Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

25.06.2013թ.

ՄԱՀԱՓՈՐՁԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ  Պ. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ


Այսօր Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրեց հայտարարություն՝ կապված մամուլում հրապարակվող, Պ. Հայրիկյանի հետ կապված տարաբնույթ հոդվածներին, որում ասված է.

«2013թ. հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի հետ կապված այնքանով, որքանով քրեական գործն արդեն գտնվում է դատարանում, փորձել եմ ձեռնպահ մնալ, ավելին, հրաժարվել եմ տարբեր ԶԼՄ-ների առաջարկներից՝ հարցազրույցներ կամ մամլո ասուլիսներ տալուց:

 

Արդյունքում մամուլով շատ անձանց կողմից իրենց ուզած ձևով և կերպով այնպես ձևվեց սույն քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը: Զավեշտը հասավ այն բանին, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք չի տեսել:

Ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը մնացել էր Հայրիկյանի մարմնում, որը վիրահատական ճանապարհով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հեռացվել է մարմնից: Ուստի շահարկվել է մի բան, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի, ցանկալի չէ, ճիշտ չէ:

Եթե մեր հասարակությունն ունակ և ընդունակ է արժանին մատուցելու իր զավակին, ով իր հետ չէ, ապա ինչն է խանգարում նայել իր կողքը և յուրաքանչյուրի մեջ փորձել տեսնել մարդու, մարդկայինը, աստվածայինը և նրան արժանին մատուցել:

Եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, վստահ եղեք, նա դասվելու էր մեր զոհված հերթական հերոս նահատակների շարքին, հյուսվելու էին նրա մասին պատումներ, անվանակոչվելու էին փողոցներ և այլն, բայց երբ Աստծո կամոք նա հրաշքով փրկվում է, կասկածի տակ  է առնվում նրա վրա կրակելու և սպանելու փորձի հանգամանքը:

Աստված սեր է, իսկ սերը մեր մեջ պակասել է: Փորձենք նայել մեր կողքը, միմյանց և փորձենք հավատալ և սիրել: Վստահ եղեք այն մաթեմատիկական ճշգրտությամբ ետ է գալու և ոչ միայն փոխանցվելու է մեզ, այլ նաև փոխելու է այն բացասական մթնոլորտը, որը շրջապատում է մեզ»: