Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

9 Հուլիս, 2014 թ.

<<ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ>> ՕՐԱԹԵՐԹ

Կալանավորեցին 3-րդ անձին

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով հուլիսի 4-ին կալանավորվել է Վալերի Հովհաննիսյանը: Վերջինս մինչեւ հուլիսի 4-ը գտնվում էր «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրում, եւ վիճակը տեւական ժամանակ գնահատվում էր ծանր:

Հովհաննիսյանը ներքին օրգանների հրազենային վիրավորում էր ստացել: Երեկ պարզվեց, որ նրան՝ կալանավորելու միջնորդությունը քննելու համար  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել ստորացուցիչ եւ անմարդկային պայմաններում: Մեր թղթակցի հետ զրույցում Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել անգիտակից վիճակում, իսկ դատարան են տեղափոխել՝ «աղիքը կողքից կախված»,  պատգարակով: Նման առողջական վիճակում գտնվող անձին կալանավորելը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, մեղմ ասած, ոչ իրավաչափ է եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Իրավապաշտպանի կարծիքով, սա անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է անձի նկատմամբ. «Անգիտակից վիճակում ի՞նչ պետք է աներ անձը, փախչելո՞ւ էր, սա խայտառակ խախտում է: Չեմ էլ պատկերացնում, թե ինչ հիմքեր պետք է ներկայացնի դատարանը եւ ինչպես է հիմնավորել ու որոշում կայացրել»,- ասաց Սաքունցը:

Մանրամասները ստորեւ՝

 

 

«Աղիքը կախված տարան դատարան»

Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում` Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով, ինչպես եւ սպասվում էր, նոր անձ է կալանավորվել: Կալանավորվածը այդ օրը հրազենային վիրավորում ստացած Վալերի Հովհաննիսյանն է, ով բավական երկար ժամանակ հիվանդանոցում էր: Վերջինիս նկատմամբ նախաքննական մարմինը մեղադրանք  է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն):

Վալերի Հովհաննիսյանը սույն քրեական գործի շրջանակներում կալանավորված երրորդ անձն է: Այս գործով կալանավորվել են ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի փեսան` Գոռ Առաքելյանը (մայիսի 21-ին), եւ Ներսես Մելքոնյանը (հունիսի 9-ին): Վալերի Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը, ըստ ոչ պաշտոնական վարկածի, մայիսի 17-ին  վիճաբանել էին Գոռ Առաքելյանի հետ. երբ Գոռ Առաքելյանը կնոջ ու երեխայի հետ մեքենայով ցանկացել էր դուրս գալ «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից, Վալերի Հովհաննիսյանը եւ  Ներսես Մելքոնյանը իրենց մեքենայով փակել են ճանապարհը, ինչն էլ դարձել էր վիճաբանության եւ կրակոցների պատճառ:

Մեր զրույցում Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ հուլիսի 4-ին կատարվել է քննչական գործողություն այն դեպքում, երբ բժիշկը գրավոր տեղեկանք է տվել այն մասին, որ նպատակահարմար չէ քննչական գործողություններ կատարել, քանի որ հիվանդը գտնվում է ոչ նորմալ վիճակում. «Անտեսելով բժշկի տեղեկանքը,  նախաքննական մարմինը փորձեց կատարել քննչական գործողություն, որից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան` իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը  կալանք նշանակելու վերաբերյալ: Շտապօգնության բրիգադը ժամանեց եւ, պառկած վիճակում, Վալերի Հովհաննիսյանին տեղափոխեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որտեղ կես էջանոց սանկցիան դատարանը քննեց մոտ 4.5 ժամվա ընթացքում: Իմ պաշտպանյալի վիճակը վատթարանում էր, եւ նա գտնվում էր բժիշկի հսկողության տակ: Տարօրինակն այն էր, որ դատարանը, ըստ էության, քննում էր մի գործ, որը  վերաբերում էր մի անձի, ով չի գիտակցում, որ դա վերաբերում է իրեն, այսինքն, ըստ էության, քննեցին գործով մեղադրանքը մի անձի վերաբերյալ, որը բացարձակ չէր տիրապետում, թե ինչի մասին էր խոսքը: Եթե մեղադրանք են առաջադրում, ապա անձը պետք է  կարողան ունակ լինել գիտակցել եւ հասկանալ, թե ինչում են իրեն մեղադրում: Ցավոք սրտի, Վալերի Հովհաննիսյանի վիճակը այնպիսին է, որ նա, ավելի քան վստահ եմ, որ չէր գիտակցում,  առավել եւս մի քանի անգամ շտապօգնության բրիգադի հսկող բժշկուհին ֆիքսում էր, որ ճնշումը բարձրանում է՝ չի կարողանում կարգի բերել»,- իրավիճակը ներկայացրեց Լեւոն Բաղդասարյանը: Ըստ փաստաբանի, անկախ նրանից՝ կապացուցվի մեղադրյալների մեղքը, թե չի ապացուցվի, նմանօրինակ վերաբերմունքը անձի նկատմամբ հակասում է օրենքի տարրական նորմերին, որի վերաբերյալ փաստաբանը պատրաստվում է հետագայում դիմել Եվրոպական դատարան: Մեր հարցին ի պատասխան, փաստաբանը ասաց, որ չգիտի, թե որն է նախաքննական մարմնի նման շտապողականության պատճառը, եւ չգիտի, թե նմանօրինակ ոչ իրավաչափ գործողությունների իմաստը որն էր, եթե դա կարելի էր, ըստ պաշտպանի, կատարել օրենքով սահմանված կարգով: Նախաքննական մարմնի նման գործողությունները փաստաբանը նմանեցրեց Պոդոլսկի մոտ վթարի ենթարկված  հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կատարված դեպքին, երբ վերջինիս անմիջապես հիվանդանոցից, կնոջ խալաթով դատարանի դահլիճ էին բերել: «Լիազոր մարմնի պահվածքը տարօրինակ էր, երբ անձը հիվանդ վիճակում,  ստացիոնար բուժման մեջ, պատգարակով, աղիքը բառիս ուղիղ իմաստով կողքից կախված, անգիտակից վիճակում որոշեցին սանկցիա կիրառել: Եկեք համադրենք՝ ՀՀ-ում քաղաքացու նկատմամբ կատարվեց ոչ պակաս անիրավաչափ գործողություն, քան թե ամիսներ առաջ մենք խոսում էինք մեր հայրենակցի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների մասին»,- նկատեց Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալին դատարանից տարել են մեկուսարան, մեկուսարանը չի ընդունել` ասելով, որ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, ինչից հետո տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ էլ, երկու ժամ պահելուց հետո, նոր ընդունել են: Մեր զրույցում անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ հետագայում կհայտնեն. «Իմ կարծիքով, որպես իրավապաշտպան, փաստաբան, որքանով որոշակի տեղեկացվածություն ունեմ, կարծում եմ, իմ վստահորդը ոչ ճիշտ ժամին ոչ ճիշտ անձի կողքն է գտնվել եւ արդյունքում ստացել է հրազենային վնասվածք: Ինչ վերաբերում է խուլիգանությանը, ապա դա իմ պաշտպանյալին առնչվում է անուղղակի, գործողությունների ժամանակ իմ պաշտպանյալը եղել է մեքենայի մեջ, եւ այս պահին նախաքննություն է գնում: Կարծում եմ, որ այդ հոդվածը վերաբերելի չէ իմ պաշտպանյալին»: Փաստաբանը մեր զրուցում տեղեկացրեց նաեւ, որ հուլիսի 4-ից չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալին. «Անցել է 5 օր, բայց դեռ լիազոր մարմնի` քննիչի կողմից չկա համապատասխան գրություն, որպեսզի ես` որպես պաշտպան, կարողանամ մուտք գործել փակ տարածք` իմ պաշտպանյալի հետ հանդիպելու»,- ասաց փաստաբանը Լեւոն Բաղդասարյանը:

Սույն գործով քննիչ Հրաչյա Սարգսյանն էլ երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ խորհուրդ տալով դիմել ոստիկանության լրատվական բաժին: