Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԹԻՎ 22, 9-15 ՀՈՒՆԻՍ, 2010թ.
«ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ  ԻՐԱՎՈՒՆՔ»
«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ – 3

Շարունակելով "Իրավունք"-ի երեկվա համարում ներկայացված` "Արմենալ" գործարանում տիրող անախորժ իրադարձությունների թեման` նախ հիշեցնենք, որ Ալումինի գործարանը, որը ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, մի քանի տարի շարունակ հարյուրից ավելի բանվորների չի վճարել իրենց հասանելիք` վնասակարության գումարը: Աշխատանքի տեսչության ստուգայցից հետո տնօրենը վճարել է պարտքի մի մասը, իսկ մյուս մասը ստանալու կապակցությամբ աշխատակիցները պատրաստվում են դիմել դատարան: Երեկ մեզ հետ զրույցում գործարանի տեղեկատվական բաժնի տնօրեն Ա. Մելքոնյանն ասաց. "Այդ մարդիկ մտածում են, որ իրենց թերավճարել են նախորդ տարիների համար: Սակայն մեր ղեկավարությունը պնդում է, որ և՛ մինչ այդ, և՛ այսօր նման բան չկա": Իսկ մեր այն հարցին, թե ինչու է աշխատանքի տեսչությունը գործարանում ստուգումներ անցկացրել, պարոն Մելքոնյանը նշեց. "Մեր աշխատանքների հետ ծանոթանալու համար են եկել: Կազմվել է արձանագրություն, որը չի քննարկվել ինչպես որ կարգն է պահանջում և այն պաշտոնապես չի ներկայացվել մեր տնօրենին": Այս առումով մենք դիմեցինք նաև աշխատանքի տեսչության պետի տեղակալ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ:

 

- Պարոն Սմբատյան, ի՞նչ ստուգումներ եք անցկացրել դուք Ալյումինի գործարանում և ի՞նչ եք հայտնաբերել:
- Մենք այնտեղ ուսումնասիրություններ ենք իրականացրել վնասակարության համար չտրվող աշխատավարձի մասին, որը 90 մլն դրամ է կազմում: Տվել ենք հանձնարարական` հաշվարկելու և վճարելու, բայց առայժմ նրանք չեն կատարել և չեն պատասխանել:
- Իսկ տուգանքներ նշանակվե՞լ են:
- Ոսումնասիրության արդյունքում տուգանքներ չեն նշանակվում:
Ալյումինի գործարանը պնդում է, որ դուք իրենց հետ չեք քննարկել ստուգումների արդյունքները, ի՞նչ կասեք այս մասին:
- Ուսումնասիրություններն արվել են օրենքի տառին համապատասխան: Իրենց տրվել է հանձնարարական: Պատրաստակամ եմ եղել ղեկավարության հետ հանդիպելու, սակայն նրանք հրաժարվել են: Իմիջիայլոց, այդ հանդիպման նախաձեռնությունը եղել է իրենցը, բայց հետո հրաժարվեցին:
- Իսկ ինչո՞վ պատճառաբանեցին իրենց հրաժարվելը:
- Չեմ կարող ասել, իրենք էին նախաձեռնել և իրենք գիտեն` ինչու տեղի չունեցավ հանդիպումը:
Իսկ ի՞նչ քննարկումներ պետք է լինեին ըստ իրենց, որ տեղի չեն ունեցել:
- Այս պահին մենք սպասում ենք իրենց պատասխանին: Իրենք ինչ-որ անկանոն բան են գրել` նշելով, որ մենք քննարկում ենք ձեր հանձնարարականը: Փաստորեն, դեռ այդ քննարկումը չի վերջացել, և մենք դեռևս չունենք իրենց քննարկման արդյունքների պատասխանը:
- Իրենք ասում են, որ արձանագրությունը չի քննարկվել այնպես, ինչպես որ կարգն է:
- Ուսումնասիրության արդյունքում տվել ենք հանձնարարական, որը մեր օրենքով նախատեսված մեր իրավունքն է: Աշխատանքի պետական տեսչությունը, ըստ "Աշխատանքի պետական տեսչության մասին" ՀՀ օրենքի 15 հոդվածի 3-րդ կետի` խախտում հայտնաբերելու դեպքում տալիս է գրավոր պահանջ խախտումը վերացնելու մասին: Իսկ թե ի՞նչ պետք է իրենք մեզ հետ քննարկեին և չի քննարկվել, ես առաջին անգամ լսում եմ ձեզանից: Դրա համար կա օրենք, եթե այդքան ուժեղ են, թող գնան դատարան, ինչո՞ւ են դա ասում մամուլով:
Այս կապակցությամբ մենք դիմեցինք նաև "Լեվ Գրուպ" իրավաբանական կենտրոնի տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով, ի դեպ, զբաղվում է բանվորներին իրենց հասանելիք գումարները չվճարելու գործով: Նա նշեց. "Այո, "Արմենալ"-ի 117 աշխատակիցներ դիմել են այս հարցով մեզ: Այժմ կատարվում է ուսումնասիրություն` կապված իրենց իրավունքների խախտման հետ: Մի քանի օրից կլինի եզրակացությունը, որը կտրամադրենք ձեզ":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ