Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

05.11.2014 թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ԿՐՈՆԻՍ, ՊԱՏՎԻՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՉԿՊՉԵՍ

 

Սույնի հետ կապված անձամբ եմ զանգահարել այս գործով հայցվորների ներկայացուցիչ փաստաբանին եւ առաջարկել եմ Ա1+ հեռուստաընկերության "Հարց իրավաբանին" հաղորդաշարի հարթակում իրավական հարթության վրա քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են սույն գործին` պատվին, արժանապատվությանը, ազատ մամուլին, կայացած դատական ակտին եւ այլն:

Ներկայացուցիչը ժամանակ խնդրեց պատասխան տալու համար եւ մեկ օր անց մերժեց բանավեճի առաջարկը, որն առաջին հայացքից տարօրինակ էր, որովհետեւ մեծ լսարանի առաջ հնարավորություն էր տրվում խոսել ենթադրյալ իրավունքի խախտումների մասին: Հետեւությունը մեկն է. իրավական հարթության վրա ասելիք չկա: Ավելին, եթե այդպիսին հետագայում կլինի, օրակարգում եմ պահում իրավական հարթության վրա բաց քննարկում անցկացնել այս կամ ցանկացած եթերով սույն քաղաքացիական գործի շրջանակներում հայցվորների ներկայացուցիչների կամ այլ կոմպետենտ անձանց հետ:

 


ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ


Այժմ համառոտ կներկայացնեմ սույն գործի հետ կապված հանգամանքները.
Եվրատեսիլ 2014-ին երգիչ-երգչուհի Կոնչիտայի մասնակցելուց եւ հաղթելուց հետո շատերը, այդ թվում` երգչուհիներ Ինգա եւ Անուշ քույրերը, լրատվամիջոցներից մեկում հարցազրույց տալով, իրենց բացասական կարծիքն են հայտնել եւ, ըստ էության, բացասական որակումներ տվել Կոնչիտայի հասցեին: Այն դուր չի եկել սույն գործով հայցվորներին, որոնք իրենց, մեղմ ասած, բացասական կարծիքն են հայտնել, ինչպես նաեւ վիրավորական որակումներ տվել Անուշ եւ Ինգա քույրերի հասցեին: Դա էլ իր հերթին դուր չի եկել լրագրող Հովհաննես Գալաջյանին, ով www.iravunk.com կայքում հայցվորների մասին քննադատական հոդված է գրել` տալով վերջիններիս բացասական որակումներ:

Ունեցանք հետեւյալ պատկերը: Անուշ եւ Ինգա քույրերը, օգտվելով կարծիք հայտնելու իրենց սահմանդրական իրավունքից` քննադատել են Կոնչիտային, որը, լինելով տրանսվիստիտ, այլասերում է հասարակությունը:

Հայցվորները, օգտվելով իրենց կարծիք հայտնելու սահմանադրական իրավունքից, ոչ միայն հակադարձել են Անուշ եւ Ինգա քույրերին, այլեւ վերջիններիս հասցեին տվել են խիստ վիրավորական որակումներ: Փաստենք, որ այդ ամենը եղել է համացանցի միջոցով, բազմաթիվ օգտատերերի աչքի առջեւ, այսինքն, ստացել է հասարակական հնչեղություն:

Լրագրողը, օգտվելով հոդված գրելու եւ կարծիք հայտնելու սահմանդրական իրավունքից, որակումներ է տվել հայցվորների գործողությունների վերաբերյալ, որի արդյունքում էլ հայտնվել է պատասխանողի կարգավիճակում, քանի որ, ըստ հայցվորների, լրագրողի արած արտահայտությունները վիրավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը: Փաստեմ, որ երբ համադրում ես հայցվորների կատարած որակումներն Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին, պարզ է դառնում, որ դրանց մեջ պարունակում է վիրավորանք դեպի անձը, այն դեպքում, երբ Գալաջյանի հոդվածում ենթադրյալ վիրավորանքներն անձնավորված չեն եղել:
Մասնավորապես,  հոդվածում ահազանգ է հնչեցվել, որ հայցվորները փորձում են "ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները` իրենց երկրում Եվրատեսիլ կոչվող գարշանքի առնչությամբ: Սրանք սկսել են հալածել եւ կոտրել այն մարդկանց, ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ: Սրանց նպատակը հասկանալի է. վախեցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայաստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին…":


Ի՞ՆՉ ԱՐԵՑ ԴԱՏԱՐԱՆԸ

Սույն գործի շրջանակներում ինչ արեց դատարանը: Մի կողմից ուսումնասիրեց անձի պատվի, արժանապատվության իրավունքը, մյուս կողմից` խոսքի ազատության, մամուլի եւ տեղեկատվության ազատության իրավունքը, ինչի արդյունքում ՀՀ հիմնական օրենքով ամրագրված երկու արժեքների միջեւ որոշեց, թե արդյո՞ք տեղի է ունեցել խոսքի ազատության իրավունքի չարաշահում եւ արդյո՞ք դրա արդյունքում անձանց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվել է:  
ՀՀ հիմնական օրենքի 27-րդ հոդվածը հղում է. յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: Լրատվամիջոցների եւ տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:

Լրագրողի հոդվածում, այո՛, տեղ են գտել, ինչպես բացասական որակումներ հայցվորների հասցեին, այնպես էլ քննադատական կարծիքներ ու գնահատող դատողություններ` հայցվորների նկատմամբ: Մասնավորապես. "Սկզբում նրանք կոտրեցին եւ ստիպեցին ներողություն խնդրել Արամ MP3-ին, երեք րոպեում ստիպեցին ներողություն խնդրել Անուշ ու Ինգա Արշակյաններին:
Բոլորի աչքի առաջ էր,  թե ինչպես ֆեյսբուքյան ասուլիսի էջում նրանք կազմակերպել էին մի գարշելի աուտոդաֆե Արշակյան քույրերի դեմ: Այդ լոբբիստների առաջխաղացումը կանգնեցնելու միայն մեկ ձեւ կա` զրո հանդուրժողականություն` անկախ նրանից` լոբբինգին մասնակցածին վճարե՞լ են դրա համար, ստիպե՞լ են, թե ուղեղն այնքան են լվացել, որ դարձրել են գեյ քարոզչության դրույթներին հավատացող զոմբի" եւ այլն: 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում սահմանել է, որ կարծիք արտահայտելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է, իսկ լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցություն, նույնիսկ սադրանքի դրսեւորում` լրագրողի կողմից, իսկ լրագրողի քննադատությունը` որպես կարծիք:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ցանկացած անհատ կամ միավորում կարող է լինել քննադատական, սկսած այն պահից, երբ մուտք է գործում հասարակական քննարկումների դաշտ: Այսինքն, եթե հայցվորները համացանցով միաբանված,  վիրավորական որակումներով քննադատել են Անուշ եւ Ինգա քույրերին, որոնք համարձակվել էին բացասական կարծիք հայտնել անհայտ սեռ ունեցող Կոնչիտային, սակայն միեւնույն ժամանակ համարում են իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորված, երբ իրենց գործունեությունը քննադատվում է լրագրողի կողմից, ապա եւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը եւ սույն գործով ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ հայցվող միջամտությունը ժողովրդավարական հասարակարգում անհրաժեշտ չէ, իսկ գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը  հնարավոր չէ իրականացնել եւ նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար նորմ է:


ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԴԵՊ

 

Երկու խոսք "Իրավուքն" թերթի 25-ամյակի հետ կապված Հանրապետության նախագահի կողմից տրված մեդալների վերաբերյալ:

Երբ Հայաստանը գտնվում էր պարտադրված պատերազմի, բլոկադայի մեջ, ցրտի ու սովի սահմանգածին, երբ երկրի ալյուրի պաշարը բավականացնում էր մեկ օրվա համար, միակ միջոցը ստանալու թարմ տեղեկատվություն, եղել են թերթերը (չկար համացանց,  հեռուստատեսությունը հովհարային անջատումների պատճառով մատչելի չէր): Այդ տարիներին "Իրավունքը" դարձել է ամենաշատ տպաքանակ ունեցող թերթը: Եվ "Իրավունք" թերթը, եւ այդ տարիներին գործող մյուս լրատվամիջոցներն իրենց վրա դրված խնդիրը` ժողովրդին տրամադրելու տեղեկատվություն` կատարեցին ու մինչ օրս շարունակում են կատարել փայլուն կերպով, ուստի 25-ամյա ճանապարհ անցած եւ պատմություն կերտած "Իրավունք" թերթի հիմնադիրներն արժանավույնս գնահատվեցին ոչ միայն երկրի Գերագույն Գլխավոր Հրամանատարի կողմից, այլեւ` բազմաթիվ ճանաչված մտավորականների եւ հասարակության մեջ հարգելի մարդկանց կողմից:

"Իրավունք" թերթը հիմնադրման պահից (անկախ նրանից` գտնվում է իշխանակա՞ն դաշտում, թե ոչ իշխանական), կարծում եմ, որդեգրել է հետեւյալ իրավանորմը. "Ունեցիր քո ազատ կարծիքն արտահայտելու իրավունքը, բայց կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպչես", եւ իր հոդվածներում, Փանջունու անկյունում անդրադառնում է բոլոր նրանց,  ովքեր, ըստ "Իրավունքի" վերոհիշյալ տրամաբանության, վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը:

Մասնավորապես, այն անձինք, ովքեր զբաղվում են հոգեորսությամբ,  քարոզում են այլասերվածություն` ի դեմս աղանդների, նույնասեռականների, կոնչիտաների պաշտպանների, արժանանում են քննադատական հոդվածների, բացասական որակումների:
Վաղուց անցել են ժամանակները, երբ կարծիք հայտնելու համար անձը կարող է ենթարկվել պատասխանատվության: Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս ժողովրդավարական հարթության վրա առաջնակարգ դիրքերում է: Դատարանի սույն վճիռն իրավաչափ է, հեղինակավոր ու օրինակելի նախադեպ եւ ուսանելի պետք է դառնա ոչ միայն Հայաստանի, այլեւ քրիստոնեական արժեքներ դավանող երկրների համար:


ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ի.գ.դ., "Լեվ գրուպ" իրավաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան