Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1500/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ`

01.04.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. Խանդանյանի
քարտուղարությամբ` Ս. Հարությունյանի
դիմողի ներկայացուցիչ`
Վ. Հովհաննիսյանի/

փաստաբանական գործունեության

արտոնագիր թիվ 500/
"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ

խնամակալության և հոգաբարձության
մարմնի ներկայացուցիչ`

Հ. Քյուփելյանի

դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի` Էմմա Մոդյագինայի (անձնագիր` AC 0316648, այսուհետ նաև` Դիմող կամ Դիմումատու)` Մարիյա և Անդրանիկ Ռուբիկի Կնյազյաններին անգործունակ ճանաչելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ



1. Գործի դատավարական նախապատմությունը

01.07.2013թ. դիմելով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Դատարան)` Դիմումատուն Դատարանից խնդրել է Մարիյա և Անդրանիկ Ռուբիկի Կնյազյաններին անգործունակ ճանաչել:

Դատարանի 03.07.2013թ. որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և գործը դատաքննությանը նախապատրաստելու համար նշանակվել է դատական նիստ:
Դատարանի 03.09.2013 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, դատահոգեբուժական փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության Նորքի հոգեբուժական կլինիկայի փորձագետներին, իսկ գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձագիտական եզրակացության ստանալը։

13.01.2014թ. ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի կողմից Դատարան է ուղարկվել դատարանի որոշման հիման վրա կազմված թիվ 500/13 փորձագիտական եզրակացությունը։

Դատարանի 04.02.2014 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի կասեցված վարույթը փորձագիտական եզրակացությունը ստանալու հիմքով վերսկսվել է և գործը նշանակվել է դատական քննության։

Գործի դատաքննությունն ավարտվել է 19.03.2014թ. և 01.04.2014թ. հայտարարվել է վճռի հրապարակման օր։


2. Դիմողի փաստարկները և իրավական դիրքորոշումը

Դիմելով Դատարան` Դիմումատուն հայտնել է, որ Մարիյա և Անդրանիկ Ռուբիկի Կնյազյաններն իր երեխաներն են, բնակվում են համատեղ: Հայտնել է, որ իր որդին` Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանը, 1980թ. հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում <<Չափավոր արտահայտված մտավոր հետամնացություն իմբեցիլություն>> ախտորոշմամբ, մանկուց առաջին կարգի հաշմանդամ է, համաձայն լիազոր մարմնի տեղեկանքի, կարիք է զգում մշտական կողմնակի խնամքի, իսկ աղջիկը` Մարիյա Ռուբիկի Կնյազյանը, 06.04.2009թ. հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում <<Չափավոր արտահայտված մտավոր հետամնացություն իմբեցիլություն, Բերսոնի հիվանդություն ֆիզիկական ինֆատիլիզմ>> ախտորոշմամբ, կրկին մանկուց առաջին կարգի հաշմանդամ է, համաձայն լիազոր մարմնի տեղեկանքի, կարիք է զգում մշտական կողմնակի խնամքի:
Որպես դիմումի իրավական հիմք, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168 հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31 հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և Դատարանից խնդրել է Մարիյա և Անդրանիկ Ռուբիկի Կնյազյաններին անգործունակ ճանաչել:
Դատաքննության ընթացքում Դիմողի ներկայացուցիչ, փաստաբան Վ. Հովհաննիսյանը պնդել է դիմումը և խնդրել է այն բավարարել, իսկ դատաքննությունը լրացնելու վերաբերյալ այլ ապացույցներ և նոր միջնորդություններ չի ներկայացրել։


3. Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

1) IV-СЛ № 257593 ծննդյան վկայականի համաձայն` Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանը ծնվել է 28.09.1977թ. Երևան քաղաքում, որտեղ <<ծնողներ>> բաժնում հայրը գրառվել է` Կնյազյան Ռուբիկ, մայրը` Էմմա Մոդյագինա: Ընդ որում, ծննդյան ակտի գրանցման գրքում կատարվել է թիվ 1509 գրանցումը:
2) VII-СЛ № 275766 ծննդյան վկայականի համաձայն` Մարիյա Ռուբիկի Կնյազյանը ծնվել է 22.12.1990թ. Երևան քաղաքում, որտեղ <<ծնողներ>> բաժնում հայրը գրառվել է` Կնյազյան Ռուբիկ, մայրը` Էմմա Մոդյագինա: Ընդ որում, ծննդյան ակտի գրանցման գրքում կատարվել է թիվ 1058 գրանցումը:
3) Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանը, 1980թ. հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում <<Չափավոր արտահայտված մտավոր հետամնացություն իմբեցիլություն>> ախտորոշմամբ, մանկուց առաջին կարգի հաշմանդամ է, կարիք է զգում մշտական կողմնակի խնամքի:
4) Մարիյա Ռուբիկի Կնյազյանը, 06.04.2009թ. հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում <<Չափավոր արտահայտված մտավոր հետամնացություն իմբեցիլություն, Բերսոնի հիվանդություն ֆիզիկական ինֆատիլիզմ>> ախտորոշմամբ, կրկին մանկուց առաջին կարգի հաշմանդամ է, համաձայն լիազոր մարմնի տեղեկանքի, կարիք է զգում մշտական կողմնակի խնամքի:
5) ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.12.2013թ.-ի թիվ 500/13 եզրակացության համաձայն` հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Մարիյա Ռուբիկի Կնյազյանը տառապում է <<Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն>> հոգեկան հիվանդությամբ։ Սակավամտությունն արտահայտված է նրա մոտ այն աստիճանի, որ զրկում է փորձաքննվողին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից։
6) ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.12.2013թ.-ի թիվ 501/13 եզրակացության համաձայն` հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանը տառապում է <<Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն>> հոգեկան հիվանդությամբ։ Սակավամտությունն արտահայտված է նրա մոտ այն աստիճանի, որ զրկում է փորձաքննվողին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից։


4.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Դատարանը, լսելով Դիմողի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներին, ուսումնասիրելով ներկայացված ապացույցները և գործի հանգամանքները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ դիմումը հիմնավոր է և ենթակա բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը ամրագրում է. <<Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք>>։
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։

<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> (Հռոմ, 1950թ. նոյեմբերի 4 ) կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններն, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։
Դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, 2006թ. հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 (կետ 6), 2006թ. նոյեմբերի 16-ի ՍԴՈ-665 (կետ 5), 2007թ. հունվարի 16-ի ՍԴՈ-673 (կետեր 8-9), 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշումներում։

Արդար դատաքննության իրավունքը կատարվում է ժողովրդավարական հասարակությունում (տիկին Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9-ի վճիռ, 12-14 էջեր և Այթ-Մուհուբն ընդդեմ Ֆրանսիայի գործերը, 28.10.1998թ.)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է օրենքով նախատեսված այլ եղանակներով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի <<Քաղաքացուն անգործունակ ճանաչելը>> 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաuտատության տնoրինության դիմումի հիման վրա։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մաuին, և որոնց հետևանքով նա չի կարող հաuկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մաuնակցությամբ։ Քաղաքացին կարող է կանչվել դատական նիuտի, եթե դա թույլ է տալիu նրա առողջական վիճակը։
Սույն գործի փաստերի համաձայն` IV-СЛ № 257593 ծննդյան վկայականի համաձայն` Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանը ծնվել է 28.09.1977թ. Երևան քաղաքում, որտեղ <<ծնողներ>> բաժնում հայրը գրառվել է` Կնյազյան Ռուբիկ, մայրը` Էմմա Մոդյագինա: Ընդ որում, ծննդյան ակտի գրանցման գրքում կատարվել է թիվ 1509 գրանցումը: VII-СЛ № 275766 ծննդյան վկայականի համաձայն` Մարիյա Ռուբիկի Կնյազյանը ծնվել է 22.12.1990թ. Երևան քաղաքում, որտեղ <<ծնողներ>> բաժնում հայրը գրառվել է` Կնյազյան Ռուբիկ, մայրը` Էմմա Մոդյագինա: Ընդ որում, ծննդյան ակտի գրանցման գրքում կատարվել է թիվ 1058 գրանցումը:
Տվյալ դեպքում գործի փաստերից հետևում է, որ Մարիյա և Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանների ընտանիքի անդամներից նրանց մայրը` դիմող Էմմա Մոդյագինան, դիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով իր երեխաներին ճանաչել անգործունակ` միաժամանակ Դատարան ներկայացրած դիմումում հստակ շարադրելով այն հանգամանքները, որոնք վկայում են վերջիններիս հոգեկան խանգարման մասին և որոնց հետևանքով վերջիններս չեն կարող հասկանալ իրենց գործողությունների նշանակությունն ու ղեկավարել դրանք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործի փաստերի համաձայն`Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանը, 1980թ. հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում <<Չափավոր արտահայտված մտավոր հետամնացություն իմբեցիլություն>> ախտորոշմամբ, մանկուց առաջին կարգի հաշմանդամ է, կարիք է զգում մշտական կողմնակի խնամքի, իսկ Մարիյա Ռուբիկի Կնյազյանը, 06.04.2009թ. հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում <<Չափավոր արտահայտված մտավոր հետամնացություն իմբեցիլություն, Բերսոնի հիվանդություն ֆիզիկական ինֆատիլիզմ>> ախտորոշմամբ, կրկին մանկուց առաջին կարգի հաշմանդամ է, համաձայն լիազոր մարմնի տեղեկանքի, կարիք է զգում մշտական կողմնակի խնամքի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը։ Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ։ Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված (տե'ս, ըստ ,Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ ,Վագ քար» ՍՊԸ-ի, երրորդ անձինք ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` գույքի ապօրինի տիրապետումը դադարեցնելու, գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, որոշակի գործողությունների կատարմանը պարտավորեցնելու, որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0074/02/11)։

Վերոգրյալների հաշվառմամբ` Դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունը քաղաքացիական դատավարության մեջ, որպես ապացուցման միջոց, ձևավորվում է գիտության, արվեստի, արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքներով օժտված անձի` փորձագետի կողմից գործով առանձին փաստական հանգամանքների ուսումնասիրման արդյունքում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածում խոսքը գնում է փորձագետին առաջադրված հարցերի վերաբերյալ հետևությունների և դրանց հիման վրա հիմնավորված պատասխանների (եզրակացության) մասին։ Հետևաբար փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի ուժով չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով։ Փորձագետի հետևությունների ձևը չի որոշում եզրակացության դերը և տեղն ապացուցման պրոցեսում։ Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել։ Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները։ Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ դրանք շատ լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը։
Հետևաբար փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե'ս, ըստ հայցի Նելլի Հարությունյանի ընդդեմ Աղաջան և Հնազանդ Ավագյանների` անշարժ գույքում ունեցած բաժնեմասի առանձնացման կամ դրա անհնարինության դեպքում` համապատասխան փոխհատուցման դիմաց սեփականության իրավունքի փոխանցման պահանջների մասին, ըստ հայցի Աղաջան և Հնազանդ Ավագյանների ընդդեմ Նելլի Հարությունյանի և երրորդ անձինք Հարություն Յանդյանի և Անահիտ Պողոսյանի` ավտոմեքենայի արժեքի 1/6-րդ մասի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, <<Մերսեդես-Բենց>> մակնիշի ավտոմեքենայի 1/6-րդ մասի արժեքը վերադարձնելու, տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Նելլի Հարությունյանի ընդդեմ Աղաջան և Հնազանդ Ավագյանների` ժառանգական գույքի հաշվին ժառանգության հետ կապված ծախսերի հատուցման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1661/02/09)։
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.12.2013թ.-ի թիվ 500/13 եզրակացության համաձայն` հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Մարիյա Ռուբիկի Կնյազյանը տառապում է <<Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն>> հոգեկան հիվանդությամբ։ Սակավամտությունն արտահայտված է նրա մոտ այն աստիճանի, որ զրկում է փորձաքննվողին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից։

ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.12.2013թ.-ի թիվ 501/13 եզրակացության համաձայն` հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանը տառապում է <<Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն>> հոգեկան հիվանդությամբ։ Սակավամտությունն արտահայտված է նրա մոտ այն աստիճանի, որ զրկում է փորձաքննվողին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից։
Դատարանը կարևորում է փաստել, որ դիմումի դեմ առարկություն չի ներկայացրել նաև գործին պարտադիր մասնակից դարձված ՀՀ Երևան քաղաքի <<Նորք-Մարաշ>> վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:
Դատարանը, չխախտելով ապացույցների ներկայացման, հավաքման, ուսումնասիրման և գնահատման կարգը` ինչպես նաև պահպանելով դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունը, հավաստիությունը և իհարկե բավարար լինելը, փաստում է, որ Դիմողի պահանջի իրավաչափությունը հաստատվում է գործով ներկայացված վերը նշված ապացույցներով, ուստի գտնում է, որ Մարիյա և Անդրանիկ Ռուբիկի Կնյազյաններին պետք է դատական կարգով ճանաչել անգործունակ, իսկ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124, 130-132, 140-1401, 164, 168-172 հոդվածներով` Դատարանը

 

ՎՃՌԵՑ



Էմմա Մոդյագինայի դիմումը բավարարել։

Անդրանիկ Ռուբիկի Կնյազյանին (անձնագիր` AG 0494856, տրված` 08.07.2005թ., 011-ի կողմից, հաշվառված` Երևան քաղաքի Նորքի 4-րդ փողոցի 18-րդ տուն հասցեում) և Մարիյա Ռուբիկի Կնյազյանին (անձնագիր` AK 0274009, տրված` 27.03.2009թ., 010-ի կողմից, հաշվառված` Երևան քաղաքի Նորքի 4-րդ փողոցի 18-րդ տուն հասցեում) ճանաչել անգործունակ։

Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ