Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

22.04.2015թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«....ՑԵՂԴ ԿՎԵՐԱՑՆԵՄ» Պերոսյանների ընտանիքը՝ վաշխառուի և դատական համակարգի զոհ 

 

«Իրավունքի»խմբագրություն էր դիմել   քաղաքացի Նարինե Պետրոսյանը, ով իր  ընտանիքով դարձել է  վաշխառուական բանդայի զոհ:


2011 թ-ին դեկտեմբերին` Ամանորից առաջ, տիկին Նարինեն իր որդու` Դավիթ Պետրոսյանի գրպանից  պատահաբար  գտնում է իր տանն առնչվող առուծախի  փաստաթղթեր: Որդու հետ զրույցից Նարինե Պետրոսյանը պարզում է, որ նա ինչ-որ կռվի մեջ է ընկել: Այնպես է ստացվել, որ որդուն այդ «ռազբորկայի» ժամանակ սխալ են հանել եւ պահանջել մեծ գումար: Քանի որ Դավիթը առձեռն այդքան գումար չի ունեցել, կռվի մասնակիցները նրան առաջարկել են համագործակցել ինչ որ վաշխառուի հետ, ով գրավի դիմաց նրան գումար կտա: Որպես գրավ` Դավիթ Պետրոսյանը մորից` Նարինե Պետրոսյանից գաղտնի, տունը գրավ է դրել 55.000 դոլարի դիմաց: «Բայց հարցն այն է, որ տունը որդուս անունով չի եղել, անգամ նա գրանցված չի եղել այդ տանը: Ես եմ եղել սեփականատերը»,- մանրամասնում  է մեր զրուցակիցը:

Տիկին Պետրոսյանին հաջողվում է տղայի միջոցով իր տուն կանչել «տոկոսով» փող տվողներին, այսինքն իր խոսքով ասած վաշխառու Վարդան Հերոյանին ու միջնորդին` Արտյոմին եւ փորձել նրանց հետ համաձայնություն գալ, սակայն ապարդյուն:  Վաշխառուն ու միջնորդն ամեն կերպ փորձել են հավատացնել, թե  Նարինեի որդու`  Դավիթի հետ, բիզնես գործունեություն են ծավալել` «կիսովի» ձեւով:  «Մենք ի՞նչ վատություն ենք արել, էս ձեւով  գումար ենք աշխատում: Մենք լավություն ենք արել»,- արդարացել է    վաշխառուն:


Իր ներքին ձայնին լսելով` տիկին Նարինեն  իր տան մեջ տեղի ունեցող ամբողջ զրույցը երկու հեռախոսով ձայնագրել է, չնայած այդ ձայնագություններն այդպես էլ  դատարանները հաշվի չի առել:


Մինչ դատարան դիմելը, Նարինե Պետրոսյանը քննչական կոմիտե է ուղարկում վաշխառուի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, բայց մտավախություն ունենալով, որ գործը կկոծկեն, չի ասում, որ երկրորդ ձայնագրությունն էլ կա: Մտավախությունն արդարանում է. քննչական կոմիտեից Նարինե Պետրոսյանին  հայտնում են, որ ձայնագրությունը սխալ է, ավելին` դատական ոչ մի ատյանում ձայնագրության մասին ոչինչ չխոսվեց: Այդ ընթացքում նաեւ պարզում է, որ իր վարձած փաստաբանները` Սարգիսն ու Արթուրը, վաշխառուական շղթայի մի մասն են: «Ես նաեւ հասկացա, որ  տղայիս գլխին այդ ռազբորկան էլ է սարքած` փող  պոկելու համար»,- վստահ է Նարինեն:


2012 թ-ին Նարինե Պետրոսյանը դիմում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարան, որտեղ բավարարում են Նարինե Պետրոսյանի հայցը եւ տան առուվաճառքի կեղծ գործարքը չեղյալ համարում, իսկ կեղծ գործարքին մասնակից երեք հոգու` այդ թվում նաեւ Նարինեի որդում` առաջադրում մեղադրանք: Մինչդեռ վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ պատասխանող կողմին  ներկայացնում որպես բարեխիղճ գնորդ: Նարինե Պետրոսյանը վերաքննիչ  դատարանի վճիռը բողոքարկելու համար դիմում է վճռաբեկ դատարան, սակայն գործը վարույթ չի ընդունվում:


Դատական ողջ գործընթացն ավարտվել է մոտ մեկ շաբաթ առաջ: Այս երեք տարիների ընթացքում եւ մինչ օրս էլ Նարինե Պետրոսյանն ապրում է իր տանը, բայց մտավախություն ունի` մի գեղեցիկ օր իրեն կհանեն իր տանից, քանի որ վաշխառուի հորեղբորը` Արթուր Հերոյանին վերաքննիչ դատարանը համարել է բարեխիղճ գնորդ:«Իմ խնամքի տակ կա  տարեց հայր եւ անչափահաս անբուժելի աղջիկ: Եթե հայտնվեմ փողոցում, չգիտեմ` որտե՞ղ եմ գնալու»,- մտահոգված ասաց Նարինեն, ով խնդրում է պատկան մարմիններին` աչքաթող չանել այս անարդարությունը:


Ի դեպ, տիկին Պետրոսյանին ու նրա տարեց հորը նաեւ ահաբեկել են, դատական գործընթացի ընթացքում էլ` հետեւել: «Վեր ընկի տեղդ, նստի, թե չէ ցեղդ կվերացնեմ»` ահա այս տոնով են խոսել Նարինեի հոր հետ: «Ինձ էլ են վախեցրել: Ես ասել եմ, որ եթե ինձ հետ հանկարծ  մի բան պատահի, մեղավորը  վաշխառուական այդ շղթան  է լինելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը:


Տեղեկացնենք, որ Նարինե Պետրոսյանին իրավաբանական աջակցություն է ցույց տվել «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ: