Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

03.12.2013 թ.
ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է

Շաբաթ օրը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մշակույթի տանը տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված ծխելու դեմ պրոպագանդային, որտեղ զեկույցով հանդես եկավ ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ, Փաստաբանների պալատի անդամ Լեւոն Բաղդասարյանը, ինչը ստորեւ ներկայացվում է ընթերցողին:


-Հարգելի լսարան, յուրաքանչյուրդ Ձեզ կարող եք տալ հետեւյալ հարցը. այսօր, երբ երկրում առկա է արտագաղթի խնդիրը, երբ թոշակառուներ, մանկավարժներ, պետական ծառայողներ եւ այլ կատեգորիայի քաղաքացիներ իրավամբ կարող են դասվել որպես սոցիալապես անապահով խավ, բխող բոլոր իրավական հետեւանքներով, որքանով է արդիական խոսել այնպիսի թեմայի մասին, որը վերաբերում է ծխելուն եւ դրա թողած կործանարար հետեւանքներին, բայց... Երբ նայում ես պաշտոնական տեղեկատվությանը, համաձայն որի` հիվանդության պատճառով մահացածների 20%-ը բաժին է ընկնում ծխելու հետեւանքով մահացած անձանց, չհաշված դրա հետեւանքով միլիոնավոր հաշմվածների հզոր բանակին, որոնք ավելորդ բեռ են դառնում պետության համար, ավելի քան արդիական եւ օրակարգային է դառնում հակածխախոտային պրոպագանդան: Այն կարելի է եւ պետք է բաժանել երկու խմբի.
1. Օրենսդրական դաշտի կարգավորումը:


2. Օրենքի կիրառումը պրակտիկայում:

Եվ այսպես, 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունվել է օրենք` ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին: Իրավանորմ,որի նպատակն է եղել կարգավորել ծխախոտի իրացման, օգտագործման իրավահարաբերությունները: Միեւնույն ժամանակ, ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի` մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից: Օրենքի ուժով ՀՀ կառավարությունը 2005 թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ սահմանել է ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը եւ հանձնարարականներ իջեցրել տարբեր պետական գերատեսչությունների` սույն ծրագիրն իրագործելու համար: Արդյունքում ունենք, ըստ իս, հակածխախոտային իրավական ակտեր, որոնք, ցավոք, պրակտիկ կյանքում չեն իրագործվելու, իսկ իրագործվելու դեպքում էլ չեն տալու այն ազդեցությունը, որն էականորեն կարող է վերափոխել ծխողին` դարձնելով քիչ ծխող, որովհետեւ, երբ հեռուստատեսությամբ տվյալ ֆիլմի գլխավոր հերոսը մեծ բավականությամբ վառում է սիգարետը եւ բարձր պրոֆեսիոնալիզմով եւ ՙխաղեր տալով՚ ծուխը ներս քաշում, որը որպես գլխավոր կադր մատուցվում է հանրությանը, կարող են սոցիոլոգները հարցումներ անել եւ տեսնել, որ անգամ որոշակի չծխող կամ քիչ ծխող անձանց մոտ ծխելու ցանկություն է առաջանում:

Հետեւություն.
Օրենքի ուժով ոչ միայն պետք է բացառվեն ցուցադրումները ծխելու դրվագներով, այլ նաեւ հեռուստաընկերություններին պետք է պարտադրել կոնկրետ ժամերի անելու ծխախոտային անտիգովազդներ, իսկ պետությունն էլ իր հնարավորության սահմաններում ոչ թե իր լիազոր մարմիններին պետք է ֆինանսավորի, որպեսզի լրացուցիչ օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր ՙքոփի փեյսթ՚ անեն, այլ պատվերներ պետք է իջեցնի հեռուստաընկերություններին եւ լրատվամիջոցներին` բարձր պրոֆեսիոնալիզմով հանրությանը ներկայացնելու տարբեր փաստագրական, գեղարվեստական, շոու եւ այլ ծրագրերի միջոցով առողջ ապրելակերպի կարեւորությունն ու ծխելու կործանարար հետեւանքները:

Օրինակ.
Պատրաստել բժշկական հաղորդում եւ գիտականորեն հիմնավորել, թե ինչպես է ծխող տղամարդը տարիների ընթացքում դառնում իմպոտենտ:

Դրանից հետո անհրաժեշտ է, որպեսզի անկախ սոցհարցումներով պարզի դրա օգտակար գործողության գործակիցը:
Հարգելի լսարան, տարվա կտրվածքով աշխարհում ծխախոտից մահանում է մոտ 2 միլիոն քաղաքացի: Դժբախտաբար մեր երկրում բացակայում է անգամ ծխելու կուլտուրան: Ծխում են երեխայի մոտ, համատարած ծխում են տրանսպորտում, ռեստորաններում եւ բարերում: Ավելին, ծխելուց հետո դրա մնացորդը մեքենայից նետում են փողոց, սակայն միեւնույն ժամանակ չեն զլանում խոսել հազարամյա պատմությունից ու կուլտուրայից: Սույն դրվագով պետական լիազոր մարմինը մատնված է անգործության: Դրա ելքը տեսնում եմ. օրենքի ուժով նյութապես խփել տվյալ զանցառուի գրպանին, իսկ դրա կատարման պատասխանատվությունը դնել ոչ միայն ոստիկանության, այլեւ տվյալ համայնքային, քաղաքային, մարզային իշխանության վրա: Իսկ եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ ի վիճակի չէ սույն կարեւոր խնդիրն ի կատար ածելու, ապա կարող է ներգրավել կամավորական ակտիվիստների, որոնք իրենց բակի, քաղաքի, մաքրության եւ հիգիենայի համար լուծելի կդարձնեն այդ խնդիրը:
Տարիներ առաջ Ազգային ժողովի նախագահներից մեկը Ֆրանկֆուրտ քաղաքում մեքենայով անցնելիս ծխում է եւ մնացորդը մեքենայից նետում փողոց: Մոտ 10 րոպե անց սիգարետի մնացորդը փողոցը նետելու եւ աղտոտելու հիմքով, ոստիկանության կողմից կանգնեցվում է տվյալ մեքենան, իսկ դրա խայտառակ հետեւանքների մասին լռում եմ...
Տարիներ առաջ հանրապետությունում հայտնի քաղաքական գործիչներից մեկը դիտողություն էր արել Երեւան քաղաքի բնակելի շենքի վերելակում ծխող մի երիտասարդի: Վերջինիս մայրը դիտողության դրվագով հայտարարություն էր տվել ոստիկանություն, իսկ ոստիկանությունն էլ շուրջ երեք ամիս նյութեր էր հավաքում եւ քննում, թե դիտողություն մեջ հանցակազմ կա, թե ոչ:

Հետեւություն.
Երկրում պետության կողմից պետք է հաստատվի եւ տարվի հակածխախոտային եւ ծխելու կուլտուրայի տոտալ քաղաքականություն, եւ սա այն դեպքն է, որ հասարակությունը ոչ միայն ենթարկվելու է այդ խաղի կանոններին, այլեւ ինքն է նպաստելու դրա անմիջական կատարմանը:

Զեկույցս ավարտում եմ Էմմերսոնի հայտնի տողերով.

Ամենամեծ հարստությունն առողջությունն է՚: Պահպանենք այն: