Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

10.06.2015թ.

<<Իրավունք օրաթերթ>>

«ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»

 

 

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ շարունակվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի գործով դատական նիստը: Հավելենք, որ հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ: Նշենք, որ «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում  է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Արթուր Այվազյանը:

 

Նշենք, որ հայցվոր Լ. Բարդակչյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, իսկ դատաքննության ընթացքում վերջինիս ներկայացուցիչը կրկին ներկայացրեց եւ ամբողջ ծավալով պնդեց իրենց հայցապահանջը: Հատկապես ուշագրավ էր այն, որ հայցվոր կողմը արեց այսպիսի հայտարարություն. «Ավետարանական եկեղեցին քրիստոնեության մեջ դիտվում է որպես աղանդ»: Իհարկե, այստեղ խոսքերն ավելորդ են: Եվ պատասխանող կողմի փաստաբան Լ. Բաղդասարյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Սահմանադրությունն ասում է, որ հեգեմոն դերը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն»:

Հավելենք, որ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց կոնկրետ ապացույց, որով ապացուցվում է, որ իսկապես Լ. Բարդակչյանի կողմից բազմաթիվ լրատվամիջոցներով  արվել է հայտարարություն, որով վերջինս անուղղակի կերպով մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ, Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանին: Պարոն Բաղդասարյանի կողմից հանգամանորեն ներկայացվեց նաեւ, որ հոդվածում ուղղակի վիրավորանք չի եղել Բարդակչյանի նկատմամբ, ավելին հոդվածագիր  Հրանտ Սարաֆյանը  Բարդակչյանին դիմել է իր` վերապատվելի կոչումով: Եվ հոդվածագրի կողմից եղել է, պարզապես, քննադատողական հայտարարություն, որը բացարձակ որեւէ  աղերս չունի տվյալ անձին վիրավորելու կամ զրպարտելու, այլ խոսքը վերաբերում է տվյալ անձի կողմից արված նողկալի հայտարարությանը, որով հայցվորը անուղղակի կեպով մեղադրում էր Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականին: Դատարանը ուսունմնասիրեց գործում եղած ապացույցները, այդ թվում նաեւ վերը նշված ապացույցի վրա անդրադարձ կատարվեց, որը ներկայացրեց պատասխանողների ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը: Այսպիսով ավարտվեց դատաքննության փուլը, հաջորդ` դատական նիստը, որում կհրապարակվի վճիռը կկայանա հունիսի 24-ին, ժամը 17:00-ին:

Ի դեպ, դատական նիստի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Ա. Այվազյանը հանդես եկավ հանդուրժողականության մասին հուզիչ ելույթով, թե հոգեւորականների մասին նյութեր հրապարակելիս պետք է առավելագույնս հանդուրժողականություն ցուցաբերել`մոռանալով, որ հենց իր վստահորդն է զրո հանդուրժողականություն դրսեւորել նախեւառաջ Տ. Կոմիտաս վարդապես Հովնանյանի նկատմամբ: Ասվածին անդրադարձավ նաեւ դատավոր Ափինյանը` ընդգծելով, որ «ինչպես դատարանի, այնպես էլ Աստծո առաջ բոլորը հավասար են»: Որպես հավելում էլ փաստաբան Լ. Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Մարդիկ ծնվում են մերկ եւ հավասար»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ