Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

21.08.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ԴԱ ՇՈՈՒ Է. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ՝ ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԻ՝ «ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԵԴԻԱ ՍՊԸ-Ի ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ   Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ, Երևանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լևոն Պարտագճյանը` ընդդեմ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի դատական առաջին նիստը: «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում  էին «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանն ու Ժիրայր Սաֆարյանը, իսկ Լ. Պարտագճյանի շահերը՝ փաստաբան Դիանա Գրիգորյանը:

Դատական  նիստին մասնակցում  էր նաև Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանը: Հայցվոր կողմը, ի դեմս Պարտագճյանի, պնդում է, որ iravunk.com կայքում 2014 թ. մայիսի 28-ի հոդվածում օգտագործված «նողկալի» բառը պարունակում է վիրավորանք և զրպարտանք, մասնավորապես,  հայցվոր կողմը պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Պարտագճյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ  «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը և «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ Պարտագճյանի` բռնագանձել 1.000.000  դրամ:

Դատական այս նիստում հայցվոր կողմի  հայտարարություններից ուշագրավ է  հետևյալը՝ Պարտագճյանը հայտարարում է, որ  որևէ հայտարարություն չի արվել Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին: Սակայն նրան  խորհուրդ ենք տալիս  ընթերցել այդ  օրերին  լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումները:

Երկրորդ՝  Դիանա Գրիգորյանը  նաև հայտարարեց, որ Լեւոն Պարտագճյանը հասարակական-քաղաքական գործիչ  չէ եւ ըստ էության չի կարելի նրա մասին սուր  արտահայտվել. «…Չենք կարող վկայակոչել լրագրողի ազատության այն ինստիտուտը, որը վերաբերում է ժողովրդավարական հասարակության  կայացման գործում քաղաքական կամ հասարակական գործիչների արվելիք հայտարարություններին, որը փոքր-ինչ ավելի լայն հնարավորություն է տալիս լրագրողներին`  կարծիք արտահայտելիս  լինել ավելի սուր, այնինչ սույն պարագայում Պարտագճյանը չի հանդիսանում հասարակական-քաղաքական գործիչ…»:

Հետաքրքիր է, եթե Պարտագճյանը հասարակական գործիչ չէ,  իր գործունեությունը հասարակական բնույթ չունի, ապա ո՞վ է ԼեւոնՊարտագճյանը և ի՞նչ բնորոշում պետք է ստանա նրա գործունեությունը:  Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հակադարձում է. «Ժամանակին Պարտագճյանը եղել է  Երեւանի «Ավետարանական եկեղեցու»   ՀԿ-ի ղեկավար: Հիմա, եթե ասվում է, որ  Լեւոն Պարտագճյանը հասարակական գործիչ չէ, ուրեմն նա ՀԿ-ի ղեկավար չէ՞, կրոնական կառույցի, հեռուստաընկերության, մի քանի ՀԿ-ների ղեկավար չէ՞: Եթե ղեկավար է, ապա ո՞վ ասաց, որ չի կարող լինել հասարակական գործիչ: Հասարակական գործիչ ասվածը մեզ մոտ սահմանված  չէ, և առաջնորդվում ենք հասարակական ընկալմամբ: Հասարակական գործիչը նա է, ով գտնվում է հասարակակության  ուշադրության կենտրոնում`  որպես կրոնական  ու բարեգործական կառույցների, ՀԿ-ների ղեկավար»:

Ինչ վերաբերում է  Լեւոն Պարտագճյանի՝ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի դեմ դատական գործ հարուցելուն, Ամարյանը դա  շոու որակեց. «Նա ուզում է ցույց տալ, որ իրեն ճնշում են, ինքն էլ քայլեր է անում: Դա նրա ոճն է»:

Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը սույն  դատական նիստում հայցվոր կողմին խնդրեց հստակեցնել, թե «ո՞ր դրվագով է ոտնահարվել արժանապատվությունը, ո՞ր դրվագով` պատիվը»: Հայցվոր կողմի փաստաբանի պատասխանը՝ բառացի. «Վիրավորվել է ոչ միայն Լեւոն Պարտագճյանի պատիվը. քանի որ նա Երեւանի ավետարանական եկեղեցու հովիվ է, դրանով ոտնձգվում է  նաև  եկեղեցու և եկեղեցական ամբողջ համույթի բարոյական կերպարի վրա: Եկեղեցու հովիվը կատարել է  նողկալի հայտարարություն Կոմիտաս վարդապետի վերաբերյալ (նկատի ունի, որ նողկալի բառով է վիրավորվել Պարտագճյանի և նրա  ղեկավարած եկեղեցու պատիվը»- խմբ.):

Քանի որ հայցվոր կողմի մատնանշած հոդվածն անանուն չէր, դատական նիստում դատավոր Ռուբեն Ափինյանը պահանջեց որպես երրորդ կողմ`  նեգրավել  հոդվածի հեղինակ, լրագրող Հրանտ Սարաֆյանին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց  սեպտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին:

Հ.Գ. Եթե Պարտագճյանը վիրավորվել է « նողկալի» բառից, ապա  հարց է  առաջանում՝ արդյո՞ք վիրավորական չէ, երբ  հայ ավետարանական եկեղեցին վերամկրտում է իր հետևորդներին՝դրանով կարծես թե անհիմն համարելով Հայ առաքելական եկեղեցու մկրտությունը: Կարծում ենք՝ աստվածաբանության դոկտոր, կրոնագետ Լեւոն Պարտագճյանն ու իր փաստաբանը, ով, ի դեպ, մկրտությունը համարում է անհիմն ուանիմաստ, նախ և առաջ սրա մասին պետք է մտածեն:

 

Սոնա Դավթյան