Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԵՇԴ/1486/02/10

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

19.05.2011թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ի.Բարսեղյանի
քարտուղարությամբ`

Ն.Զաքարյան

Հայցվոր` Ա.Մկրտումյանի
Հայցվորի ներկայացուցիչ` Ք.Հովհաննիսյան

Պատասխանողների ներկայացուցիչներ`

Լ.Բաղդասարյան
Թ.Ալեքսանյան
"ԼԵՎ ԳՐՈՒՊ"  ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ  ԳՐԱՍԵՆՅԱԿ

դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ հայցի Ալվարդ  Մկրտումյանի ընդդեմ <<Շենգավիթ Բժշկական Կենտրոն>> ՓԲԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես դրա անվավերության հետևանք` 700.000 դրամի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին:

 

Ալվարդ Մկրտումյանը / անձնագիր…../բնակվող` Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 8 շենքի թիվ 44  բնակարանում/ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Շենգավիթ Բժշկական Կենտրոն>> ՓԲԸ-ի` հայտնելով, որ  արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալու նպատակով 2010թ. մայիս ամսին դիմել է <<Շենգավիթ Բժշկական Կենտրոն>> ՓԲԸ-ին:

<<Բժշկական ծառայությունների մատուցման մասին>> 02.06.2010թ. կնքված թիվ 118 պայմանագիրն իր հետ բժշկական կենտրոնի կողմից կնքվել է բավականին ուշ` բժշկական ծառայությունը ստանալու երկրորդ փուլում, այլ ոչ թե նախօրոք / ինքն անգամ տեղեկացված չի եղել, որ տվյալ բուժծառայությունը մատուցելիս  կնքվում է պայմանագիր/, երբ առաջին փուլն անցնելուց հետո բավականին գումար է ծախսել և հորմոնալ դեղորայք ընդունել / ՀՀ առողջապահության նախարարության  19.10.2010թ. ԳՍ/023/7686-10 գրության 3-րդ կետ/: Պայմանագիրը կնքվել է հապճեպ` պունկցիայի օրը, և ինքը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու  պայամանագրի պայմաններին կամ խորհրդակցել իրավաբանի հետ: Պունկցիան կատարվել է ՀՀ Կառավարության 02.10.2003թ. թիվ 1273-Ն որոշման 4 կետի 23 ենթակետի խախտումով/ էնդոմետրիումի հաստությունը պունկցիայի ժամանակ պետք է լիներ առնվազն 8 միլիմետր, իսկ իր մոտ եղել է 7 միլիմետր, որն  ամրագրված է ՀՀ առողջապահության նախարարության 19.10.2010թ. ԳՍ/023/7686-10 գրության 8 կետում/: Նշված գործողությունն արդեն իսկ հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածին, որտեղ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված  եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք, այսինքն` խախտվել է ՀՀ Կառավարության 02.10.2003թ. թիվ 1273-Ն որոշման 4-րդ կետի 23 ենթակետի պահանջները:

02.06.2010թ. թիվ 118  <<Բժշկական ծառայությունների մատուցման մասին>>  պայմանագիրն իր հետ  կնքվել է ի դեմս կենտրոնի տնօրեն Սերգեյ Ոռումյանի, մինչդեռ ստորագրվել է բաժնի վարիչի կողմից, որը հավանաբար այդ պահին  պայմանագիրը  ստորագրելու լիազորություն չի ունեցել, և այդ մասին որևէ հիմք չկա պայմանագրում: Իր ամուսինը պայմանագրի կողմ չի ճանաչվել, սակայն  պայմանագիրը նրան էլ են տվել ստորագրման:

Ոչ ոք չի զգուշացրել, և առավել ևս ֆիքսել պայմանագրում, որ իր տարիքում  արտամարմնային բեղմնավորման հավանականությունը հավասար է զրոյի, որը  որպես ապացույց մասնագիտական հանձնաժողովն արտացոլել է ներկայացված  գրության 10 կետում: Իր օրգանիզմը փորձադաշտ չէ և առանց իրեն տեղյակ պահելու  ու առանց իր համաձայնության, ստացվում է` փորձության է ենթարկվել, որը  հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին:

Պատասխանող ընկերությունն իր հետ 02.06.2010թ. կնքված թիվ 118 <<Բժշկական ծառայությունների մատուցման մասին >> պայմանագրում չի ներառել իր  տարիքում արտամարմնային բեղմնավորման հավանականության անհնարինության մասին որևէ կետ, որով տեղեկացված կլիներ այդ մասին: Այսինքն չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ կետի  պահանջները/ գրավոր գործարքի ձևին ներկայացվող պահանջները/, որն էլ ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 298 հոդվածի հիմքով հանգեցնում է անվավերության:

Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող 2-ում նշվում է, որ իրենք նախազգուշացվել են այդ մեթոդի կիրառման ընթացքում իրենց մոտ առաջացող բարդությունների մասին, սակայն այդ մասին նույնպես ինքն ու  ամուսինը տեղեկացել են միայն բուժծառայության մատուցման երկրորդ փուլում: Այդ փաստը կարող էր հանգեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածին, այսինքն, խաբեության միջոցով կնքել է մի քաղաքացիաիրավական գործարք` անտեղյակ լինելով դրա հետևանքների մասին: Ոչ մի գործունակ քաղաքացի չի կնքի  այնպիսի գործարք և չի վճարի բավականին մեծ գումարներ` գիտակցելով, որ իրեն  մատուցված ծառայության հավանականությունը հավասար է զրոյի, և որից հետո ունենալու է առողջական խնդիրներ:

Առողջապահության նախարարությունը հիմնավոր է համարել այն փաստը /գրության 9-րդ կետ/, որ բուժհաստատության կողմից արտամարմնային բեղմնավորման մեթոդի 3-5 տոկաս արդյունավետության մասին տեղեկատվության  տրամադրման փաստ եղել է, սակայն փաստաթղթում բացակայել է այդ ցուցանիշն իր կողմից ի գիտություն ընդունելու իր ստորագրության առկայությունը` վիճելի  պայմանագրում նման կետ նախատեսված չի եղել, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են, պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ հիմքերից:

Պայմանագրի հավելվածների գծովել է կատարվել խախտում` պայմանագրին կից տրամադրվել են երկու հավելված, որից  մեկը կնքված և ստորագրված է բժշկական կենտրոնի և իր կողմից, իսկ մյուս` պայմանագրի անբաժանելի մաս համարվող հավելվածը 1-ը/ գնացուցակը/, կցված չի եղել պայմանագրին, այն տրվել է իրեն միայն իր համառ պահանջով, բուժ. ծառայության անհաջող ավարտից հետո այն տեսքով,ինչ տեսքով որ կցված է հայցադիմումին, առանց կնիքի և  ստորագրությունների: Նաև առկա է բացթողում և կամ խաբեություն` բուժհաստատության կողմից տրված գնացուցակում ամրագրված 3 ձվաբջիջների ICSI դեպքում 160.000 դրամի վճարման փոխարեն իրենցից պահանջվել է 200.000 դրամ:

Բժշկական ծառայության գնի մասին /500.000դրամ/ տեղեկացել է բուժքրոջից, իսկ ICSI մեթոդի կիրառումը, որը նույնպես լրացուցիչ 200.000 դրամ արժեր, առաջարկվել է բժշկուհու կողմից երկրորդ փուլից` պունկցիայից անմիջապես հետո, որը կատարվել է լրիվ անզգայացմամբ, այսինքն` դեղորայքի ազդեցության տակ:

Արհեստական բեղմնավորումը սկսելուց առաջ բուժհաստատությունը մյուս հետազոտությունների հետ միաժամանակ չի պահանջել  ամենակարևոր հետազոտությունը` սպերմոգրամմայի տվյալները, այլ հիմք է ընդունել 2007թ. հետազոտության տվյալները: Ըստ  բացատրության` իբրև թե այդ  հետազոտումը կատարվել է պունկցիայի ժամանակ սպերմատազոիդը իր ամուսնուց  վերցնելուց հետո` բեղմնավորումը սկսելուց առաջ: Սակայն ինչ պետք է արվեր  բուժկենտրոնի կողմից, եթե պարզվեր, որ ամուսնու սպերմատազոիդը անկենսունակ է և բեղմնավորումն անհնար, այդ վճռական պահին առաջարկվելու էր դոնորական  սպերմատազոիդ, որին ինքն ու ամուսինը կտրականապես դեմ են եղել: Այսինքն նորից խախտվել է վիճելի պայմանագրի 2.2.2 կետը, որով սահմանված է, որ  նախնական կարգով պետք է անցնել պահանջվող լաբորատոր կլինիկական,  բիոքիմիական, հորմոնալ, իմունոլոգիական և այլ հետազոտություններ, իսկ նախնական կարգով ամուսնուց որևէ հետազոտություն չի պահանջվել: Այսինքն, բժշկական կենտրոնն այստեղ էլ մեծ բացթողում է թույլ տվել, սկսելով այդպիսի  վտանգավոր և թանկ  բուժծառայության մատուցումը` չունենալով ամենակարևոր հետազոտության արդյունքը:

Ընդհանուր գումարով հետազոտությունների և դեղորայքի դիմաց ծախսել է 1.000.000 դրամ, իսկ  բժշկական կենտրոնին բուժծառայության դիմաց վճարել` 700.000 դրամ/ վճարման թիվ 750 անդորրագրի պատճեն կցված է/:

Իրենց վճարած գումարի և ստացած անարդյունավետ բուժծառայության  վերաբերյալ ինքն ու ամուսինը, համաձայն վիճելի պայամանագրի 6.1 կետի, փորձել են  պարզաբանում ստանալ, որտեղ ամրագրված է, որ բուժման ընթացքի, արդյունավետության և որակի վերաբերյալ պացիենտի մոտ դժգոհությունների առաջացման դեպքում, նա կարող է դիմել կոնֆլիկտային հանձնաժողով, որը կազմված է կատարողի առաջատար մասնագետներից, կամ անկախ փորձագիտական հանձնաժողով: Բժշկական կենտրոնը այդտեղ նույնպես խախտել է իր իսկ կողմից  տրված պայմանագրի պայմանները:

Այդպես էլ  բազմաթիվ դիմումների և զանգերի անպատասխան մնալուց հետո, բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ոռումյանին մեծ դժվարությամբ տեսնելուց հետո, միայն վիրավորական և <<Զրպարտչի ու գումար պոկողի>> որակում ստացան: Ոչ մի կոնֆլիկտային հանձնաժողով չի ստեղծվել, ոչ էլ ընդունել են իրեն:

Ստիպված է եղել դիմել ՀՀ Նախագահի աշխատակազմ և այնտեղից դեպի ՀՀ  Առողջապահության Նախարարություն ուղարկված հանձնարարականից հետո միայն ստացել է պատասխան, որտեղ երևացել է, որ արդեն իսկ ՀՀ Առողջապահության Նախարարի 16.09.2010 թիվ 1500-Ա հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որոնց հիմնավորները և եզրակացություններն արտացոլված են գրության պատասխանի մեջ, որոնք էլ ապացուցում են հիշյալ հայցադիմումում ամրագրվածները:

Շարադրված փաստական և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296, 298,303,313 հոդվածների իրավական հիմնավորմամբ էլ  հայցվոր Ալվարդ Մկրտումյանը խնդրել է անվավեր ճանաչել <<Շենգավիթ Բժշկական Կենտրոն>> ՓԲԸ-ի և իր միջև 02.06.2010թ.կնքված թիվ 118 բժշկական ծառայությունների մատուցման պայմանագիրը, և որպես  հետևանք հօգուտ իրեն բռնագանձել իր կողմից բժշկական կենտրոնին վճարված 700.000 դրամ գումարը:

<<Շենգավիթ Բժշկական Կենտրոն>> ՓԲԸ-ն հայցադիմումի պատասխան է  ներկայացրել դատարան` ամբողջությամբ առարկելով հայցի դեմ  հետևյալ փաստարկմամբ.

Հայցվորը, որպես իր պահանջի իրավական հիմք, դրել է 296,300,131,313 հոդվածների դրույթները: Այն է. գրավոր գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները, վիճահարույց և առոչինչ գործարքներ, պատասխանատվության առանձնահատկությունները քաղ. և այլ իրավական ակտերով կարգավորվող` օտարերկրյա իրավաբանական անձանց, քաղաքացիների և պետությունների մասնակցությամբ հարաբերություններում, խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո կնքված գործարքի անվավերությանը:

Գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն  գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիների իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելու: Որպեսզի գործարքը համարվի վավերական, առաջին հերթին անհրաժեշտ է, որ  գործարք կնքվող սուբյեկտներն իրավասու լինեն այդպիսին կնքելու և գործեն օրենքով վերապահված իրավասությունների շրջնակներում:

Այսինքն, քաղաքացին պետք է լինի գործունակ, կազմակերպությունն էլ` իրավաբանական անձ:

Տվյալ դեպքում, 02.06.2010թ. կնքված <<բժշկական ծառայությունների  մատուցման մասին>> պայմանագրի կողմ հանդիսացող քաղաքացին եղել է  գործունակ, իսկ կազմակերպությունն էլ` իրավաբանական անձ:

Որպեսզի գործարքը մասնակիցների համար առաջացնի ցանկալի իրավական  հետևանքներ, անհրաժեշտ է, որ պայմանագրի բովանդակությունը չհակասի օրենքին, այլ իրավական ակտերին:

Պայմանագիրն իր բովանդակությամբ չի հակասում գործող օրենքներին. իրավական ակտերին: Մասնավորապես, պայմանագիրը կնքվել է ՀՀ քաղաքացիական օր-ի 39-րդ գլխի դրույթներին համահունչ:

Գործարքի վավերականության համար անհրաժեշտ է, որ գործարք կնքող սուբյեկտն իր կամքն արտահայտի կամավոր և ազատ:

Այդ կամահայտնությունը պետք է համապատասխանի նրա իրական ցանկություններին, արտահայտված լինի ոչ թե ձևականության, այլ իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով: Վիճելի պայմանագրի 1.1 կետում, որը ստորագրել է հայցվորը, ամրագրված է , որ Կատարողը կողմերի հոժարակամ համաձայնությամբ իր վրա է վերցնում կատարելու բժշկական ծառայություններ, իսկ պացիենտը պարտավորվում է վճարել տվյալ ծառայությունների դիմաց:

Օրենսդիրը տարանջատել է անվավեր գործարքների երկու տիպ. առոչինչ գործարքներ և վիճահարույց գործարքներ:

Հայցապահանջում հայցվորը պնդում է, որ ինքը խաբեության միջոցով կնքել է մի քաղաքացիա-իրավական գործարք:

Համաձայն ՀՀ քաղ.օր-ի 313 հոդվածի` խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, ինչպես նաև այն գործարքը, որը անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը / ստրկացուցիչ գործարք/ տուժողի հայցով դատարանը  կարող է ճանաչել անվավեր:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օր-ի 48 հոդվածի 1-ին կետի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Մինչդեռ հայցվորը չի ներկայացրել ոչ մի ապացույց, որով կապացուցվի, որ  պատասխանող կազմակերպությունը խաբեության, սպառնալիքի ազդեցության ներքո է կնքել այդ պայմանագիրը, կամ ստիպված է եղել կնքելու այդ գործարքը  ծանր հանգամանքների բերումով: Ավելին` 02.06.2010թ. պայմանագրի հավելված 2-ում, որը ստորագրված է հայցվորի կողմից, ուղղակի նշված է վերջինիս բացատրված է, որ բուժման համար կարող է պահանջվել ոչ մեկ փորձ մինչև հղիությունը, բուժումը կարող է արդյունք չունենալ և այլն: Ավելին, գործում առկա է նաև առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 19.10.2010թ.-ի գրությունը, որը տեղեկացնում է, որ մասնագիտական հանձնաժողովը գտել է, որ լիովին հիմնավորված է եղել օրական 5 սրվակ մենոպուրի կիրառումը, այնպես որ 53 սրվակ մենոպուրի և 9 սրվակ դիֆերելինին համատեղ օգտագործումը, ինչպես նաև հայցվոր կողմից 1.000.000 դրամ ծախսը, լիովին արդարացված է / հիմք հանձնաժողովի եզրակացությունը/:

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի`պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Պայմանագրով իր վրա դրված պարտավորությունները պատասխանող կազմակերպությունը կատարել է պատշաճ  պարտավորության պայմաններին:

02.06.2010թ կողմերի միջև կնքված  պայմանագիրը հանդիսանում է ոչ միայն պարտավորական հարաբերություններ առաջացնող իրավաբանական փաստ, այլև այդ հարաբերությունների մասնակիցների վարքագիծը կանոնակարգող լոկալ իրավական ակտ: Պատասխանող բուժ. հաստատությունը պատշաճ կատարել է պայմանագրով իր վրա դրված պարտավորություններն ամբողջությամբ, քաղաքացին  կատարել է պայմանագրով իր վրա դրված  պարտավորությունն ամբողջությամբ:

Ցավալի է, որ այդքան  սպասվող արդյունքը չի ստացվել, սակայն /դրական կամ բացասական/ արդյունքի մասին կողմն իրազեկ է եղել:

Նման պարագայում բացասական արդյունքի դեպքում դիտել, որ  պատասխանող կազմակերպությունը խաբել կամ բռնի ուժով է ստորագրել տվել պայմանագիրը, հայցապահանջը դարձնում է իրավազուրկ:

Հայցվոր Ալվարդ Մկրտումյանը հայցադիմումի պատասխանի դեմ  առարկություններ է ներկայացրել` հայտնելով, որ հայցադիմումին պատասխանող ընկերության կողմից տրված պատասխանն անընդունելի է, քանի որ չի համապատախանում իրականությանը :

Պատասխանողի ներկայացուցիչներն իրենց պատասխանում նշել են, թե իբրև իր կողմից չի ներկայացվել ոչ մի ապացույց, որով կապացուցվի , որ պատասխանող ընկերությունը խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո է կնքել 02.06.2010թ. թիվ 118 <<Բժշկական ծառայությունների մատուցման մասին>>  պայմանագիրը, ինչպես նաև հղում կատարել ՀՀ Սահմանադրության նախարարի 16.09.2010թ. թիվ 1500-Ա հրամանով ստեղծված  մասնագիտական հանձնաժողովի 19.10.2010թ.թիվ ԳՍ/023/7686-10 գրությամբ տրված եզրակացության 2-րդ կետին`53 սրվակ մենոպուր և 9 սրվակ դիֆերելին ընդունելու հիմնավորված լինելը, սակայն  որպես ապացույց չեն ընդունում հենց նույն  եղրակացության 3-րդ կետը, որտեղ նշում է ուշ կնքման փաստը:

Պայմանագրի ուշ կմքման փաստն է, որ հանգեցրել է ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 313 հոդվածի այն պահանջին, որ անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով  գործարք, որից օգտվել է մյուս կողմը:

Պայմանագիրը և դրան կից <<Հավելված-2>>-ը, որը <<դիմում>> է այն մասին, որ  ինքը տեղեկացված է դեղորայքի ընդունումից և տվյալ մեթոդի կիրառումից հետո իր  մոտ առաջացող առողջական բարդությունների մասին, տրվել է իրեն ծանոթանալու և ստորագրելու հապճեպ` ծառայության մատուցման 2-րդ փուլում` պունկցիայից առաջ, որի ժամանակ արդեն ինքը ընդունել է բավականին հորմոնալ դեղորայք և  արդեն ծախսել  մեկ միլիոն դրամ գումար:

Հայցադիմումի պատասխանում նշվում է, որ <<Կազմակերպությունը պատշաճ կատարել է  պայմանագրով իր վրա դրված պարտավորություններն  ամբողջությամբ>>: Վերը նշված պայմանագրի մի շարք կետերից միայն երկուսի  խախտման փաստն ակնհայտ  առկա է:

1. Պայմանագրի 7.2 կետում նշված <<անբաժանելի մաս համարվող Հավելված 1-ը>>, առանց վավերապայմանների ու ստորագրությունների, կնիքի, տրվել է պայմանագրի կնքումից մի քանի շաբաթ անց, համառ պահանջից հետո միայն, որտեղ նույնպես առկա է խախտման փաստ / ՀՀ Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովի 19.10.2010թ. թիվ ԳՍ/023/7686-10 գրության 4-րդ կետ:

2. Պայմանագրի 6.1 կետի համաձայն` բուժման որակի վերաբերյալ  պացիենտի մոտ դժվարությունների առաջացման դեպքում, նա կարող է դիմել կոնֆլիկտային հանձնաժողով, որը կազմված է կատարողի առաջատար մասնագետներից: Սակայն բազմաթիվ անպատասխան զանգերից հետո գրված դիմում-բողոքը նույնպես չհանգեցրեց կոնֆլիկտային հանձնաժողովի հետ իրենց հանդիպմանը:

3. Պայմանագիրը ստորագրող անձը տնօրենի փոխարեն եղել է բաժնի վարիչը, և պատասխանին կից իբր հրամանի քաղվածքի համաձայն` նա  իրավասու է եղել կնքել պայմանագիրը` այնինչ հրամանը հիմք չէ դեռևս պայմանագիր կնքելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318 հոդվածի համաձայն` մեկ անձի կողմից  ուրիշ անձի անունից լիազորագիր, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված  լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և  պարտականություններ է ստեղծում, փոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածի 1-ին կետի  համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է  այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացնելու համար, որն էլ վիճելի գործարքում բացակայում է: նույն հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ իրավաբանական անձի  անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված անձի ստորագրությամբ` այդ կազմակերպության կնիքի որոշմամբ:

Անհնար է գտնել մի գործարք, որտեղ նշված լինի կազմակերպության և նրա  անունից գործարքը կնքող անձի համար նշվի հրամանի առկայությունը:

ՀՀ Առողջապահության նախարարի 16.09.2010թ. թիվ 1500-Ա հրամանով  ստեղծված մասնագիտական հանձնաժողովի և ՀՀ Առողջապահության նախարորության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի կողմից  19.10.2010թ. թիվ ԳՍ/023/7686-10 գրությամբ տրված եզրակացությունը, որը տրվել է այն մասնագետների կողմից, որոնք անմիջական առնչություն են ունեցել տվյալ  գործի սկզբնական փաստաթղթերի հետ, պետք է որ հիմք հանդիսանային <<Շենգավիթ բժշկական կենտրոնի>> ՓԲԸ-ի  և նրա ներկայացուցիչների համար, և իր  կողմից լրացուցիչ ապացույցներ չպահանջվեին, քանի որ պատասխանող ընկերության վերադաս լիցենզավորող, վերահսկող մարմինը պետությունն է` ի դեմս  ՀՀ Առողջապահության նախարարության:

Հայցվոր Ալվարդ Մկրտումյանն ու նրա ներկայացուցիչ Քրիստինե Հովհաննիսյանը հայցադիմումում և հայցդիմումի պատասխանի դեմ ներկայացված առարկություններում շարադրված հիմնավորմամբ պնդեցին հայցը:

 

/Դատական նիստի արձանագրություն/

 

Պատասխանող <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներ Լևոն Բաղդասարյանն ու Թադևոս Ալեքսանյանը  հայցադիմումի պատսխանում նշված  փաստական և իրավական հիմնավորմամբ առարկեցին հայցի դեմ:

 

/Դատական նիստի արձանագրություն/

 

Լսելով գործին մասնակցող անձանց և ուսումնասիրելով քաղաքացիական գործում առկա փաստական տվյալները` դատարանը պարզեց և հաստատված  համարեց հետևյալը.

հայցվոր, 23.05.1963թ. ծնված Ալվարդ Մկրտումյանը , արտամարմնային բեղմանվորման միջոցով երեխա ունենալու նպատակով, 2010թ. դիմել է <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ: 02.06.2010թ. <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի և Ալվարդ Մկրտումյանի միջև կնքվել է <<բժշկական ծառայությունների մատուցման մասին>> թիվ 118 պայմանագիրը, ըստ որի` կատարողը / <<Շենգավիթ բժշկական  կենտրոն>> ՓԲԸ-ն/ կողմերի հոժարակամ համաձայնությամբ իր վրա է վերցրել պացիենտի / Ալվարդ Մկրտույանի/ դիմումում շարադրված բժշկական ծառայությունները / հավելված թիվ 2/ մատուցելու մասին պարտավորություններ` ՀՀ Առողջապահության նախարարության կողմից 23.10.2008թ. տրված արտոնագրի համաձայն, իսկ պացիենտը պարտավորվել է վճարել տվյալ ծառայությունների  դիմաց` գործող գնացուցակին համապատասխան / հավելված թիվ 1/:

Պացիենտի դիմումը հանդիսացել է կոնկրետ տեսակի  բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրի անբաժանելի մասը: Համաձայն նույն պայմանագրի` պայմանագրի ամբողջ գումարի վճարումը պետք է իրականացվեր բուժումը սկսելուց առաջ դրամարկղում կանխիկ վճարմամբ կամ կատարողի հաշվարկային հաշվին փոխանցումով:

Համաձայն <<Բժշկակամ ծառայությունների մատուցման մասին>> պայմանագրի հավելված թիվ 2-ի` ամուսիններ Ալվարդ Մկրտումյանն ու Արթուր Թորասյանն իրենց  ինքնակամ համաձայնությամբ խնդրել են իրենց բուժել անպտղությունից` արտամարմնային բեղմանորում + ICSI  մեթոդով: Վերջիններիս բացատրվել է, որ  բուժման համար կարող է պահանջվել  ոչ մեկ փորձ` մինչև հղիությունը, բուժման ընթացքում կարող են բացահայտվել նախկինում անհայտ փաստեր, ինչպես նաև այն, որ բուժումը կարող է արդյունք չունենալ: Միաժամանակ, նույն հավելվածով Ալվարդ Մկրտումյանն ու նրա ամուսինը հաստատել են, որ իրենք զգուշացված են, որ արտամարմնային բեղմնավորումը + ICSI  մեթոդով կարող է երբեմն ունենալ ծանր ընթացք և հոսպիտալացում ու օպերատիվ բուժում պահանջող մի շարք բարդություններ / թվարկված են նշված բարդությունները/:

Կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններում <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից Ալվարդ Մկրտումյանին մատուցվել են համապատասխան բժշկական ծառայություններ, ինչի համար Ալվարդ Մկրտումյանը բժշկական կենտրոնին վճարել է 700.000 դրամի չափով գումար / ընդհանուր գումարով` հետազոտությունների և դեղորայքի համար ծախսել է 1.000.000 դրամ/:

Ալվարդ Մկրտումյանը, համոզված լինելով, որ պատասխանող ընկերության կողմից կատարվել են մի շարք անօրինականություններ և հանիրավի է <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին վճարել 700.000 դրամ, դիմում- բողոքներ է հասցեագրել ՀՀ նախագահին` նշելով, որ հաշվի առնելով իր տարիքը / 47 տարեկան/, ինչպես նաև  մի շարք ելակետային տվյալներ, <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի համար ի  սկզբանե ակնհայտ է եղել, որ բացառված է իր մոտ  արտամարմնային բեղմանվորման միջոցով հղիության առաջացումը/ այդ եղանակով երեխա ունենալը/,  այնուհանդերձ, այդ պայմաններում կնքել  են պայմանագիր և  մատուցել ծառայություն, ինչի արդյունքում ինքը նյութական, բարոյական ու ֆիզիկական լուրջ  վնասներ է կրել:

Նշված դիմում-բողոքների կապակցությամբ ՀՀ Առողջապահության նախարարի 16.09.2010թ. թիվ 1500-Ա հրամանով ստեղծվել է մասնագիտացված հանձնաժողով,  որը տվել է եզրակացություն` <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում կատարված արտամարմնային բեղմնավորման արդյունավետության կապակցությամբ:

Հանձնաժողովը հանգել է հետևության` այն մասին, որ ելնելով տարիքից /47 տարեկան/ բժշկական կենտրոնի կողմից լիովին հիմնավորված է եղել օրական 5 սրվակ մենոպուրի կիրառումը, այնպես որ 53 սրվակ մենոպուրի և 9 սրվակ  դիֆերելինի համատեղ  օգտագործումը, ինչպես նաև համապատասխան 1.000.000 դրամի ծախսը լիովին արդարացված է:

Հանձնաժողովն արձանագրել է, որ արդարացի է պայմանագրի ուշ կնքման փաստը, ինչպես նաև կազմակերպչական մի քանի բացթողումներ:

Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ 38 անց տարիքում խիստ նվազում է արտամարմնային բեղմնավորման առանց այն էլ ոչ բարձր արդյունավետությունը: Մասնագիտական գրականության տվյալներով 40-ից բարձր տարիքում արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը կտրուկ նվազում է, իսկ 45-47  տարիքայինում այն գործնականորեն հավասարվում է 0-ի, թեև նշվում են նաև հաջողության բացառիկ դեպքեր:

Հանձնաժողովը տեղեկացրել է Ալվարդ Մկրտումյանին, որ վերջինիս ու բժշկական կենտրոնի վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և, որ Ալվարդ Մկրտումյանն ու իրավունքների պաշտպանության հարցով կարող է դիմել դատարան:

Գնահատելով գործի ապացույցները` դատարանը գտնում է, որ ներկայացված հայցային պահանջն անհիմն է և ենթակա  մերժման հետևյալ փաստարկմամբ.

Այսպես` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303 և 305 հոդվածների` գործարքն անվավեր է հիշյալ օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով / վիճահարույց գործարք/ կամ անկախ նման ճանաչումից / առոչինչ գործարք/:

Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

Ըստ նույն օրենսգրքի 313 հոդվածի` խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը / ստրկացուցիչ գործարք/, տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296 և 298 հոդվածների համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Օրենքով, այլ իրավական ակտերով և կողմերի համաձայնությամբ կարող են  սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի գործարքի  ձևը /  որոշակի ձևաթղթի վրա կնքելը, կնիքով դրոշմված լինելը և այլն/, և կարող են նախատեսվել այդ պահանջները չպահպանելու հետևանքներ: Եթե նման հետևանքներ նախատեսված չեն, ապա կիրառվում են գործարքի հասարակ գրավոր  ձևը չպահպանելու հետևանքները:

Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Հիշյալ օրենսգրքի 777,778 և 779 հոդվածները նախատեսում են, որ  ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կտարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործողություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:

Ծառայույունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հիշյալ կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության և այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:

Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել անձամբ, եթե այլ բան նախատեսված չէ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:

Պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:

Վիճահարույց պարագայում դատարանը փաստում է, որ կողմերի` <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի և Ալվարդ Մկրտումյանի միջև 02.06.2010թ. թվագրմամբ կնքված <<Բժշկական ծառայությունների մատուցման մասին>> պայմանագիրը համապատասխանում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրին առաջադրվող պայմաններին / ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվել է  գրավոր և պայմանագրով կատարողը  պարտավորվել է պատվիրատուի  առաջադրանքով ծառայություններ մատուցել` կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործողություն, իսկ պատվիրատուն պարտավորվել է վճարել այդ ծառայության համար/: Պայմանագիրը կնքելիս կողմերը դրսևորել են ազատ կամք, այն համապատասխանել է կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին / իմպերատիվ նորմերին/:

Վիճահարույց պայմանագիրը կնքելիս <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից որևէ խաբեություն, բռնություն, սպառնալիքի ազդեցություն չի ցուցաբերվել, ինչպես նաև Ալվարդ Մկրտումյանը ստիպված չի եղել գործարքը կնքել ծանր հանգամանքների բերումով` իր համար ոչ ձեռնտու պայմաններով: Ալվարդ Մկրտումյանը, հասկանալով, որ 47 տարեկան հասակում անպտղությունից` արտամարմնային բեղմնավորում + ICSI մեթոդով բուժումը կարող է ունենալ ծանր ընթացք, նույնիսկ հոսպիտալացում ու օպերատիվ բուժում պահանջող մի շարք  բարդություններ, ավելին` բուժումը ընդհանրապես կարող է արդյունք չունենալ, իր  ցանկությամբ ու կամքով է դիմել բժշկական կենտրոն և ի վերջո վերջինիս հետ մտել  պայմանագրային փոխհարաբերությւնների մեջ, որի ընթացքում Ալվարդ Մկրտումյանի կողմից կատարված շուրջ 1 մլն դրամի չափով ծախսերը ՀՀ Առողջապահության նախարարության մասնագիտացված հանձնաժողովը համարել է լիովին արդարացված:

Ինչ վերբերում է հայցվոր կողմի նշած այն փաստարկին, որ կողմերի միջև 02.06.2010թ. թվագրված պայմանագիրն ավելի ուշ է կնքվել, ապա դատարանը  նույնիսկ այդ փաստը համարելով հիմնավորված, գտնում է, որ պայմանագիրն այդ հիմքով անվավեր ճանաչվել չի կարող, քանզի կողմերն այն կնքել են փոխադարձ համաձայնությամբ ու կնքված պայմանագրով կողմերը լիարժեք կատարել են իրենց  պարտավորությունները:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ վիճահարույց պարագայում <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի և Ալվարդ Մկրտումյանի միջև կնքված <<Բժշկական ծառայությունների մատուցման>> պայմանագիրը կնքվել է օրենքների և  այլ իրավական ակտերի պահանջներին համահունչ, հետևաբար այն անվավեր  ճանաչելու մասին խոսք լինել չի կարող:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով` դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Ալվարդ Մկրտումյանի հայցն ընդդեմ <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես դրա անվավերության հետևանք` 700.000 դրամի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին, մերժել:

Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վճիռը կարող է բաղաքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկ ամսում:

 

 

ԴԱՏԱՎՈՐ` Ի.ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

* * *

 

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի
ընդհանուր իրավասության դատարանի
19.05.2011 թվականի վճիռ
Նախագահող դատավոր`       Ի. Բարսեղյան

Քաղ.գործ թիվ ԵՇԴ 1486/02/10

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`

25.08.2011թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մասնակցությամբ դատավորներ` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործով ըստ հայցի Ալվարդ Մկրտումյանի ընդդեմ ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության` պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես դրա անվավերության հետևանք` 700 000 ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2011թ. թիվ ԵՇԴ 1486/02/10 վճռի դեմ հայցվոր Ալվարդ Վանիկի Մկրտումյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.



Դիմելով դատարան հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության և իր միջև 02.06.2010թ. կնքված թիվ 118 բժշկական ծառայությունների մատուցման պայմանագիրը և որպես հետևանք հօգուտ իրեն բռնագանձել իր կողմից բժշկական կենտրոնին վճարված 700 000 ՀՀ դրամ գումարը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2011թ. թիվ ԵՇԴ 1486/02/10 վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր Ալվարդ Մկրտումյանը:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.


Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռը կայացնելիս հաշվի չի առել պատասխանող կողմ ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոնի վերադաս պետական գերատեսչության ՀՀ առողջապահության նախարարության 19.10.2010թ. ԳՍ/023/7686-10 գրության կետերը, ամբողջությամբ չի ուսումնասիրել այն խախտումները, որը բժշկական կենտրոնի հանդեպ ներկայացրել է նրան լիցենզավորող և վերահսկող պետական ատյանը, հաշվի չի առել նաև 02.10.2003թ. թիվ 1273-Ն ՀՀ կառավարության որոշման 4-րդ կետի 23-րդ ենթակետը, որը խախտվել է պատասխանողի կողմից: Արհեստական բեղմնավորման ժամանակ էնդոմետրիումի հաստությունը պետք է լիներ առնվազն 8 մմ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության 19.10.2010թ. գրության 8-րդ կետի, մինչդեռ եղել է 7մմ:
Իր տարիքի դեպքում արտամարմնային բեղմնավորման հավանականության տոկոսը 30-35-ից նվազում է 10-15 տոկոս, իսկ էնդոմետրիումի 7մմ հաստության դեպքում այն գրեթե հավասարվում է զրոյի: Բժշկական կենտրոնը պարտավոր էր այդ մասին գրավոր տեղեկացնել իրեն և ստորագրություն վերցնել, մինչդեռ որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Ստորագրելու հանգամանքը նշված է ՀՀ առողջապահության նախարարության գրության 10-րդ կետում, սակայն դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, այդ գրությունը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել: Դատարանը հաշվի չի առել ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, ըստ որի մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:
2010թ. ապրիլին ամուսնու հետ դիմել է ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոն արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալու նպատակով: Պայմանագիրն իր հետ ուշ է կնքվել, ինչպիսի փաստը հաստատվում է ՀՀ ԱՆ եզրակացությամբ (3-րդ կետ), ինչը նշանակում է, որ անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք, որից օգտվել է մյուս կողմը: Նման պայմաններում անձի հետ կնքված պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի ուժով:

Պայմանագիրը և նրա անբաժանելի մաս համարվող ՙՀավելված 2՚-ը, որը ՙդիմում՚ է տեղեկացված համաձայնության մասին, տրվել է իրենց և առանց ծանոթանալու ստորագրել են: Հիշյալ հավելվածն այն մասին, որ բուժման ընթացքը կարող է ծանր լինել, բուժման ընթացքում կարող են առաջանալ առողջության և կյանքի համար վտանգավոր մի շարք բարդություններ, տրվել է ստորագրելու պունկցիայից հետո միայն:

Բուժծառայության առաջին փուլն անցնելուց հետո ստիպված են եղել ստորագրելու ոչ նպաստավոր պայմաններով կազմված պայմանագիրը, որովհետև արդեն ընդունել էին հորմոնալ դեղորայք և հետազոտությունների անցկացման ու դեղորայքը գնելու համար արդեն ծախսել էին մեկ միլիոն դրամ գումար:

Պայմանագրի հավելվածներից մեկը ստորագրվել է երկու կողմերի կողմից, իսկ մյուսը ոչ կնքվել, ոչ ստորագրվել է: Պատասխանող կողմը չի ներկայացրել հակառակը հիմնավորող որևէ ապացույց:

Պայմանագրի անբաժանելի մաս համարվող Հավելված 1-ն առանց որոշակի ձևաթղթի, ստորագրությունների և կնիքի տրվել է ծառայության մատուցումից հետո երկու շաբաթ անց, ինչպես և 700 000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը: Ծառայության գնի մասին տեղեկացել է բանավոր ծառայության մատուցման երկրորդ փուլում և վճարել է 200 000 ՀՀ դրամ, այնինչ օրեր անց պարզել է, որ ծառայությունն արժեր 160 000 ՀՀ դրամ: Վերը նշված խախտման փաստը հաստատվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության իրավական ապահովման բաժնի կողմից և ՀՀ առողջապահության նախարարի 16.09.2010 թիվ 1500-Ա հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 19.10.2010թ. գրությամբ:
Հղում կատարելով կողմերի միջև կնքված պայմանագրի 2.4.1 կետին գտել է, որ խախտվել է նաև ՀՀ կառավարության 02.10.2003թ. թիվ 1273-Ն որոշման ՙՎերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողական դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգի՚ 23-րդ կետը, քանի որ էնդոմետրիումի հաստությունը չի եղել 8 մմ: Բժշկական կենտրոնի մասնագետները պետք է առաջարկեին սաղմի սառեցում, և հաջորդ ամսում, միայն էնդոմետրումի հաստեցման համար դեղորայք ընդունելուց հետո, այն կտեղադրվեր, որն էլ ավելի կմեծացներ բուժծառայության բարեհաջող ավարտի հավանականությունը:
Դատարանը չի գնահատել պայմանագրի 6.1 կետի խախտման փաստը, մինչդեռ բազմիցս դիմել են բժշկական կենտրոնին, ծանուցել գրությամբ, սակայն այդպես էլ չի կազմակերպվել կոնֆլիկտային հանձնաժողովի հետ հանդիպում:

Մեջբերելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածը գտել է, որ վճռով հաշվի չի առնվել, որ քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքվել է բժշկական կենտրոնի տնօրենի անունից, սակայն ստորագրվել է բժշկական կենտրոնի բաժնի վարիչի կողմից:
Հայցվորը, վկայակոչելով ՙՄարդու իրավուքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ու ՙՔաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին՚ միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետը, նշել է, որ հաշտության համաձայնության գալու առաջարկին դատարանն ընթացք չի տվել:

Դատարանը վճռի հրապարակման օր է սահմանել 2011թ. ապրիլի 27-ը, սակայն այնուհետև որոշել է գործը ևս մեկ անգամ քննել, մինչդեռ դատաքննության ժամանակ որևէ նոր տեղեկություն չի պարզել, ինչը կհիմնավորեր վճռի հրապարակման հետաձգումը:
Խնդրել է անվավեր ճանաչել ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության և իր միջև 02.06.2010թ. կնքված թիվ 118 ՙԲժշկական ծառայությունների մատուցման պայմանագիրը՚ և որպես հետևանք բռնագանձել իր կողմից բժշկական կենտրոնին վճարված 700 000 ՀՀ դրամ գումարը:

 

3.Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.



Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՙՇենգավիթ՚ բշժկական կենտրոն ՓԲ ընկերության և Ալվարդ Մկրտումյանի միջև 02.06.2010թ.-ին կնքված ՙԲժշկական ծառայությունների մատուցման մասին՚ թիվ 118 պայմանագրի համաձայն ընկերությունը պարտավորվել է մատուցելու Ալվարդ Մկրտումյանի դիմումում նշված բժշկական ծառայությունները. (գ.թ. 71-73)
2) ՙԲժշկական ծառայություններ մատուցելու մասին՚ թիվ 118 պայմանագրի հավելված 2-ի համաձայն Ալվարդ Մկրտումյանին ու Արթուր Թորոսյանին հայտնի է եղել, որ բուժումը կարող է արդյունք չունենալ, վերջիններս զգուշացված են եղել, որ արտամարմնային բեղմնավորում + ICSI մեթոդով բուժումը կարող էր երբեմն ունենալ ծանր ընթացք. (գ.թ. 69-70)
3) Դրամարկղային մուտքի օրդերի թիվ 750 անդորրագրի համաձայն 04.06.2010թ.-ին Ալվարդ Մկրտումյանը ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոն ՓԲ ընկերությանը վճարել է 700 000 ՀՀ դրամ. (գ.թ. 74)

4) ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 19.10.2010թ. գրության համաձայն թույլատրելի է համարվում էնդոմետրիումի հաստությունը 6 մմ-ից ավելի լինելը. (գ.թ. 76-79)

5) Ըստ ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 16.11.2009թ. թիվ 94/3 հրամանի քաղվածքի մարդու վերարտադրողական բաժանմունքի վարիչ Քրիստինե Մելիքյանին հրամայվել է բժշկական ծառայություններ մատուցելու դեպքում կնքել պայմանագրեր, հաշվառել օրենքով սահմանված կարգով և ներկայացնել քարտուղարություն վավերացնելու կնիքով. (գ.թ. 41)

 

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.



Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք վերաբերում են գործին մասնակցող անձանց, սույն վեճի առարկային, բխում են հայցի հիմքերից, և որոնց վերաբերյալ բողոք բերած անձը հայտնել է իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

Սույն գործով բողոքաբեր Ալվարդ Մկրտումյանը պնդում է, որ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այլապես գործարքը պետք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի ուժով ճանաչեր անվավեր և կիրառեր անվավերության հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, իսկ հիշյալ օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` փաստի ապացուցման պարտականությունը կրում է գործին մասնակցող այն անձը, որը վկայակոչել է այդ փաստը :

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի համաձայն ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր: Սույն գլխի կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության և այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): Նույն օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես իր հայցապահանջի իրավական հիմնավորում նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածը մեկ ընդգծելով, որ գործարքը կնքվել է խաբեության արդյունքում, մեկ այլ դեպքում պնդելով, որ ծայրահեղ ոչ նպաստավոր պայմաններում, պնդել է, որ տեղյակ չի եղել բուժման արդյունքում ծագող հնարավոր բարդությունների մասին:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ հանգամանքները վկայակոչել է հայցվորը, ուստի վերջինս էլ կրել է դրանց ապացուցման պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը ԵՇԴ/1671/02/09 գործով 01.07.2011թ. որոշմամբ գտել է, որ խաբեությունն անձին գիտակցաբար մոլորության մեջ գցելն է` նրա հետ գործարք կնքելու նպատակով: Գործարքը, լինելով կամային ակտ, ենթադրում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է այնպիսի միջոցներ գործադրի, որպեսզի մյուս կողմը չիմանա կամ սխալ պատկերացնի այն հանգամանքները, որոնք նրա համար վճռական նշանակություն կարող են ունենալ գործարքը կնքելիս: Խաբեությամբ կնքված գործարքներում մեկ կողմի անբարեխղճությունն անպայման ենթադրվում է:

Տվյալ դեպքում բողոքաբերը չի հիմնավորել, թե պայմանագրի ինչ պայմանների հետ կապված է մյուս կողմը խաբեության մեջ գցել իրեն, Ալվարդ Մկրտումյանը չի ներկայացրել ապացույցներ առ այն, թե ինչպիսի հանգամանքների արդյունքում է ստիպված եղել պայմանագիր կնքել, որի դեպքում միայն հնարավոր կլիներ եզրակացնել, որ վերջինիս կամահայտնությունը չի համապատասխանել նրա ներքին կամքին: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր է ընդհանուր իրավասության դատարանի հետևությունն առ այն, որ պայմանագիրը կնքելիս կողմերը դրսևորել են ազատ կամք, այն համապատասխանել է կնքելու պահին գործով օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կողմերի համար պարտադիր կանոններին: Ավելին, պայմանագիրը ստորագրվել է երկու կողմերի կողմից, և կողմերը տեղյակ են եղել դրա բովանդակությանն ու տեքստին:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ արհեստական բեղմնավորման ժամանակ էնդոմետրիումի հաստությունը պետք է լինի առնվազն 8 մմ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության 19.10.2010թ. գրության 8-րդ կետի, մինչդեռ տվյալ դեպքում եղել է 7 մմ, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ այդ մասով ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնի կողմից թույլ տրված որևէ բացթողում չի արձանագրել և նշել է, որ թույլատրելի է համարվում էնդոմետրիումի հաստությունը 6 մմ-ից ավելի լինելը /հիմք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 19.10.2010թ. գրությունը/: Գործով բողոքաբերի պնդումը հիմնավորող որևէ ապացույց այս կապակցությամբ ներկայացված չէ:

Անդրադառնալով բողոքաբերի հաջորդ փաստարկին առ այն, որ քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքվել է բժշկական կենտրոնի տնօրենի անունից, սակայն ստորագրվել է բժշկական կենտրոնի բաժնի վարիչի կողմից, մինչդեռ վերջինս այդպիսի իրավասություն չի ունեցել Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում և ընդգծում, որ համաձայն ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 16.11.2009թ. թիվ 94/3 հրամանի քաղվածքի մարդու վերարտադրողական բաժանմունքի վարիչ Քրիստինե Մելիքյանին հրամայվել է բժշկական ծառայություններ մատուցելու դեպքում կնքել պայմանագրեր, հաշվառել օրենքով սահմանված կարգով և ներկայացնել քարտուղարություն վավերացնելու կնիքով: Տվյալ դեպքում պայմանագիրը ստորագրվել է հենց վերջինիս կողմից:

Շարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանն իրականացրել է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, ապացույցները գնահատել է համակցության մեջ և հանգել իրավացի հետևության հայցապահանջը մերժելու առնչությամբ:                                                                     Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ հոդվածներով, 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Վերաքննիչ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2011թ. թիվ ԵՇԴ 1486/02/10 վճիռը թողնել անփոփոխ օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

 

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ   ԴԱՏԱՎՈՐ`                                ԴԱՏԱՎՈՐ`                                  ԴԱՏԱՎՈՐ`
Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ                                              Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ                            Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

* * *

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում 2011թ.

Նախագահող դատավոր՝ 
Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ 
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան



Քաղ. գործ թիվ ԵՇԴ/1486/02/10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

19.10.2011թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Մասնակցությամբ դատավորներ` Ե.ՍՈՂՄՈՆՅԱՆԻ, Վ. ԱԲԵԼՅԱՆԻ, Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ, Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ, Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Մ.ԴՐՄԵՅԱՆԻ, Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ, Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Քննարկելով ըստ հայցի Ալվարդ Մկրտումյանի ընդդեմ <<Շենգավիթ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես դրա անվավերության հետևանք` 700.000 ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2011 թվականի որոշման դեմ Ալվարդ Մկրտումյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց


Դիմելով դատարան` Ալվարդ Մկրտումյանը պահանջել է անվավեր ճանաչել <<Շենգավիթ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի և իր միջև 02.06.2010 թվականին կնքված թիվ 118 բժշկական ծառայությունների մատուցման պայմանագիրը և որպես դրա անվավերության հետևանք բռնագանձել իր կողմից վճարված 700.000 ՀՀ դրամ գումարը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.05.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.08.2011 թվականի որոշմամբ Ալվարդ Մկրտումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.05.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվարդ Մկրտումյանը և պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.08.2011 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի  1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը, խախտելով վերը նշված դրույթների պահանջները, վճռաբեկ բողոքում չի հիմնավորել նյութական կամ դատավարական իրավունքի խախտման կամ սխալ կիրառման, այսինքն` դատական սխալի առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, այն ենթակա է վերադարձման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց


1. Վերադարձնել թիվ ԵՇԴ/1486/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2011 թվականի որոշման դեմ Ալվարդ Մկրտումյանի բերած վճռաբեկ բողոքը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`              
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ