Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

27.11.2015թ.
«Իրավունք օրաթերթ»
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 
ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ. ՓԱՍՏԱԲԱՆ

 

 

ԱԱԾ-ի կողմից ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն ունենալու կասկածանքով ձերբակալված Արթուր Վարդանյանի փաստաբան,«Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպել է իր պաշտպանյալի հետ եւ, որ վերջինս ամբողջությամբ չի ընդունում իրեն  առաջադրված մեղադրանքը.«Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով: Այսինքն, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Այս հոդվածներով նախատեսված է ազատազրկում մի դեպքում ` 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի»:

 

Փաստաբանը անդրադարձավ նաեւ Վարդանյանի անցած ուղղուն նկատելով. «Արթուր Վարդանյանի հայրը եղել է ազատամարտիկ, հետախույզ, անցել թշնամու թիկունք ու խոսում էին, որ մահացել է եւ նրա դին փոխանակել են ադրբեջանցի գերու դիակի հետ: Արթուրը կրթություն է ստացել Եվրոպայում, բարեկեցիկ կյանքով է ապրել, երեք անչափահաս երեխա ունի, բայց այդ ամենը թողել է ու Քեսաբի ազատագրմանն է մասնակցել: Վաղը պատմությունը կտա իր գնահատականը, թե ինչ լումա ունի Արթուրը Սիրիայում հայկական համայնքում հայապահպանման հարցում»:

Պարոն Բաղդասարյանի տեղեկացմամբ. «Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կքննվի Արթուրի ու նրա ընկերների նկատմամբ խափանումը կալանք կիրառելու մասին միջնորդությունը»:

Այլ տեղեկություններ փաստաբանը չներկայացրեց՝ նախաքննության շահերից ելնելով: Ասաց նաեւ, որ ձերբակալվածներից եւս մի քանի հոգու փաստաբանն է, բայց դեռ անուններ չի ասի, որովհետեւ նրանց կողմից չունի լիազորություն:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ