Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԳՈՐԾԱՐՔՆԵՐ. ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉՎՈՒՄ ԱՌ ՈՉԻՆՉ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ


Պաշտոնական տեղեկատվությունը լռում է, և հայտնի չէ, թե երբ է եղել առաջին գործարքը, որ երկրում, և ինչին է այն վերաբերել: Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ առաջին գործարքը կնքվել է Եվայի և Սատանայի միջեւ, որի արդյունքում մարդկային ցեղը վտարվեց դրախտից: Յուրաքանչյուր օր աշխարհում կնքվում են հարյուր-հազարավոր գործարքներ, բազմաթիվ ու բազմապիսի, գրավոր եւ բանավոր: Յուրաքանչյուր գործարքի հետեւում կանգնած է մարդը, անձը, կազմակերպությունը, պետությունը: Որքան բարձր են գործարք կնքողի բարոյական, մարդկային հատկանիշները, հավատը, սերը, այնքան գործարքը բարիք կբերի մարդկությանը, հանրությանը, երկրին, եւ` հակառակը: Օրինակ, մեր պատմական հայրենիքի արևմտյան մասում քոչվորների կողմից բռնազավթվելուց հետո` քսաներորդ դարի սկզբին, գրավոր եւ բանավոր գործարքի մեջ մտնելով որոշ երկրների հետ, մորթեցին մեկուկես միլիոն մարդ: Կամ քսաներորդ դարի վերջին, գործարքի մեջ մտնելով միմյանց հետ, ազատագրվեց մեր պատմական հայրենիքի մի հատվածը:

Սրանք գլոբալ օրինակներ են բարի և չար գործարքների մասին: Իսկ առօրյայում անհրաժեշտ է միմյանց միջև գործարքներ կնքելիս ունենալ հետեւյալ պարտադիր երեք պայմանները:

 

ա. Գործարքը պետք է կնքել, համոզված լինելով, որ մոլորության ազդեցության տակ չի կնքվում այն, խաբեության, բռնության ազդեցության ներքո չի կնքվում, գործարքի մյուս կողմը չունի հոգեկան խանգարումներ, անչափահաս չէ:

բ. Գործարքը չի հակասում գործող օրենքներին, իրավական ակտերին, իր մեջ չի պարունակում այնպիսի արարք, որը քրեորեն հետապնդել է:

գ. Գործարք կնքելուց առաջ հիշել գլխավոր գրքում տրված հետեւյալ պատվիրանը` ՙմի խաբիր՚:

Կարևոր է, որպեսզի գործարքի կողմն ունենա իրավական գիտելիքներ եւ գիտակցի, որ գործարքը ստորագրելուց հետո պարտադիր է ընդունել այն խաղի կանոնը, ինչը գրված է այնտեղ: Ստորև ներկայացվում է, թե որ դեպքում են գործարքները ճանաչվում անվավեր: Նաև առ ոչինչ (շինծու, կեղծ գործարքներ...): Մասնավորապես, գործարքները դատական կարգով ճանաչվում են անվավեր կամ առ ոչինչ (վերջինիս նկատմամբ կիրառվում են անվավերության հետեւանքներ), երբ կատարվել են.

1. կեղծ գործարք,

2. շինծու գործարք,

3. անգործունակ ճանաչված քաղաքացու գործարք,

4. անչափահասի գործարք,

5. էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարք,

6. խաբեության, բռնության ազդեցության ներքո կնքված գործարք,

7. իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարք:


Կեղծ գործարք. Կնքվում են առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության: Օրինակ` վաճառվում է գույք երրորդ անձի անունով, սակայն փաստացի սեփականատերը մնում է նույնը: Շինծու գործարք. սա այն գործարքն է, երբ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքվում է այլ գործարք: Օրինակ` խուսափելու համար պարտավորությունները հետագայում կատարելուց` պարտապանն օտարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Անգործունակ, սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու գործարք. հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առ ոչինչ է, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու` առանց հոգաբարձուի համաձայնության կնքած գույքի տնօրինման գործարքը դատարանը կարող է հոգաբարձուի հայցով անվավեր ճանաչել: Անչափահասի գործարք. տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքն առ ոչինչ է, բացառությամբ մանր կենցաղային գործարքների եւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 29 հոդվածով նախատեսված դրույթների: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից, առանց ծնողների, որդեգիրների կամ հոգաբարձուի համաձայնության, կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել, բացառությամբ, երբ տնօրինվում է աշխատավարձ, կրթաթոշակ եւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 30 հոդվածով նախատեսված դեպքերի: Իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքի անվավերությունը. դա իրավաբանական անձի կողմից վերջինիս կանոնադրությամբ որոշակիորեն սահմանափակված կամ համապատասխան լիցենզիա չունեցող իրավաբանական անձի գործարքն է: Գործարքի մասով անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաեւ առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու: Անհրաժեշտ է գիտենալ, որ օրենսդիրը գործարքների անվավերության հետ կապված սահմանել է հայցային վաղեմության ժամկետներ: