Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ  թիվ   ԵԱՔԴ/0576/02/12

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈւՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

12.02.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռուբեն Բունիաթյանի
քարտուղարությամբ`

Անժելլա Աբրահամյանի

Հայցվոր` Անահիտ Ավագյանի
Հայցվորի ներկայացուցիչ`

Լևոն Բաղդասարյանի
Մարիամ Օսիպյանի
Վահե Հովհանիսյանի

"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Պատասխանող`

Տաիսա Վարդանյանի

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Ավագյանի ՜ ընդդեմ Տաիսա Վարդանյանի ` 9.000 (ինը հազար) ԱՄՆ դոլարի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների, ինչպես նաև փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց



Նկարագրական մաս.

Դատավարական նախապատմությունը.

1. Անահիտ Ավագյանը 11.04.2012 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տաիսա Վարդանյանի` 9.000 ԱՄՆ դոլարի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2012 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Սույն քաղաքացիական գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների համաձայն նախապատրաստվել է դատաքննության:

Պատասխանող Տաիսա Վարդանյանի կողմից հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել:

2. Հայցվոր Անահիտ Ավագյանի փաստարկները և իրավական դիրքորոշումը.

Հայցվոր Անահիտ Ավագյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 20.02.2009 թվականին պարտքով 9.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Տաիսա Վարդանյանին, որի մասին կազմվել է գրավոր պարտավորագիր: Համաձայն հիշյալ պարտավորագրի` Տաիսա Վարդանյանը պարտավորվել է հետ վերադարձնել վերցրած գումարը 20.04.2009 թվականին, սակայն պատասխանող Տաիսա Վարդանյանը չի կատարել պարտավորագրով նախատեսված իր պարտականությունը, այն է` գումարը չի վերադարձրել նշված ժամկետում: Չնայած իր բազում պահանջներին` պատասխանողը մինչև օրս չի վերադարձրել գումարը:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 352-րդ, 877-րդ և 878-րդ հոդվածները` Անահիտ Ավագյանը խնդրել է Տաիսա Վարդանյանից հօգուտ իրեն բռնագանձել 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 02.02.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրն այդ գումարին հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Հայցադիմումում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ էլ հայցվոր Անահիտ Ավագյանը և հայցվորի ներկայացուցիչները պնդեցին պահանջը` խնդրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները 9.000 ԱՄՆ դոլարին հաշվեգրել և բռնագանձել սկսած 01.05.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել պետական տուրքի գումարը և փաստաբանի վարձատրության ծախսերը` գործարար շրջանառության սովորույթի համաձայն:


3. Պատասխանող Տաիսա Վարդանյանի դիրքորոշումը.


Պատասխանող Տաիսա Վարդանյանի կողմից հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել:
Տաիսա Վարդանյանը հայտնել է, որ ինքը չի վերցրել այդ գումարը, հայցվորի կողմից նշված գումարը նախատեսված է եղել իր բարեկամի համար: Պարտավորագիրն ինքն է ստորագրել, քանի որ իր բարեկամը սեփականություն չի ունեցել: Իր հիշելով հայցվորին ամբողջ գումարը վերադարձվել է:
Տաիսա Վարդանյանն առարկելով հայցի դեմ` խնդրել է մերժել հայցը:


II

Պատճառաբանական մաս.

  1. Գործի համար նշանակություն ունեցող փաստերը.

գ Համաձայն 20.02.2009 թվականի պարտավորագրի` ՙԵս Տաիսա Վարդանյանս Անահիտ Արշավիրի Ավագյանից 20.02.09թվ. պարտկով վերցնում եմ 9000 Ա.Մ.Ն դոլար (իննը հազար Ա.Մ.Ն. դոլար): Պարտավորվում եմ 2009 թվականի ապրիլին ետ վերադարձնել միայն 9000 Ա.Մ.Ն դոլար (իննը հազար Ա.Մ.Ն.) կամ վերադարձնելու օրվա համապտասխան Ա.Մ.Ն դոլարի համարժեք դրամով:
հասցես Դրոյի 10շ. 40բնակարան

Վարդանյան Տաիսա ստորագրություն

20.02.09թիվ՚:
գ Տաիսա Վարդանյանի կողմից դատարան որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվի, որ պարտավորագրում նշված 9.000 ԱՄՆ դոլար գումարն իրեն չի տրվել և այն սահմանված կարգով վերադարձվել է:

գ Անահիտ Ավագյանը որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորեր, որ կնքվել է փաստաբանական ծառայության մատուցման վերաբերյալ պայմանագիր և, որ այդ պայմանագրով մատուցված ծառայությունների համար վճարում է կատարել փաստաբանին:

2. Կիրառելի իրավունքը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 142-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 411-րդ, 877-րդ, 878-րդ, 880-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը:

3. Դատարանի պատճառաբանությունները և իրավական վերլուծությունները.


Լսելով գործին մասնակցող անձանց, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ Անահիտ Ավագյանի կողմից ներկայացված հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, ում կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի` շահագրգիռ անձն իրավունք ունի օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 53-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանն ըստ էության կայացնում է դատական ակտ միայն այն դեպքում, երբ ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց գնահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոհիշյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել եզրահանգում այն մասին, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1)      գրավոր և իրեղեն ապացույցներով,

2)      փորձագետների եզրակացություններով,

3)      վկաների ցուցմունքներով,

4)      գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Նույն օրենսգրքի 878-րդ հոդվածի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Նույն օրենսգրքի 880-րդ հոդվածի համաձայն` փոխատուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

Սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն` Տաիսա Վարդանյանը 20.02.2009 թվականին Անահիտ Ավագյանին տվել է պարտավորագիր, համաձայն որի` Տաիսա Վարդանյանն Անահիտ Ավագյանից 20.02.2009 թվականին պարտքով վերցրել է 9000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է 2009 թվականի ապրիլ ամսին վերադարձնել վերցված գումարը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Կոնկրետ դեպքում նկատի ունենալով, որ Տաիսա Վարդանյանը, խախտելով Անահիտ Ավագյանի հանդեպ ստանձնած պարտավորությունը, պատշաճ չի կատարել այն, այն է` Անահիտ Ավագյանին չի վերադարձրել 9.000 ԱՄՆ դոլար գումարը, դատարանը գտնում է, որ այդ գումարը Տաիսա Վարդանյանից ենթակա է բռնագանձման հօգուտ Անահիտ Ավագյանի:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 142-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը ՀՀ դրամն է:

ՀՀ ամբողջ տարածքում ՀՀ դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:

Նկատի ունենալով, որ ՀՀ տարածքում դրամական միավորը ՀՀ դրամն է` դատարանը գտնում է, որ Տաիսա Վարդանյանից հօգուտ Անահիտ Ավագյանի պետք է բռնագանձել բռնագանձման ենթակա գումարին` 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Կոնկրետ դեպքում Տաիսա Վարդանյանի կողմից տրված պարտավորագրում որպես փոխառությամբ վերցրած գումարի վերադարձման օր նշվել է մինչև 2009 ապրիլ ամիսը ներառյալ:
Նկատի ունենալով, որ պատասխանող Տաիսա Վարդանյանն առ այսօր չի վերադարձրել փոխառությամբ վերցրած գումարը` ապօրինի պահելով ուրիշի դրամական միջոցները, դատարանը գտնում է, որ սկսած 01.05.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի նկատմամբ պետք է հաշվեգրել, և Տաիսա Վարդանյանից հօգուտ Անահիտ Ավագյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Ինչ վերաբերում է պատասխանող Տաիսա Վարդանյանի առարկություններին առ այն, որ նա 9.000 ԱՄՆ դոլար գումար չի ստացել, այլ իր փոխարեն ստացել է իր բարեկամը և այդ գումարը վերադարձվել է սահմանված կարգով, ապա դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ պատասխանող Տաիսա Վարդանյանն իր առարկությունները հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Ինչ վերաբերում է հայցվորի պահանջին` փաստաբանական ծառայությունների դիմաց գումարի բռնագանձմանը, ապա դատարանը գտնում է, որ այդ պահանջն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Եվրոպական դատարանի ՙՄելտեքս՚ ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ թիվ 32283/04) 2008 թվականի հունիսի 17-ի վճռի 10-րդ կետով արձանագրվել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախսերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են:
Հայցվոր Անահիտ Ավագյանի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհիմնավորվի, որ նրա կողմից իրականում փաստաբանական ծառայություն մատուցելու համար վճարում է կատարել, այսինքն` կատարել է իրական ծախս, դատարանը գտնում է, որ այդ մասով հայցը ենթակա է մերժման:


4. Դատական ծախսեր.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարաններին տրվող հայցադիմումների համար գույքային պահանջով պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2012 թվականի որոշմամբ հետաձգվել է պետական տուրքի վճարումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ հայցը փոխառությամբ տրված գումարի բռնագանձման մասով հայցը ենթակա է բավարարման, դատարանը գտնում է, որ Տաիսա Վարդանյանից ենթակա է բռնգանձման պետական տուրքի գումարը` 180 ԱՄՆ դոլար:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 142-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը ՀՀ դրամն է:

ՀՀ ամբողջ տարածքում ՀՀ դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:

Նկատի ունենալով, որ ՀՀ տարածքում դրամական միավորը ՀՀ դրամն է` դատարանը գտնում է, որ Տաիսա Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել բռնագանձման ենթակա գումարին համարժեք դրամ:

Նկատի ունենալով, որ վճիռը հրապարակելու օրվա դրությամբ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406,29 դրամ (համաձայն www.cba.am), դատարանը գտնում է, որ պատասխանող Տաիսա Վարդանյանից որպես պետական տուրքի գումար ենթակա է բռնագանձման 73.135 դրամ:
Ինչ վերաբերում է տոկոսների գումարին, ապա դատարանը գտնում է, որ սկսած 01.05.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը փոխառության տրված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա հաշվեգրվող և հօգուտ Անահիտ Ավագյանի բռնագանձվող գումարի 2 տոկոսը անհրաժեշտ է պատասխանող Տաիսա Վարդանյանից բռնագանձել հօգուտ պետական բյուջեի:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 134-րդ, 140-րդ և 1401-րդ հոդվածներով` դատարանը

 

ՎՃՌԵՑ

1. Հայցը բավարարել մասնակիորեն:

Տաիսա Վարդանյանից հօգուտ Անահիտ Ավագյանի բռնագանձել 9.000 (ինը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

  1. Սկսած 01.05.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները և այդ գումարը Տաիսա Վարդանյանից բռնագանձել հօգուտ Անահիտ Ավագյանի, իսկ բռնագանձվող գումարի 2 տոկոսը բռնագանձել Տաիսա Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի` որպես պետական տուրքի գումար:
  2. Հայցը մնացած մասով մերժել:
  3. Տաիսա Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել 73.135 (յոթանասուներեք հազար հարյուր երեսունհինգ) դրամ:
  4. Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

6. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետոմ:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ռ.Մ.ԲՈւՆԻԱԹՅԱՆ