Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

04.12.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ նիստ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի,դատավոր Ռ. Ափինյանի գլխավորությամբ: «Իրավունքի»շահերը դատարանում պաշտպանում  է «Լեւ գրուպ»փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը փաստաբան Դիանա Գրիգորյանը: Հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն»նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողցմի«նողկալի» բառով ոտնահարվել էԱվետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ«Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ իրեն Աստծու ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ոչ ավել, ոչ պակաս 1.000.000 դրամ:

 

Նիստը բավական զավեշտալի էր ու հետաքրքիր: Շուրջ 20 րոպե դատավոր Ափինյանը փորձում էր հայցվոր կողմից ճշտել, թե որտեղ է արվել այն հայտարարությունը, որը լրագրողը իր հոդվածում անվանել է «նողկալի», սակայն  այդպես էլ հստակ պատասխան չստացավ: Պատասխանող կողմի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջամտեց ասելով. «Եթե կան մարդիկ, որ հիշողության կորուստ ունեն, ապա հիշեցնեմ, որ պարոն Բարդակչյանի հայտարարությունները տեղադրված են մամուլի մի շարք հրապարակումներում եւ «Արմնյուզ» հեռուստաալիքում, որը մենք ներկայացրել ենք դատարանին: Նշենք նաեւ, որ այդ հայտարարությունից հետո այրել են Կոմիտաս Վարդապետի մեքենան եւ այնտեղ փակցրել. «որտեղ քոնը կասես, այնտեղ էլ Բարդակչյանինը» գրությունը:Դրանից հետո լրագրողը, որպես հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ իր հոդվածում արտահայտել է իր վերաբերմունքը վերոնշյալ հայտարարության հետ կապված անվանելով այն «նողկալի», ինչընշանակում է «չար», «ոչ պարկեշտ»»: Հանկարծ տեղից հայցվոր կողմի փաստաբանը վեր կացավ եւ փորձեց դատավորից ճշտումներ կատարել, թե ո՞ր հայտարարության մասին է խոսքը, վերջինս էլ ստիպված եղավ հերթական անգամ պատմել եղելությունը: Բայց միեւնույն է հայցվորներին կրկին չբավարարեց պատասխանը եւ փաստաբանը, որը ստանձնել էր դատավորի լիազորությունները, շարունակեց դատավորին հարցեր եւ ցուցումներ տալ` ասելով, որ միեւնույն է իր պաշտպանյալը որեւէ հայտարարություն չի կատարել, որն ուղղված լինի Կոմիտաս Վարդապետի դեմ: «Նախագահող դատավորին հարց չեն տալիս»,- միջամտեց «Իրավունք»-ի պաշտպանը, որին ի պատասխան. «Դուք մի ասեք նախագահողին հարց տալիս են, թե չեն տալիս»,- ինքնագոհ եւ բարձր տոնով պատասխանեցհայցվորի պաշտպանը, որը արդեն ստանձնել էր դատավարության ընթացքում թամադայի դերը: Դատավորը հերթական անգամ,կին փաստաբանի ագրեսիայից մի տեսակ շփոթված փորձում էր հասկանալ. «Նորից եմ հարցնում այդ հայտարարությունը կա՞ ընդհանրապես բնության մեջ»: «Այո ոչ միայն բնության մեջ, այլ կենդանական աշխարհում այն սփռել է իր բացասական աուրան, որի հետեւանքն ու ապացույցը եղավ Կոմիտաս Վարդապետի մեքենայի այրելը: Դրա առնչությամբ քրեական գործ է հարուցվել»: Բացասական աուրա արտահայտությունը վրդովեցրեց աղանդավորական շարժման ղեկավարի փաստաբանին, ով փորձեց դատական նիստի ղեկը կրկին անգամ իր ձեռքը վերցնել ու հայտարարեց. «Լավ կլինի հերթականությամբ անդրադառնանք գործի հանգամանքին, հետո նոր կպատասխանեմ ձեր հարցերին»: Այս խառնիճաղանջ իրավիճակում հանկարծ հնչում է փաստաբան Դիանայի բջջայինի բարձր հեռախոսազանգը այն դեպքում, որ հարյուր անգամ նախապես զգուշացվում է, որ պետք է անջատել բջջային հեռախոսը: Դատավորը մեղմ զարմանք արտահայտեց, որի հետ կապված փաստաբանը էլի դատավորին սխալ հանեց. «Այնքան անակնկալ կերպով հարգելի դատավոր մտաք նիստերի դահլիճ, որ մոռացա»:  «Դրա համար, եթե մոռանում են պաստառին են նայում»,- այս կերպ արձագանքեց դատավոր Ափինյանը, իսկ լեզվի տակ չմնացող փաստաբանն էլ անկեղծացավ` ասելով, որ ամեն անգամ չի նայում պատերին: «Հավանաբար սիրահարված եք». -մեղմիկ տոնով կատակի տվեց դատավորը:

«60 ՏԱՐԻՆ ԴԱ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԵԼԱՄՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔ Է, ՊԱՐՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ»

Ինչեւէ, այս ամենից զատ, դատավորը հաշտության կոչ արեց կողմերին, որի հետ կապվածպատասխանող կողմը ասաց, որ պատրաստ է ցանկացած հարթության վրա քննել եւ կնքելհաշտություն: Մինչ նույն հարցը կուղղվեր հայցվոր կողմին դատավորը` դիմելով Ավետարանական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչին, ասաց, որ Հիսուսը ներում էր բոլորին, մենք ով ենք, որ չներենք, միգուցե այսպես հաշտության գնաք: «Ամեն, Ամեն», բացականչեց Բարդակչյանը այնուհետ մինչ կպատասխաներ, թե նա որքանով է հետեւում Քրիստոսի պատգամներին, ընկավ լիրիկական զեղումների գիրկը եւ ներկաներին փորձեց հուզել` պատմելով, որ օրեր առաջ լրացել է իր 60-ամյակը, որի առնչությամբ իրեն շնորհավորել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները. «60 մարմիններեն կողմից ինձ շնորհավորել են, բայց ես կներկայացնեմ երեքը, առաջինը դա Սեյրան Օհանյանն է, Վազգեն Մանուկյանը եւ ԱԺ-ից Վահրամ Բաղդասարյանը»:

Շնորհավորանքներին անմիջապես միացավ դատավորը, իսկ պատասխանող կողմի փաստաբանն էլ հավելեց. «Պարոն Բարդակչյան մենք եւս շնորհավորում ենք ձեզ եւ 60 տարին դա խելամտության, իմաստության մի գեղեցիկ տարիք է, ցանկանում ենք առողջություն, բարորություն ի նպաստ հայ ժողովրդի»:

Ինչ վերաբերվում է հաշտությանը, ապա Բարդակչյանը, ով ի դեպ դատարանում հայտարարեց, որ նա ԱՄՆ-ի, Սիրիայի, Լիբանանի, Հայաստանի եւ անգամ Ղարաբաղի քաղաքացիություն ունի, թե դատարանի եւ թե պատասխանող կողմի առաջ սկսեց պայմաններ դնել, մի պահ մոռանալով, որ նա  հոգեւոր հովիվ է եւ իր առաքելությունն ու գործողությունները ավելի շատ պետք է բխեն աստվածաշնչյան դրույթներից, քան վրեժխնդրության ծարավից. «Ես էլ 15 տարի է հեռուստաընկերություն եմ ղեկավարում, բայց միայն ավետիս ենք դալիս: Դրա համար չափ կա զրպարտությանը եւ լավ է, որ հայաստանյան օրենքը թույլ է տալիս որոշել այդ չափը: Մարդիկ կան, որ սխալ հայտարարություններ են արել իմ մասին եւ պետք է ներողություն խնդրեն, ես այդ նախապայմանով կգնամ հաշտության»:

Իսկ քիչ անց Բարդակչյանի գերակտիվ փաստաբանուհին հայտարարեց, որ ոչ մի դեպքում, ոչ մի պայմանով նրանք հաշտության չեն գնա: Այնուհետեւ սկսեց բացահայտ վիրավորել «Իրավունք» թերթին, ինչը սակայն շատ հանգիստ դիտում էր դատավոր Ափինյանը: Ընդհանրապես դատավորի կեցվածքը բավականին տարօրինակ էր: Նա բացարձակ հանդարտությամբ էր վերաբերվում Բարդակչյանի շնորհավորանքների ցուցադրմանը եւ իր փաստաբանի տեղի-անտեղի միջամտություններին, սակայն շատ կոշտ եւ կտրուկ արձագանքում էր «Իրավունքի» ներկայացուցչին եւ Հրանտ Սարաֆյանին այն աստիճան, որ տեղիք տվեց, որ փաստաբան Լեւոն Բաղդասարյանն անի համապատասխան հայտարարություն:

Հավանաբար դատավորի վրա չափից շատ զսպիչ ազդեցություն թողեց դատարանում մի ամերիկացու ներկայությունը, որին թարգմանում էին եղելությունը:

Ի դեպ, հենց դատարանում ամերիկացի Բարդակչյանը սկսեց իր քարոզը ուղղված Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Մեկնաբանելով լրագրողի վրդովմունքը այն փաստից, որ Բարդակչյանը փորձել է ժամանակին ցեղ շպրտել Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Կոմիտաս վարդապետի վրա, Բարդակչյանը վրդովված ասաց. «Զայրույթ է առաջացնում այն, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդը տարբերություն է դնում մեր եւ իրենց միջեւ, սա արդեն խնդիր է»: Այսինքն` Բարդակչյանը Հայ Առաքելական եկեղեցին բերում հավասարեցնում էր իրեն, ինչին ի պատասխան Լեւոն Բաղդասարյանը ստիպված էր հիշեցնել «աշխարհի քաղաքացի» Բարդակչյանին, Հայաստանի Սահմանադրությունը, ըստ որի Հայ Առաքելական եկեղեցին ունի հեգեմոն դեր: Այնուհետեւ Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց «Իրավունքի» կարգախոսը. «Կրոնիս, պատվիս ու հայրենիքիս չկպչես»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Պետք է նշել, որ Բարդակչյանը հերթական անգամ դատարանում փորձում էր հերքել իրական փաստերը: Ինչ վերաբերվում է ծննդյան շնորհավորանքներին, ապա այս կերպ  սիրիաամերիկյան քաղաքացին փորձում էր ճնշում գործադրել դատարանի վրա հատուկ շեշտադրելով հայաստանյան բարձրաստիճան այրերի անունները: Կարելի է ենթադրել, որ Բարդակչյանի մեջ խոսում է երկու ես. մեկը դա արաբական պաշտոնապաշտությունն է, մյուսը` ամերիկական ճարպկությունը: Հավանաբար պարոն Բարդակչյանին չեն տեղեկացրել, որ մարդկանց չեն շնորհավորում նրա համար, որ այն դարձնեն դրոշակ եւ այս ու այն կողմ թափահարեն` վերածելով այն ամենաթողության վկայագրի: Դե չնայած ում ինչ ենք ասում այն դեպքում, որ իրեն հոգեւոր հովիվ համարող անձը դատարանում պարզապես  խղճահարության զգացմունք է առաջացնում, մեկ հրաժարվում է իր խոսքերից, մեկ ցուցադրում է շնորհավորական նամակներ, մեկ էլ փորձում է «խեղդամահ» անել հակառակ կողմին: Երբեմն տպավորությունն այնպիսին է, որ Բարդակչյանին ընդհանրապես այս դատը պետք էլ չէր, եւ նա ինչ-ինչ խնդրանք կամ պատվեր է կատարում: Այդ տպավորությունը էլ ավելի ամրապնդվեց, երբ դահլիճում հսկիչի դերում հայտնված անգլիախոս օտարերկրացին չցանկացավ ներկայանալ, եւ որի թարգմանիչը փորձում էր մեզ համոզել, որ նրանք դահլիճում հայտնվեցին լրիվ պատահաբար: Հավանաբար Բարդակչյանին այս երկրպագողները ամենայն խորությամբ դեռ չեն ընկալել Քրիստոսիխոսքը չստելու մասին եւ ցավով ենք արձանագրում, որ սրանց նմանների համար խաչն անգամ զորություն չունի: Թե արդյոք այս ամենը նողկալի չէ, սա եւս թողնում ենք ընթերցողին:

Նկարում Բարդակչյանը դատավորին է ցուցադրում իր ծննդյան հետ կապված շնորհավորական նամակները եւ գլուխ գովում, թե ինչքան լավն է նա: