Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

N45, 18-21 հունիսի 2010թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ  ՕՐԱԹԵՐԹ»
«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ  ԿՐՔԵՐԸ  ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ – 5

Երևանում Ալյումինի գործարանում կարծես թե ձևավորվում են Հայաստանում արհմիութենական շարժման սաղմերը: Հիշեցնենք մեր ընթերցողին, որ վերը նշված գործարանը, որը ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, 2003թ. մինչև 2008թ. չի վճարել աշխատողներին հասանելիք` վնասակարության գումարը: Աշխատանքի տեսչությունը 2009թ. նոյեմբեր մասին ուսումնասիրություն է անցկացրել, որ գործարանի տնօրինությունը ունի 90 մլն դրամ պարտք բանվորներին վնասակարության վճարների առումով: Իսկ ահա գործարանի տեղեկատվական բաժինը հերքում է այդ փաստը` նշելով,  որ գործարանը ոչ նախկինում և ոչ էլ հիմա չունի որևէ պարտք աշխատողի հանդեպ: Այս առումով, բանվորները դիմել են դատարան: "Լեվ Գրուպ" իրավաբանական ընկերության տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որը ստանձնել է այդ 117 աշխատակիցների իրավական պաշտպանությունը, մեզ հետ զրույցում նշեց.


- Գործն արդեն գտնվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների դատարանում, և օրենքով սահմանված կարգով պետք է որոշվի դատարանում սույն հայցադիմումի ընդունելության հարցը:
- Պրն. Բաղդասարյան, Ձեզ դիմողների քանակը եղել է 117 հոգի՞:
- Այո, այդ 117 հոգին ներկայացրել էին նաև համապատասխան կարգով լիազորագիր: Ներկայացնելով նախապատմությունը` նշեմ, որ 2003-2008թթ. "Ռուսալ-Արմենալ" ՓԲԸ-ի մետաղագործական արտադրությունում, որը ՀՀ կառավարության 1907-Ն որոշմամբ համարվում է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանք, "Աշխատանքի վարձատրության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի հիման վրա ենթակա է վճարման աշխատողների հավելավճար աշխատավարձի 100 տոկոսի չափով: Այս հիմքով աշխատակիցները դիմել են դատական պաշտպանության: Ավելացնեմ նաև, որ այս պահի դրությամբ ևս այդ գործառույթը, այսինքն` վնասակարության համար վճարումն իրականացվում է "Ռուսալ-Արմենալ" ՓԲԸ-ում:
Իսկ հնարավոր չէ՞ր այդ հարցը լուծել արտադատարանական կարգով: Չէ՞ որ եթե 2008թ.-ից մինչև հիմա նրանք ստանում են այդ հավելավճարային գումարը, ըստ էության, գործարանի տնօրինությունը տեղյակ է կառավարության այդ որոշմանը:
- 2010թ. մայիսի 24-ին "Լեվ Գրուպ" իրավաբանական ընկերության կողմից ուղարկվել է գրություն Ալյումինի գործարանի գլխավոր տնօրենին և 2010թ. հունիսի 2-ին գլխավոր տնօրեն պարոն Բորոդինի խնդրանքով տեղի է ունեցել հանդիպում, մասնակցել եմ ես, քաղաքացիական գործերով տնօրենը և այդ գործարանի գլխավոր տնօրենը և իրենց կողմից Ռուսատանից հրավիրված իրավախաորհրդատուն: Թեպետ այդ հանդիպման ժամանակ գլխավոր տնօրենն ընդունեց, որ այսօր իրենք վճարում են այդ գումարը, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց վճարելու 2003-2008թթ. գումարը: Մեր կողմից առաջարկվեց տարբերակ, որ այդ գումարները տարաժամկետվի և վճարվի որոշակի ժամկետով, դիցուք 5 կամ 6 ամսվա ընթացքում: Ցավոք, այսօր արտադատարանական բանակցությունների օգտակարության գործակիցը հավասար է զրոյի, դրա համար մենք դիմեցինք դատական պաշտպանությանը:
- Ի՞նչ կասեք այն առումով, որ գործարանի տեղեկատվական բաժինը կտրականապես հերքում է աշխատողների նկատմամբ պարտք ունենալու փաստը:
- Եթե առկա է վեճ, ապա դատարանն այն պետք է լուծի: Առաջին խնդիրը հետևյալն է, թե արդյո՞ք այդ մարդիկ աշխատել են այդ տարիներին, թե` ոչ, այդյո?ք աշխատել են այդպիսի ծանր պայմաններում և, եթե այո, ինչո՞ւ է հիմա վճարում այդ վնասակարության գումարը, իսկ նախկին տարիներին` ոչ: Եթե կողմը գտնում է, որ վճարել է, ապա պետք է ցույց տա համապատասխան ապացույց, իսկ իմ վստահորդները պնդում են, որ չեն ստացել, մեր կարծիքով այդ հավելավճարները տրված չեն:
- Ըստ աշխատանքի տեսչության ուսումնասիրությունների` գործարանն աշխատողներին պարտք է 90 մլն դրամի չափով: Ձեր տեղեկություններով` որքա՞ն է կազմում այդ թիվը:
- Մենք կարծում ենք, որ պետք է 90 մլն դրամից ավել լինի: Եվ քանի որ ամբողջ ինֆորմացիոն բազան գտնվում է իրենց մոտ, հետևաբար ստույգ տվյալներ այս պահին չեմ կարող ասել: Ինֆորմացիան տրամադրելուց հետո ստույգ կհաշվարկենք և կասենք: Այն, որ իմ վստահորդները ճիշտ են, փաստորեն, արդեն իսկ ապացուցում է պետական լիազոր մարմնի կողմից ֆիքսած խախտումը:
- Արդյո՞ք այն կողմը շահարկում է հայ-ռուսական միջպետական հարաբերությունները տվյալ գործի հետ կապված:
- Իմ կարծիքով պետք է տարանջատել բուն խնդիրը գործին չառնչվող խնդրից: Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին: Իսկ տվյալ դեպքում մենք քննում ենք հարցը, թե արդյո՞ք հասնում է աշխատողներին հավելավճար, թե ոչ: Եվ եթե հասնում է, ապա ո՞րն է պատճառը, որ չի վճարվել: Եթե ապացուցվում է, որ հավելավճար չի վճարվել, ապա ես կարծում եմ, մնացյալ խոսակցությունները, այդ թվում` հայ-ռուսական բարեկամության մասին, պետք է լինի երկրորդ պլանում: Դա բանվորի հասանելիք գումարն է, որ, անկախ ինչ-ինչ հարաբերություններից, ենթակա է վճարման, և տվյալ դեպքում շահարկել հայ-ռուսական հարաբերությունները տեղին չէ ու ճիշտ չէ: Ասեմ ավելին, եթե ՌԴ-ում մի օր չեն վճարում աշխատավարձը, գործատուն կրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվության:
- Պրն. Բաղդասարյան, մեր իրականության մեջ շատ քիչ է հանդիպում, որ գործարանի մի ողջ կոլեկտիվ, գտնվելով աշխատանքի մեջ, բողոքի ակցիա է բարձրացնում իր իրավունքների ոտնահարման մասին, որը թերևս նման է եվրոպական արհմիությունների աշխատանքին: Ձեր պրակտիկայում եղե՞լ են նմանատիպ դեպքեր, և արդյո՞ք նրանք իրենց գործարանի ղեկավարության կողմից սպառնալիքի կամ շանտաժի չեն ենթարկվում:
-Ինձ համար ևս զարմանալի է այս համախմբումը և օրենքով սաքհմանված իրավունքի պաշտպանումը, և մեր գրասենյակում դեռևս նման նախադեպ չէր եղել: Իսկ ինչ վերաբերում է գործարանի ադմինիստրացիայի կողմից իրենց նկատմամբ կիրառվող սանկցիաներին, իրազեկ չեմ, սակայն մի քանի անգամ վերջիններս ինձ դիմել են` ասելով, որ գնալու են մինջև վերջ: Նրանք անգամ մտավախություն ունեն, որ մեր փաստաբանական գրասենյակի վրա կարող են ճնշումներ լինել, որպեսզի մենք իրենց շահերը չներկայացնենք: Ես գիտեմ միայն, որ հաճախակի հանդիպումներ են լինում աշխատողների և տնօրինության միջև, որը համոզում է, որ աշխատողները ետ կանգնեն դատական պաշտպանության ճանապարհից:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ