Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԿԱՑԻՆԸ ԲԵՐԵՄ, ԾԱՌԸ ԿՏՐԵՄ


- Հայրս ներքին առուծախի պայմանագրով տարիներ առաջ Շենգավիթի վարչական շրջանում տան մի մաս է գնել: Պայմանավորվել են, որ մեր տնից դեպի փողոց մուտքը պետք է ապահովվի նախկին սեփականատիրոջ հողամասով: Երկու հազար թվականին մահացավ հայրս, եւ նախկին սեփականատիրոջ տղան որոշեց, որ այլեւս թույլ չի տալու մեր ընտանիքին ելումուտ անելու իրենց սեփական հողատարածքով:

Հայտնի առակի պես, որ աղվեսն սպառնում է, թե կգնա կացինը կբերի, ծառը կկտրի, նույն ձեւ վարվում է իմ հարեւանը, երբ մի բան սրտով չի լինում, հայտարարում է, որ հողն իր սեփականությունն է եւ արգելում է մեզ վրայով անցնել: Քնարիկ ք. Երևան:

-Սեփականության իրավունքի պաշտպանությունն այն կարեւորագույն իրավանորմն է, որն ամրագրված է Եվրոպական Կոնվենցիայով, ներպետական օրենքներով, իրավական ակտերով: Այն ուղղված է պաշտպանելու սեփականատիրոջ իրավունքները, բայց բացարձակ չէ եւ պաշտպանում է այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ սեփականատիրոջ գործողություններով կամ անգործությամբ չի սահմանափակում երրորդ անձի այլ իրավունքները: Այս եւ նմանատիպ այլ խնդիրներ առաջանալու դեպքում օրենսդիրը փորձել է այն կարգավորել` անձանց իրավունք վերապահելով պահանջել ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք, որը մեկ բառով կոչվում է սերվիտուտ: Այն լինում է երկու տեսակ.

1. Կամավոր
2. Հարկադիր


Կամավոր սերվիտուտը պահանջող անձի եւ հարեւան կամ այլ հողամասի սեփականատիրոջ գրավոր համաձայնագիրն է, որտեղ պարզ եւ հասկանալի պետք է շարադրվեն տվյալ սերվիտուտի գործողության ժամկետը, պայմանները:
Հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` կողմերի փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում:
Հասարակական կարիքների համար սահմանվող սերվիտուտը (գազատար, կապի գիծ, ջրահեռացման համակարգ եւ այլն), անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար եւ անժամկետ:

Հարկավոր է իմանալ.

Սերվիտուտը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Միջնադարյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի օրենքներով սեփականատերերի կողմից, այդ թվում` իշխաններ, կալվածատերեր եւ այլն, իրենց հողատարածքներից այլ անձանց սահմանափակ իրավունքից զրկելը համարվում էր քրեական հանցագործություն: Ավելին, օրենքի ուժով հանված էր ինչպես կոմունիկացիա անցկացնելու, այնպես էլ` ջրի հարկը:

Անդրադառնամ նաեւ կարեւորագույն մի խնդրի` սեփականության իրավունքի օբյեկտ համարվող հողատարածքներին:

Գործող իրավական ակտերով իրավունք է վերապահվում լիազոր մարմնին սեփականության իրավունքով տրամադրելու անձանց հողատարածքներ այն դեպքում, երբ լիազոր մարմինն ինքը խնդիր ունի ապացուցելու, որ այդ հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են իրեն, եւ վերջինիս իրավունք է վերապահված այն դարձնելու վաճառքի առարկա:

Ըստ իս, սեփականության իրավունքի օբյեկտ կարող է լինել միայն տվյալ հողամասի վրա կառուցված անշարժ գույքը, տվյալ հողամասում ցանկացած բանջարաբոստանային կուլտուրա, տնկված մրգատու այգի, ընդերքից հանված օգտակար հանածո, բայց ոչ երբեք հողը, ջուրը, օդը, որոնք բացարձակ են, ստեղծված են բացարձակի կողմից եւ տրված են բոլորին առանց սահմանափակումների, ուստի երկրային օրենքներով դարձնելով վաճառքի առարկա` ականատեսն ենք լինելու ոչ միայն դիմումատուի բերած ՙկացինը բերելու եւ ծառը կտրելու՚ օրինակին, այլեւ շատ շուտով ականատեսն ենք լինելու հողատարածքների համատարած սեփականաշնորհմանն ու դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներին:

Անհրաժեշտ է սահմանազատել օրենքն ու իրավունքը: Իրավունքը` երկնքում ամրագրած իրողությունն է, որը գիտություն է բարու եւ արդարի մասին, օրենքը` թղթի վրա գրված իրավանորմ եւ եթե այն, ինչը թղթի վրա է, չհամաձայնեցվի նրա հետ, ինչը երկնքում է, կմնա այդպես էլ գրված թղթի վրա, կամ էլ կարող է վերածվել կործանարար ուժի: