Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵՐԲ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՏԵԼ ԻՐԵՆՑ ՆՄԱՆՆԵՐԻՆ, ԴԱ ԱՂԵՏ Է


- Նախկինում` Սովետի ժամանակ, երբ մեկի իրավունքը խախտվում էր, գրում էին Մոսկվա` ՙԼենինի դամբարանին՚ եւ հավատում էին, որ իրենց խնդիրները կլուծվեն եւ լուծվում էին: Դրա վառ օրինակը մորս գրած  նամակն էր (մայրս I հիվանդանոցում հավաքարար էր աշխատում), որից անմիջապես հետո Նորքի զանգվածում տուն ստացանք:
Այժմ ես գրում եմ ՙԻրավունք՚ թերթին, բայց չեմ հավատում, որ էս երկրում արդարություն է, որովհետեւ էս երկրում զոռբաներն են օրենքն էլ, իրավունքն էլ:90թ-ին ամուսնացել եմ, ունեմ երեք երեխա, բնակվում եմ սկեսրայրիս տանը:  Սկեսրայրիս մահանալուց հետո տունը բաժանվեց ամուսնուս եւ տեգորս միջեւ: 2005թ-ին ամուսինս մեկնեց արտագնա աշխատանքի` անվերադարձ: Եթե մի քանի տարի առաջ ամեն նոր տարվա վրա զանգահարում էր, վերջին երեք տարում դա էլ չի անում, երեւի մի տեղ սատկել է: Այժմ տեգրս որոշել է, որ ես երեխաներիս հետ պետք է փողոցում ապրեմ եւ դիմել է դատարան` վտարման պահանջով: Չեմ կասկածում, որ դատարանին կառնի, բայց ես էս տնից դուրս եկողը չեմ: Ատում եմ մարդուս էլ, իրա ողջ ցեղին էլ, նույնն էլ սերմանել եմ երեխաներիս մեջ, ներողություն եմ խնդրում խիստ խոսքերիս համար, եթե մի դեղ ու ճար գիտեք, ասեք:

 

Անգին, ք. Երեւան

-Անգինը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում եւ առաջին հերթին կարիք ունի հոգեբանի, որովհետեւ երբ մարդկանց որոշակի խմբի, առավել եւս` երեխաների, սովորեցնում են ատել իրենց նմաններին, դա աղետ է` բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Ինչ վերաբերում է տեգրոջ` տնից վտարելու պահանջին, ապա այն իրավազուրկ պահանջ է այնքանով, որքանով դիմումատուի սկեսրայրի մահանալուց հետո տվյալ անշարժ գույքի սեփականատեր են դարձել վերջինիս ամուսինը եւ տեգրը, իսկ ամուսնու անհայտանալու հանգամանքը հիմք չէ վերջինիս ընտանիքի անդամներին վտարելու համար:
Ինչ վերաբերում է դիմումատուի կորած ամուսնուն, եթե վերջինս ոչ մի լուր չունի եւ ունի որոշակի հիմքեր, որ ամուսինը մահացած կլինի, կարող է դիմել դատարան` ամուսնուն մահացած ճանաչելու պահանջով, իսկ դատական ակտի առկայության պայմաններում օրենքի ուժով իր եւ իր երեք երեխաների հետ միասին ժառանգել ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող տունը:

Իրավունքի խմբագրակազմը լիահույս է, որ սույն պատասխանով սպառիչ եւ ամենակարեւորը` օգտակար խորհուրդներ տրվեց մեր հայրենակցին, ոչ պակաս քան նախկինում ՙԼենինի դամբարանի՚ կողմիղ ընթացք տրվող դիմումներինն են եղել: