Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՈՐ ՕՐ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵՄ


Հարգելի Իրավունք թերթի խմբագրություն Միայնակ թոշակառու եմ: Ստանում եմ 31 000 դրամ ծերության թոշակ, որը հազիվ բավարարում է դեղերի և կոմունալ վարձերը վճարելուն: Ապրում եմ միայնակ: Իմ վերևի հարևանն առաջարկում է ինձ ամսական տրամադրել 100 000 դրամ` պայմանով, որ իմ մահանալուց հետո նա կկազմակերպի նաեւ իմ թաղման ծախսերը, իսկ բնակարանը կանցնի իր սեփականության տակ: Ես նրա հանդեպ ոչինչ վատ բան չեմ մտածում, սակայն ցանկանում եմ այնպիսի փաստաթուղթ ձեռքիս ունենամ, որ օր ծերության հանկարծ փողոցում չհայտնվեմ: Խնդրում եմ օգնեք:

 

Հայկուհի, ք.Երևան.

Տիկին Հայկուհին պետք է կնքի ռենտայի պայմանագիր, որով իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը պետք է հանձնի այն անձին, տվյալ դեպքում` հարեւանին, ով պարտավորություն պետք է ստանձնի ցմահ (կյանքի ամբողջ ժամանակահատվածում) վճարելու պայմանավորված գումարը:         Անհրաժեշտ է, որպեսզի պայմանագրի մեջ նշվի այն գումարը, որը կողմերի համաձայնությամբ լինելու է Ռենտա ստացողի հուղարկավորության ծախսերի գինը եւ պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո փոխանցվի ռենտա ստացողի հաշվին, ինչպես նաև պայմանագրով նշվի այն դրամական միավորը, որը որ ռենտա վճարողը պետք է պարտավորություն ստանձնի վճարել յուրաքանչյուր ամիս:

Հաշվի առնելով, որ բնակարանի կոմունալ վճարումները` կապված ժամանակի և եղանակի հետ, փոփոխությունների են ենթարկվում, ցանկալի է, որպեսզի պայմանագրով բնակարանի կոմունալ վճարների պարտավորությունն ընկնի ռենտա վճարողի (հարևանի) վրա:

Պայմանագիրը կնքվում է գրավոր, վավերացվում է նոտարի կողմից, իսկ սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:           Ռենտա վճարողի կողմից պայմանագրային պարտավորությունների էական խախտման դեպքում ռենտա ստացողն օրենքի ուժով ձեռք է բերում լուծելու պայմանագիրը եւ հատուցելու վնասները: Պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ցմահ օգնելու կամ խնամելու պատրվակով ոչ թե կնքվում է ռենտայի պայմանագիր, այլ բնակարանի առքուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրեր, իսկ որոշ ժամանակ անց բնակարանն օտարվում է երրորդ անձի, իսկ վերջիններս հայտնվում են փողոցում, ուստի պետք է գիտենալ.

ա. Ցանկացած գործարք կնքելիս պետք է իմանալ դրա իրավական հետեւանքների մասին.

բ. ցմահ հոգալու, հետագայում բնակարանը հոգացողին հանձնելու իրավական ճանապարհը ռենտայի պայմանագիրն է, որտեղ օրենսդիրը սահմանել է այնպիսի խաղի կանոններ, որպեսզի և ռենտա ստացողը, և ռենտա վճարողը իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում խնդիրների առաջ չկանգնեն: