Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ


Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել`չի կարելի արդյոք արդարացում գտնել:

ԼԻԽՏԵՆԲԵՐԳ

Հաճախացել են դատական սխալի պատճառով նոր երևան եկած հանգամանքների ուժով դատական ակտերի վերանայումը Եվրոպական երկրներում: Հայաստանն այդ հարթության վրա ետնապահների թվում է:  Չեմ կիսում նաև հասարակության մեջ ձևավորված այն կարծիքը, որ վատ է աշխատում նախաքննական մարմինը, կամ միտումնավոր է շեղում իրական հանգամանքները: Սակայն պետք է փաստել. երբ տվյալ գործով նույն մարմինը գալիս է սխալ հետևության, որի արդյունքում ենթադրյալ հանցագործություն չկատարած անձ է դատապարտվում կամ պետք է դատապարտվի, աշխատում է տվյալ մարմնում ինքնապաշտպանական բնազդը… ամեն ինչ անել ապացուցելու, որ իրենք ճիշտ են:

Հայաստանում դատական սխալի հետ կապված վարույթ հարուցելու լիազորությունը տրված է դատախազությանը, որը տվյալ դրվագով անգործությամբ է զբաղված, որովհետև վարույթների առկայության դեպքում հենց այդ մարմինը կարող է որոշակի խնդիրների առաջ կանգնել:

Ցանկալի է Նախագահին կամ Կառավարությանը կամ Ազգային Ժողովին կից ստեղծել լիազոր մարմին, որն ուղղակի հետաքննի դատական սխալի հավանականությունը և իրավասություն ունենա` վարույթ հարուցելու, իսկ հետագայում ներկայացնելու դատական մարմիններին` բխող բոլոր իրավական հետևանքներով:

Տվյալ թեմայի շուրջ, երբ շատ ես բարձրաձայնում, քեզ համարում են համակարգի թշնամին, այն դեպքում, երբ համակարգը հենց ինքը պետք է շահագրգռված լինի արդարադատության իրականացման գործում:

Այսօր պետական լիազոր մարմիններն ու դատարաններն այնպես են խուսափում ու խորշում նոր երևան եկած հանգամանքների ուժով վարույթ հարուցելուց, ինչպես նախորդ դարերում խորշում ու խուսափում էին բորոտներից: Եթե ԱՄՆ-ում, Եվրոպական բազմաթիվ երկրներում տվյալ երկրի դատական համակարգը համարվում է աշխարհում լավագույնը, սակայն տասնյակ հազարներով հայտնաբերվում են են դատական սխալի արդյունքում ավելի խիստ պատիժ ստացած կամ հանիրավի ազատազրկման դատապարտված անձինք, և դրա անմիջական կրողն ու պատասխանատուն համարվում է տվյալ երկրի գործող համակարգը, Հայաստանում չեմ հիշում դատական սխալի հետևանքով վարույթ հարուցելու և խիստ պատիժը նվազեցնելու կամ արդարացման մեկ դեպք: Ստացվում է, որ Հայաստանի դատական համակարգն անսխալական է և ավելի լա±վը, քան անգլիականը, ֆրանսիականը, այն դեպքում, երբ դատական համակարգը, կարծում եմ, վստահություն չի ներշնչում հենց իր ներսում, ինչպես նաև ոչ գործադիրում, ոչ օրենսդիրում, ոչ էլ առավել ևս` հասարակության մեջ:

 

Հայաստանում նաև առկա է անցյալից մնացած, ըստ իս, մի հին և վտանգավոր աշխատաոճ. որպես կանոն անձը դատապարտվում է ազատազրկման մեղմ պատժով կամ հետագայում պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել, եթե ընդունում է մեղքը և զղջում է: Սակայն պայմանական կարող են լինել գործեր, որտեղ նախաքննությունը կարող է գնալ սխալ ճանապարհով, իսկ ինքնախոստովանական ցուցմունք չտալու, չարածը չզղջալու արդյունքում անձը դատապարտվում է չկատարած արարքի համար, իսկ հետագայում տեսնելով, որ չի կարողանում ապացուցել, որ ինքը ուղտ չէ, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս և ՙզղջում՚ չարած հանցագործության համար, որպեսզի կամ մեղմ պատիժ ստանա, կամ պայմանական վաղակետ շուտ ազատվի:

 

Պետք է փաստել, որ օրենքի պահպանման գործիքները տրված է մի դեպքում գործադիր իշխանությանը, մյուս դեպքում` դատական: Ընդ որում, դատական իշխանությունն օրենքի ուժով տարանջատված է և գործում է անկախ, սակայն իր գործառույթներով, մասնավորապես, երբ կոնկրետ գործերի առումով քաղաքական որոշումներ են կայացվում, այդ թվում ընտրությունների արդյունքները կամ պետական լիազոր մարմինների որոշումները դատական կարգով վիճարկելիս, դառնում է որպես գործադիր իշխանության ներդիր և վերջինիս որոշումները դակող մարմին:

Մինչդեռ, դատարանը պետք է լինի հասարակության բարոյական հիմքերի խախտումներին գնահատական տվող և նախադեպային իրավունք ստեղծող մարմին, քանի որ այդ խախտումները բխում են ոչ թե օրենքի թուլությունից, այլ բարոյական նորմերի խարխլումից` բխող բոլոր կործանարար հետևանքներով, ընդհուպ` քրեաիրավական հարթության վրա:

Երկրում գործող օրենսդիր, գործադիր, դատական իշխանության երեք ճյուղերից դատական իշխանությունն է, որ կրողն է իրավունքի հաստատման, իսկ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, ուստի առանց արդարության, առանց երկրի կարգուկանոնի, խաղաղության և բարեկեցության կախվածության դատական համակարգից, ունենալու ենք պետություն, որտեղ առերևույթ են գործելու պետական ինստիտուտները, որտեղ խոսք լինել չի կարող քաղաքացիական հասարակության ձևավորման մասին:

 

Լևոն Սոխակի Բաղդասարյան

<<Լեվ Գրուպ>>  փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ