Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԱՇԽԱՏՈՂԸ ՈՉ ՃՈՐՏ Է, ՈՉ ԷԼ ՍՏՐՈՒԿ

Նախկին ԽՍՀՄ գերհզոր երկիրը, որի բաղկացուցիչ մասն էր կազմել նաև այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, իր մի շարք չարիքներով ու թերություններով հանդերձ (ամենամեծ չարիքն, ըստ իս, աթեիզմի ուսմունքն ու երկրային կուռքեր պաշտելն էր) ուներ աշխարհում նմանը չունեցող կայացած աշխատանքային իրավունքի ինստիտուտ: Այդ գերհզոր երկրում, որի կորիզը կազմում էր բանվորա-գյուղացիական դաշինքը, աշխատողներն օրենքով ամրագրված այնքան իրավունքներ ունեին, որի մասին այժմ չեն կարող երազել ամենազարգացած ու դեմոկրատական երկրների աշխատողները (օրինակª անվճար հանգստյան տներից, բուժական կլինիկաներից, հետծննդյան արտոնություններից, երիտասարդ մասնագետներին արտահերթ բնակարան տրամադրելու իրավունքից օգտվելը եւ այլն):

Միության փլուզումից հետո ՀՀ-ում բանվոր դասակարգ հասկացողությունը, որպես այդպիսին, անցավ պատմության գիրկը, սակայն նոր թափով զարկ տրվեց աշխատող-գործատու հարաբերություններին: Հարաբերություններ, որոնք շատ հաճախ ավարտվում են վեճերով եւ իրենց հանգուցալուծումն են ստանում դատական ատյաններում: Այսօր ՀՀ-ում այն հիմնականում կարգավորվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, որտեղ տրված են այն խաղի կանոնները, որին պետք է ենթարկվեն եւ աշխատողը, եւ գործատուն:Աշխատողը ճորտ չէ, ստրուկ չէ, վերջինս օրենքով ունի իրավունքներ, որի մասին անհրաժեշտ է, որպեսզի իրազեկված լինի: Հասարակության մեջ ձեւավորված է այն թյուր կարծիքը, որ անիմաստ է, որպեսզի աշխատողը պայքարի օրենքով իրեն վերապահված իրավունքների համար: Դա այդպես չէ: Իմ պրակտիկայի ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողն իր իրավունքների պաշտպանության համար դիմել է դատական պաշտպանության և հասել հաղթանակի: Հասարակական հնչեղություն ունեցող գործերից, որը սպասարկվել է իմ կամ իմ կողմից ղեկավարվող իրավաբանական գրասենյակի կողմից, կհիշատակեմ հայտնի լրագրող Հովհաննես Գալաջյանիª աշխատանքում վերականգնվելու պահանջը: Դատարանը պարտավորեցրեց գործատուին վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը: Հետաքրքիր գործ էր մայր բուհի պրոֆեսորներից մեկիª աշխատանքում վերականգնվելու պահանջը, որը հասավ մինչև ՀՀ Սահմանադրական դատարան, արդյունքում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդվածներից մեկը ճանաչվեց հակասահմանադրական, իսկ հարգելի պրոֆեսորը վերականգնվեց աշխատանքում: Ինձ համար մեծ պատիվ էր պաշտպանել նաեւ թվով 115 բանվորական կոլեկտիվի պահանջը, որոնք վիճարկում էին առողջության համար ծանր, վնասակար պայմաններում աշխատանքի դիմաց աշխատավարձ ստանալու իրավունքը, որը եւս քննարկվեց դատական ատյաններում և իր տրամաբանական վախճանն ունեցավ: Վերոշարադրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀ-ում և աշխատողի,և գործատուի համար առկա են օրենքով իրենց իրավունքները պաշտպանելու բոլոր նորմատիվ իրավական ակտերը: Ընդամենն անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը լավ իմանա իր իրավունք-պարտականությունների մասին: Ծանոթանանք աշխատանքային օրենսդրության որոշ դրույթներին, որոնք ուղղակի առնչվում են աշխատող-գործատու իրավունք-պարտականություններին:

 


ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 83 հոդվածի ՙԱշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև…՚:                                                                           Այդ համաձայնությամբ եւ գործատուն, եւ աշխատողը ձեռք են բերում իրավունքներ եւ պարտավորություններ.
ա. գործատուն պարտավորություն է ստանձնում աշխատողին տրամադրել պայմանավորված աշխատանքը եւ վճարել կատարված աշխատանքների համար,
բ. աշխատողը պարտավորություն է ստանձնում գործատուի համար կատարել որոշակի աշխատանք:
Յուրաքանչյուր ոք կաշկանդված չէ ազատորեն ընտրելու կամ համաձայնվելու աշխատանք ընտրելիս: Արգելվում է ցանկացած ձեւի հարկադիր աշխատանք, ինչպես նաեւ աշխատողների նկատմամբ բռնությունների կիրառումը: Աշխատանքային պայմանագրում պարտադիր պետք է ներառվեն հետեւյալ պայմանները.

ա. աշխատանքի վայրը,

բ. աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, պայմանագիրը կնքելու տարին ամիսը, ամսաթիվը,

գ. պաշտոնը կամ մասնագիտության անվանումը,

դ. գործատուի և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները,

ե. աշխատանքի վարձատրության կարգն ու չափը,

զ. աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը,

է. ծանր, վնասակար կամ վտանգավոր պայմաններում աշխատելու դեպքում` աշխատողների արտոնություններն ու հատուցումները:

Աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, երկու օրինակից, որը ստորագրվում է գործատուի եւ աշխատողի կողմից: Խորհուրդ է տրվում աշխատողին պայմանագիրը ստորագրելուց առաջ ծանոթանալ եւ մեկ օրինակը պահել:
Աշխատանքային պայմանագրերը լինում են.

ա. անորոշ ժամկետով (պայմանագրի գործողության ժամկետ չի նշվում) կնքված,

բ. որոշակի ժամկետով (պայմանագրում գործողության կոնկրետ ժամկետ է նշվում) կնքված:

Գործատուն կաշկանդված չէ և ազատ է առանց մրցության կամ այլ եղանակներով համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը: Օրենքով սահմանված պետական (հատուկ) այլ ծառայությունների և ՏԻՄ ծառայողների թափուր պաշտոնները համալրելու կարգը սահմանված է այլ օրենքներով եւ իրավական ակտերով:


ԻՆՉՊԻՍԻ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Գործատուն աշխատողի հետ պայմանագիր կնքելու համար պարտավոր է պահանջել աշխատողից ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. աշխատանքային գրքույկ (չի պահանջվում, եթե աշխատողն առաջին անգամ է ընդունվում աշխատանքի կամ համատեղելու է),

գ. այն դեպքում, եթե աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտության հետ (մանկավարժություն, բժշկություն, խառատություն, վարորդություն և այլն)` կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական:

դ. տեղեկանք առողջության վերաբերյալ,

ե. ծնողներից մեկի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի ընդունվողը 14-16 տարեկան անչափահաս է,

զ. օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

Գործատուն իրավունք չունի աշխատողից պահանջելու այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:
Ցանկալի է, որպեսզի աշխատողը գործատուին ներկայացնի բնութագիր, երաշխավորագիր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր: