Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

20.09.2013թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ԲԱՅՑ ՄԻԹԵ ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԻՆՈՎՆԻԿԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ

Մոտ երկու տարի առաջ ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչությունը բազմաթիվ լրատվամիջոցներով տարածեց այն տագնապանման լուրը, որ ՙԱրմֆուդի՚ կողմից արտադրվող ՙԱյծի կաթը՚ վնասակար է սպառողների առողջությանը: Նույն աղմուկ-աղաղակով բոլոր խանութներից հավաքվեց այդ ապրանքատեսակը, թե, տեսեք` ինչքան ենք մտածում հայաստանյան շարքային սպառողների մասին...

Դեռ այն ժամանակ էր այս ողջ պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ: Համենայնդեպս նույն ընկերությունը ամեն կերպ հիմնավորոմ էր, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Բայց չէ, տվյալ ծառայությունն էլի իրենն էր առաջ քշում: Արդյունքում` ծանր կացության մեջ հայտնված ընկերությունը հասավ սնանկացման եզրին:


Եվ ահա այդ ամենից միայն երկու տարի անց դատարանը պարզեց` Սննդամթերքի անվտանգության տեսչության որոշումը եղել է ոչ իրավաչափ, մեղմ ասած, օդի մեջ կրակել էին` առանց որեւէ հիմքի: Բայց ի±նչ. դատարանում տուժած ընկերության շահերը ներկայացրած ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը իր պաշտպանյալի վիճակը ներկայացնում է այսպես. ՙԱյս երկու տարվա ընթացքում ընկերությունը ոչ միայն կրեց ահռելի վնասներ` չկարողանալով իրացնել իր ապրանքը, քանի որ սպառողների կողմից այն չէր գնվում: Կուտակելով պարտքեր, այդ թվում` հարկային, կանգնեց փակման եզրին: Եթե սեղմ ժամկետներում ընկերության բարի համբավը չվերականգնվի, եւ չլինի վնասների փոխհատուցում կառավարության կողմից, մենք ստիպված կլինենք երկրորդ անգամ դիմել դատարան` արդեն վերոնշյալ պահանջով, քանի որ առաջին անգամ դիմել են ապացուցելու համար, որ լիազոր մարմնի որոշումը եղել է անհիմն՚:

 

Իսկ ահա ՙԱրմֆուդ՚ ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանը եւ վերջինիս շահերը դատարանում ներկայացրած փաստաբան Վահե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեցին նաեւ որոշ մանրամասների մասին.
- Պարոն Սողոմոնյան, փաստորեն, այս երկու տարիների ընթացքում ընկերությունը հասավ սնանկացման եզրին:
- Մենք այծի կաթի արտադրությունը դադարեցրինք: Եվ քանի որ ֆինանսական հոսքերը եւ օգուտը մենք ստանում էինք հիմնականում ֆերմայից, որտեղ 150 այծ կար, միանգամից պարտքեր գոյացան: Առավել եւս, որ 24 մլն դրամ գյուղատնտեսական վարկ էինք վերցրել: Արտադրությունը շարունակվել չէր կարող, քանի որ հայտարարվել էր, թե իբրեւ կաթի մեջ ստաֆիլակոկ է հայտնաբերվել: Մեզ պետք էր դատարանի որոշումը, որը 2 տարի տեւեց : Եվ եթե նման հայտարարություն է լինում, ոչ մի սպառողի բանավոր չես կարող բացատրել, որ չկա նման բան, մինչեւ ապացույց չլինի:

- Իսկ դուք պահանջել եք Սննդամթերքի անվտանգության տեսչությունից, որպեսզի հենց ձեր ընկերությունից կաթ վերցնի` փորձաքննության հանձնելու համար, այլ ոչ թե պատահական խանութից, որտեղ գուցե համապատասխան ջերմաստիճան չի ստեղծվել, որպեսզի կաթը չփչանա:

- Եթե հայտարարում են ստաֆիլակոկի առկայության մասին, ստուգում են նշանակում, դա պետք է արվեր ոչ թե նրա համար, որ գան, փակեն գնան, այլ որպեսզի օջախը գտնեն: Բայց, քանի որ իրենք էլ գիտեին, որ դա սխալ հայտարարություն էր, մեզնից փորձաքննության համար կաթ չվերցրին: Նույնիսկ ես անձամբ եմ տարել կաթի նմուշները ստուգման. իրենց լաբորատորիա էլ եմ տարել, անկախ լաբորատորիա էր: Սկզբից չէին հասկացել, որ այդ կաթերը ես եմ տանում, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ երբ երկրորդ անգամ տարա փորձաքննության, արդեն գլխի էին ընկել, սկսեցին կաթի մեջ խնդիր ման գալ: Բայց նույն կաթը մեկ այլ լաբորատորիա հանձնելուց հետո պարզվեց ոչ մի խնդիր էլ չկա: Ես լիովին հասկացա, որ այս ամենը ընդամենը խաղ է:
- Ինչ նկատի ունեք:

- Ընդամենը մի չինովնիկ փորձում էր իր պետին ապացուցել, որ նա ՙլավ եւ արդար՚ կարող է աշխատել: Ի դեպ, նույն այդ ՙարդար՚ չինովնիկն այժմ ձերբակալված է` կաշառք վերցնելու համար: 1 լիտրանոց կաթ են ներկայացրել լաբորատորիա, բայց նույնիսկ կտրոն չկար, թե որ խանութից են գնել: Այնինչ, մեր կաթը վաճառվում էր 0,33 լ տարողությամբ շշերով:

- Պարոն Հովհաննիսյան, այդ բոլոր ՙբացերը՚ դատարանում ներկայացվել են: Ստացվում է, որ օդի մեջ, առանց հիմքի բողոք է եղել, որի հիման վրա արվել է հայտարարություն, եւ այդ հայտարարությունը հերքելու համար պահանջվել է 2 տարի:
- Այս գործը կրում էր սպիցիֆիկ բնույթ: Դատարանը պարտավոր էր օբյեկտիվ, լիարժեք եւ բազմակողմանի քննություն իրականացնել: Այստեղ էր, որ բացահայտվեցին բոլոր մանրամասները: Մեզ հետաքրքրում էր, որ, եթե գտել են ընկերության արտադրանքի մեջ որեւէ խնդիր, ապա պետք է գային ընկերություն, նմուշներ վերցնեին, գործառույթներ իրականացնեին, որը չի արվել: Եվ երկրորդ. մեզ համար անհասկանալի էր, թե այդ ինչ քաղաքացի է  բողոք ներկայացրել եւ մի շարք այլ հարցեր: Մի խոսքով` մեր ապացույցների հիման վրա, դատարանը որոշում կայացրեց, որ լիազոր մարմնի որոշումը եղել է ոչ իրավաչափ: Քաղաքացին, ով բողոք էր ներկայացրել, նույնիսկ կաթը չէր փորձել, անգամ նրան առողջական թեթեւ վնաս չէր հասցվել: Մի խոսքով, ունենք այն, ինչը ունենք, եւ այժմ պետք է վերադարձնել ընկերության բարի անունն ու համբավը, ինչպես նաեւ ստանալ դրամական փոխհատուցում: 
- Իսկ այս դատական վճիռը նման անհիմն հայտարարություն անողի համար պատիժ նախատեսում է, թե` ոչ: Ով պետք է փոխհատուցի վնասները:

- Մենք պարտավոր էինք դիմել վարչական դատարան: Մինչ այս պետական մարմնի գործողությունը վիճարկում էինք հետեւյալ պահանջով, որպեսզի կազմված արձանագրությունը ճանաչվի ոչ իրավաչափ: Ճանաչվեց: Հիմա մենք ասում ենք, եթե մյուս կողմը չգտնվի ողջամիտ եւ առաջարկներ չներկայացնի, մենք նորից կդիմենք դատարան, բնականաբար` փոխհատուցման պահանջ ներկայացնելով: Փոխհատուցման պահանջը կվերաբերի Կառավարությանը, քանի որ պետական լիազոր մարմինը հենց կառավարությանն է պատկանում: 
Այսպիսով, ստացվում է աբսուրդ վիճակ: Մի կողմից, հա խոսվում է փոքր եւ միջին բիզնեսին աջակցելուց, մյուս կողմից էլ, պարզվում է, որ մի կաշառակեր չինովնիկի քմահաճույքով այդ բիզնեսը կարող է հիմքից ավերվել: Բայց չէ± որ այդ չինովնիկը ղեկավար ուներ, հետո էլ` կար գյուղնախարար: Չէին կարող նրանք այդ աղմուկ-աղաղակի ֆոնին կանչել իրենց աշխատակցին, թե արի, հիմնավորիր, թե ինչու ես բիզնեսի հերն անիծում: Կարող էին, բայց չեն կանչել: Ահա հենց սա էլ լավագույն ապացույցն է, թե ինչքան են մեր պատկան չինովնիկները մտածում փոքր եւ միջին բիզնեսի մասին:   

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ