Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

N 42 , 8-10 հունիսի 2010թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
"ԱՐՄԵՆԱԼ"-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ - 2

"Իրավունք"-ի թիվ 41-ում  " "Արմենալ"-ում կրքերը թեժանում են" վերնագրի ներքո նշել էինք, թե ինչպես Երևանի Ալյումինի գործարանում, որը ձեռք է բերել "Ռուսալ" ընկերությունը, ստեղծվել է նախագործադուլային իրավիճակ այն պատճառով, որ 170 բանվորներ տարիներ շարունակ իրենց հասանելիք` վնասակարության համար գումարը չեն ստացել:

 

ՀՀ աշխատանքի տեսչության ստուգայցից և տուգանքի ենթարկվելուց հետո գործարանի տնօրենը ստիպված վճարել է հասանելիք գումարի մի մասը: Իսկ մյուս մասի համար գործարանի կոլեկտիվը ցանկանում է դիմել դատարան, սակայն ղեկավարությունը տեղականալով դրա մասին` սպառնացել է նրանց ազատել աշխատանքից:
Մեր հրապարակմանը արձագանքեց "Արմենալ"-ի մամլո ծառայությունը` նշելով. ""Արմենալ"-ի կոլեկտիվում իրավիճակը կայուն է… Ինչ վերաբերում է հարցին, որը բարձրաձայնվել է աշխատակիցների խմբի կողմից փոխհատուցումների վերաբերյալ, ապա անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ "Արմենալը" աշխատակիցների բոլոր վճարները իրականացնում է գործող օրենսդրությանն ամբողջովին համապատասխան":
Այս հարցերի շուրջ մենք փորձեցինք զրուցել Ալյումինի գործարանի տնօրենի հետ, որը պարզապես խուսափեց մեր հարցերին պատասխանել և նրա փոխարեն այդ ծանր լուծն իր վրա վերցրեց լրագրողների հարցերի առնչությամբ լիազորված պատասխանատու, գործարանի տեղեկատվության բաժնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:
- Ինչի՞ հետ են կապված բանվորների բողոքները:
- Նրանք մտածում են, որ իրենց թերավճարել են նախորդ տարիների համար: Դա եղել է մինչև 2008թ., քանի որ դրանից հետո նրանք որևէ դժգոհություն չեն արտահայտում: Բայց մեր ղեկավարությունը և՛ մինչ այդ, և՛ այսօր պնդում է, որ նման բան չկա, որ լրիվ վճարված է և բանվորներին պարտք չեն:
- Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ այդ բանվորները ցանկանում են դիմել դատարան:
- Դե գիտեք, ուզելը և տալը տարբեր բաներ են: Եթե դատարանն այդ գործն ընդունեց, դա դեռևս եթե-ի մասին է խոսքը: Ես լսել եմ դրա մասին, բայց այն ոչ մի ձևակերպում այսօր չի ստացել, ինչքանով որ ես գիտեմ:
- Եթե մարդիկ ուզում են դիմել դատարան, դա չի՞ նշանակում, որ ինչ-որ դժգոհություն կա:
- Դե թող տան: Ասեմ, որ սխալներով են գրել տնօրենի ազգանունը, հետո ասվում է 170 մարդ, այդպիսի քանակ չկա:
- Իսկ ապառնալիքներ եղե՞լ են աշխատողների նկատմամբ, որ եթե դիմեք դատարան, կազատենք աշխատանքից:
- Ոչ, չի եղել, դա իրենց իրավունքն է:
- Իսկ աշխատանքի տեսչությունն ի՞նչ ստուգումներ է անցկացրել:
- Աշխատանքի տեսչությունը եղել է մեզ մոտ նոյեմբեր ամսին անցյալ տարվա, կազմել է արձանագրություն, այլ ոչ թե ակտ, որը չի քննարկվել, որովհետև այդպիսի ստուգումների արդյունքները սովորոբար վերջում քննարկում են կողմերի հետ, բայց չեն քննարկել:
- Իսկ արձանագրությունն ինչի՞ մասին է եղել:
- Իրենց այստեղ գալու և աշխատանքների հետ ծանոթանալու մասին: Այդ արձանագրությունները չի քննարկվել ինչպես որ կարգն է պահանջում, և պաշտոնապես չեն ներկայացրել տնօրենին:

Մի խոսքով, ստացվում է, որ "Արմենալ"-ի ղեկավարության մոտ բոլորը մեղավոր են` և՛ բանվորները, և՛ աշխատանքի տեսչությունը:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` "Արմենալ"-ի ղեկավարությունը զբաղված է ակտիվ լոբբինգով, որպեսզի գործը, մի կողմից, դատարան չհասնի, իսկ մյուս կողմից էլ` չվճարեն պահանջվող գումարները, որոնք բավականին տպավորիչ թվեր են` մոտ 300-400 հազար դոլար: Ընդ որում, լոբբինգի ընթացքում "Արմենալ"-ի ղեկավարներն առաջ են քաշում բազմաբնույթ փաստերը` ընդհուպ շահարկելով հայ-ռուսական փոխհարաբերությունները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Թեմայի շարունակությունը կարդացեք վաղվա "Հետաքննություն" հավելվածում: