Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

N 92, 3-6 դեկտեմբերի 2010թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ  ՕՐԱԹԵՐԹ»
«ԱՐՄԵՆԱԼ» - ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ,  Ի  ՎԵՐՋՈ, ՀԱՆԴԱՐՏՎԵՑԻՆ

Մեր իրականության մեջ շատ քիչ կարող ենք հանդիպել հանուն արդարության պայքարի հաղթանակի, սակայն չենք կարող ասել, որ այն ընդհանրապես գոյություն չունի: Պատմությունը, որն այսօր ուզում ենք ներկայացնել մեր ընթերցողին, արդեն իսկ ծանոթ է, և խոսքը վերաբերում է Ալյումինի գործարանում տեղի ունեցող իրադարձությունների դրական արդյունքների մասին: Նշենք , որ գործարանի 117 աշխատակիցներն այս տարվա սկզբին դիմել էին դատարան` պահանջելով վնասակարության դիմաց տրվող 2004-2006թթ. իրենց հասանելիք գումարը:


Հիշեցնենք նաև, որ Ալյումինի գործարանը ձեռք է բերել  ռուսական "Ռուսալ" ընկերությունը, իսկ վերը նշված 117 բանվորների շահերը ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում պաշտպանում էր "Լեվ Գրուպ" իրավաբանական ընկերության տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը: Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ դատական նիստ, որտեղ կողմերը կնքեցին  հաշտություն: Այս առումով մենք զրուցեցինք Այլումինի գործարանի  բանվորների շահերի պաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

 

-Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ այս հաղթանակի կապակցությամբ, և ցանկանում էինք իմանալ` ինչպե՞ս որոշվեց գնալ հաշտության:
-Նախորդ նախնական դատական նիստի ժամանակ` հոկտեմբերի 27-ին, ինչպես հիշում եք, խոսք գնաց հաշտությամբ քննարկումներին ավարտելու ուղղությամբ: Այս ընթացքում քննարկումները շարունակվում էին, որի արդյունքում կնքվեց հաշտության համաձայնություն, որը ներկայացվեց դեկտեմբերի 1-ի դատական նիստին, որպեսզի  դատարանը հաստատի և կայացնի համապատասխան վճիռ: Համաձայն այդ համաձայնագրի` պատասխանող կողմը` ի դեմս "Ռուսալ-Արմենալ"-ի, պարտավորություն ստանձնեց եռամսյա ժամկետում երեք փուլերի ընթացքում վերադարձնել 147 մլն դրամ, որն աշխատակիցների տարբեր ժամանակահատվածներում  աշխատած գումարն է եղել, որոնց մեջ կան նաև մարդիկ, ովքեր այլևս չեն աշխատում այդ գործարանում:
-Իսկ որքա՞ն էր կազմում այդ գումարն ըստ նախնական հայցապահանջի:
-Այն կազմում էր 204 միլիոն և հաշտության համաձայնության արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ պետք է վճարվի 147 մլն դրամ: Նշեմ, որ դատական պետական տուրքը, ինչպես նաև մեր իրավաբանական գրասենյակի հետ  կնքված ծառայության պայմանագրում նախատեսված գումարը ևս դրվեց պատասխանող կողմի վրա: Ըստ էության` ողջունելին այն էր, որ կնքվեց հաշտության համաձայնություն, որը  ամենաողջամիտ և ճշգրիտ տարբերակն էր:
-Պրն Բաղդասարյան, արդյո՞ք այս գործարանի տնօրենին փոխելը որևէ դեր խաղաց:
-Տվյալ դեպքում  դրական դեր խաղաց այնքանով, որ լավ փոփոխություններ տեղի ունեցան նորանշանակ տնօրենի օրոք: Գործող տնօրենը և Մոսկվայից ժամանած ներկայացուցիչները ևս դեր խաղացին հաշտության համաձայնագրի կնքման համար: Շատ մեծ դերակատարություն ունեցան իմ 117 վստահորդները, որոնք շատ մեծ ցանկություն ունեին, որ գործը հաշտությամբ ավարտվեր:
-Փաստորեն մեր երկրում աշխատակիցները կարո՞ղ են պայքարով հասնել  իրենց իրավունքների վերականգնմանը:
-Իմ պրակտիկայում սա առաջին մեծ կոլեկտիվն էր` 117 հոգի, որոնք միահամուռ և վստահորեն գնում էին առաջ: Ես կարծում եմ, որ քաղաքակիրթ ձևով և սահմանադրությամբ իրենց վերապահած իրավունքների շրջանակներում քաղաքացիները  կարողացան պաշտպանել իրենց  իրավունքը և արդյունքում ունեցան այն, ինչ որ ունեցանք մենք այսօր:
- Ստացվում է , որ մեր երկրի արդարադատությանը դեռևս կարելի է վստահե՞լ:
-Սույն դրվագով միանշանակ տեղի ունեցավ արդարադատություն: Սակայն ասել , որ Հայաստանում արդարադատությունը փայլուն աշխատում է, նշանակում է ճիշտ չասել, քանի որ այս համակարգը կաղում է: Բայց այն կամաց-կամաց շարժվում է միջազգային եվրոպական չափանիշների ուղղությամբ:
-Պրն. Բաղդասարյան, նմանատիպ գործերին պետք է իր միջնորդությունն ունենար նաև արհմիությունը, որևէ բան արվե՞լ էր նրանց կողմից:
-Սույն դրվագով ակնկալվում էր, որ արհմիությունները կասեն իրենց խոսքը, բայց, ցավոք, նրանց դիրքորոշումը ոչ դրական է եղել , ոչ բացասական: Սա այն հարցն էր, որ մինչև դատարան մտնելն արհմիությունները կարող էին լուծելի դարձնել գործատուի և աշխատողների հարաբերությունները, բայց այս  օրինակով ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ այդ ինստիտուտը դեռևս կայացած չէ մեզ մոտ:
-Իսկ ի՞նչ դեր խաղաց այս գործում ՀՀ աշխատանքի տեսչությունը:
-Որքանով տեղեկացված եմ , աշխատանքի տեսչությունը  ժամանակին ստուգումներ է կատարել  և ֆիքսել էր խախտումների փաստը 2007թ. դրությամբ:
-Որքա՞ն տևեց այս ողջ  գործընթացը:
-Սույն գործառույթը սկսվեց մոտ մեկ տարի առաջ: Սկզբում մենք փորձեցինք արտադատարանական փուլում հարցը լուծել, և գործն ուղարկվեց  նախկին գործադիր ղեկավար մարմնին, որից հետո տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ վերջինս կատեգորիկ առարկեց հասանելիք գումարը վճարել, որից հետո սկսվեց դատական պրոցեսը:
-Մենք հետևելով այս դատական պրոցեսին, շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր գործարանի նախկին տնօրենը ագրեսիվ տրամադրված գումարը  վերադարձնելուն` քաջ գիտակցելով, որ սխալ է անում: Որքանո՞վ էր նպատակահարմար անցնել այս դատական փուլերով, մի՞թե հնարավոր չէր ի սկզբանե կնքել հաշտության պայմանագիր:
-Նախ ես ողջունում եմ պատասխանող կողմի` հաշտություն ստորոգրելու համաձայնությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում և իմ 117 վստահորդներին, և գործարանի ադմինիստրացիային` ի դեմս գլխավոր տնօրենի, Մոսկվայից ժամանած երեք ներկայացուցիչներին,  գործադիր մարմնի ղեկավարի 1-ին տեղակալ պարոն Ավետիքյանին, ինչպես նաև ձեր թերթին, որ ողջամտորեն  բանակցային փուլում հարցերը լուծվեցին և ցանկալի է, որ հետագայում նմանատիպ հարցերը լուծվեն քաղաքակիրթ ձևով:
-Իսկ ձեզ Ձեզ դեռ չե՞ն  դիմել "Նաիրիտ" գործարանի աշխատակիցները:
-Դեռ ոչ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ