Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

«Օգնում եք Թոխմախի Մհերի քրոջ տղուն, օգնեք, բայց ինչո՞ւ եք անմեղ մարդուն նստացնում»

 

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գոռ Պոլեյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:

33-ամյա Գոռ Պոլեյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ՝ 2008 թվականի մարտի 4-ին:

Ըստ դատական ակտի՝ դեպքի օրը նախ Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում Գոռն իր ընկերոջ՝ Սուրենի հետ վիճաբանել է Արման Բադալյանի և ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ:

Արման Բադալյանը Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի քրոջ որդին է: Վերը հիշատակված վիճաբանությունից առաջ նա և նրա հետ եղած անձինք ուսով միմյանց հարվածելու, թե մեքենան մայթին կայանելու պատճառով վիճաբանել ու հարվածել են Սուրենի ընկերներից մեկին: Վերջինս գնացել է Երկաթուղայինների փողոցում գործող հացի արտադրամասում աշխատող Սուրենի մոտ, պատմել է նրան, օգնություն է խնդրել:

Սուրենը գնացել է կայարանամերձ հրապարակ՝ Մհեր Սեդրակյանի քրոջորդի Արմանին տեսնելու: Այդ հանդիպումը ավարտվել է Սուրենի ծեծով, նրա աչքին հարվածել են:

Սուրենը վերադարձել է հացի փուռ, լվացվել է: Այդ պահին նշված հացի փռի մոտ կանգնել է «2107» մեքենա, որի ղեկին եղել է «Բիճ» մականունով Արսեն Գալստյանը, նրա կողքին նստած է եղել Արման Բադալյանը:

Վերսկսված վիճաբանության ժամանակ, ըստ դատական ակտի, «վրդովվելով իր կողմնակիցների հասցեին Արսեն Գալստյանի հնչեցրած սպառնալիքներից… Գոռ Պոլեյանը ապօրինի ձեռք բերված ու իր մոտ պահվող՝ 9 մմ տրամաչափի ատրճանակից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է մեքենայի ղեկին նստած Արսենի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից մահացել է…»:

Այս դեպքից չորս տարի հետո՝ 2012թվականի հունիսի 22-ին գործով վկա Սուրեն Զորոյանը սպանվել է:

Ինքնասպան է եղել գործով վկա Լևոն Ազիզյանը:

2012 թվականի հուլիսի 26-ին Գոռ Պոլեյանը որպես մեղադրյալ ներգրավվել է Արսեն Գալստյանի սպանության գործով: Մինչ այդ՝ 2012 թվականի փետրվարի 21-ին, նա կալանքի տակ էր առնվել հացի փռի մոտ տեղի ունեցած խուլիգանության գործով: Այդ գործով կալանքի տակ էր առնվել նաև Մհեր Սեդրակյանի քրոջորդին, ով հետագայում կալանքից ազատվել է անձնական երաշխավորությամբ:

Իսկ Գոռ Պոլեյանը ոչ միայն խուլիգանության համար է մեղավոր ճանաչվել, այլև ներգրավվել է Արսեն Գալստյանի սպանության գործով, մեղադրվել է, ապա և ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով վերջին հաշվով սպանության ու ապօրինի զենք պահելու, գործադրելու համար դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի փետրվարի 21-ից:

Այս դատավճռի դեմ բողոքներ են բերել պաշտպանական կողմը և մեղադրող դատախազը:

Վերջինս ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել էր, որ Պոլեյանը դատապարտվի 14 տարի ազատազրկման:

Ըստ մեղադրողի բողոքի՝ 9 տարի ազատազրկումը Պոլեյանին մեղսագրված արարքների համար ակնհայտ մեղմ պատիժ է: Դատախազն իր վերաքննիչ բողոքում միջնորդել է պատժի մասով բեկանել դատավճիռը, Գոռ Պոլեյանի պատիժը խստացնել՝ նշանակելով կատարած արարքներին համաչափ պատիժ:

Ամբաստանյալի շահերի պաշտպանները՝ Արմեն Ումրշատյանը, Թադևոս Ալեքսանյանը և Գևորգ Սուքիասյանը իրենց բողոքներում պահանջել են արդարացնել Գոռ Պոլեյանին՝ նրա կողմից սպանության կատարումը ապացուցված չլինելու հիմքով:

Ինքը՝ Գոռ Պոլեյանը, ինչպես ընդհանուր իրավասության դատարանում, այնպես էլ վերաքննիչ ատյանում իրեն մեղավոր չի ճանաչել, նա պնդել է ու պնդեց, որ Արսեն Գալստյանին ինքը չի սպանել, դեպքի պահին դեպքի վայրում՝ հացի փռի մոտ, ընդհանրապես չի եղել:

Պաշտպան Ալեքսանյանն իր առանձին բողոքում միջնորդել է վերաքննիչ դատարանում գործը քննել ընդհանուր հիմունքներով, այդ քննության ժամանակ, ըստ փաստաբանի, կապացուցվի, որ Պոլեյանը չի կատարել սպանությունը, և նա կարդարացվի:

Վերաքննիչ դատարանում իր բողոքը ներկայացրեց նախ մեղադրող դատախազ Ա. Բարսեղյանը:

Դատախազը նշեց, որ պատիժ նշանակելիս ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել տուժողի ու նրա շրջապատի հակաօրինական վարքագիծը, ամբաստանյալի առողջական վատ վիճակը, սակայն, ըստ մեղադրողի, այդ հանգամանքները չէին կարող ամբաստանյալի նկատմամբ սահմանվող պատիժը մեղմացնել մինչև 9 տարի ազատազրկումը: Դատարանը պետք է հաշվի առներ կատարված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև այն, որ Գոռ Պոլեյանը չի ընդունել, թե դեպքի պահին ընդհանրապես եղել է հացի փռի մոտ, որևէ առնչություն է ունեցել սպանությանը, նա իրեն մեղավոր չի ճանաչել, խուսափել է պատժից ու պատասխանատվությունից:

Մեղադրողը նշեց, որ հանցավոր արարքի արդյունքում մարդկային կյանք է խլվել, դա անդառնալի կորուստ է: Պայքարը սպանություն հանցատեսակի դեմ, մեղադրողի խոսքերով, պետք է տարվի նաև ճիշտ պատժողական քաղաքականությամբ:

Դատարանի հարցին մեղադրողը պատասխանեց, որ առաջին ատյանում ինքը միջնորդել է Գոռ Պոլեյանին դատապարտել 14 տարի ազատազրկման: Դա, ըստ երևույթին, դատախազի կարծիքով՝ Պոլեյանին մեղսագրված արարքների համար համաչափ պատիժ կլիներ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Արմեն Ումրշատյանը իր բերած բողոքի հիմնավորումները սկսեց այն մտքից, որ Պոլեյանը պետք է արդարացվի:

Ըստ պաշտպանի՝ դատարանը Պոլեյանի մեղքը հիմնավորող ապացույց է դիտել երկու շատ հակասական վկաների տված հակասական ցուցմունքները:

Մի վկան՝ Հ. Քլյանը, մի քանի ցուցմունք է տվել, ամեն անգամ տարբեր բաներ է ասել: Նա գտնվել է տուժողի՝ «Բիճ» մականունով Արսեն Գալստյանի մեքենայի մեջ: Ղեկին նստած է եղել Արսենը, նրա կողքին՝ Արման Բադալյանն է եղել, հետևի նստատեղին նստած է եղել վկան:

Վերջինս ասել է, թե տեսել է, որ Արսենի ու Արմանի մեջտեղում «Կալաշնիկով» ավտոմատ է եղել պահունակով:

Գնացել են հացի փռի մոտ: Այնտեղ կանգնած են եղել 15-20 երիտասարդներ: Արսենն ասել է, որ Արմանը չիջնի, ինքը կգնա, մի քանի բառ կխոսի Սուրենի հետ ու կգա:

Վկան չի լսել, թե Արսենն ինչ է խոսել Սուրենի հետ: Նա հետ է եկել, նստել մեքենայի ղեկին: Արմանի կողմից մեքենային է մոտեցել Սուրենը, նրան հարցրել է, թե ինչո՞ւ չի իջնում:

Ըստ վկայի՝ Սուրենը գլուխը պատուհանից մտցրել է մեքենայի մեջ, ձեռքը երկարել ու վերցրել է Արմանի կողքին դրված ավտոմատը: Սուրենն արագ հանել է զենքը, «զարիժատ է արել»:

Արմանն ասել է. «Բի՛ճ, քշի, ուզումա խփի»: Այդ պահին, ըստ վկայի, Սուրենը կրակահերթ է արձակել, ինքը կռացել է: Հետո տեսել են, որ Արսենը սպանվել է կրակոցներից:

Դատաբժշկական փորձաքննությամբ երբ պարզվել է, որ Արսեն Գալստյանը սպանվել է ոչ թե ինքնաձիգի կրակոցից, այլ 9 մմ տրամաչափի ատրճանակից, վկա Քլյանը ցուցմունք է տվել, որ երբ կռացած տեղից գլուխը բարձրացրել է, մեքենայի հետևի ձախ դռան մոտ տեսել է Գոռ Պոլեյանին՝ ատրճանակը ձեռքին: Նա կրակում էր մեքենայի վրա՝ ըստ վկայի: Իսկ Արմանը գոռում էր՝ Բի՛ճ, քշի:

Հետո վկան լսել է, որ Արմանը Արսենի անունը գոռում է ու լաց է լինում: Մեքենան արդեն ընթացքի մեջ էր, բայց ղեկին նստած Արսենի աչքերը փակ էին:

Ղեկը բռնել է Արմանը, նա է փաստացի մեքենան վարել՝ մինչև մեքենայի անիվը դեմ է առել «բորդյուրին», ու մեքենան կանգնել է:

Վկան ասել է, որ ինքը չի իմացել, թե Արսենն ու Արմանը ինչու էին զենքով գնում հացի արտադրամասի մոտ:

Պաշտպանն ընդգծեց, որ այս վկայի հակասական ցուցմունքները գնահատելիս դատարանը պետք է հաշվի առներ անմեղության կանխավարկածը և հակասական ցուցմունքներով հաստատված չպետք է գնահատվեր Պոլեյանի մեղքը:

Պաշտպանը կասկածելի համարեց նաև պաշտպանության տակ գտնվող վկայի ցուցմունքները: Վկան ասել է, թե ատրճանակ է տեսել ինչպես Սուրենի ձեռքին, այնպես էլ Գոռի ձեռքին: Վերջինս, ըստ վկայի, մեքենայի վրա կրակել է:

Պաշտպանը նշեց, որ կրակոցի արդյունքում ջարդվել է տուժողի մեքենայի հետևի ապակին, իսկ կողային ապակիները չեն ջարդվել: Եթե Գոռին տեսել են մեքենայի ձախ կողմում, նա կրակել է ձախ կողմից, ապա հետևի ապակին նրա կրակոցից չէր ջարդվի, ու ղեկին նստած Արսենը ծոծրակի շրջանում գնդակային վնասվածք չէր ստանա:

Դեպքի վայրի զննության արձանագրությամբ հայտնաբերվել են մեքենայի մգացված ապակու ջարդված կտորներ և ընդամենը մեկ պարկուճ: Մեկ գնդակ էլ հայտնաբերվել է տուժողի գլխի դիմային հատվածում:

Պաշտպանը նշեց, որ տուժողի գլխի վերքը այնպիսին է եղել, որ ուղեղանյութ և արյուն պետք է լինեին նրա հագուստին ու մեքենայի նստատեղին: Բայց այդպիսի հետքեր չեն հայտնաբերվել:

Պաշտպանը ենթադրություն արեց, որ ղեկի մոտ նստած Արսենը հնարավոր է՝ եղել է այլ դիրքով, ինչը քննությամբ չի պարզվել: Մեքենայի նստատեղը կամ լվացվել է, կամ այդ մեքենայի մեջ սպանություն չի եղել, այլապես նման վերքի պայմաններում արյան և ուղեղանյութի հետքեր անպայման պիտի լինեին:

Պաշտպանն ասաց, թե մեղադարանքի կողմը պնդել է, որ երկու կրակոց է արձակվել, սակայն այդ դեպքում ո՞ւր են երկրորդ պարկուճը և երկրորդ գնդակը: Ո՞րն է եղել երկրորդ կրակոցի հետագիծը, ո՞ւր են մեքենայի միջի հետքերը:

Մեկ կրակոցի հետագիծը պարզ է՝ գնդակը դիպել է մեքենայի «բագաժնիկին», հետցատկով՝ ռեկաշետով, մտել է մեքենայի սրահ ու դիպել է ղեկի մոտ նստած Արսենի գլխին: Այս պայմաններում էլ, ըստ պաշտպանի, առաջացել են գնդակի միակողմանի ճզմվածքը, այդ ճզմվածքի վրա առկա սպիտակավուն նյութը: Գնդակը տուժողի գլխի ոչ մի ոսկորի չի դիպել, հետևաբար սպիտակ նյութը ոսկրից առաջացած չէ, այն կարող էր առաջանալ, երբ գնդակը դիպել է «բագաժնիկին»:

Նման պայմաններում, պաշտպանի կարծիքով, խոսք չի կարող լինել դիտավորյալ սպանության մասին, դա կլինի անզգույշ սպանություն նրա կողմից, ով կրակել է:

Գնդակը մխրճվել է տուժողի գլխի մեջ, մնացել է դիմային հատվածում: Պաշտպանը հնարավոր է համարում, որ կրակոց եղած լինի նաև մեքենայի մեջ:

Առկա բոլոր հակասությունները, անհամապատասխանությունները, անպատասխան հարցերը, ըստ պաշտպանի, հիմք են տալիս կարծելու, որ կատարվածը անզգույշ սպանություն է եղել: Իսկ Գոռ Պոլեյանի մեղքն ընդհանրապես ապացուցված չէ, նա պետք է արդարացվի: Կամ՝ վերաքննիչ ատյանը թող բեկանի դատավճիռը և գործն ուղարկի ստորադաս դատարան՝ նոր քննության:

Պաշտպան Թադևոս Ալեքսանյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում իրենց թույլ չի տրվել հետազոտել վկաների ցուցմունքները:

Վկա Քլյանը չորս ցուցմունք է տվել, բոլորն էլ՝ հակասական: «Երկու տարի դատական քննություն էր գնում, ոչ մի վկա չի եկել ու ասել՝ Գո՛ռ, ա՛յ շան տղա, դու ես կրակել»:

Պաշտպանը որպես խախտում մատնանշեց այն, որ առաջին ատյանի դատարանը նախ հրապարակել է պաշտպանության տակ գտնվող վկայի ցուցմունքները, հետո նոր ապահովել է նրա ներկայությունը դատարանում: Իրենք, այդ խախտումի դեմ բողոքելով, դուրս են եկել դատարանի դահլիճից:

Դատարանը նշել է, թե չի հաստատվել Գոռ Պոլեյանի այլուրեքությունը, դեպքի պահին նա Գյումրիում չի եղել: Պաշտպանը դա չհամարեց Պոլեյանի մեղքը հիմնավորող ապացույց: Եթե Գոռը Գյումրիում չի եղել, չի նշանակում, որ դեպքի պահին նա եղել է հենց դեպքի վայրում:

Պաշտպան Գևորգ Սուքիասյանը վատառողջ էր, նա դատարանին նախազգուշացրեց, որ վատառողջության պատճառով հստակ չի խոսում, բացի այդ՝ կարող է զգացմունքային խոսել, դա թող չդիտվի որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Ապա պաշտպանն ասաց, որ Գոռի գործը «շինծու է, ֆարս է, պատվերով համերգ է, ներկայացում»:

Այս գործում, ըստ պաշտպանի, մեկ փաստական հանգամանք կա. այն, որ 2008 թվականի մարտի 4-ին, ժամը 18-ն անց 20 րոպեին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հաղորդում է եղել, թե գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արսեն Գալստյանի դիակը:

Տուժողի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի մոտից: Ըստ հեռախոսազանգերի վերծանումների՝ Արման Բադալյանը Արսեն Գալստյանին այդ օրը վերջին անգամ զանգել է 18-ն անց 5 րոպեին: «Ըստ էս հեքիաթի՝ իրենք փռի մոտից փախել են», բայց ինչպե՞ս է տուժողի մարմինը հայտնվել ուրիշ մեքենայի մեջ՝ հարց հնչեցրեց պաշտպանը:
Նա ասաց, թե գործով կազմված մեղադրական եզրակացությունը դարձել է դատավճիռ:

«Դատարանը մեզ պարտադրեց 17 ամսվա դատաքննություն, պատրանք է ստեղծվել, թե դատ է գնում…»,- ասաց պաշտպանը:

Նա անհամոզիչ համարեց վկայի այն ցուցմունքը, թե Սուրենը դեպքի պահին գլուխը պատուհանից մտցրել է մեքենայի սրահ, ձեռքը երկարացրել ու վերցրել Արսենի ու Արմանի մեջտեղում, նրանց քթի տակ դրված ինքնաձիգը. «Ավելի հեշտ կլիներ կոկորդիլոսի երախից որսը խլել, քան նրանց մոտից՝ զենքը… Այդ մեքենան երևի ավտոպիլոտ է ունեցել: Խփված մարդը ո՞նց կարող էր այդքան տեղ վարել մեքենան… Փորձագետն ասել է, որ նման վնասվածք ստանալուց հետո հաջորդ պահին մեքենայի վարորդն ի վիճակի չէր լինի ինքնուրույն գործողություններ կատարելու… Որտե՞ղ է եղել մարմինը մինչև հիվանդանոց ընդունվելու պահը՝ 18-ն անց 20 րոպե…»:

Պաշտպանը նշեց, որ անարդարացիորեն մեղադրվելու ապրումներից է հիվանդացել Գոռ Պոլեյանը: Այս տարվա հունվարին նրա թոքը վիրահատել են, նա շաքարախտ է ձեռք բերել:

«Մարդն ասում է՝ եթե արել եմ, ինձ ցմահ դատապարտեք, եթե չեմ արել՝ բաց թողեք»:

Ըստ պաշտպանի՝ դատավճռի մեջ նշվածը, թե ««վրդովվելով իր կողմնակիցների հասցեին Արսեն Գալստյանի հնչեցրած սպառնալիքներից »՝ Գոռ Պոլեյանը կրակել է՝ հորինված է, նման ցուցմունք գործում չկա:

«Օգնում եք Թոխմախի Մհերի քրոջ տղա Արմանին, օգնեք, բայց ինչո՞ւ եք անմեղ մարդուն նստացնում»,- դատախազության հասցեին ասաց պաշտպան Սուքիասյանը:- «Ինչո՞ւ Արման Բադալյանը չեկավ դատարան, նրան նույնիսկ դատակոչի ցուցակի մեջ չէին մտցրել: Դատարանը որոշեց նրան դատարան կանչել, բայց նա չեկավ: Դատավճռում նրա ցուցմունքը չկա, ճիշտ է, բայց ամեն բան նրա խոսքով է»:

Պաշտպանը կոչ արեց արդարացնել Գոռ Պոլեյանին. «Թող գնան գտնեն Արսեն Գալստյանին իրականում սպանողին, պարզեն՝ որտե՞ղ ու ե՞րբ է նա սպանվել»:

Պաշտպանի կարծիքով՝ Գոռին մեղադրել են վրեժից, որովհետև Սուրենի սպանությունից հետո Գոռի հայրը ոստիկանությանն է հանձնել այն ինքնաձիգը, որ Սուրենը վերցրել էր Արսենի մեքենայից: Գոռին համարել են անպաշտպան մարդ, դրա համար էլ մեղքը նրա վրա են բարդել…

Ըստ պաշտպանի՝ օգտվել են այն հանգամանքից, որ Սուրենը մահացած է, նրա անունից վկայի ցուցմունք են սարքել՝ իբր Գոռ Պոլեյանը դեպքի վայրում է եղել…

Ամբաստանյալ Գոռ Պոլեյանն ասաց, թե ինքը վերաքննիչ դատարան է եկել ոչ թե հոդվածի «մաս թափելու», այլ արդարացման դատավճիռ պահանջելու: «Ես արդար եմ, մաքուր եմ, պաշտպանները ներկայացնում են՝ ռեկաշետ, բան, բայց ես ոչ մի բան չեմ արել: Խնդրում եմ ինձ արդարացրեք»:

Դիմելով մեղադրողին՝ ամբաստանյալն ասաց. «Դուք լավ գիտեք, որ ես չեմ սպանել: Խի՞ եք ուզում ինձ կործանել, ո՞ւմ եմ վատություն արել»:

Կողմերը առարկեցին միմյանց բերած բողոքների դեմ:

Պաշտպանության կողմն ասաց, որ միջնորդություններ ունի: Դրանք կարվեն հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 27-ին:

 

Հեղինակ՝ ԼԻԼԻԹ ՔԱԼԱՇՅԱՆ