ԿԱՐՈՂԱ ՄԱՀԱՑԵԼ ԵՄ ... - Հիսուն տարեկան եմ, որից 25 տարին ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում: Երկու քույրերս էլ են ապրում Ռուսաստանում: Ծնողներս վաղուց են մահացել, հարազատներիցս մեծ եղբայս երեք տարի առաջ է մահացել: Ունեմ հայրական տուն, որտեղից և դպրոց եմ գնացել, և բանակ զորակոչվել, հետո էլ մեկնել եմ Լենինգրադ` սովորելու: Եվ այսպես երեք ամիս առաջ որոշեցի վերադառնալ հայրական օջախ, եւ դուռն իմ առջեւ բացեց մի անծանոթ կին: Պարզեցի, որ հայրական տունս (երկհարկանի տուն է` հողամասով) առանց իմ գիտության վաճառել են: Գնացի, գտա թաղային լիազորին: Հարցրեց անունս, տանս հասցեն, ճանաչեց ծնողներիս, եղբորս: Մի հատ ղեղնած գիրք դեղնած մատերով թքոտելով թերթեց, հետո զարմացած ինձ նայեց ու ասաց, որ իմ ասած մարդը, այսինքն` ես, մահացել է: Սկզբից չէի գիտակցում հարցի լրջությունը, հետո հասկացա, որ գլխիս սարքել են, կենդանի-կենդանի թաղել են, որ հորս տունը ձեռքիցս խլեն: Դա պարզելու համար ինձ պահանջվեց երկու ամիս, մինչև ոստիկաններից, կադաստրից, քաղաքապետարանից, զագսից մի կերպ, սրան-նրան խնդրելով, ճշտեցի, որ եղբորս տղան երկու տարի առաջ դատարանով ինձ մահացրել է, հայրական տունս վաճառել է: Այսօր ես ոչինչ չունեմ, ուր գնում եմ, բողոքում եմ, ասում են` դու մահացած ես: Մի տեղ էլ, որ շատ եմ գնում, սկսում են մեկը մյուսին ասել, թե սա էն մեռած մարդնա, սարքել են մատի փաթաթան: Դրսից երկու կոպեկ փող եմ բերել, դա էլ կծախսեմ ու կհամալրեմ բոմժերի քանակը: Այնքան են ինձ ասել, որ մահացել եմ, մեկ-մեկ մտածում եմ` կարողա, իրոք, մահացել եմ: Խնդրում եմ` օգնեք, ինչ անեմ, որտեղից սկսեմ:
Միհրան. Միհրանին խորհուրդ կտամ սկսել նրանից, որ անտեսի իր հասցեին հնչած նմանօրինակ խոսակցությունները: Կարևորը, որ ետ եք վերադարձել: Պետք է ձգտել աշխատելով, ստեղծագործելով հպարտանալ և ոչ թե մտածել համալրելու ՙբոմժերի՚ քանակը: Հարգելի Միհրան, դժբախտաբար կան պաշտոնյաներ, որոնք չեն էլ գիտակցում, որ իրենց պարտականությունը մարդկանց օգնելն է, ոչ թե չարախնդալը, սակայն կան նաև իրենց գործին ու երկրին նվիրյալներ, որոնց շնորհիվ, վստահ եմ, կվերականգնեք Ձեր կորցրած իրավունքները: Մինչ այդ ուշադիր կարդացեք ստորեւ ներկայացված այն իրավանորմը, որով Դուք մահացած եք ճանաչվել, և այն իրավանորմը, որը կարգավորում է մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու հետևանքները: Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Դիմումը տրվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի կամ դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարանին, ընդ որում, դիմումում պետք է նշվեն քաղաքացուն մահացած ճանաչելու դեպքում դիմողի համար ակնկալվող իրավական հետևանքները, առանց որոնց` դիմումը ենթակա է ետ վերադարձման: <<ԶԱԳՍ>> տվյալ քաղաքացու մահվան մասին իր գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում: Հարկավոր է գիտենալ. Անկախ իր հայտնվելու ժամանակից` քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուր անձից ետ պահանջել պահպանված գույքը, որն անհատույց, օրենքի ուժով անցել էր այդ անձին` քաղաքացու մահացած ճանաչվելուց հետո, բացառությամբ դրամական միջոցների:
|