Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

5 հուլիսի, շաբաթ, 2008թ., N87
"ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ"
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԸ ԳՐՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՎԱՅՐԸ ՉԷ

Երևանի քաղաքացիական դատարանում մի ուշագրավ դատական հայց էր լսվում` "Աբգար Ափինյանը"` ընդդեմ ԼևոնԱնանյանի և "Գրական թերթի", պատվի ու արժանապատվության ոտնահարման հարցով: Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը գործի արդյունավետ քննության համար նշանակել էր նախնական դատական նիստ և ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան: Դատական նիստը սկսելուց մեկ-երկու րոպե հետո պարզ դարձավ, որ արդյունավետության մասին խոսք լինել չի կարող:

Պատասխանող կողմը` Լևոն Անանյանը, նիստին ներկա չէր, և նրա ու "Գրական թերթի" շահերը ներկայացնում էր փաստաբան Լևոն Բաղդասարյանը ("Լեվ Գրուպ" ընկերությունը): Դատավորը պարզեց, որ փաստաբանին տրված լիազորագիրը տրված է գրողների միության նախագահ Լևոն Անանյանի անունից, մինչդեռ հայցվորը որպես պատասխանող կողմ Լևոն Անանյանին է ճանաչել, ոչ թե Գրողների միությունը: "Ընդունեցի ի գիտություն"` ասաց փաստաբանը և խոստացավ հաջորդ նիստին ներկայացնել պատշաճ լիազորագիր: Դատական նիստը հետաձգվեց մինչև 2008 թվականի հուլիսի 11-ը:
Հետաձգվեց, բայց շարունակվեց բանավոր զրույցի ժամանակ: Պարոն Ափինյանը փաստաբանին հանդիմանեց հռետորական հարցով "Ո՞ւմ ես պաշտպանում": Փաստաբանը հակադարձեց: "Պաշտպանում եմ լավ մարդուն: Ինձ համար պատիվ է ներկայացնել  արվեստի մարդկանց: Տարիներ առաջ, երբ ուզում էին գրողների ձեռքից խլել պոլիկլինական, ինքս օգնեցի Անանյանին և շահեցինք ընդդեմ պետության դատը": Այ, Լևոն Անանյանի անունը պիտի չհնչեր, քանզի հայցվոր կողմը, մոռանալով դատը հետաձգելու փաստը, բորբոքվեց ու հիշեց, որ դա այն պոլիկլինիկան էր, որը Լևոնն ուզում էր սեփականել, որ գրողները ծանր նյութական վիճակում են, ու ձեն հանող չկա, և, ընդհանրապես, միության նախագահը պիտի լինի գրող: Ափինյանն ավելի հեռուն գնաց` ասելով, որ Անանյանն իրենց նախագահն էլ չէ, քանի որ ընտրվել է կանոնադրության խախտումներով` պիտի լիներ փակ, գաղտնի քվեարկություն, և նախագահը գրող լիներ:
"Աբգար Ափինյանը Լևոն Անանյանի հետ չի շփվում",- եզրափակեց իր զայրույթը պարոն Ափինյանը: Դատավոր Էդիկ Ավետիսյանն էլ ասաց, որ դատարանի դահլիճը չի կարող տարիներով կուտակված` գրողների բոլոր հարցերի ամբիոն լինել, որ իրենց խնդիրը մեկն է` պարզել, թե "Գրական թերթի" 2007 թվականի դեկտեմբերի 28-ի հրապարակումն արատավորո՞ւմ է Ափինյանի պատվին ու արժանապատվությանը:
Պատասխանող կողմ Լևոն Անանյանից փորձեցինք ճշտել դատի առարկա հոդվածի էությունը: Պարզվեց, որ չարչրկված հոդվածը տարեվերջյան հարցազրույց է Գրողների միության նախագահի հետ, որին զայրացրել էր Աբգար Ափինյանի` դատախազ Աղվան Հովսեփյանին իր դեմ ուղղած 15 էջանոց պասկվիլը և միության օրգան "Նոր դարի" մի ամբողջ համար իրեն ու միությանը սևացնելուն նվիրելը: "Դատաքննության ենթակա" մտքերից են Անանյանի արտահայտություններն Ափինյանի հասցեին` "չկայացած նախագահ ու չկայացած գրականագետ", իսկ Սաշիկ Ղումաշյանի (մյուս հայցվորը) հասցեին ասել է. "Թող Հրանտն ընդուներ միություն, Հրանտն էլ մրցանակ տար" (նրան Հրանտ Մաթևոսյանը չի ընդունել միության շարքերը) և այլն: Մի դիտարկում` չենք սխալվում, պարոն Ափինյանը նույն էներգիայով ժամանակին պայքարում էր նաև Հրանտ Մաթևոսյանի դեմ, բայց գուցե լավ չենք հիշում, քանի որ դատարանում պարոն Ափինյանը սիրով և ջերմությամբ էր խոսում նախկին ԳՄ նախագահի մասին: Սույն հոդվածում այսօրվա ԳՄ նախագահը մեջբերել էր նաև ակադեմիկոս Սարինյանի դիտարկումը "Նոր դարի" մասին. "հարբեցողության որջ և իսպանական կոյուղի": Լևոն Անանյանը սկսել է ամսագրի լուծարման գործընթացը, ինչն ավելի է զայրացրել հայցվոր կողմին: Հարց ԳՄ նախագահին` եթե իսկապես Մաթևոսյանը միության անդամ չի դարձրել Ղումաշյանին, չէ որ իր օրոք և իր կամեցողությամբ է վերջինս դարձել գրող: Նախագահն իրավունք ունի՞ այդքան անհետևողական ու անսկզբունք լինել ամենակարևոր այս հարցում: Իսկ եթե ընդունել ես միություն, իրավունք չունես գրողին անտաղանդ կոչել: Եվ հետո, Հրանտ Մաթևոսյանի մահից հետո ինչպե՞ս բոլորը դարձան հրանտապաշտներ, և բոլոր թեզերն ու հակաթեզերը նրան սկսեցին վերագրվել: Ոչ մեկին իրավունք չի տրված մեծ գրողի անունը "զուր տեղը" շահարկել: 
ՀԳ-  "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակը ներկայացնող, պատասխանող կողմի փաստաբան Լևոն Բաղդասարյանիմիջնորդությունն այն մասին էր, որ հայցադիմումն իրավաչափ չէ, Անանյանը տեքստի հեղինակը չէ, նաև` հոդվածից որևէ բան չիերևում: Եվ հետո խախտվել է ԶԼՄ-ների օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը` հայց կարելի է ներկայացնել հրապարակումից հետոմեկ ամսվա ընթացքում: Դատարանը կընդունի՞ միջնորդությունը, թե՞ կհաստատի պատվի ու արժանապատվության ոտնահարմանփաստը` ցույց կտա շարունակվող դատավարությունը:

 

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ