Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԻ ԳԼՈՒԽԸ ԾԱԿ Է


2009թ.-ի նոյեմբերի 23-ին տեգրս համոզեց ամուսնուս, որպեսզի իր բիզնեսի համար երաշխավոր կանգնի, որից հետո տեգրս 130.000 դոլարի չափով վարկստացավ բանկից, իսկ սեփականության իրավունքով ինձ պատկանող տունը եւ հողամասը գրավադրվեց բանկում: Այս ընթացքում տեգրս Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում ստեղծեց իր ֆերման, իսկ բանկին էլ տեղեկացրեց, որ անհնարին է դառնում ստանձնած վարկային պարտավորությունների մարումը: Այժմ բանկից ինձ ուղարկվել է բռնագանձման ծանուցում, որ շուտով ուղղակի վաճառքի եղանակով սեփական տունը եւ հողամասը հանձնվելու են երրորդ անձի: Ճիշտ են ասում, որ լավություն անողի գլուխը ծակ ա: Ամբողջ կյանքումս ստեղծած տունն ու հողը տեգորս պատճառով պետք է հանձնեմ ուրիշի: Այդ ինչպես, որ օրենքով:

 

Հասմիկ Պետրոսյան, ք.Երևան.

Տիկին Հասմիկի դիմումից պարզ չէ` իր և բանկի միջեւ կնքվել է տեգոր վարկային պայմանագրի հիման վրա անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, թե  երաշխավորության պայմանագիր: Այդուհանդերձ, եթե նման պայմանագրերի առկայության պայմաններում առկա են ՀՀ քաղ.օր.-ի 312 հոդվածով նախատեսված հիմքեր (խաբեության, բռնության… կամ ծանր հետևանքների բերումով կնքված գործարքը), ապա տուժողի հայցով գործարքը կարող է ճանաչվել անվավեր, իսկ հանցակազմի առկայության պայմաններում` այն դիտվում է քրեորեն հետապնդելի արարք` բխող բոլոր իրավական հետևանքներով: Ինչ վերաբերում է կոնկրետ երաշխավորություն տալուն, ապա դեռևս Մխիթար Գոշի և Սմբատ սպարապետի (Կիլիկյան Հայաստան) Դատաստանագրքերով ուրույն մոտեցում կար երաշխավորություն տալուն, որտեղ ուղղակի զգուշացվում էր երաշխավորություն տվողի կողմից հետագա իրավական հետևանքների մասին: Այսօրվա գործող իրավանորմը ևս թվով 8 հոդված է նախատեսել երաշխավորության համար:    Հարկավոր է գիտենալ. Երրորդ անձի համար երաշխավորություն տալն օրենսդիրի կողմից դիտվում է որպես գործարքի մի ձև, որտեղ երաշխավորություն տված անձը պարտավորություն է ստանձնում երաշխավորությունով ստանձնած պարտավորություններին համապատասխան պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելիս պատասխանատվություն կրել պարտապանի կողմից պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու համար: Երաշխավորութուն տալուց առաջ պետք է հասկանալ, որ ոչ թե լավություն եք անում, այլ ներքաշվում եք ռիսկայնություն պարունակող գործարքի մեջ` դառնալով այդ գործարքի, առաջին հայացքից, պասիվ թվացող կողմ, սակայն պարտատիրոջ կողմից պահանջի դեպքում` արդեն որպես պարտապան, պարտապան, որն օրենքի ուժով համապարտ պատասխանատվություն է կրում:

Օրենքը ՀՀ քաղ.օր.-ի 378 հոդվածն է, որն իրավունք է վերապահում երաշխավորին` պարտապանին մատուցած ծառայությունների համար պարտապանից ստանալու վարձատրություն (վարձատրության չափն ազատ է):

Այն դեպքում, երբ երաշխավորի կողմից պարտապանի փոխարեն պարտավորությունները կատարվում են, երաշխավորին են անցնում այդ պարտատիրոջ իրավունքները, ինչպես նաև իր կրած այլ վնասները` կապված պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու հետ:

Երաշխավորությունը դադարում է.

ա) Պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում:

բ) Պարտքն այլ անձի փոխանցելու դեպքում, եթե բացակայում է երաշխավորի համաձայնությունը` այլ պարտապանի հանդեպ պատասխանատվություն կրելու վերաբերյալ:

գ) Եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը:

դ) Երաշխավության պայմանագրում նշված ժամկետի ավարտով: