն: Եթե ասում ենք շատախոս, տգեղ, թիթիզ և այլն, ապա դրանք դատական քննության առարկա չեն կարող դառնալ: Հետեւություն. անձը պատվի, արժանապատվության պաշտպանության իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել, տարածվում է հերյուրանք և այլն: Օրինակ. Գրողների միության նախագահ Լևոն Անանյանին մեղադրում են հարևան Վրաստանում հյուրանոցային համալիր ունենալու, գրողների միության պոլիկլինիկան, գրողների միության շենքը վաճառելու մեջ: Տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականությանը համապատասխանո±ւմ են: Եթե ոչ, ուրեմն անձը ձեռք է բերել պատվի, արժանապատվության պաշտպանության իրավունք: Օրենսդիրը սահմանում է պատվի, արժանապատվության պաշտպանության տարբեր եղանակներ.
ա) Եթե տեղեկությունները տարածվել են ԶԼՄ-ների միջոցով, ապա անձը, ում պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվել են, մինչև դատական պաշտպանության դիմելը կարող է դիմել ԶԼՄ-ներին` հերքում տարածելու կամ հրապարակելու իր պատասխանը: Հերքումը կամ պատասխանը տպագրվում է անվճար: Անկախ նրանից` անձը դիմել է լրատվությունը հերքելու պահանջով, թե ոչ, կաշկանդված չէ դիմելու դատական պաշտպանության: Իրավաբաններից շատերի մոտ այն կարծիքն է գերիշխում, որ անձը դատարան դիմելու իրավունք է ստանում այն պահից, երբ ԶԼՄ-ներում հերքում կամ պատասխան չի տպագրվել: Ես կարծում եմ, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածը (1-ին կետ) անձին տալիս է ազատություն` առանց ԶԼՄ-ներին դիմելու դիմել դատական պաշտպանության:
Զրպարտությունը և վիրավորանքն ապաքրեականացնելուց հետո օրենսդիրը հնարավորություն է տալիս, որ վիրավորանքի կամ զրպարտության հետեւանքով պատճառված վնասը, իսկ դա վիրավորանք հասցնելու դեպքում նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի, իսկ զրպարտության դեպքում` մինչև 2000-ապատիկի չափով, փոխհատուցի վիրավորանք կամ զրպարտություն հասցրած անձը նրան, ում պատիվն ու արժանապատվությունը արատավորել է վիրավորանքի կամ զրպարտության միջոցով:
|