Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՎԵՐՋԱՊԵՍ, ԻՆՉ Է ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ


Հարգելի ընթերցող, ՙԻրավունք՚ թերթը բացում է ՙԻրավաբանի ընդունարան՚ խորագիրը: Նպատակը մեկն է` իրավական հարթության վրա լուսաբանել այս կամ այն խնդիրը, որի հետ առնչվում է մեր հասարակությունը: Դրա պատիվը վերապահված է ինձ: Ավելին, կարող եք ներկայացնել ձեր խնդիրը, որի հետ առնչվել եք կամ որը ձեզ մտահոգում է: Այն ևս կլուսաբանվի, կտրվի համապատասխան խորհրդատվություն:  Հասարակության մեջ ձևավորված է այն կարծրատիպը, որ մենք` հայերս, օրենք չսիրող, օրենք շրջանցող ժողովուրդ ենք: Դա այդպես չէ:

Ավելի շատ, դժբախտաբար, իրազեկ չենք այն օրենքներին, իրավական ակտերին, որ պարտավոր ենք իմանալու, իսկ չիմանալու արդյունքում հաճախ կանգնում ենք փաստի առաջ: Ինչպես նաեւ բացակայում է հավատն ու վստահությունը, որ երկրում գործում է օրենքի գերակայությունը, իսկ օրենքի առջև բոլորն էլ հավասար են: Կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից, նոր պահանջի դիմացինից, իսկ սկսելու համար ուղղակի պարտավոր է իմանալ իր` քաղաքացու իրավունքների ու պարտականությունների մասին: Իմ խորին համոզմամբ, իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին: Իսկ լավ, ճիշտ, երջանիկ եւ խաղաղ ապրելու գրավականն օրենքով ապրելու, ինչպես նաև դիմացինին օրենքով ապրելուն պարտադրելու մեջ է` ենթարկելվելու օրենքին: Դրան պետք է հասնել, եւ դա պետք է վաստակել: Այսօր քաղաքացիական գործերի մի ստվար հատվածը կազմում են ժառանգական գործերը:
Վերջապես, ինչ է ժառանգությունը, ինչպես է այն կատարվում, ինչ կարող է մտնել ժառանգության մեջ, ովքեր կարող են լինել ժառանգներ, ինչպես է կատարվում կտակը, ինչ կարգով է ժառանգությունն ընդունվում, ի±նչ ժամկետներում, ինչ կարգով կարելի է հրաժարվել ժառանգությունից, ժառանգության հետ կապված ծախսերի հատուցում նախատեսվում է, թե ոչ, ում կողմից է հատուցվում: Եվրոպական Կոնվենցիայի առաջին արձանագրությամբ (սեփականության պաշտպանություն), ՀՀ հիմնական օրենքի 31 հոդվածով (սեփականությունը տիրապետելու... կտակելու իրավունք)` ամրագրված է յուրաքանչյուրի իրավունքը իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու, օգտագործելու, ժառանգելու, կտակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Պետությունն իր հիմնական օրենքով ոչ միայն իրավունք է տալիս յուրաքանչյուրին օրենքով սահմանված կարգով ունենալու սեփական գույք, այլ նաև դառնում է երաշխավոր հետագայում այդ գույքը, ըստ սեփականատիրոջ կամքի, այլ անձի փոխանցելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասը գլուխ կամ 77 հոդված վերաբերում է ժառանգության իրավունքին: Այս հոդվածներով կարգավորվում է ժառանգության իրավունքը: Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ունենալու հստակ երաշխիք, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը մահվանից հետո բացառապես տնօրինվելու է այնպես, ինչպես որ կենդանության ժամանակ եղել է սեփականատիրոջ կամքը:
Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը), ներառյալ դրամը, արժեթղթերը, բացառությամբ պետական պարգեւների և շքանշանների, անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, մտնում է ժառանգության զանգվածի մեջ, որն օրենքով սահմանված կարգով կարող է անցնել ժառանգներին կամ այլ անձանց: Կտակը բացվում է քաղաքացու մահից հետո: Ժառանգության մասին կտակի բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, հաշմանդամ, ժառանգատուի անգործունակ կամ 60 տարեկան դարձած երեխաները, ամուսինը, ծնողները: Քաղաքացին ինքն է տնօրինում իր գույքը և իրավունք ունի.

 

ա. ամբողջ գույքը, ըստ օրենքի, կտակել ժառանգներին,

բ. ամբողջ գույքի մի մասը, ըստ օրենքի, կտակել ժառանգներին,

գ. ամբողջ գույքը կտակել մեկ կամ մի քանի անձանց,

դ. ամբողջ գույքի մի մասը կտակել մեկ կամ մի քանի անձանց,

ե. առանց պատճառների բացատրության` ժառանգությունից զրկել, ըստ օրենքի, ժառանգներից մեկին կամ մի քանիսին կամ բոլորին:

Ժառանգությունն` ըստ օրենքի.

Ըստ օրենքի` ժառանգները ժառանգման են հրավիրվում սահմանված հերթականությամբ, հետևյալ կերպ.

ա. առաջին հերթի ժառանգներ` երեխա, ամուսին, ծնող,

բ. երկրորդ հերթի ժառանգներ` եղբայրներ, քույրեր,

գ. երրորդ հերթի ժառանգներ` պապիկներ, տատիկներ,

դ. չորրորդ հերթի ժառանգներ` հորեղբայրներ, հորաքույրեր, քեռիներ, մորաքույրեր:

Ժառանգությունն` ըստ կտակի.                                                                                                                                  Կտակը քաղաքացու մահվան դեպքում օրենքով սահմանված կարգով նրան պատկանող գույքի հետագա տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունն է: Օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ կտակը պետք է կատարի գործունակ քաղաքացին, անձամբ, պետք է վավերացվի նոտարի կողմից` նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով: Այն դեպքում, երբ կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով հնարավորություն չունի ստորագրելու կտակը, վերջինիս խնդրանքով նոտարի կամ օրենքով նախատեսված` կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` նշելով պատճառները, որոնց հետեւանքով կտակարարը չի կարող անձամբ ստորագրել կտակը:

Կտակարարն իրավունք ունի.

ա. ամբողջովին վերացնելու նախկին կտակը,

բ. փոփոխելու նախկին կտակը:

Կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին հայտարարությունը պետք է կատարվի նույն ձևով և եղանակով, ինչ որ նախկին կտակը: Կտակարարը, կտակը կազմելիս, պետք է նշի այն կազմելու վայրը, ժամանակը եւ, ինչպես վերը հիշատակվեց, ստորագրի անձամբ և վավերացնի նոտարական կամ օրենքին համապատասխան` կտակը վավերացնող այլ անձի կողմից, հակառակ պարագան հանգեցնում է կտակի անվավերության: Օրենսդիրը հնարավորություն է տվել կտակարարին թույլ չտալ մինչև կտակի բացումը այլ անձանց, այդ թվում նաև նոտարին, ծանոթանալու կտակի բովանդակությանը: Այդ դեպքում նոտարը պարտավոր է կտակը վավերացնել` առանց դրա բովանդակությանը ծանոթանալու, որը պետք է լինի փակ, սոսնձված ծրարով, ստորագրված լինի անձամբ կտակարարի կողմից, իսկ ծրարը` վկաների: Այն դեպքում, երբ կտակարարը գտնվում է

ա. հիվանդանոցում,

բ. զինծառայության մեջ, որտեղ չկան նոտարներ,

գ. հեռավոր վայրերում, ուր բացակայում են նոտարները,

դ. ՀՀ դրոշի ներքո նավարկող նավերի վրա,

ե. ազատազրկման վայրերում,կտակը կարող է վավերացվել վերջիններիս հիմնարկ- ձեռնարկությունների, համայնքի ղեկավարների կողմից, որը պետք է ստորագրվի կտակարարի կողմից վկաների ներկայությամբ:

Կտակի գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով:
Ժառանգությունը կարող է ընդունվել կտակի բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգը կարող է դիմել դատական պաշտպանության:
Ժառանգը կաշկանդված չէ և իրավունք ունի հրաժարվելու ժառանգությունից:
Ժառանգության հետ կապված ծախսերը հատկացվում են հետեւյալ հերթականությամբ.
ա. առաջին հերթին հատկացվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետեւանքով առաջացած եւ ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերին,

բ. երկրորդ հերթին հատկացվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերին,

գ. երրորդ հերթին` ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջներին,

դ. չորրորդ հերթին` պարտադիր բաժնի իրավունք ունեցեղ ժառանգների պահանջներին,

ե. հինգերորդ հերթին հատուցվում են կտակարարի հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը: