Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

16/2635/31 հունվարի 2006թ.երեքշաբթի էջ 5
«Առավոտ» օրաթերթ
Բաղնիքդ անուշ, քաղաքապետ
Երեկ դատարանը մերժեց Նոյեմբերյանի քաղաքապետ
Սերյոժա Ամիրաղյանի հայցն ընդդեմ «168 ժամ» թերթի:

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, սկսվեց Նոյեմբերյանի քաղաքագլուխ Սերյոժա Ամիրաղյանի հայցի քննությունը: Նա դատի էր տվել «168 ժամ» թերթին` պահանջելով հերքում տպագրել անցյալ տարի նոյեմբերի 26-28-ին հրապարակված «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով հրապարակմանը:

Հրապարակման հեղինակները Նոյեմբերյանի բնակիչներն էին, որոնք, ըստ թերթի, բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանին: Քաղաքապետն իր հերթին չէր հավատում, որ Նոյեմբերյանից ինչ-որ մեկը կգա թերթի խմբագրություն. «Բերեք նրան` ես իմհրաժարականը կտամ: Ո՞վ է եղել այդ մարդը, որ նման տեղեկություն է հաղորդել թերթին: Աղբյուրն եմ ուզում իմանալ: Մի երկուհատ պախարակենք-պրծնենք»: Դատարանում քաղաքապետն ուներ երկու ներկայացուցիչ` Վարդան Խեչյանը և Սոնա Գուլքանյանը: Իսկ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի շահերը ներկայացնում էր փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Քաղաքապետի իրավախորհրդատուն` Վ. Խեչյանը, դատարանին ներկայացրեց 2006թ. հունվարի 27-ի անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածաշրջանային (Նոյեմբերյանի մասնաճյուղի) գրությունն այն մասին, որ հոդվածում վիճարկվող շենքի, այն է` Կոմիտասի 1 հասցեում գտնվող բաղնիքի նկատմամբ գործարքներ չեն կատարվել, այն գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, հետևաբար բաց նամակում տպագրված տեղեկությունը, թե նվիրել են ավագանուն` իրականությանը չի համապատասխանում: Դատարան ներկայացված հայցը ձևակերպված էր այսպես. «պատվի, արժանապատվության, գործարարհամբավի»: Երբ թերթի ներկայացուցիչն ասաց, որ ոտնահարվել է ձեր պատիվը, ձեր արժանապատվությունը և գործարար համբավը, կողմը դարձյալ մեջ բերեց բաց նամակի տեղեկությունը, ըստ որի, բաղնիքի շենքը քաղաքապետը նվիրել է իր նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին: Ըստ Լևոն Բաղդասարյանի, թերթում արգելվում է գրաքննություն և ցանկացած քաղաքացի օգտվում է խոսքի ազատության իր իրավունքից: «Օրենսդրության մեջ չկա մի դրույթ, որով արգելվերնման բովանդակության բաց նամակը»: Նա ներկայացրեց նաև, որ թերթի խմբագրությունը ստացել է քաղաքապետի գրությունը, որը որպես այլընտրանքային կարծիք, տպագրվել է նույն թերթում:
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը դատարանին հայտնեց, որ իրենք ստանում են թե բանավոր, թե գրավոր դիմումներ, նամակը եղել է պատշաճ, ստորագրված և ինքը պարտավոր չէ հայտնել աղբյուրը` նամակագիրների անունները, քանի որ տվյալ բաց նամակը չի սպառնում հանրային շահերին և անվտանգությանը: Երբ տեղից ռեպլիկներ էր նետում քաղաքապետը, այդ ժամանակ չդիմացավ դատավոր Գ. Կարախանյանը, ասելով. «Իմացեք, էս ձեր քաղաքապետարանում չեքև առանց թույլտվության մի խոսեք»: Քաղաքապետի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց «Հայփոստից» մի գրություն, ըստ որի` «168 ժամը» Նոյեմբերյանում ստանում են 3 օրինակ, իսկ մնացածը սպառվում է փոստային բաժանմունքներում: Թերթի` հերքումից հրաժարվելը նա դիտեց «ինչ-որ ձևով թերթը փորձում է բաժանորդային ծավալներըմեծացնել»:
Դատարանը մերժեց հայցը, իսկ «Առավոտի» այն հարցին, թե արդյոք քաղաքապետը բողոքարկելո՞ւ է կայացրած վճիռը վերադաս ատյանում, Ս.Ամիրաղյանը պատասխանեց. «Վերաքննիչն ինձ պետք չի: Ես կդիմեմ համապատասխան մարմիներին` քրեական գործ հարուցել: Էլ ի՞նչ թուղթ բերեմ, որ հավատան, որ բաղնիքը տեղից չի շարժվել»: Ի դեպ, նա Հանրապետական կուսակցության անդամ է:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ