ՆԱԽԱՊԵՍ ՄՏԱԾԵԼՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վերջին ժամանակներս խմբագրությունը հաճախակի է ստանում հարցեր, որոնցով քաղաքացիները ցանկանում են որոշակի մանրամասներ ճշտել, այսպես կոչված, ամուսնական պայմանագրերի մասին: Ուստիև, չկոնկրետանալով որևէ հարցի վրա, փորձենք, ընդհանուր առմամբ, բավարարել այդ թեմայի շուրջ ընթերցողներին հետաքրքրող հարցերը: Թե որքանով է հարիր մինչև ամուսնությունը նորապսակների կողմից կնքվող ամուսնական պայմանագիրը, որտեղ խոսք է գնում ամուսնալուծվելիս յուրաքանչյուրին փոխանցվող գույքի մասին, այլ թեմա է: Հայաստանի ներպետական օրենսդրությամբ կարգավորված է սույն իրավանորմը, եւ օրենսդիրը թույլ է տալիս ամուսիններին, դեռ չամուսնացած, նախապես մտածել ոչ միայն ՙմի բարձին ծերանալու՚, այլ նաև ամուսնալուծվելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածը նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը վերջիններիս սեփականությունն է համարվում, բացառությամբ ամուսնության ընթացքում նվեր կամ ժառանգություն ստացած գույքի, ինչպես նաև անհատական օգտագործման հագուստը, կոշիկը… բացի թանկարժեք իրերից եւ պերճանքի առարկաներից: Օրենսդրի կողմից պարտադիր պայման դիտվող այս իրավանորմը չի կիրառվում այն դեպքերում, երբ ամուսնանալիս ամուսինները կնքում են ամուսնական պայմանագիր: Հարկավոր է գիտենալ, որ ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն ամուսնության պետական գրանցման պահից, այսինքն` զագսի կողմից տրվող վկայականը ստանալիս: Ամուսնական պայմանագիրը դասվում է այն պայմանագրերի շարքին, որը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման: Պայմանագիրը կնքելիս ամուսիններն ազատ են` փոփոխելու ընդհանուր սեփականության շրջանակը ինչպես ողջ գույքի, այնպես էլ դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ավելին, պայմանագրում կարող է նախատեսվել համապատասխան դրույթ` ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ:Այդ պայմանագրով ամուսիններին իրավունք է վերապահված. ա) որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, բ) միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, գ) իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, դ) այն գույքը, որը պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին` ամուսնալուծվելիս: Արգելվում է պայմանագրի մեջ ներառել. ա) ամուսինների իրավունակության կամ գործունակության սահմանափակում, բ) իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրա իրավունքը, գ) ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները; դ) իրենց երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, ե) նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող դրույթ, զ) ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ: Ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի համաձայնությամբ, կամ անվավեր ճանաչվել դատական կարգով: Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում:
|