Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

06.11.2014 թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՆԱԽ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԷԻՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻՆ, ԻՍԿ ՀԵՏՈ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ

 

Ինչպես հայտնի է, օրերս  Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի, վճռեց 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Եվ հայցվորներից համապարտության կարգով` հօգուտ Հ. Գալաջյանի, բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար: 
Հիշեցնենք` շուրջ տասնվեց հայցվորներ դիմել էին դատարան, պնդելով, որ իբրեւ թե վիրավորվել են "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրված "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը" հոդվածից: Հավելենք, որ պատվի ու արժանապատվության մասին բարձրաձայնող տասնվեց անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ" մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: 
Ինչեւէ, դատական ակտի, ինչպես նաեւ դրանից հետո մամուլում շրջանառվող տարաբնույթ խոսակցությունների շուրջ փորձեցինք զրուցել "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի շահերի երկայացուցիչ "Լեւ գրուպ" փաստաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐԱՆԻ հետ, ով անդրադառնալով դատարանի կողմից հրապարակված դատական ակտի մանրամասներին եւ լոբբիստներին մոտ շրջանակներում շրջանառվող լուրերին, որ դատարանը նման ակտ կայացրեց, քանի որ թերթի 25-ամյակին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պարոն Բաղդասարյանն ասաց.
- Միանշանակ  գտնում եմ, որ վճիռն իրավաչափ է, հեղինակավոր: Սույն գործի շրջանակներում դատարանը մի կողմից ուսումնասիրեց անձի պատվի, արժանապատվության իրավունքը, մյուս կողմից` խոսքի տարածման ազատության եւ մամուլի, տեղեկատվության իրավունքը: Արդյունքում կայացրեց համապատասխան դատական ակտը: Այնպես որ, սույն դատական ակտը դիտում եմ իրավաչափ, հեղինակավոր ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ քրիստոնեական արժեքները դավանող, ժողովրդավարական բոլոր երկրների համար: Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած խոսակցություններին, ըստ որի` "Իրավունքի" 25-ամյակին ՀՀ նախագահն է մասնակցել, եւ դա իբր որոշակի կաշկանդվածություն է բերել` սույն դատական ակտը կայացնելու հետ կապված, ասեմ, որ ես, մեղմ ասած, ամենեւին չեմ կիսում այդ տեսակետները: Քանի որ, եկեք չմոռանանք, որ թերթը 25 տարեկան է, անցել է երկար ճանապարհ, եւ երկար ու դժվարին ճանապարհի արդյունքում կերտել է իր փառավոր պատմությունը: Եվ ամենակարեւորը` ես մի առիթով ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ` "Իրավունքը" այն եզակի թերթերից է, որ իննսունական թվականների մութ ու ցուրտ տարիներին, ժողովրդի համար լավագույն եւ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուրներից մեկն է հանդիսացել: Եվ միայն դա էր պատճառը, որ թերթը նման գնահատականի արժանացավ երկրի գլխավոր հրամանատարի կողմից: Պետք է դիտարկել, որ "Իրավունք" թերթին լավագույնս գնահատեցին եւ շնորհավորեցին ոչ միայն նախագահը, այլ Հայաստանում որքա՜ն հեղինակավոր անձինք, մտավորականներ իրենց գրավոր եւ բանավոր խոսքում նշեցին, որ "Իրավունք" թերթն իր ուրույն տեղն ունի երկրի զարգացման գործում, եւ հատկապես մեծ է թերթի ներդրումը մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունում: Ուստի, նմանատիպ խոսակցություններ, հայտարարություններ տարածողները պետք է գիտակցեն, որ հանրապետության նախագահը պարգեւատրեց եւ կարեւորեց ոչ թե հատկապես "Իրավունք" թերթին, այլ ընդհանրապես ազատ խոսքը, ազատ մամուլը, կարեւորեց լրագրողի աշխատանքը: Եվ դա բերել կապել դատաիրավական պրոցեսների հետ, տեղին չէ:

- Պարոն Բաղդասարյան, հայցվոր կողմը նշում էր, որ թերթում գոնե ինչ-որ հերքում պետք է տպվեր: Ի՞նչ կասեք այդ առումով:

- Նման հայտարարություն կատարող անձինք կամ օրենքը չիմանալու արդյունքում են նման հայտարարություններով հանդես գալիս, կամ հերթական անգամ փորձում են սեփական PR կազմակերպել: Այնքանով, որքանով որ վերջիններիս հայցի առարկան վերաբերել է պատվի, արժանապատվության եւ վիրավորանքին, իսկ վիրավորանքի հետ կապված` օրենքի ուժով հերքումներ չեն տպագրվում: Հերքում տպագրվում է միայն զրպարտության դրվագով, իսկ զրպարտության դրվագով պահանջ վերջիններս չեն ունեցել:
- Վերը նշված հայցվորները նախ հետապնդում էին Ինգա եւ Անուշ Արշակյաններին, հիմա հետապնդում ու բազմաթիվ` իրենց ոճին համարժեք, որակումներ են տալիս "Իրավունք" թերթին, թերթի գլխավոր խմբագրին` Հովհաննես Գալաջյանին: Մասնավորապես, վճռի հրապարակումից հետո թերթին եւ Հովհաննես Գալաջյանին վերջիններս վիրավորում եւ հետապնդում են` թերթի գլխավոր խմբագրին "ֆաշիստ", իսկ թերթին "ֆաշիստական" անվանելով: Այս հետապնդումները, ատելության մթնոլորտը իրենց տեսակետները չկիսող անձանց հանդեպ, ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Անկեղծ ասած` տարօրինակ եմ համարում այն, որ անձինք, ովքեր խոսում են պատվից, արժանապատվությունից, ազատ մամուլից, հենց իրենք են խախտում իրավական դրույթները: "Ֆաշիստ" եզրույթը ժամանակին ստացել է իր իրավական գնահատականը, ավելին` որոշ երկրներում այդ բառի հետ կապված նախատեսված է քրեական պատասխանատվություն: Եվ սույն որակումը տալով, կարծում եմ, տվյալ անձը ցանկացել են նվաստացնել թերթին, եւ գլխավոր խմբագրին: Ես դա ուղղակի դիտում եմ վիրավորանք` բխող բոլոր իրավական հետեւանքներով:

- Ի՞նչ կասեք դատարանի կողմից փաստաբանի գումարը մասնակի բավարարելու հետ կապված: Քանի որ ստացվում է, որ թերթը կամ գլխավոր խմբագիրը պետք է իր գրպանից վճարի փաստաբանի ծախսերի մի մասը, այն դեպքում, երբ դատարանը եւս ապացուցեց, որ նրանք որեւէ մեղավորություն չեն կրում տվյալ դեպքում:
-  Իհարկե դատարանը ինքն է գնահատում փաստերը, դատարանը ինքն է որոշում կայացնում: Բայց սույնի հետ կապված` ես ունեմ իմ ուրույն կարծիքը եւ ճիշտ չեմ համարում, որ դատարանները` կոպիտ ասած, մտնում են փաստաբանների գրպանները եւ փորձում են որոշել, թե փաստաբանի հասանելիք գումարը ինչքան պետք է լինի: Ուստի, ես ճիշտ չեմ դիտում սույն գործառույթը դատարանի կողմից, որը գնահատեց փաստաբանական ծախսը հարյուր հիսուն հազար դրամ: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ հարյուր հիսուն հազար դրամ եւ ոչ թե մեկ միլիոն կամ հիսուն հազար դրամ: Բայց այնքանով, որքանով առկա է արդեն օրենքով սահմանված կարգով կնքված ծառայությունների մատուցման վճարման պայմանագիր եւ գումարն էլ ավելի քան ողջամիտ է (250 հազար դրամ-Ի.Ա.), ուղղակի վերցնել գնահատել հարյուր հիսուն հազար դրամ, ես դա դիտում եմ ոչ իրավաչափ:

- Պարոն Բաղդասարյան, տեղյակ ենք, որ Դուք հայցվոր կողմի ներկայացուցչին առաջարկել էիք տվյալ դատական ակտի հետ կապված բանավիճել եթերում: Ի՞նչն էր պատճառը, որ հայցվոր կողմի պաշտպանը այդպես էլ չընդունեց Ձեր առաջարկը:
- Տեղեկացնեմ, որ այնքանով, որքանով համացանցում հայտնվեցին տարբեր բնույթի մեկնաբանություններ` սույն դատական ակտի հետ կապված, անձամբ եմ զանգահարել հայցվորների ներկայացուցչին եւ առաջարկել A1+ հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվող "Հարց իրավաբանին" հաղորդաշարին մասնակցել եւ իրավական հարթության վրա ներկայացնել իր բոլոր մեկնաբանությունները` կապված ե՛ւ գործի, ե՛ւ դատական ակտի հետ: Եվ պատկերացրեք, տարօրինակն այն էր, որ մեկ օր ժամանակ խնդրելուց հետո հայցվորի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ չի կարող գալ: Ես զերծ կմնամ մեկնաբանություններ կատարելուց,  բայց անչափ տարօրինակ է, երբ համացանցը տարփողում է, որ ազատ մամուլ չկա, երբ համացանցում տարփողվում է, որ անօրինական գործառույթների արդյունքում անօրինական, ոչ հեղինակավոր ակտ է կայացվել: Ես հասկանում եմ եւ անում եմ իմ հապատասխան հետեւությունը, որ իրավական հարթության վրա վերջիններս ասելիք չունեն: Բայց այդքանից հետո մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ ես պատրաստ եմ սույն հարցի հետ կապված ցանկացած կոմպետենտ անձի հետ, ցանկացած ֆորմատով քննարկել այս դատական ակտը իրավական հարթության վրա եւ փորձել ներկայացնել, որ այստեղ պատվի, արժանապատվության հետ կապված ոչ միայն աղերս չկա, այլ մեկ անգամ եւս սույն ակտով պաշտպանվեց ազատ խոսքը եւ ազատ մամուլը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ