ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այսօր դատարաններում գտնվող գործերի մի զգալի մասը վերաբերում է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներին: Դրանք հիմնականում վերաբերում են համատիրության դիմումներին` բնակիչների կողմից ենթադրյալ պարտքերը գանձելու ուղղությամբ, էլեկտրացանցերի դիմումների վերաբերյալ, կապված սպառած էներգիայի, գազի գրասենյակների, բանկերի, բջջային օպերատորների և այլն: Հասարակության զգալի հատվածը, սույն իրավանորմի հետ կապված չունենալով պատշաճ գիտելիքներ, հետագայում խնդիրներ է ունենում պետական լիազոր մարմնի` հարկադիր կատարողների հետ, երբ ժողովրդական լեզվով ասած, բանը բանից անցած է լինում: Ստորև ներկայացվող թեման վերաբերում է վճարման կարգադրությանը և տվյալ անձի իրավունք պարտականությանը, կապված վճարման կարգադրության հետ: Օրենսդիրը որոշակի դրամական պահաջներով թույլատրում է դատարաններին արձակել վճարման կարգադրություններ: Օրինակ. քաղաքացու համատիրության պարտքը ըստ համատիրության հաշվարկի, կազմում է ասենք վեց տարվա համար պայմանական X դրամ: Տվյալ համատիրության կողմից դատարան դիմում է ներկայացվում, որպեսզի վճարման կարգադրության արձակվի: Դատարանը պարտավոր է դիմումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, եթե այն չի մերժում, արձակել վճարման կարգադրություն, համաձայն որի կամ երկշաբաթյա ժամկետում պետք է կատարել վճարման պահանջը, կամ ներկայացնել առարկություններ, եթե ներկայացվող պահանջը պատասխանողը դիտում է չհիմնավորված: Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ստանալով վճարման կարգադրությունը, պատասխանող կողմը կարևորություն չի տալիս դրան, կամ մտածում է, որ իր առարկությունները կներկայացնի դատական նիստի ժամանակ: Հարկավոր է գիտենալ Վճարման կարգադրության ինստիտուտը չունի դատական նիստեր նշանակելու և գործը քննելու գործառույթ: Անձը պարտավոր է դատարանի կողմից վճարման կարգադրությունը ստանալուց հետո կամ վճարել կարգադրությամբ նշված գումարը` անդորրագիրը ներկայացնելով դատարան, կամ ներկայացնել գրավոր առարկություններ: Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում նույն պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային կարգով, որտեղ պատասխանողն իրավունք ունի նաև միջնորդություն ներկայացնելու` պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետագայում ծանուցումը ստանալու օրվանից հետո երեք շաբաթվա ըբնթացքում դատարանն առարկություն չի ստանում, կամ ստանում է առարկությունը, որը պատասխանողն ուղարկել է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ, որը ենթակա է կատարման: Պրակտիկայում շատ են դեպքերը, երբ վճարման կարգադրության և պատասխանողի թերի իրավագիտակցության պայմաններում բռնագանձվել է պատասխանողից 10-15 տարվա համատիրության ենթադրյալ պարտքեր, որը ընդհանուր հայցային կանոններով քննվելու դեպքում, ոչ միայն հայցային վաղեմության միջնորդության ուժով պահանջը կմերժվեր, բացառությամբ վերջին երեք տարվա, այլ նաև դատարանի կողմից գնահատման կարժանանար այդ ենթադրյալ պարտքի իրավաչափ լինելու հանգամանքը:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|