Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

20.08.2014թ.

"ՀԵՏՔ" էլեկտրոնային թերթ

Հայ փաստաբանները պատրաստ են օգնել տուժած եզդիներին

<<Լեվ Գրուպ>> փաստաբանական գրասենյակն իր պատրաստակամությունն է հայտնում իրավական հարթության վրա միջազգային ատյաններում պաշտպանելու բոլոր այն եզդիների իրավունքները, ովքեր տուժել են Իրաքում տեղի ունեցած բռնի տեղահանումների հետևանքով: Պաշտպանությունը ներառելու է խախտված իրավունքի վերացում, ընդհուպ` բարոյական և նյութական վնասի հատուցմամբ:

Այս մասին այսօր հայտնեց <<Լեվ Գրուպ>> փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Բաղդասարյանը` ընդգծելով, որ պատրաստ են ներկայացնել եզդիների թե անհատական, թե խմբային շահեր:

<<Սա բացառապես մեր նախաձեռնությունն է: Մենք` ցեղասպանություն ապրած հայերի սերունդներս, իրավունք չունենք անտարբեր մնալու մեր եղբայրների նկատմամբ կատարվող վայրագությունների դեմ: Սարդարապատի հերոսամարտի ժամանակ եզդիները կանգնած են եղել հայերի կողքին: Արցախյան հերոսամարտի օրերին նրանք կրկին մեր կողքին են եղել>>- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

<<Հետքի>> հարցին, թե ինչպես են խախտված իրավունքներով եզդիները դիմելու փաստաբաններին, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ տեխնոլոգիաների զարգացվածության ներկայիս մակարդակը հնարավորություն կտա ցանկացած շահագրգիռ անձի անգամ էլեկտրոնային փոստով ուղարկել ինֆորմացիա, կկազմվի հայցը և կուղարկվի համապատասխան ատյաններ:

 

Փաստաբան Ժիրայր Սաֆարյանն ընդգծեց, որ Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը հակասում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթներին` մարմնական, մտավոր ուժեղ ցավ ու տառապանք պատճառելու արգելքն է, որը դրված է պետության վրա, պետք է լինի բացարձակ: Փաստաբանը նշում է, որ եզդիների նկատմամբ Իրաքում կատարվել է գործողություն, որով դիտավորությամբ վերջիններիս պատճառվել է մարմնական, մտավոր ուժեղ ցավ ու տառապանք:

<<Ժամանակին, եթե աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց Մեծ Եղեռնին, չէր լինի հոլոքոստ, այսօր էլ չէր լինի եզդիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը: Աշխարհում այսօր տիրում են երկակի ստանդարտներ: Եվրոպայի սրտում ադրբեջանցի  բաշիբոզուկի կողմից  հայ զինվորին, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացներին, կացնահարածը  դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն հետագայում տեղափոխվեց Ադրբեջան, հերոսացվեց, իսկ Եվրոպայի և աշխարհի կողմից իրավական գնահատական այդպես էլ չտրվեց: Նշանակում է` տեղի են ունենում անօրինական գործառույթներ պետությունների ղեկավարների մակարդակով` բխող բոլոր կործանարար հետևանքներով>>- ասաց փաստաբանը:

Լուսանկարում` Լ. Բաղդասարյան, Ժ. Սաֆարյան

ԶԱՐՈՒՀԻ ՄԵՋԼՈւՄՅԱՆ