Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

125/1775/ 4 հուլիսի 2002թ., հինգշաբթի
«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹ
«ՍՏՐԱԶԲՈՒՐԳՈՒՄ ԿՀԱՂԹԵՆՔ»
Հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության փաստաբան
Լևոն Բաղդասարյանի հետ

Եվ տնտեսական դատարանի դատավոր Վարդան Ավանեսյանը, և վճռաբեկ դատարանի դատավոր Արման Մկրտումյանըմերժեցին «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀՑ-ի` մատնանշելով ՀՀՑ-ի և «Ա1+»-ի միջև պայմանագրի և օրենքի մի քանիհոդվածներ, որոնք հիմք են ընդունել վճիռը կայացնելիս: Որքանո՞վ էին հիմնավոր այդ պատճառաբանությունները:


- Վճռաբեկ դատարան «Մելտեքս» ՍՊԸ-ն մտել էր` վիճարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը` նյութաիրավական նորմի խախտումներով: Ըստ մեզ, չէր կիրառել դատարանի կողմից այն օրենքը, որը պետք է կիրառեր: Հակառակը` կիրառել էր այն օրենքը, որը չպետք է կիրառվեր և սխալ էր մեկնաբանվել օրենքը: Խնդրո առարկա հարցը հետևյալն էր. «ՀՀՑ և «Մելտեքս» ՍՊԸ միջև 2001թ. հունվարի 31-ին կնքվել էր վարձակալության պայմանագիր, որով վարձատուն հանձնում է, իսկ վարձակալը ժամանակավոր օգտագործման է ընդունում արտադրական տարածք: Նույն պայմանագրի 7.4 կետով սահմանվել է, որ հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնելու վերաբերյալ վարձակալի լիցենզիայի գործողության ժամկետի լրանալը հիմք է հանդիսանում պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար: Սակայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 622 հոդվածը հստակ ասում է, որ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվում է միայն դատական կարգով: Առայսօր «Մելտեքս» ՍՊԸ-ի և ՀՀՑ ՊՓԲԸ-ի միջև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցված չէ: Ըստ պայմանագրի, պետք է տեղադրվեր հաղորդակ, որը մինչ այսօր տեղադրված է, հաղորդակին զուգահեռ կոմունիկացիաներ տեղադրվեին, ինչը դարձյալ տեղադրված է, և առայսօր այդ գույքը, որը պատկանում է «Մելտեքս» ՍՊԸ-ին, գտնվում է այնտեղ: Պայմանագրի ոչ մի կետում նշված չէ, որ վարձատուն` ՀՀՑ-ն, ընդհանրապես իրավասություն ունի մտնել «Մելտեքս» ՍՊԸ-ի տարածք և անջատել նրա հաղորդակը: Պայմանագրում ընդամենը գրված է, որ վարձատուն հանձնում է, իսկ վարձակալը ժամանակավոր օգտագործման է ընդունում արտադրական տարածք` իր սարքավորումները տեղադրելու համար:
Դուք հույս էիք հայտնել, թե հնարավոր կլինի վերականգնել արդարությունը Հայաստանի դատարանների միջոցով, և որ Դուքկապացուցեք դատարանում Ձեր մատնանշած բոլոր էական խախատումները: Ի՞նչը Ձեզ խանգարեց ապացուցել այդխախատումները:
- Նախ եթե ես` որպես իրավաբան, հույս չունենամ ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու գործում, ապա միանշանակ նպատակահարմար չեմ գտնում այս գործունեությամբ զբաղվելը: Ինչ վերաբերում է «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին, այստեղ ես կարող եմ բերել 2 տարբերակ, որոնց մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողներին և փորձագետներին: Կա՛մ «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչները, հանձինս ինձ, սխալ ռազմավարություն ընտրեցին և չկարողացան դատական պրոցեսի ընթացքում ապացուցել «Մելտեքս» ՍՊԸ ճշմարտությունը, կա՛մ արդարադատությունը սույն գործով, մեղմ ասած, կաղում է:
Ձեր հարցազրույցներից մեկում վստահեցրել էիք, թե օրենքով սահմանված կարգով հասնելու եք նրան, որ «Ա1+»-ըվերականգնվի եթերում, և ընդգծել էիք, որ Դուք հարյուրավոր գործերի եք մասնակցել և ոչ մեկը տանուլ չեք տվել: Այս գործը Ձերթերացումների հետևանք՞ով տանուլ տվեցիք:
- Սույն գործը հասարակական մեծ հնչեղություն ուներ և ինչ-որ տեղ այն, կարելի է ասել, քաղաքականացվեց: Բայց այս հարցը նայել եմ բացառապես իրավական հարթության վրա: Չեմ համարում գործը պարտված, շարունակություն է լինելու:
-Արման Մկրտումյանը դատավարության ընթացքում Ձեզ, ինչպես նաև` բոլոր իրավաբաններին, բարոյապես ոչնչացնելուռազմավարությունն էր որդեգրել: Դա որքանո՞վ ազդեց Ձեր վրա դատաքննության ընթացքում:
- Փչացնելու ռազմավարություն էր որդեգրվել: Հոգեբանորեն, իհարկե, ինչ-որ տեղ ազդեց: Պատկերացրեք փաստաբանի հոգեվիճակը, երբ ներկայացնում է գործ, և 2 բառից հետո ընդհատում են նրան ու երկարաշունչ մեկնաբանություն է տրվում «ինչն»-ի մասին:
Մեղադրանքներ հնչեցին, թե Դուք չկարողացաք դատարանում ամբողջությամբ ներկայացնել Ձեր ասելիքը: Ընդունո՞ւմ եք այդմեղադրանքները:
- Այն խնդիրը, որը դատարանը դրել էր իր առաջ, սկզբունքորեն կատարեց: Իսկ այն խնդիրը, որը մենք էինք դրել մեր առջև, մենք կատարեցինք: Մենք կոնկրետ նպատակ էինք հետապնդում մասնակցել նաև վճռաբեկ դատարանում և հետագայում պատկան մարմիններին  ներկայացնել կոնկրետ այն դրույթները, որոնք, ըստ մեզ, խախտում են Կոնվենցիայի մասնավորապես 6, 10 հոդվածները: Կարծում եմ, մենք մեր խնդիրն իրականացրինք, դատարանն էլ` իր:
Տպավորություն է ստեղծվում, թե Ձեր նպատակն արագ ՀՀ դատական բոլոր ատյաններով անցնելն էր, անկախ արդյունքից:
- Ոչ: Մեր նպատակն էր ՀՀ դատական ատյաններում ներկայացնել գործը և ցույց տալ օրենքի այն կետերը, որոնք, ըստ մեզ, խախտել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: Նաև` անցնել ՀՀ դատական բոլոր ատյաններով, ինչը մենք արեցինք: Կրկնում եմ, չունենալով պարտված գործեր, այս գործով էլ մինչև վերջ գնալու եմ և հույս ունեմ, որ այն խախտումները, որոնք, ըստ մեզ,  կան և որոնք մենք չկարողացանք ներակայացնել դատական ատյաններում, կարող ենք ներկայացնել Ստրասբուրգի դատարանում: Այնտեղ, կարծում եմ, կհաղթենք, քանի որ Ստրազբուրգի դատարանում նման մի շարք գործեր են ներկայացվել և հաղթանակ են տարել:

 

Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ