Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

218/3334/26 նոյեմբերի 2008թ.
Ա Ռ Ա Վ Ո Տ ՕՐԱԹԵՐԹ
ԴԱՍԱԽՈՍԸ` ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2

Տեղեկացրել էինք, որ ԵՊՀ տնտեսագիտության Ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՍարգիս Ղանթարջյանն իր աշխատանքի իրավունքը փորձում է վերականգնել դատարանում: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց լսվել Ս. Ղանթարջյանի հայցը` ընդդեմ ԵՊՀ-ի:

Հիշեց նենք, որ 2008-ի մարտին համալսարանում կայացած տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի ընտրությունների արդյունքում վերընտրված Ս. Ղանթարջյանի հետ ԵՊՀ-ն կնքել էր 5 տարվա պայմանագիր, իսկ երեք ամիս անց` լուծել այն, պատճառաբանելով պրոֆեսորի տարիքը: Նոյեմբերի 11-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊՀ ներկայացուցիչ, ԵՊՀ իրավաբանական բաժնի պետ Արմեն Թադևոսյանին հանձնարարվել էր ներկայացնել ԵՊՀ կանոնադրությունը: "Երկրորդ նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ գործի քննությունը վերսկսվում է, քանի որ վերջինս ծանոթ չէր ԵՊՀ կանոնադրությանն ու ընտրությունների ընթացակարգին: Ինձ հանձնարարվեց ներկայացնել ԵՊՀ կանոնակարգն ու ամբիոնների վարիչների ընտրությունների ընթացակարգերը",- "Առավոտի" հետ զրուցում նշեց Ա. Թադևոսյանը: Դատավոր Գայանե Կարախանյանը հետաքրքրվեց առաջին նիստի ժամանակ ԵՊՀ ներկայացուցչի կողմից հնչեցրած տեսակետով, թե պայմանագիրը լուծարելուց առաջ ուսումնասիրվե՞լ են ամբիոնի կարգապահությունն ու ամբիոնի վարիչի ընդհանուր գործունեությունը: Ա. Թադևոսյանն այդ մասին ասաց. " Ուսումնասիրություններ արել ենք, բայց փաստաթղթերով չեմ կարող հաստատել: Չեմ ժխտում, ամբիոնի գործունեությունից ու կարգապահությունից բողոքներ չկան ու չեն ֆիքսվել: Բայց կարծում եմ` կլինեն…": Ս. Ղանթարջյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն էլ շեշտեց. "Պատասխանող կողմի պատասխանները հիմնավորված չեն, "կարծում եմ"-ները շատ են, կասկածի տեղիք են տալիս: Տպավորությունս այնպիսին է, որ ընկնում են այս ու այն կողմ` իրականությունը խեղաթյուրելու նպատակով: Ոչ մի բողոք, ոչ մի փաստաթուղթ ամբիոնի վարիչի գործունեության դեմ` չկա": Ս. Ղանթարջյանը համուզված է, որ դատարանի վճիռը հօգուտ իրեն կլինի. "Հուսամ` ճիշտ վճիռ կկայացնեն և չեն մերժի հայցս, ինչպես տնտեսագիտության ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Դավթյանին մերժեցին": Դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:30-ին:

 

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ