Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

94/1744/ 22 մայիսի 2002թ., չորեքշաբթի
«ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ»
«ԱՌ ՈՉԻՆՉ»

Հայ փաստաբանների միջազգային միության անդամ Լևոն Բաղդասարյանը դատական ատյաններում «Ա1+»-ի շահերը ներկայացնող փաստաբանների խմբից է: - Բողոքարկվելո՞ւ է դատարանի նոր վճիռը, որով մերժվեց «Ա1+»-ի` հայցն ընդդեմՀՀՑ-ի:
- Միանշանա՛կ բողոքարկվելու է, քանի որ, գտնում եմ, այս դատաքննության ընթացքում ևս դատարանը վճիռ կայացրեց նյութաիրավական նորմի խախտմամբ:


Չէի ցանկանա նորից նշել օրենքի որոշակի հոդվածների խախտումները` դրանք մատնանշվել են դատաքննության ընթացքում: Ուղղակի կբերեմ մի օրինակ: Քաղաքացիական օրենսդրությունը հստակ սահմանում ու պարտադիր պայման է դիտում, որ վարձակալության պայմանգիրը միակողմանի լուծվում, վիճարկվում է դատական կարգով: Նման բան տեղի չի ունեցել «Հայաստանի հեռուստատեսային ցանցի» պարագայում: Եվ մեր այն հարցին ի պատասխան, թե օրենքի ո՞ր հոդվածով եք ղեկավարվել պայմանագիրը միակողմանի լուծարելով` ՀՀՑ ներկայացուցիչները դատարանին ասացին ամեն ինչ, միայն չտվեցին որոշակի պատասխան: Հստակ այլ խախտումները բազմապիսի և բազմաբնույթ էին, և դրանք կնշենք մեր վճռաբեկ բողոքում:
Դատավոր Վարդան Ավանեսյանը մատնանշեց ՀՀՑ-ի և «Ա1+»-ի միջև պայմանագրի և օրենքի մի քանի հոդվածներ, որոնքհիմք էր ընդունել իր վճիռը կայացնելիս: Հիմնավո՞ր պատճառաբանություններ էին:
- Պայմանագրի 7.4 կետը, որը դատավորը վկայակոչեց վճռի պատճառաբանական մասում, ընդամենը վերաբերում է նրան, որ արտոնագիր չունենալու պարագայում պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման: Բայց, նորից եմ կրկնում, քաղաքացիական օրենսդրությամբ հստակ սահմանված է, թե ինչպես է միակողմանի լուծվում պայմանագիրը: Հեռուստաընկերության հաղորդում անջատելու իրավասություն ՀՀՑ ՊՓԲԸ-ն ընդհանրապես չունի` ոչ մի օրենսդրական ակտով, օրենքով սահմանված չէ նման բան:
Այսուհանդերձ, նման օրինախախտումների դեմ «Ա1+»-ի հայցադիմումները Հեռուստաընկերության և ռադիոյի ազգայինհանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը որակեց որպես դատավարությունների արհեստական ծավալ, որոնք հետապնդում ենմիայն քաղաքական նպատակներ:
- Դա այդպես չէ: «Ա1+»-ի փաստաբանները միայն իրավական հարթության վրա են վիճարկում այս գործը, վստահ լինելով, որ Ազգային հանձնաժողովը թույլ է տվել էական խախտումներ: Ավելին, դատական նիստերին ներկաներն ականատես էին, որ հնարավորության սահմաններում փորձել ենք կանխել քաղաքական շահարկումները: Եվ դրա վառ ապացույցն է, որ մենք մի քանի անգամ դիմել ենք դահլիճին, որպեսզի չարվեն քաղաքական ավելորդ այլ արտահայտություններ, որոնք չեն վերաբերում խնդրո առարկա գործին:
Նաև այնպես չէ, միտում կա արհեստականորեն մեծացնել ու ծավալել գործը: Եթե պետական մարմինը խախտում է թույլ տվել, ապա այն պետք է

 

համապատասխան կարգով մատուցվի դատական ատյաններում և որոշակի մատնանշվեն այն օրենսդրական դրույթները, որոնք խախտվել են: Մենք ո՛չ միայն նշել ենք, այլ, գտնում եմ, դատաքննության ընթացքում ապացուցել ենք:
Դատաքննության ընթացքում մյուս կողմը մի քանի անգամ փորձեց շեշտել, որ «Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» օրենքն անկատար է, այսպես պատճառաբանալով, թե ինչու են դուրս եկել օրենքով իրենց վերապահված իրավունքների շրջանակներից: Որպես իրավաբան` ասեմ. օրենքն անկատար չէ, բավականին նորմալ գրված է: Ուղղակի պետք է կատարել օրենքները: Կամ, Հեռուստաընկերության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին, թե հեռուստաընկերություններին գնահատել են «ներքին համոզմամբ»` մի բան, որ օրենսդիրը չի նախատեսել ընդհանրապես: Իսկ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ նշված է, որ պետական պատկան մարմնի կատարած այն գործողությունները, որոնք չեն բխում օրենքից` համարվում են «առ ոչինչ»:
Այլ խնդիր է, թե ինչու է դատարանը նյութաիրավական նորմի խախտումով կայացրել մերժման վճիռը: Բայց մենք հասանք նրան, որ կարողացանք հստակ մատնանշել խախտումները` այդ առումով, գոհ եմ: 
- Գոհ կարելի է լինել, եթե շահած լինեիք դատը: Բայց «Ա1+»-ի փաստաբաններն առայժմ իրար հետևից պարտվում, տանուլեն տալիս դատերը:
- Չեմ ընդունում, որ պարտվել ենք: Գործերն ընդամենը քննվել են առաջին ատյանում և վճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել, բողոքարկվելու ու վիճարկվելու են վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և տնտեսական գործերով պալատում: 
Ավելին ասեմ, ես վստահ եմ` օրենքով սահմանված կարգով հասնելու ենք, որ «Ա1+»-ը դարձյալ դուրս գա եթեր: Մի բան էլ. հարյուրավոր գործերի եմ մասնակցել և ոչ մի գործ տանուլ չեմ տվել: 
- Դատավարությունների այս շղթային հետևողների դիտարկումն է, սակայն, թե «Ա1+»-ը կարծես նպատակ ունի արագհաղթահարել Հայաստանի դատական համակարգի աստիճանները`Եվրոպական դատարան հասնելու համար: Իսկ Դուքայնուամենայնիվ ակնկալիքներ ունե՞ք մեր դատարաններից:
- «Արագ անցնելը» դիտում եմ իբրև հարաբերական հասկացություն: Օրենքով սահմանված կարգով անցնելու ենք Հայաստանում գործող դատական բոլոր ատյանները: Հույս ունեմ, որ արդարությունը հնարանավոր կլինի վերականգնել Հայաստանի դատարանների միջոցով, և վերջիվերջո կապացուցվեն մեր մատնանշած բոլոր էական խախտումները, ու «Ա1+»-ը կրկին դուրս կգա եթեր: Իսկ եթե Հայաստանում չկարողացանք հասնել դրան` կվիճարկենք այլ ատյաններում:
Ձեր կարծիքով, այս` իրավական ճանապա՞րհը հնարավորություն կընձեռի «Ա1+»-ին հնարավորինս արագ դարձյալհաղորդումներ հեռաձակել, թե՞ եթե էլի ինչ-որ մրցույթի մասնակցեր կամ ընդուներ առաջարկվող այլ տարբերակներից որևէ մեկը:
- Ես իրավաբան եմ և գտնում եմ, որ իրավական հարթության վրա մրցույթը տեղի է ունեցել օրենքի էական խախտումներով: 
Իրավական ուղղությամբ ևս «Ա1+»-ը պարտադիր պիտի շարժվեր: Բայց իմ վստահորդը, կարծում եմ, կարիք չունի խորհուրդների: Քանի որ նա ստեղծել է մի հեռուստաընկերություն, որը պատիվ կբերի ցանկացած երկրի: Եվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, այսօր զգում է «Ա1+»-ի բացակայությունը: Ես` որպես ՀՀ քաղաքացի, դա զգում եմ: Եվ պետք էր պահել ու պաշտպանել այդ կառույցը:

Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ