Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ ԵԿԴ 1252/02/13
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
29.10.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Սամվել Թադևոսյանի

քարտուղարությամբ` Կարինե Սարգսյանի
պատասխանող

Կարո Եղնուկյանի

պատասխանողի ներկայացուցիչ`

Լ. Բաղդասարյանի /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Դռնբաց դատական նիստում, դատարանում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեքսանդր Սիրունյանի ընդդեմ Կարո Հակոբի Եղնուկյանի` պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

I. Նկարագրական մաս

1.Դատավարական նախապատմությունը.

Ալեքսանդր Սիրունյանը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կարո Հակոբի Եղնուկյանի, խնդրելով պարտավորեցնել Կարո Եղնուկյանին փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից հրապարակայնորեն խնդրել ներողություն։
Դատարանի 03.06.2013թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Գործի վարույթն իրականացվել է նախապատրաստական փուլով։

Դատարանի 14.06.2013թ. որոշմամբ մերժվել է Վարդան Սեդրակյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը` Վարդան Սեդրակյանին ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին։
Հայցվորը դատարանում 22.07.2013թ. մուտք եղած միջնորդությամբ փոխելով հայցի առարկան` սկզբնական հայցի փաստական և իրավական հիմքերի շրջանակներում, խնդրել է

1. պարտավորեցնել Կարո Եղնուկյանին հրապարակայնորեն, մամուլի ասուլիսի միջոցով, նույն ԶԼՄ-ների ներկայությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից ներողություն խնդրել։ Ներողությունը պետք է լինի հետևյալ բովանդակությամբ.
Ես, Կարո Եղնուկյանս, մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի մասին արտահայտած մտքերը, հրապարակայնորեն գնահատել եմ որպես անբարոյականություն։
Զղջում եմ արարքիս համար և Ալեքսանդր Սիրունյանից խնդրում ներողություն։
2. Կարո Եղնուկյանից հօգուտ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի բռնագանձել Հայաստանի Հանրապետության 1 (մեկ) լումա։


Հայցվորի դիրքորոշումը.


Հայցվորը դատարանին հայտնել է հետևյալը.

14.05.2013թ. «Վարկած» ակումբում պատասխանողը գնահատականներ է տվել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի` Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ 13.05.2013թ. մամուլի ասուլիսին և փաստաբան Ա. Սիրունյանի ասածները հրապարակայնորեն որակել է որպես անբարոյականություն, որով վիրավորել է փաստաբան Ա. Սիրունյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 1-ին մասի համաձայն անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից։
Նույն օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։

Խնդրել է.

1. պարտավորեցնել Կարո Եղնուկյանին հրապարակայնորեն, մամուլի ասուլիսի միջոցով, նույն ԶԼՄ-ների ներկայությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից ներողություն խնդրել։ Ներողությունը պետք է լինի հետևյալ բովանդակությամբ.
Ես, Կարո Եղնուկյանս, մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի մասին արտահայտած մտքերը, հրապարակայնորեն գնահատել եմ որպես անբարոյականություն։
Զղջում եմ արարքիս համար և Ալեքսանդր Սիրունյանից խնդրում ներողություն։
2. Կարո Եղնուկյանից հօգուտ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի բռնագանձել Հայաստանի Հանրապետության 1 (մեկ) լումա։

Պատասխանողի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի վերաբերյալ հայտնել է, որ դրանով վերջինս չի հրաժարվել իր կողմից արված հայտարարություններից, դրանց բովանդակության բնույթից, ինչպես նաև դիտավորությունից։ Ավելին, պատասխանողը դրանք հաստատել է և, ըստ էության, կատարված իրավախախտման կազմն առկա է։

Պարզապես, պատասխանողն իր կողմից արված արտահայտությունը ներկայացրել է ոչ թե որպես Ա. Սիրունյանին հասցված վիրավորանք, այլ փաստաբան Ա. Սիրունյանի «գնահատողական քննադատություն» և այն փորձել է հիմնավորել Սահմանադրության 27 հոդվածի երկրորդ մասով նախատեսված գաղափարներ տարածելու իրավունքով։

Հասկանալի է, որ Կ. Եղնուկյանի համար «անբարոյականություն» բառը սուբյեկտիվ առումով վիրավորանք չի պարունակում։ Դա «անբարոյականություն» բառի իր սուբյեկտիվ ընկալումն է, որը, հավանաբար, պայմանավորված է Կ. Եղնուկյանի ապրելակերպով, հայոց լեզվի իմացության մակարդակով և մի շարք այլ գործոններով։ Դա Եղնուկյանի խնդիրն է։

Կարծում է նաև, որ Հայաստան աշխարհում «անբարոյականություն» բառը վիրավորական չէ միայն Կ.Եղնուկյանի համար։ Դա էլ է իր խնդիրը։
Սակայն, Երևան քաղաքում ապրելով շուրջ 40 տարի չի հանդիպել մեկ ուրիշի (Եղնուկյանից բացի), որի համար այդ բառը կլինի ոչ թե վիրավորական, այլ քննադատողական։
Համենայն դեպս, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Սիրունյանի համար այդ բառը վիրավորական է, իսկ Եղնուկյանի համար` զարմանալի է։

Խնդրել է հայցը բավարարել։

 

 

Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողի ներկայացուցիչն առարկելով հայցի դեմ հայտնել է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցն իր պահանջով անհիմն է և իրավազուրկ, քանի որ հայցվորը, ներկայացնելով նման պահանջ, անտեսում է այն կարևոր հանգամանքը, որ վեճի առարկա հանդիսացող արտահայտությունն իր մեջ որևէ վիրավորական բնույթ չի կրում և չի հանդիսանում վիրավորանք, հետևապես, այն չի խախտում անձի իրավունքները։ Այն հանդիսանում է արտահայտած կարծիք, որն իր մեջ պարունակում է գնահատողական քննադատություն, որն ուղղված է հայցվորի կողմից արտահայտված դիրքորոշմանը։ Նշվածի վերաբերյալ արդեն իսկ լրատվամիջոցներով հայտնվել է։

Ավելին, նույնը փաստել է նաև հայցվորն իր հայցադիմումում, ասելով հետևյալը, (մեջբերում հայցից) «.2013 թվականի մայիսի 14-ին «Վարկած» ակումբում պատասխանողը գնահատականներ է տվել փաստաբան Ա. Սիրունյանի՝ Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ 2013 թվականի մայիսի 13-ին մամուլի ասուլիսին և փաստաբան Ա. Սիրունյանի ասածները հրապարակայնորեն որակել է որպես անբարոյականություն, ...»։ Նման կերպ հայցվորն անվիճելիորեն փաստել է, որ պատասխանողի կողմից արված արտահայտությունը հանդիսանում է գնահատողական քննադատություն և դրանով իսկ հանգեցրել է նրան, որ դա իր համար անվիճելի է։
Հետևապես, գտել են, որ դատարան ներկայացված հայցն իր պահանջով ենթակա է ամբողջությամբ մերժման, քանի որ, ինչպես վերը նշվեց, դատարան ներկայացված հայցադիմումի անհիմն և իրավազուրկ լինելու փաստը հաստատվում է նախ և առաջ նրանով, որ պատասխանողի կողմից արված արտահայտությունը հանդիսանում է գնահատողական քննադատություն, որը որևէ կերպ չի կարող սահմանափակվել և երկրորդ, դա նաև ընդունվել է հայցվորի կողմից, ինչը փաստացի դարձել է անվիճելի հանգամանք։

Մինչդեռ, հայցվորն արված արտահայտությունն ընդունել է որպես վիրավորանք, ինչն անհիմն է և իրավազուրկ։

Ավելին, եթե հետևենք հայցվորի դիրքորոշմանը, ապա կստացվի, որ ազատ արտահայտվելը, այդ թվում նաև գնահատողական քննադատությունը, արգելվում է, ինչը կարծում են, որ միանշանակ հանգեցնում է ազատ արտահայտվելու կամ կարծիք հայտնելու, քննադատելու և գնահատականներ տալու վառ սահմանափակման։
Մինչդեռ, համաձայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, սահմանվել է հետևյալը՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք; Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից։
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ ...»։

Այս սահմանադրական դրույթից, ինչպես նաև միջազգային նորմերով սահմանված դրույթներով, գտել են, որ յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է արտահայտել իր կարծիքը, ընդ որում այն կարող է նաև լինել քննադատողական, որն իհարկե չպետք է պարունակի վիրավորական կամ զրպարտող իմաստ։

Դեռ ավելին, այդ իրավունքի իրականացումը լրատվության միջոցով ևս չպետք է սահմանափակվի։
Վերը նշվածից հետևում է, որ հայցադիմումում մեջբերվածը՝ հղում կատարելով թե փաստական և թե իրավական նորմերի պահանջներին, չի կարող հայցապահանջը բավարարելու հիմք լինել, քանի որ պատասխանողի կողմից որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել։

Գտել են, որ դատարան ներկայացված հայցն իր պահանջով անհիմն է նաև ստորև մեջբերված հիմնավորումներից ելնելով։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի, մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 27 հոդվածով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար ...։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից... 2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք ... անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ... այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու... նպատակով»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսիք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։ Այդպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության և ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն» (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ. 41)։

Նշված սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում լրատվամիջոցների առումով, քանի որ դրանցով կատարվում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում։ Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ։ Այդուհանդերձ, լրատվամիջոցը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ՝ իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանմամբ տարածելու պարտավորություն, քանի որ այն կրում է նման տեղեկություններ և գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման (տեղեկություններ և գաղափարներ) ստանալու իրավունք (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի՝ վկայակոչված վերևում, պարբ. 41)։

Ինչ վերաբերում է կարծիք հայտնելու ազատությանը, ապա գնահատող դատողության, քննադատության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման։ Հակառակ պարագայում, կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, քննադատությունը, որի հիմքում նույնիսկ բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված։ Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության, քննադատության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր (Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 29372/02, 14/12/2006, ՄԻԵԴ, պարբ. 41։ Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23472/03, 21/07/2005, ՄԻԵԴ, պարբ. 30)։
ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասը սահմանում է (stare decisis), որ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ։

Մեկնաբանելով «նույնանման փաստական հանգամանքներով գործ» հասկացությունը՝ ՄԻԵԴ-ի դատական ակտի կիրառելիության մասով, ՀՀ Վճռաբեկ դատարանը Մ. Այվազյանի վերաբերյալ գործով 2008 թվականի մայիսի 23-ին կայացված որոշման 26-րդ կետում նշել է.

«ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասի ... ՄԻԵԴ-ի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ։ Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական։ Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասում... ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի», նշված չափանիշներն ըստ էության կիրառելի են ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նախադեպային կիրառման ժամանակ։
Վերը նշվածից ելնելով և հիմք ընդունելով վերը մեջբերված իրավանորմերի պահանջները, խնդրել են հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցն իր պահանջով գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել։


II. Պատճառաբանական մաս.


Գործի փաստերը.

«Առավոտ»-ի /www.aravot.am/ վեբ-կայքում 14.05.2013թ. հրապարակվել է «Վարկած» ակումբում 13.05.2013թ. մամուլի ասուլիսում Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանի կողմից արված հայտարարությունները, որի ընթացքում Կարո Եղնուկյանն ասել է. «...Սեդրակյանը ցուցմունք չի տալիս, դա արտառոց դեպք է, նա չի պարզաբանում կատարվածը։ Անբարոյական է, երբ իր փաստաբանն ասում է, թե ինչ ցուցմունք...»։

Ալեքսանդր Սիրունյանը դիմել է դատարան պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով։


Վերլուծություն.


Քննելով հայցը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցները, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորը գտնելով, որ վիրավորել են փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, դիմել է դատարան, խնդրելով
1. պարտավորեցնել Կարո Եղնուկյանին հրապարակայնորեն, մամուլի ասուլիսի միջոցով, նույն ԶԼՄ-ների ներկայությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից ներողություն խնդրել։ Ներողությունը պետք է լինի հետևյալ բովանդակությամբ.
Ես, Կարո Եղնուկյանս, մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի մասին արտահայտած մտքերը, հրապարակայնորեն գնահատել եմ որպես անբարոյականություն։
Զղջում եմ արարքիս համար և Ալեքսանդր Սիրունյանից խնդրում ներողություն։
2. Կարո Եղնուկյանից հօգուտ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի բռնագանձել Հայաստանի Հանրապետության 1 (մեկ) լումա։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են դատական պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով։

Նույն օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն

1. անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։ Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա /բացառությամբ բնական արատների/ կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի և դրա հետ համակարգային փոխակապակցվածության մեջ գտնվող ներպետական և միջազգային իրավական ակտերում ներառված նորմերի, միջազգային իրավական պրակտիկայի համաձայն` վիրավորանքն ընդհանուր առմամբ ենթադրում է անձի` դիտավորությամբ կանխամտածված նվաստացումը։

Անձի պատիվը նրա բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական և այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է։

Իսկ արժանապատվություն ասելով հասկացվում է անձի կողմից վերը նշված հատկանիշների կապակցությամբ տրված գնահատականի գիտակցումը` սեփական արժանիքների ինքնագիտակցումն այնքանով որքանով այն համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը։

Անձի պատվի և արժանապատվության արատավորելու նպատակ ասելով հասկացվում է համապատասխան արտահայտություն կատարած անձի` տվյալ դեպքում Կարո Եղնուկյանի ներքին մղումը, ցանկությունը նվազեցնելու հասարակության կողմից տրված գնահատականի կամ այդ գնահատականի վերաբերյալ Ալեքսանդր Սիրունյանի ինքնագիտակցման արժեքը։
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012թ. որոշմամբ հայտնել է վիրավորանք գնահատելու չափանիշների վերաբերյալ իր դիրքորոշումը, ըստ որի

  1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,
  2. 2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա։
    «...Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա։ Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել։ Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում։

Դատարանը գտնում է, որ պատասխանող Կարո Եղնուկյանի կողմից «Վարկած» ակումբում 13.05.2013թ. մամուլի ասուլիսի ընթացքում հայցվոր Ալեքսանդր Սիրունյանի անձի դեմ որևէ վիրավորանք պարունակող արտահայտություն թույլ չի տրվել, նրա կողմից հնչեցված միտքը հայցվորի գործողությունների վերաբերյալ գնահատող քննադատություն է, հետևաբար, բացակայում է Ալեքսանդր Սիրունյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու ինչպես նպատակը, այնպես էլ դիտավորությունը, ինչն էլ հիմք ընդունելով, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման։

Ամփոփում
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 118, 130-132 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց



1. Ալեքսանդր Սիրունյանի հայցն ընդդեմ Կարո Հակոբի Եղնուկյանի` պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին
մերժել։
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։

3. Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ընթացքում։

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. Թ Ա Դ ԵՎ Ո Ս Յ Ա Ն