Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

22.07.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՙԳՆԱ ԴԱՏԱՎՈՐԻ ՈՏՔԵՐԸ ԼՎԱ ՈՒ ՋՈՒՐԸ ԽՄԻ՚


Ս.թ. մայիսի 23-ին առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց ՙՇանթի՚ հայցով: Վերջինս ՙԻրավունքին՚ մեղադրում էր զրպարտության մեջ: Ըստ էության, դատարանը մերժեց ՙՇանթի՚ հայցը, եւ ՙԻրավունքը՚ ապացուցեց, որ ճիշտ է, սակայն ձեռնպահ մնաց իր հաղթանակը թմբկահարելուց: Բայց ինչու չդիմացան ՙՇանթի՚ նյարդերը...

Մենք զրուցեցինք ՙԻրավունքի՚ ներկայացուցիչ, ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Բաղդասարյան, վճռից անցել է շուրջ երկու ամիս, եւ ՙԻրավունքը՚ հետեւել է դատավորների այն կոչին (որը Դուք եւս դատավարությունների ընթացքում չեք մերժել), որ ճիշտ կլինի կնքել հաշտություն, որ պետք չէր  ներկայացնել ՙԻրավունքի՚ հաղթանակը մամուլով, այնինչ ՙՇանթի՚ կիրակնօրյա ՙՀորիզոն՚ լրատվականով, 50 րոպե շարունակ ներկայացվեց, որ ՙԻրավունքը՚ շատ վատ թերթ է, իսկ դատարանի նման որոշումն ընդունվել է Հայկ Բաբուխանյանի հեղինակավոր խոսքի ճնշման ներքո, որով ոտնահարվել են ՙՇանթի՚ իրավունքները: Ինչ կասեք:


- Ինձ համար եւս տարօրինակ էր նմանօրինակ հեռուստահաղորդումը: Նախ այն դատական գործընթացներում, որոնք կապված են ՙՇանթի՚ հետ, դատարանն օրենքով սահմանված կարգով առաջարկել է, որպեսզի գնան հաշտության: Իսկ ես` որպես ՙԻրավունք՚ թերթի ներկայացուցիչ, ոչ միայն դեմ չեմ եղել, այլեւ  կողմ եմ եղել, որպեսզի այն որպես տարբերակ դնենք քննարկման: Ես անգամ հորդորել եմ իմ վստահորդներին, որպեսզի դատական գործընթացի ժամանակ զերծ մնան ՙՇանթի՚ հետ կապված քննադատական բնույթի հոդվածներ տպագրելուց: 
Մյուս տարօրինակ հանգամանքն այն էր, որ նման ձեւով այդ ամենը ներկայացնում էր ՙՇանթի՚ փաստաբանը, ում հետ եղել է նախնական պայմանավորվածություն` վերը նշվածի մասին, ինչը սակայն, ինչպես տեսանք, նա խախտեց:

 

- Այսինքն` Դուք մեզ հորդորում էիք չներկայացնել առաջին ատյանի վճիռը, որտեղ հանգամանալից ներկայացվել է, որ այն, ինչ տպագրվել է ՙԻրավունք՚ թերթում` ՙՇանթի՚ հետ կապված, համապատասխանում է իրականությանը, բայցմ, ըստ էության, նույն ՙՇանթը՚ երկու ամիս լռեց եւ միանգամից հուզախառնվեց: Ինչո±վ էր դա պայմանավորված:

-  Կդժվարանամ միանշանակ պատասխանել, այդ հարցը լավ կլինի իրենց էլ տաք: Բայց եթե փորձեմ ներկայացնել այդ հաղորդման իրավական վերլուծությունը, ապա կասեմ, որ, ըստ էության, դատարանը ապացուցված համարեց այն հանգամանքը, որ ՙԻրավունք՚ թերթի կողմից տպագրված այն հոդվածը, որ ՙՙՇանթը՚ աշխատացնում է եւ քցում է՚ ապացուցված համարվեց ոչ միայն թերթի կողմից ներկայացրած փաստերով, այլեւ ՙՇանթի՚ կողմից ներկայացրած ապացույցներով եւ ինչու չէ իրենց վկայի կողմից տված բացատրությունով: Դատական քննության ընթացքում նաեւ ապացուցվեց, որ ճշմարտություն է ՙԻրավունք՚ թերթում տեղ գտած այն արտահայտությունը, որ ՙսերիալներում դերասանների անժամանակ մահերը, բոլորովին էլ սցենարիստների վառ երեւակայության արդյունքը չէ, այլ հեռուստաընկերությունը այդպես է հաշվեհարդար տեսնում իրենց իրավունքներն ու գումարները պահանջող դերասաններից՚: Նաեւ այն, որ հեռուստաընկերությունը սիրում է աշխատեցնել սերիալներում նկարահանվող դերասանների, որոնց անվարձահատույց է թողել, եւ բանը հասել է դիվան բաշուն: Իսկ ինչու ծնվեց այդ հոդվածը, քանի որ եղել են բողոքներ, տվյալ հեռուստաընկերությունից, որոնք պնդում էին, որ իրենց աշխատեցնում եւ փողերը չեն տալիս: Այս պարագայում ՙԻրավունքը՚ բառացիորեն նշել էր դա: Այսինքն` թերթը բարձրաձայնում է մի երեւույթի մասին, որը բացասական է:


ՙԴԱՏԱՐԱՆԸ ՙՔՑԵԼ՚ ԲԱՌԻ ՊԱՀՈՎ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ՚


-Մի դեպքում դատարանը ասում է, որ չկա զրպարտություն, բայց մյուս դեպքում, երբ ՙԻրավունքը՚ տալիս է բնորոշում, որ մարդկանց աշխատեցնելն ու գումար չտալը նշանակում է քցել, դատարանը դա դիտարկում է վիրավորանք:

- Սույն դրվագով, ըստ իս, դատարանը ոչ իրավաչափ վճիռ կայացրեց: Կցանկանայի նշել, որ փոխարենը ՙՇանթ՚ ՀԸ-ը հասկանա, թե ինչու այդ վճիռը այդպես ներկայացվեց, փորձում է հանրությանը մոլորեցնել, թե իբր ճնշումների ներքո է դատարանը կայացրել նման վճիռ, այն դեպքում, երբ ողջ դատական գործընթացում կարմիր թելի պես գնաց, որ ՙԻրավունքը՚ որեւէ ավել բան չի գրել, քան իրենց ասել են:

- Ստացվում է, որ փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում: Դատարանն ընդունեց, որ ՙԻրավոնքը՚ տպագրել է հոդված, որտեղ խեղաթյուրում կամ զրպարտանք չկա, որ իսկապես ՙՇանթը՚ քցել է այդ մարդկանց, բայց, չգիտես ինչու, այդ ՙքցել՚ բառը անհիմն համարվել է վիրավորանք:
- Այո, ասեմ ավելին, որ դատական գործընթացի ժամանակ լրացուցիչ ապացուցվեց, որ ՙՇանթի՚ հետ համագործակցած որոշ աշխատողներ չեն վարձատրվել, դատարանում հարցաքննվածների ցուցմունքներում նրանք վկայեցին, որ նկարահանվել են սերիալներում եւ գումար չեն ստացել: Այստեղ հատկանշական էր այն դրվագը, որին ես ականատես եղա դատական գործընթացում, երբ բարձրագույն կրթությամբ հայ տղամարդը վկայություն տվեց` ասելով, որ կարիքից դրդված նկարահանվել է սերիալներից մեկում եւ անգամ ասաց, որ ոտքով եկել է նկարահանման հրապարակ` ակնկալելով, որ դրանից հետո գումար կտան, քանի որ, ըստ նախնական պայմանավորվածության, նրան հավաստիացրել են, որ նկարահանումից անմիջապես հետո կվարձատրեն, եւ մինչեւ հիմա նա սպասում է այդ գումարին: Թողնենք մի կողմ հարցի իրավական կողմը եւ մի պահ դիտարկենք դրա բարոյական կողմը: Այսքանից հետո ՙՇանթ՚ ՀԸ-ը փորձում է վիրավորական արտահայտություններ անել դատարանին:

Այս դրվագով ես հիշեցի մի պատմություն. լինում են երկու գյուղացիներ, որոնցից մեկը հարուստ է, մյուսը` աղքատ: Աղքատը իր հողամասում գոմաղբ է ցանում, սակայն արեւի ճառագայթների պատճառով ինքնաբռնկում է տեղի ունենում, որի արդյունքում վառվում է հարուստի տունը: Դատարանում, երբ հարուստը փորձում է ներկայացնել, որ աղքատի պատճառով է այդ դեպքը եղել, աղքատն էլ իր հերթին ասում է, որ մեղավոր չէ, դա տեղի է ունեցել արեւի ճառագայթների արդյունքում: Դատավորը հասկանալով, որ եթե բռնագանձում կատարի աղքատից, ապա այն կդառնա թափառական, կայացնում է վճիռ, որ մեղավորը աղքատ գյուղացին էր, բայց այնքանով, որքանով պատճառը արեւն էր` գումար չի բռնագանձում: Արդյունքում աղքատ գյուղացին փոխանակ գնահատի արդարադատությունը` գնում է գյուղապետի մոտ ասելով, թե դատավորն անարդար վճիռ է կայացրել: Գյուղապետը լինելով ավելի քան հասկացող, ասում է. ՙԼսի, գնա էտ դատավորի ոտքերը լվա եւ ջուրը խմի՚: Ասել կուզեմ, որ ապացուցվում է այն հանգամանքը, որ ՙԻրավունքի՚ կողմից գրված նյութը ավելի քան ճիշտ է ներկայացված, բայց դատարանը գտնում է, որ թեեւ ամեն ինչ ճիշտ է գրված, բայց ՙքցելը՚ վիրավորական է: Արդեն հայտնի է, որ ՙԻրավունք մեդիան՚ վերաքննիչ բողոք է ներկայացրել, եւ կարծում եմ, որ այդ խնդիրը օրենքով սահմանված կարգով իր լուծումը կգտնի:
- Բայց չէ  որ իրենք նաեւ բողոքում են, որ ՙՇանթին՚ դատարանի կողմից պարտադրված վճարները այս որոշումով, ավելի շատ են, քան ՙԻրավունք՚-ինը:

- Դա ընդամենը հանրությանը շփոթեցնելու, կամ իրենց զոհի կարգավիճակում ցույց տալու մի ձեւ է: Իրականում, այո, ՙՇանթից՚ ավելի շատ գումար բռնագանձվեց, քան ՙԻրավունք մեդիայից՚, որը իրավաչափ է, քանի որ ՙՇանթի՚ պահանջները, որպես այդպիսին, մերժվեցին, բնականաբար, այն պետք է վճարեր փաստաբանի ծախսը` ի օգուտ ՙԻրավունքի՚:

- Պարոն Բաղդասարյան, հաղորդման ընթացքում ներկայացվեց նաեւ ՙX ֆակտոր՚ նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանի խոսքը, որ նա տեղյակ չի եղել, որ իրեն ձայնագրում են:
-  Այդ վկան դատական նիստի ժամանակ ընդունեց այն, որ հարցազրույցի ժամանակ, իր ոչ մի խոսքը չի խեղաթյուրվել եւ, որեւէ ավելորդ բառ չի գրվել: Տվյալ դեպքում, եթե նրա լեքսիկոնը այնպիսին է, որը բառացի ներկայացվում է հանրությանը, ապա նման դեպքում խնդիրը վերջինիս եւ տվյալ հեռուստաընկերությունում աշխատող կադրերի պրոֆեսիոնալիզմի ու լեզվական մակարդակի վրա է: Իսկ ՙԻրավունքի՚ թղթակիցը զանգել եւ ներկայացել է, որն էլ ապացուցվել է դատարանում: 

ՇԱՆԹԸ՚ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՒ ՏՄՊՊՀ-Ի ՎՐԱ


-Դուք չեք գտնում, որ այդ 50 րոպեանոց հաղորդումը ճնշում էր դատարանի վրա, լավ իմանալով, որ ՙԻրավունքի՚ գործը այժմ գտնվում է վերաքննիչ դատարանում, կան նաեւ այլ դատական գործեր` Կենտրոնի առաջին ատյանի դատարանում:

- Չի բացառվում: Այն պայմանավորվածությունը, որը կար երկու կողմերի միջեւ, խախտվեց նրանց կողմից, ու բնականաբար պետք է ինչ-որ պատճառ լիներ դրա տակ թաքնված: Ավելին, վճիռը կայացվել է երկու ամիս առաջ, եւ ՙՇանթ՚ ՀԸ-ը այդ վճռի մասին հիշում է այն ժամանակ, երբ վերաքննիչ դատարանը այդ գործն ընդունել է վարույթ եւ առաջիկայում պետք է քննարկի այդ բողոքը: Նրանք անգամ կարծես ցուցում էին տալիս դատարանին ու ՏՄՊՊՀ-ին, ովքեր իրենց գործառույթներն իրականացնում են օրենքով սահմանված կարգով: Եթե կողմը գտնում է, որ  լիազոր մարմնի գործողությունը իրավաչափ չէ, ապա պետք է վերջինիս գործողությունները վիճարկի, այլ ոչ թե ցուցում տա: Եվ ձեր հարցը ճնշում գործադրելու առումով` ես տրամաբանական եմ տեսնում:

- Հաղորդման մեջ նաեւ ասվեց, որ ՙԻրավունքը՚ նյութերը տպագրելիս` մյուս կողմին հարցում չի կատարել, ինչը ակնհայտ սուտ է: Այս պարագայում ժպտերեսիկ մի երիտասարդ, որը ՙՇանթի՚ փաստաբանն է, հաղորդման 50 րոպեից 25 րոպեն ելույթ էր ունենում: Իսկ ձեզանից փորձ կատարվե±լ է իրավական հարթության մեջ մեկնաբանություն ստանալ` որպես հակառակ կողմի ներկայացուցիչ:
- Ոչ, նման բան չի եղել: Կցանկանայի ամրագրել հետեւյալը, որ, այո, ցանկալի է, որ ինֆորմացիան ճիշտ լինելու համար երկկողմանի ճշտումներ կատարել:

- Ստացվում է, որ ՙՇանթ՚ ՀԸ-ը շահագործել է մարդկանց, որի մասին բարձրաձայնում է ՙԻրավունքը՚, դատարանն այն ապացուցված է համարում, ՙՇանթը՚ ոչ միայն դատի է տալիս այդ երեւույթը լուսաբանելու համար, այլ նաեւ իր հեռուստաեթերն օգտագործում է այդ քննադատության համար պատժելու, տեռորի ենթարկելու, վարկաբեկելու հետապնդելու նպատակով:

- Իմ պրակտիկայում սա այն եզակի դեպքերից է, երբ վիճարկվում է գործը դատական կարգով, ու պատասխանող կողմը հանդես է գալիս ԶԼՄ, իսկ դատարանը փաստում է, որ 100 տոկոսով ներկայացված ինֆորմացիան ճշմարիտ է: Իսկ թե ինչու ՙՇանթը՚ իր աշխատակիցներին աշխատեցնում եւ գումար չի տալիս, կամ ինչու նրանց  աշխատակիցը հայերենին պատշաճ չի տիրապետում, դա արդեն տվյալ հեռուստաընկերության խնդիրն է: Կան երկրներ, որտեղ գործատուի վրա դրված պարտավորությունները չկատարելու դեպքում հարուցում են քրեական գործ, իսկ մեզ մոտ դա չկա: Սա պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը, որովհետեւ աշխատողը ստրուկ չէ: Իսկ երբ այս մասին բարձրաձայնում է մամուլը եւ փաստում, որ սա իրականություն է, ապա պետության կրավորական կեցվածքը ես չեմ հասկանում: Սա դառնում է շատ վատ նախադեպ, մյուս գործատուների համար: ՙԻրավունք մեդիան՚ երբեք չի անձնավորել ՙՇանթ՚ հեռուստաընկերությանը, բայց ընկերությունում կա խնդիր, որի մասին ասվում է մամուլով, որպեսզի դրանք հետագայում չկրկնվեն: 
- Այդ նույն ժպտերեսիկ երիտասարդը խոսում էր այն մասին, որ պատգամավորն իրավունք չուներ ներկա գտնվել դատական պրոցեսին եւ ելույթ ունենալ: Արդյոք սա որեւէ իրավական հիմք ունի:
- Տվյալ անձնավորության դիրքորոշումը` սույնի հետ կապված, իրավազուրկ է. Հայկ Բաբուխանյանը կանգնած է ՙԻրավունքի՚ ակունքներում, ինչը հանրահայտ փաստ է: Հետո, պարոն Բաբուխանյանը թերթի խմբագրական խորհրդի նախագահն  է, եւ ամենակարեւորը` պետք է բացել դատական օրենսգիրքը ու կարդալ, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ, եթե ցանկանում է գործի շրջանակների հետ կապված անել հայտարարություն, դատարանն ուղղակի պարտավոր է վերջինիս ներգրավել գործում: Մեր նպատակն էր, որ իրականացվի օբյեկտիվ քննություն, իսկ Հ. Բաբուխանյանը, լինելով հատուկ գիտելիքներով լրագրության մասնագետ, օրենքով սահմանված կարգով լույս սփռեց նեղ մասնագիտական այն դետալների վրա, որոնք իրավաբանների համար այդքան էլ հասու չէին, ինչը, չգիտես ինչու, հեռուստաընկերության կողմից շատ բացասաբար ներկայացվեց: 
- Պարոն Բաղդասարյան, ստացվում է այնպես, որ ում մասին մի քիչ քննադատական խոսք է հնչում` վազելով գնում են դատարան: Չեք կարծում, որ սա հետապնդում է ազատ խոսքի իրավունքը:
- Շատ վատ նախադեպ կարող է սա դառնալ` ազատ մամուլի հետ կապված: Մամուլը ներկայացնում է մի փաստ, որն ունի հանրային նշանակություն եւ հետաքրքրություն: Այսինքն` թերթը խոսում է այն բանի մասին, որ տեղի են ունենում գործառույթներ, որը հարիր չէ իրավական երկրին` աշխատողին աշխատեցնում են ու գումար չեն տալիս: Հնարավոր է` ՙԻրավունք՚ թերթը ցնցեց տվյալ գործատուին, բայց եվրոպական կոնվենցիայով ֆիքսված է, որ լրագրողն իրավունք ունի իր գործողությունների շրջանակում ցնցել դիմացինին, որպեսզի հանրության ուշադրությունը գրավի այն հանգամանքի վրա, որ մարդիկ այսօր աշխատում են ու չեն վճարվում, ինչի մասին էլ ասել է ՙԻրավունք՚ թերթը: Իսկ ո±վ կարող է ասել, թե արտագաղթի քանի տոկոսն է այն պատճառով, երբ մարդիկ աշխատում են, որի դիմաց կամ քիչ են վճարվում, կամ չեն վճարվում: Այս պարագայում ՙԻրավունքի՚ խնդիրը այն չէր, որ վատ վիճակի մեջ դնեն ՙՇանթ՚ հեռուստաընկերությանը, այլ այն, որ երկրում նման նախադեպերը պակասեն: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ