Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

18.09.2013թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՙՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆԸ՚

 

Սեպտեմբերի 14-ին կայանալու է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը, որտեղ մրցելու են 3 փաստաբաններ: Հաշվի առնելով, որ այս կառույցը կարող է լուրջ դերակատարություն ունենալ հիմքերից նեխած մեր դատական համակարգի կայացման հարցում, ուստիեւ պալատի նախագահի ճիշտ ընտրությունը ձեռք է բերում բավականին կարեւորություն: Այս տեսանկյունից էլ մենք զրույց ունեցանք ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ.

 

-Փաստաբանների պալատի տեսանելի դերը, կարծես թե, մարդիկ այդպես էլ չեն տեսնում: Մինչդեռ, որ Պալատը շատ կարեւոր առաքելություն ունի, դա կասկածից դուրս է: Այն առումով, որ հայաստանյան դատական համակարգի ներկայիս անմխիթար, կոռումպացված վիճակի պարագայում փաստաբանները պետք է ունենային մասնագիտականից էլ մեծ դերակատարություն, միասնական հանդես գան համակարգի կայացման համար: Եվ հենց դա է, որ, կարծես թե, այնքան էլ տեսանելի չէ:

- Ես համամիտ չեմ այդ կարծիքին: Ասեմ ավելին. այն անձինք, ովքեր չեն տեսնում պալատի կատարած գործառույթները, դրանց նշանակությունը պրակտիկ հարթության վրա, իմ կարծիքով, ուղղակի չեն ուզում տեսնել: Ճիշտ է, շատ թերություններ ու խնդիրներ կան, ասեմ ավելին` այսօրվա Փաստաբանների պալատը չենք կարող համեմատել օրինակ ԽՍՀՄ-ի Փաստաբանների կոլեգիայի հետ, թեպետ նրանք նույն գործառույթն են կատարել: Բայց եթե համեմատենք նախորդ 10 տարիների կտրվածքով, պետք է նշեմ, որ կա ահռելի տարբերություն դեպի դրականը: Այս գործում իր ուրույն դերն ունեցավ այն ժամանակների պալատի նախագահ Տիգրան Տերեսյանը, որն արմատական կայուն հիմքերի վրա դրեց այս կառույցը: Վերջին տարիներին եւս կառույցը ավելի քան զարգացել է: Թերություններ, իհարկե, կրկնում եմ, կան, եւ դրանք ենթակա են շտկվելու: Թերություն չունի այն կառույցը կամ անձը, որը ոչինչ չի էլ փորձում անել:
Ինչ վերաբերում է արդարադատության համակարգի կայունացման, կատարելագործման գործում պալատի, փաստաբանների դերին, ապա, իհարկե, պրակտիկայում մենք շատ ենք առնչվում դրան: Եվ, ճիշտ եք, այդ ամենի շտկման հարցում Փաստաբանների պալատն իր զգալի դերակատարությունը պետք է ունենա: Ես ժամանակին հայտարարել եմ, հիմա էլ նույնն եմ կրկնում, որ փաստաբաններն այն անձինք են, ովքեր այսօր արդարադատության համակարգում նախադեպային իրավունք ստեղծողներն են: Մարդիկ, որոնք ի տարբերություն դատախազության կամ այլ կառույցների, կարող են օրենքով սահմանված կարգով կատարել իրավական գործառույթներ, որոնք հետագայում նախադեպային իրավունք են ձեռք բերում դատարաններում: Եվ, ինչ խոսք, այսօր շատ հաճախ, պաշտպանը, փաստաբանը իրավաբանական գործարքներ իրականացնելիս ինքն է հայտնվում անպաշտպան իրավիճակում` կրելով բոլոր բացասական հետեւանքները: Այս առումով, անշուշտ, պալատը կրկին իր ուրույն դերակատարությունը պետք է ունենա, թեեւ , այսօր այն եւս օրենքի, օրենքով սահմանված հնարավորությունների առումով, կարծում եմ, այդքան պաշտպանված չէ: Ամեն դեպքում հույս ունեմ, որ ընտրություններից հետո այն թեկնածուն, որը կդառնա պալատի նախագահ, կկարողանա լուծել նման բոլոր խնդիրները: Ի վերջո պալատը պետք է լինի բոլոր փաստաբաններինը, եւ, միեւնույն ժամանակ, փաստաբաններից յուրաքանչյուրն էլ պետք է գիտակցի, թե ինքը ի±նչ է անում պալատի զարգացման համար:

- Այո: Բայց նաեւ գաղտնիք չէ, որ քիչ չեն այն փաստաբանները, որոնք մասնագիտական, մարդկային բարոյականության առումով իրենց դիրքում  չեն, այսպես ասած` երկու լարի վրա են խաղում, այսինքն` կարող են հաճախորդի մրցակցից ավելի մեծ գումար ստանալ եւ գործը տանուլ տալ: Մի խոսքով, որ նրանց հիմնական ցանկությունը ոչ թե քաղաքացիների պաշտպանությունն է, այլ հնարավորինս շատ գումար աշխատելը, այն էլ` ոչ ազնիվ մեթոդներով: Եթե պալատը նման փաստաբանների պաշտպանությամբ էլ զբաղվի, ապա դա ոչ թե վիճակը կլավացնի, այլ միանգամից կկործանի արդարադատությունը:

- Շատ ցավոտ թեմայի անդրադարձաք: Ըստ իս` ուղղակի անհրաժեշտություն է, որ փաստաբանն ունենա ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաեւ մարդկային համապատասխան որակներ: Թեզը պետք է լինի հետեւյալը. իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին: Փաստաբանը, ստանձնելով քաղաքացու կամ իրավաբանական անձի իրավական պաշտպանությունը, պարտավոր է ոչ թե մտածել նույնիսկ հանցագործ ճանապարհով դիմորդի շահերը պաշտպանելու, այլ տարբեր ձեւերով, անհրաժեշտության դեպքում, նաեւ իր պաշտպանյալին հասկացնի վերջինիս սխալ քայլերը, որպեսզի դրանք հաջորդ անգամ չկրկնվեն:

Ինչ վերաբերում է ձեր նշած երկու լարի վրա խաղալուն, դա ամենացավոտ խնդիրներից է: Պալատի գործող նախագահն ուղղակի պարտավոր է արմատական փոփոխությունների դիմել, որպեսզի այդ մոլախոտը վերանա պալատից: Կարծում եմ, այս խնդիրը  նոր նախագահի համար պետք է լինի առաջնահերթ:
- Նման դեպքերում փաստաբանը պետք է պատժվի, եթե ոչ քրեական, ապա գոնե իր մասնագիտական ոլորտում:
- Երկու լարի վրա խաղալը դժվար է ապացուցելը: Համենայնդեպս, ես նշեցի, որ փաստաբանը նախեւառաջ պետք է մարդկային որակներ ունենա, գիտակցի, որ մարդկային ճակատագրերի հետ գործ ունի: 
- Պալատի խնդիրները, առկա վիճակը ներկայացրեցիք: Ըստ ձեզ, թեկնածուներից որ մեկը կարող է այդ խնդիրները լուծել:
- Ինձ թվում է` բոլոր թեկնածուներն էլ կայացած պրակտիկ փաստաբաններ են եւ այդ պաշտոնին արժան են: Բայց, բնականաբար, ամենաարժանավորը պետք է անցնի: Ես ավելի հակված եմ Արա Զոհրաբյանի ընտրվելուն, որովհետեւ նախ այդ անձնավորությունը իր գրասենյակը շատ փայլուն կայացրեց, նրան ճանաչում եմ` որպես պրակտիկ փաստաբանի, ով նաեւ որոշակի տարիներ աշխատել է Փաստաբանների պալատում` որպես գործող նախագահի տեղակալ, այսինքն` տիրապետում է իրավիճակին: Այդ պաշտոնը բավականին պատասխանատու գործ է, եւ, կարծում եմ, որ այս ծանր բեռը իր ուսերին կարող է վերցնել Արա Զոհրաբյանը, եւ վերջինիս ընտրվելուց կշահի պալատը: Թեեւ այդ դեպքում էլ կտուժի ընդհանուր փաստաբանական պրակտիկ կորպուսը, որովհետեւ պարոն Զոհրաբյանը ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չի լինի նաեւ այս ուղղությամբ լիարժեք աշխատել: 

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ