Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Հունիսի 28-30, 2011թ. թիվ 49 (1984)
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ

Հունիսի 24-ին Երևան քաղաքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ.ԱՓԻՆՅԱՆԻ

Վ Ճ Ռ Ե Ց

“Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի` ընդդեմ “Իրավունք Մեդիա” ՍՊ ընկերության` “Իրավունք Մեդիա” ՍՊ ընկերությանը “Իրավունք” թերթում սույն  գործով դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելուն պարտավորեցնելու, “Իրավունք” թերթի 22.02.2011 թվականի 13 համարի երկրորդ էջի “Կլորիկ գումար է կրվել” խորագրով հոդվածի վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակելուն պարտավորեցնելու, “Իրավունք Մեդիա” ՍՊԸ-ից 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման գումարի, ինչպես նաև` “Իրավունք Մեդիա” ՍՊԸ-ից  586.000 դրամ, որից 500.000 դրամ` փաստաբանական ծառայության վճարի, 68.000 դրամ` որպես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հայցն ամբողջությամբ մերժել` անհիմն լինելու հիմքով:


Տիգրան Գրիշայի Արզաքանցյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես գործով չվճարված պետական տուրքի գումար”:
Նշենք, որ սա զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո առաջին դեպքն է, երբ դատարանը մերժում է օլիգարխի հայցն ընդդեմ լրատվամիջոցի:
Դատարանում “Իրավունքի” ներկայացուցիչն էր “Լեվ Գրուպ” իրավաբանական գրասենյակի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ :
Դատարանի վերոհիշյալ վճիռն ապացուցում է, որ Հայաստանում ապահովված է մամուլի ազատությունը: Ավելին` կարելի է պնդել, որ դատական համակարգը կարողացել է գտնել այն ջրբաժանը, որը տարանջատում է մամուլի ազատությունը վիրավորանքից ու զրպարտությունից: Ինչպես նշված է վճռի մեջ. “Դատարանը նաև հաշվի է առել այն առանձնահատուկ դերը, որ մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակարգում…”: Կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ հայցվորը հանդիսանում է ԱԺ պատգամավոր, իսկ, ըստ Եվրոպական դատարանի. “Կարևոր գործոն է հանդիսանում, թե արդյոք տվյալ անձը իրականացնում է պաշտոնեական գործառույթներ…”:
Ըստ Եվրոպական արդարադատության տրամաբանության. “Մամուլի ազատությունը քաղաքացիների համար դավադիր միջոցներից մեկն է` իմանալու և գնահատելու իրենց ղեկավարների գաղափարներն ու արարքները”:
Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ խաղող մթերողների աշխատավարձերի զրոյացած պարտքերի մասին արտահայտած տեղեկությունը “Իրավունք” թերթում զրպարտություն չի համարում: “Այսպիսով, դատարանը գալիս է այն հետևության, որ լրատվամիջոցը փորձել է քննադատել հայցվորին` խաղող մթերողներին ժամանակին աշխատավարձ չվճարելու կապակցությամբ, որը կատարել է տեղեկատվություն տարածելու իր իրավունքի տարածման միջոցով: Այդ իրավունքն օգտագործելիս լրատվամիջոցն օգտագործել է “թրև գալ” արտահայտությունը, որը, թեև նույնպես իր բնույթով չափազանցված է, սակայն վերը նշված սկզբունքների  լույսի ներքո նույնպես չի կարող համարվել վիրավորանք”: Առավել ևս, որ “թրև գալ” արտահայտությունն օգտագործվել է նաև հայցվորի` խաղատներ հաճախակի այցելելն ընդգծելու նպատակով, որի հանգամանքը հայցվորն ինքը չի մերժել իր հարցազրույցում` հայտնելով, որ ինքը մոտ անցյալում հաճախակի է այցելել խաղատներ”,- նշված է դատական վճռի մեջ:
Այսպիսով, դատարանը պաշտպանեց ԶԼՄ-ների ազատությունն այն օլիգարխներից, պետական պաշտոնյաներից, պատգամավորներից, ովքեր, առանց լուրջ կշռադատելու, ամեն մի չնչին անհանգստության դեպքում տրամադրվել էին մամուլի հարցերը լուծել  դատարաններում:

 

“Իրավունք”