Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

27.06.2014 թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՙՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ԽԵՂՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ՚


Մայիսի 17-ին Վերնիսաժի աղմկահարույց կրակոցներից ամենածանր վերքերը ստացած եւ մինչ օրս հիվանդանոցում գտնվող Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի կողմից դեռ մեկ-երկու շաբաթ առաջ արված մեկ հայտարարություն առաջ էր բերում այն միտքը, որ բացի բուն կրակոցների միջադեպից, այդ օրը տեղի է ունեցել եւս մեկ հանցագործություն: Վ. Հովհաննիսյանի հորը` Երեւանի բնակիչ Ս. Հովհաննիսյանին պատկանող BMW X 6 ավտոմեքենան դեպքից հաշված րոպեներ անց անհետացել էր: Դրա ճակատագիրը դեռ անհայտ է, ինչի շրջանակներում էլ սկսեցինք մեր զրույցը փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

 

BMW X 6-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ ԴԵՌ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ

-Այո°, այդ ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Վալերի Հովհաննիսյանի հորը` Սամվել Հովհաննիսյանին: Վերջինս Ոստիկանությանը դիմում-բողոք է ներկայացրել, որպեսզի այն հայտնաբերեն: Առավելեւս, որ մեր կարծիքով քրեական գործի շրջանակներում մեքենան էական նշանակություն ունի, հաշվի առնելով, որ մեր ունեցած տեղեկություններով հրազենային վնասվածքը Վալերին ստացել է այդ մեքենայում: Սակայն այս պահին ավտոմեքենան հայտնաբերելու մասին տվյալներ դեռ չունենք:

- Բայց խոսքը BMW X 6-ի մասին է, որն ունի որոնողական համակարգեր: Տարօրինակ չէ, որ արդեն ավելի քան մեկ ամիս այն չի հայտնաբերվում:

- Դրա հետ մեկտեղ դեպքից հետո տեղեկատվություն տարածվեց, որ այդ ավտոմեքենայով հիվանդանոց են տեղափոխել Ներսես Մելքոնյանին: Այդ տեղեկատվությունը եւս նախաքննությունը պետք է ճշտեր, քանի որ դա նշանակում է, որ դեպքից հետո մեքենան որոշ անձանց կողմից տնօրինվել է: Բայց այսօր սեփականատերը պատկերացում անգամ չունի, թե որտեղ է իր ավտոմեքենան, մինչդեռ նրա ներկայացրած դիմումից հետո արդեն երկրորդ շաբաթն է ընթանում:


- Հարցին նայենք նաեւ այս կողմից: Հիմնականում շրջանառվում է մոտավորապես նման վարկած. Վալերին եւ Ներսեսը կանգնել են շենքի դիմաց` ավտոկայանատեղիի մուտքի մոտ, բարձրացել են Ներսեսի բնակարան, իջել, ու տեղի է ունեցել այս պատմությունը: Դա հուշում է, որ այդ ընթացքում ավտոմեքենայի բանալին գտնվում էր Վալերիի գրպանում: Դրանից հետո` կա°մ պետք է Վալերին կոնֆլիկտի առնվազն սկզբնական փուլում նստեր իր ավտոմեքենան եւ հետո բանալին թողներ այնտեղ կա°մ ինչ-որ մեկը բանալին նրա գրպանից կարող էր հանել, երբ արդեն վիրավոր էր: Ո±ր տարբերակով է պետք առաջնորդվել:

- Իմ ունեցած տեղեկատվությամբ Վ. Հովհաննիսյանը գտնվել է մեքենայի մեջ եւ նույնիսկ փորձել է շարժիչը գործադրել: Հրազենային վնասվածք ստանալուց հետո շտապել է դուրս նետվել: Դրանից հետո ամեն ոք էլ կարող էր ավտոմեքենան տանել:

 

- Ամեն դեպքում փաստ է, որ Ձեր պաշտպանյալին հիվանդանոց են տարել ոչ թե իր, այլ շտապ օգնության մեքենայով:

- Փաստ է, որ վերքերը ստանալուց հետո Վալերին մոտ 30 րոպե ընկած է եղել այդտեղ: Նրան նախ տեղում գտնվող քաղաքացիներն են փորձել օգնել, ապա` եկել է շտապօգնության մեքենան եւ տեղափոխել են հիվանդանոց, եւ օպերատիվ կերպով ցույց են տվել բժշկական օգնություն:



ՙԳՈՆԵ ԻՄ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՄԱՍՈՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՏԱՐԲԵՐԱԿԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է՚

-Ի դեպ, Ձեր պաշտպանյալի հետ կապված վերջին օրերին շրջանառության մեջ մտցվեց նաեւ մեկ կցկտուր վարկած, թե նա եւս զինված է եղել:

- Նման տեղեկատվության չեմ տիրապետում եւ ավելի քան վստահ եմ, որ նման բան չկա: Հակառակ պարագայում, որպես իրեղեն ապացույց նախ պետք է զենքը ֆիքսվեր: Իսկ տրամաբանորեն` շատ ծանր վերքեր ստացած, փողոցում ընկած իմ վստահորդն այդ ինչ հրաշքով պետք է կարողանար թաքցնել զենքը, որ շատ չանցած տեղ հասած ոստիկանությունն այն չգտներ: Առավել քան համոզված եմ, որ իմ վստահորդը զինված չի եղել: Ընդհակառակը` ցավով եմ արձանագրում, որ այս պահի դրությամբ Վալերին, որ ստացել է հրազենային վնասվածք եւ վիրահատվել է, ոչ էլ Սամվել Հովհաննիսյանը, որը գույքային կորուստ է ունեցել, չունեն տուժողի կարգավիճակ:


- Ինչով եք բացատրում:

- Դա եւս նախաքննության խնդիրն է: Ամեն դեպքում իմ վստահորդին պատճառվել է հրազենային վնասվածք, եւ տուժողի կարգավիճակ նա արդեն իսկ պետք է ստացած լիներ:


- Նման մեկ հարց եւս. եթե իրոք Ձեր վստահորդը մեքենայում է եղել եւ դուռը բացելով` կրակել են նրա վրա, դա կարո±ղ է տեղավորվել կրակող կողմի փաստաբանի այն ռազմավարության մեջ, թե Գոռը կրակելով ինքնապաշտպանվել է:

- Ընթանում է նախաքննություն, եւ եթե կա այդ վարկածը, ապա նախաքննության մարմինը պարտավոր է այն եւս ճշտել: Եվ եթե խոսվում է ինքնապաշտպանության մասին, ապա նախաքննությունը պետք է պատասխանի նաեւ այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ, երբ Վալերին արդեն ավտոմեքենայում էր` փորձելով շարժիչը գործի գցել: Այդ ժամանակ եղել է մի այնպիսի բան, որ Գոռին այլ ելք չէր թողնում, քան կրակելը: Ամեն դեպքում կարծում եմ, որ գոնե իմ վստահորդի մասով ինքնապաշտպանության տարբերակը բացառվում է:

- Այդ պահին տեղի ունեցածը պարզել շատ հեշտ պետք է լիներ, հաշվի առնելով այն խոսակցությունները, որ տարածքը եղել է տեսախցիկների հսկողության տակ եւ այդ նկարահանումներն արդեն նախաքննության տրամադրության տակ են: Դուք դրանք տեսել եք:
- Ոչ, չեմ տեսել: Բայց քանի որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական բանուկ հատվածում, որտեղ նման տեխնիկական միջոցները շատ են, առավել քան վստահ եմ, որ կլինեն նման տեսանկարահանումներ եւ նախաքննության մարմինը դրանից, անշուշտ, կօգտվի: Ավելին. այն տեղեկատվությունը, թե Վալերիի հոր մեքենայով Ներսեսին են տեղափոխել հիվանդանոց, նույնպես հնարավոր է ճշտել նման տեխնիկական միջոցներով, հաշվի առնելով, որ դրանք հիվանդանոցում ու դրա մերձակայքում էլ պետք է, որ քիչ չլինեն:

 

- Մի խոսքով` այն հայտնի ՙուչաստկովիի գործին՚ է նմանվում, իսկ արդյունքներ, գոնե մեքենայի մասով, դեռ չկան: Բայց չէ որ այդ ձգձգումները նաեւ սկսում են նախաքննության նկատմամբ հավատը կորցնել:

- Ամեն դեպքում հուսանք, որ նախաքննությունն օրենքով սահմանված կարգով գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին` հաշվի առնելով մեկ էական հանգամանք եւս: Ի վերջո, թեեւ խոսքը աղմկահարույց, հասարակական հնչեղություն ստացած գործի մասին է, բայց նաեւ չմոռանանք, որ տեղի է ունեցել ողբերգություն, խեղվում են երիտասարդ ճակատագրեր: Նույն Գոռը, ի վերջո, երիտասարդ անձնավորություն է, նորմալ ընտանիքից եւ իր հերթին երիտասարդ ընտանիքի հայր, բարձրագույն կրթությամբ, եւ հիմա հայտնվել է կալանավայրում. ինչի համար: Իմ վստահորդը, նրա ուղեկից Ներսեսը նույնպես երիտասարդներ էին, եւ բոլոր երեքն էլ հաստատ չէին ցանկանա այդ վիճակում հայտնվել ու վերքեր ստանալ: Սրա հետ մեկտեղ տուժեցին նաեւ անձինք, որոնք քիչ հեռվում պարզապես իրենց գործով էին զբաղված: Բայց ունեցանք նման խնդիր, եւ ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ ինքն էլ փոքր բանից նման մեծ պատմության մեջ չի հայտնվի: Սա մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում:

Այսօր սեղանին դրված է հետեւյալ հարցը. Ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ: Արդեն սովորական դարձած կրակոցներով երկիր, հանցագործների որջերով լեցուն բեսպրեդելներ, ահաբեկված ժողովուրդ, որոնց վստահության քվեն դեպի պետական լիազոր մարմինները նվազում է, որոնք օրենքի ուժով ոչ միայն պարտավոր են կանխելու հանցագործությունները, այլեւ բոլոր միջոցառումները ձեռնարկել` հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Ես թեպետ ներկայացնում եմ Վալերի Հովհաննիսյանի շահերը, բայց սույն խնդիրը դիտարկում եմ գլոբալ առումով եւ հակված եմ օբյեկտիվ քննության: Կյանքը շարունակվում է, եւ յուրաքանչյուրս պետք է նպաստի, որ հակադիր կողմերում կանգնած անձինք միմյանց ներելու կարողություն եւ կամք ունենան, գիտակցեն կատարածի պատասխանատվությունն ու հետեւանքները, իսկ վեճն ու կռիվը չշարունակվի կողմերի հարազատների միջեւ` ծնելով նոր հանցագործություններ: Իսկ դրա կրողը պետք է լինի նաեւ նախաքննական մարմինը, որի օբյեկտիվ, բաց, հրապարակային քննության շնորհիվ սույն քրեական գործով անցնող եւ նրանց շրջապատող անձինք դուրս կգան այս փորձությունից:
Սա մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում, եւ նախաքննության նպատակը պետք է լինի նպաստել նրան, որ հասարակության մեջ ձեւավորվի մեկը մյուսին հարգելու, սիրելու կուլտուրա: Այ, դրա պակասն է, որ առաջ է բերում նման իրավիճակներ, երբ անգամ ամենաաննշան առիթը կարող է կրակոցների, դանակահարությունների, ծեծուջարդի պատճառ դառնալ:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ