Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ ԵԿԴ/2750/02/14

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

27.11.2015
թ. ք.Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանը

Նախագահությամբ` դատավոր Ռ. Ափինյանի
Քարտուղարությամբ` Մ. Հակոբյանի
Մասնակցությամբ
Հայցվորի ներկայացուցիչ՝ Մ. Խաչատրյանի
(
ՓԳԱ թիվ 1434, հիմք լիազորագիր

տրված 21.11.2014թ.)                                                                                                                                                                                                 
Պատասխանող՝ Ի. Ազարյանի
Պատասխանողների ներկայացուցիչ՝ Լ. Բաղդասարյանի
(
ՓԳԱ թիվ 88, հիմք լիազորագիր
տրված 14.08.2014թ.)

LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ



Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի (ՀՎՀՀ՝ 05519142, պետական գրանցման համարը՝ 211.171.03006) ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի(անձնագիր՝ ---------------)` ներողություն խնդրելուն, դատական ակտը մասնակի հրապարակելուն և պատճառված վնասը փոխհատուցելուն պարտավորեցնելու մասին 


Պ Ա Ր Զ Ե Ց


Գործի դատավարական նախապատմությունը։ 
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն դիմել է դատարան ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի և խնդրել է պարտավորեցնել պատասխանողին «Իրավունք» թերթի առաջիկա համարում «Հերքում» խորագրի ներքո տպագրել հոդված՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելով հայցվորից և որպես դրամական փոխհատուցում պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Կարախանյան) 2014 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատավոր Գ. Կարախանյանին այլ դատարանում դատավոր նշանակելու պատճառաբանությամբ սույն քաղաքացիական գործը 28.10.2014 թվականին մակագրվել է դատավոր Ռ. Ափինյանին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2014 թվականին սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
30.01.2015 թվականին կայացված դատական նիստի ընթացքում, հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմումի հստակեցում և խնդրել է պարտավորեցնել Իլոնա Ազարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունից «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդվածում հրապարակված վիրավորանքների համար և հօգուտ «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ գումար, որպես պատճառված վնասի գումար։ Խնդրել է նաև պարտավորեցնել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին նույն լրատվամիջոցով հրատարակելու թիվ ԵԿԴ/2750/02/14 քաղաքացիական գործով կայացված վճռով հօգուտ հայցվորի հաստատված փաստերը, մասնավորապես պատասխանողների կողմից հայցվորի գործարար համբավն արատավորելու, ատելության խոսքի տարածման և խտրականության դրսևորման փաստերը, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասը։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։
Գործի դատաքննությունն ավարտվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին և 2015 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է վճռի հրապարակման օր։

Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը։ 
Դատարան ներկայացրած հստակեցրած և փոփոխված հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ սույն գործի փաստական հանգամանքների համաձայն 2014թ. «Իրավունք» թերթի հունիսի 6-9-ի թիվ 62 (2410) համարում «Ապազգային» խորագրի ներքո տպագրվել է «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդվածը։
Թեև հոդվածը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հարցերի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանի հարցազրույցն է, սակայն մինչ հարցազրույցը մգեցված տառերով տեղադրվել է հետևյալ նյութը հայցվորի վերաբերյալ։ Տառացի մեջբերում հոդվածից. «Պարզվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», այսինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին։ Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն։ Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն, փորձեցինք պարզել …….» ։
Հոդվածի կենտրոնական հատվածում տեղադրված է լուսանկար, որտեղ երիտասարդների ձեռքին ԱՄՆ-ի դրոշն է և «no hate speech» մակագրությամբ պաստառ։ Նկարի ներքևի հատվածում հետևյալ մեկնաբանությունն է արված, տառացի մեջբերում թերթի հոդվածից. «21 սեպտեմբեր 2013. «Նոր Սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում։ Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառներ։ Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների թիվ 1 կարգախոսն է»։ 
Հոդվածն ավարտված է հետևյալ նախադասությամբ. «Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են։ Հետաքրքիր է՝ գոնե թռուցիկ, հարգարժան պարոնայք ծանոթացե՞լ են գոնե տվյալ ՀԿ-ի կայքէջին, որ մի բան էլ, փոխնախարար Ա.Քարամյանի ստորագրությամբ ու նրա ձեռամբ՝ ՀԿ-ն գովասանագիր է ստանում…»։

Ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր.-ի 32-րդ հոդվածով` փոխել են հայցի հիմքն ու առարկան հետևյալ ներկայացմամբ.
1. Հոդվածում տեղ են գտել հետևյալ վիրավորական արտահայտությունները.
ա) համասեռամոլների գրանտածիծ պաշտպաններ
Սույն արտահայտությունը տեղ է գտել հոդվածի վերնագրում, որի ամբողջական տեսքն է` «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» ։
Նշված արտահայտությունում որպես փաստացի տեղեկատվություն նշված է պետական աջակցություն ստանալը։ Ինչպես երևում է հոդվածից, խոսքը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից հայցվորին շնորհակալագրով խրախուսելու մասին է։ Սակայն այդ փաստը որևէ կապ չունի ոչ նույնասեռականների, ոչ էլ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի հետ։ Այսինքն, չկա փաստական հիմք, որ հայցվորը պետությունից ստացել է դրամաշնորհ նույնասեռականներին ուղղված ծրագրեր իրականացնելու համար, որր հիմք կտար լրագրողին կատարելու նման եզրահանգում։
«Գրանտածիծ» բառը կազմված է գրանտ փոխյալ բառից և հայերեն ծիծ արմատից /«ծծել» բայի արմատ/և նշանակում է «դրամաշնորհներից օգտվող» դրամաշնորհներով սնվող, դրամաշնորհներ ծծող»։ Բառի հոգեբանական, էական ենթիմաստն այն է, որ դրամաշնորհը՝ դրանով սնվողի համար պատկերացվում է որպես մայրական կուրծք, դրանով իսկ բառը զզվանքի եւ արգահատանքի հզոր լիցք է պարունակում նման անձանց նկատմամբ։
«Համասեռամոլ» բառը չի թույլատրվում օգտագործվել, քանի որ իր մեջ պարունակում է մոլուցք և մի շարք զեկույցներում գնահատված է որպես ատելության կոչ։ «Համասեռամոլությունը» ՀՀ քրեական օրենսգրքով համարվում էր քրեորեն հետապնդելի արարք, որը սակայն ապաքրեականացվել է։
Բառն ուղղված է հայցվորի գործարար համբավն արատավորելուն, քանի որ ունի զզվանք ու արգահատանքի զգացմունք առաջացնելու բնույթ։ Սույն բնույթով էլ այն համարվում է ատելության խոսք, քանի որ նման խոսքի տարածումը լրատվամիջոցներով նպատակ ունի հայցվորին առանձնացնելու հանրությունից որպես զզվանքի և արգահատանքի աղբյուր, իսկ «համասեռամոլ» բառի համադրումը, որը մեկ այլ նախադասությամբ հեղինակի կողմից գնահատվել է որպես «հակաբարոյական մարդկային թափոն», առավել ընդգծում է հեղինակի և ընդհանրապես լրատվամիջոցի կողմից կոնկրետ դիտավորություն դրսևորելը և նույնասեռականների շահերի մասին արտահայտվող կամ նրանց շահերի պաշտպանությամբ հանդես եկող անձանց հանրության թիրախ դարձնելը։ 
բ) «Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն» …
Սույն արտահայտության մեջ փաստացի տվյալը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից հայցվորին տարվա լավագույն կազմակերպություն ճանաչելն է։ 
Ինչպես նաև որպես փաստացի տվյալ կարող է համարվել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի անդամների կողմից «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային» կոչերի իրականացումը։ Սույն տվյալը տեղ է գտել նույն հոդվածի առաջին նախադասությունում. «Պարզվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», այսինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին։ Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն»։
Որպես փաստական տվյալ կարող է հանդիսանալ նաև հոդվածում տեղակայված լուսանկարը, որի ներքո կատարված է հետևյալ մեկնաբանությունը. «21 սեպտեմբեր 2013. «Նոր Սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում։ Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառներ։ Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների թիվ 1 կարգախոսն է»։ 
Սույն արտահայտության փաստական հիմքը մի քանի կազմակերպությունների և անհատների կողմից սեպտեմբերի 21-ին Գյումրիում կազմակերպված միջոցառումների շարքն է՝ ֆիլմի դիտում, նորաձևության ցուցադրություն և քայլերթ, որը նվիրված էր Խաղաղության միջազգային օրվան։
«Պղծել» տերմինն ունի քրեաիրավական նշանակություն, որպես օբյեկտիվ կողմի տարր նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 260 /վանդալիզմ/, 265 /դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը, 331 /պետական խորհրդանիշներն անարգելը/ հոդվածներում։
Վիրավորական է «Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած» արտահայտությունը, ինչպես նաև լուսանկարի ներքևի հատվածում կատարված արտահայտությունը. ««Նոր Սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում»։ 
Նախ նշենք, որ սույն դեպքում խոսքը ոչ թե գնահատողական դատողության մասին է, այլ ատելության խոսքի տարածման։ 
30.10.1997թ.-ի «Ատելություն սերմանող խոսքի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ R(97)20 Հանձնարարականի համաձայն որպես լրատվամիջոցներով տարածվող ատելության խոսք` «պետք է հասկանալ բոլոր այն արտահայտությունները, որոնք տարածում, հրահրում և արդարացնում են ռասայական ատելություն, քսենոֆոբիա, հակասեմիտիզմ և անհանդուրժողականության բոլոր այլ ձեւերը, ինչպիսիք են` ագրեսիվ ազգայնականության և էթնոցենտրիզմի միջոցով արտահայտվող անհանդուրժողականությունը, խտրականությունը փոքրամասնությունների, միգրանտների հանդեպ»։ 
Ընդ որում` սույն փաստաթղթի 3-րդ սկզբունքով սահմանված է, որ «արտահայտվելու ազատությունը պետք է զուգակցվի մարդու արժանապատվությունը հարգելու և ուրիշների հեղինակությունն ու իրավունքները պաշտպանելու սկզբունքի հետ» ։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ատելության խոսքն արգելում է երկու նյութաիրավական հիմքերով՝ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հիմքով /իրավունքների չարաշահման արգելում/, ըստ որի ատելության խոսքը ժխտում է Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքները, և Կոնվենցիայի 10 կամ 11-րդ հոդվածների երկրորդ մասերի հիմքով /պետական անվտանգություն, հասարակական անվտանգություն, այլոց իրավունքներ և այլն/։
Ատելության խոսքի տարածման հիմքերն են.
1) Հոդվածի նպատակը պետական մարմինների և հանրության ուշադրության հրավիրումն է հայցվորի վրա, ով ըստ հոդվածի իրականացնում է նույնասեռականների պաշտպանություն. 
ա/ հոդվածն ուղղակիորեն ցուցադրում է այն կազմակերպությանը, ով մարտի 17-ին կատարել էր հայտարարություն «վերջ տալ հոմոֆոբիային »,
բ/ հոդվածով գրված է հեղինակի և լրատվամիջոցի տեսակետն առ այն, որ հայցվորը քարոզում է գենդերային հավասարություն և «համասեռամոլների» իրավունքներ,
գ/ հեղինակը կոչ է անում պետական մարմիններին ծանոթանալու հայցվորի կայքէջին` դրանով իսկ փորձելով հավաստել իր տեսակետը։
2) Պատասխանող լրատվամիջոցը աչքի է ընկնում ընդգծված քաղաքականությամբ ի դեմս գենդերային հավասարության և նույնասեռականների իրավունքների, ինչը հավաստող ապացույցները կներկայացվեն դատարանին,
3) Պատասխանող լրատվամիջոցը մինչև սույն հոդվածի հրատարակումը հրապարակել էր հոդված, որը հետագայում Տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից ճանաչվեց որպես ատելության խոսք հրահրող և խտրականություն սերմանող հոդված։ Խոսքը թիվ 38 ՏՎԽ կարծիքի մասին է, որտեղ դատապարտվել էր «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հրատարակած հոդվածը ։ 
Սույն հոդվածում որպես թիրախ էին ընտրվել «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի անդամներ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհանես Մկրտչյանը։ Սույն փաստը հավաստում է պատասխանողի կողմից նույնասեռականների և նրանց շահերով հանդես եկող կազմակերպությունների նկատմամբ ատելության հրահրման նախադեպը։ Ընդգծել են, որ վերոնշյալ հոդվածը հրապարակվել էր 17.05.2014թ.-ին, այսինքն վիճարկվող հոդվածից առաջ։ 
4) Հոդվածը լույս է տեսել «Ապազգային» խորագրի ներքո, որն արդեն իսկ ցույց է տալիս, որ հայցվորը ներկայացվել և առանձնացել է որպես հայ ազգի շահերին հակասող, նրա դեմ հանդես եկող և գործող մարմին, ինչը ևս ատելության տարածում է։
5) Ամբողջ հոդվածի տեքստը հայցվորի թերագնահատումն է, որն իրականում կապված է նույնասեռականների հետ, քանի որ հայցվորը բարձաձայն հայտարարություններ է հրատարակում և այլ գործողություններ իրականացնում ուղղված նաև հոմոֆոբիայի դեմ։ Հոդվածում հայցվորին տրվել են վիրավորական պիտակներ` «համասեռամոլների գրանտածիծ պաշտպան», «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» և «Անկախության տոնը՝ ... պղծած կազմակերպություն»։ Նման որակումներով պատասխանողները կոնկրետ գործողություն են կատարում. Նրանք պետական մարմիններին և հանրությանը կոչ են անում ճանաչել նույնասեռականների շահերով զբաղվող անձանց, նրանց որևէ աջակցություն ցույց չտալ, չխրախուսել, չպարգևատրել և այլն։
Սույն հիմքերը նաև հիմնավորում են խտրականության փաստը։ 
ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։
Թիվ R (97) 21 հանձնարարականում ընդգծված է բոլոր անհատների արժանապատվությունը հարգելու, նրանց ազատությունն ու իրավունքները պահպանելու կարևորությունը` առանց որևէ խտրականության, ինչպես օրինակ` սեռական, ռասայական, լեզվական, կրոնական, քաղաքական, ազգային, սոցիալական կամ ունեցվածքային և այլն։
Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով դատարանը տվել էր խտրականության հասկացությունը. «Խտրականությունը տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է համեմատաբար նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ` առանց որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման»։
Տվյալ դեպքում դրսևորվել է ասոցացված խտրականություն, քանի որ խտրականությունը կապված է նույնասեռականների հետ, այսինքն նրանց շահերի պաշտպանությամբ։
Ասոցացված խտրականությունը խտրականության ցանկացած դրսևորումն է, որն իրականացվել է այն անձի նկատմամբ, ով թեև չի համարվում օրենքով սահմանված հիմքով որոշված կարգավիճակի մաս, սակայն կապված է այդ կարգավիճակին պատկանող մեկ կամ մի քանի անձանց հետ։
Խտրականությամբ հավաստվող տարբերակումը դրսևորված է հայցվորի և այն կազմակերպությունների համեմատությամբ, որոնք ըստ հոդվածում տեղ գտած գրառման, նույնպես արժանացել են խրախուսանքի ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր.-ի 32-րդ հոդվածով, դատարանից խնդրել են պարտավորեցնել Իլոնա Ազարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունից «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդվածում հրապարակած վիրավորանքների համար և հօգուտ «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ գումար` որպես պատճառված վնասի գումար,
Պարտավորեցնել «Իրավունք-Մեդիա» ՍՊԸ-ին նույն լրատվամիջոցով հրատարակելու թիվ ԵԿԴ/2750/02/14 քաղաքացիական գործով կայացված վճռով հօգուտ հայցվորի հաստատված փաստերը, մասնավորապես պատասխանողների կողմից հայցվորի գործարար համբավն արատավորելու, ատելության խոսքի տարածման և խտրականության դրսևորման փաստերը, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասը։
Դատարան ներկայացրած հայցադիմումի ամփոփմամբ, հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ նշված հոդվածի առաջնային մասում մգեցված տառերով տեղադրվել է հետևյալ նյութը հայցվորի վերաբերյալ. «Պարզվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», այսինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին։ Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն։ Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն, փորձեցինք պարզել …….»/ տառացի մեջբերում հոդվածից, հիմք՝ հայցադիմումին կից ներկայացված թերթի պատճենը/։
Հոդվածի կենտրոնական հատվածում տեղադրված է լուսանկար, որտեղ երիտասարդների ձեռքին ԱՄՆ-ի դրոշն է և «no hate speech» մակագրությամբ պաստառ։ Նկարի ներքևի հատվածում հետևյալ մեկնաբանությունն է արված, «21 սեպտեմբեր 2013. «Նոր Սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում։ Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառներ։ Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների թիվ 1 կարգախոսն է» / տառացի մեջբերում թերթի հոդվածից ։ 
Հոդվածն ավարտված է հետևյալ նախադասությամբ. «Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են։ Հետաքրքիր է՝ գոնե թռուցիկ, հարգարժան պարոնայք ծանոթացե՞լ են գոնե տվյալ ՀԿ-ի կայքէջին, որ մի բան էլ, փոխնախարար Ա.Քարամյանի ստորագրությամբ ու նրա ձեռամբ՝ ՀԿ-ն գովասանագիր է ստանում…»։
Ելնելով գործի առանձնահատկություններից նախ անդրադառնանք հայցի առարկային, դրա իրավական հիմքերին , որից հետո կանդրադառնանք բուն վիրավորական արտահայտությունների և ատելության խոսքի հիմնավորումներին, նյութական փոխհատուցման իրավաչափությանը և խտրականության դրսևորման իրավական հետևանքին։
Սույն գործով ներկայացրել ենք հետևյալ հայցապահանջները՝ 1) պարտավորեցնել Իլոնա Ազարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունից «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդվածում հրապարակած վիրավորանքների համար և հօգուտ «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ գումար` որպես պատճառված վնասի գումար, 
2) պարտավորեցնել «Իրավունք-Մեդիա» ՍՊԸ-ին նույն լրատվամիջոցով հրատարակելու թիվ ԵԿԴ/2750/02/14 քաղաքացիական գործով կայացված վճռով հօգուտ հայցվորի հաստատված փաստերը, մասնավորապես պատասխանողների կողմից հայցվորի գործարար համբավն արատավորելու, ատելության խոսքի տարածման և խտրականության դրսևորման փաստերը, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասը։
Ներկայացված հայցապահանջներից ներողություն խնդրելուն պարտավորեցումը, գումարի բռնագանձումը և վճռի եզրափակիչ մասն ու դատական ակտով արձանագրված հայցվորի գործարար համբավը արատավորելու հանգամանքի մասին հրապարակումը բխում են ՀՀ քաղ.օր.-ի 1087.1-րդ հոդվածի կարգավորումներից և վիրավորանքի ինստիտուտի նախադեպային զարգացումներից ։
Իսկ ատելության խոսքի տարածման և խտրականության դրսևորման հանգամանքների մասին դատարանի արձանագրման մասին հրապարակումները բխում են Եվրոպական կոնվենցիայի 17-րդ և 14-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 14.1–րդ հոդվածների իրավակարգավորումներից և դրանց մեկնաբանություններից ։
Հաշվի առնելով, որ ներկայացված հայցապահանջների հիմքերից վիրավորանքի ինստիտուտն ու ատելության խոսքը հարաբերակացվում են, իսկ մեր հայցը կրկնություններից խուսափելու համար կներկայացվի այդ հարաբերակցության ներքո, անդրադառնանք վիրավորանքի և ատելության խոսքի հասկացություններին, դրանց հարաբերակցման բնույթին։
ՀՀ քաղ.օր.-ի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/12 քաղ. գործով արձանագրել է, որ արտահայտությունը վիրավորական համարելու համար անհրաժեշտ է ցույց տալ երեք նախապայմանի առկայություն։ Դրանք են`
1) արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային եղանակով,
2) արտահայտությունը պետք է լինի անձի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող,
3) արտահայտությունը պետք է կատարված լինի անձի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու նպատակով, դիտավորությամբ։
Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածում տրված է ատելության խոսքի սահմանումը. 
1. Պատերազմի ցանկացած քարոզչություն արգելվում է օրենքով։ 
2. Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով» ։
Ատելության խոսքը կարող է արդարացնել կամ հրահրել խտրականությունը, սակայն դա չի նշանակում, որ ատելության խոսքը սահմանափակված է միայն խտրականության դրսևորմամբ։ Սույն ինստիտուտները նույնպես հարաբերակցվում են, քանի որ խտրականության հրահրումը կարող է արտահայտվել ատելության խոսքով։ 
«Ատելություն սերմանող խոսքի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ R(97)20 Հանձնարարականի 3-րդ սկզբունքով սահմանված է, որ «արտահայտվելու ազատությունը պետք է զուգակցվի մարդու արժանապատվությունը հարգելու եւ ուրիշների հեղինակությունն ու իրավունքները պաշտպանելու սկզբունքի հետ» ։
Ինչ վերաբերվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ապա դրա 10-րդ հոդվածը սահմանում է ազատ արտահայտվելու իրավունքը, որի երկրորդ մասը սահմանում է այս իրավունքը սահմանափակելու հիմքերը, իսկ Կոնվենցիայի 17-րդ հոդվածը արգելում է օգտագործել արտահայտվելու ազատությունը Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունք վերացնելու նպատակով, կամ սահմանափակելու ավելի շատ, քան այդ իրավունքի սահմանափակումը սահմանված է Կոնվենցիայով. 
Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով։ 
17-րդ հոդվածի նպատակն ու առարկան մեկնաբանվել է Եվրոպական դատարանի կողմից HIZB UT-TAHRIR-ն ու այլոք ընդդեմ Գերմանիայի (որոշ. թիվ 31098/08, 12/06/2012, « 72), գործով որոշման մեջ, ըստ որի. 
«17-րդ հոդվածի նպատակը, այնքանով, որքանով դա առնչվում է անձանց կամ անձանց խմբերի, կայանում է նրանում, որ նրանց համար անհնարին դարձնի Կոնվենցիայից բխեցնել այնպիսի գործունեությամբ զբաղվելու կամ գործողություններ կատարելու իրավունք, որոնք ուղղված լինեն Կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատությունները ոչնչացնելուն...ուստի, ոչ մեկը չի կարող օգտվել Կոնվենցիայի դրույթներից կատարելու համար վերը նշված իրավունքները և ազատությունները ոչնչացնելուն ուղղված գործողություններ...Քանի որ 17-րդ հոդվածի ընդհանուր նպատակը, այլ կերպ ասած, կայանում է նրանում, որպեսզի արգելի տոտալիտար նպատակներ հետապնդող անձանց կամ անձանց խմբերի իրենց շահերին ծառայեցնել Կոնվենցիայով նախատեսված սկզբունքները, այս հոդվածը կիրառելի է միայն բացառիկ հիմքերով և ծայրահեղ դեպքերում՝ որն արտահայտված է Կոնվենցիայի նախադեպային իրավունքում»։ 
(HIZB UT-TAHRIR-ն ու այլոք ընդդեմ Գերմանիայի, « 72)։
Այսպիսով, Կոնվենցիայիում ատելության խոսքը կարգավորվում է 17-րդ հոդվածով, որը Դաշնագրի 20-րդ հոդվածի նման ատելության խոսքը սահմանափակում է բացարձակ իմաստով, քանի որ ատելության խոսքն ուղղված է վերացնելու անձի իրավունքները և ազատությունները Կոնվենցիայի ներքո։ Տվյալ դեպքում նկատի է առնվում խտրականության արգելքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո։ Ինչպես գիտենք, Կոնվենցիայի 12-րդ արձանագրության ներքո սահմանվեց խտրականության համընդհանուր արգելքը։ Նշանակում է խտրականության արգելքը Կոնվենցիայի հիմքում ընկած բացարձակ արժեք է և ոչինչ չի կարող արդարացնել որևէ մեկին ռասայի, սեռի, մաշկի գույնի կամ որևէ այլ հատկանիշով խտրականության ենթարկելը։ Մինչդեռ, ատելության խոսքը որպես կանոն ուղեկցվում է ռասիզմի արդարացմամբ, անհանդուրժողականությամբ, խտրականության քարոզով, և այլն, որոնք հակասում են Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքներին։ Դա է պատճառը, որ ատելության խոսքը որպես արտահայտվելու եղանակ չի պաշտպանվում արտահայտվելու ազատության իրավունքով։

Այսպիսով, սույն մեկնաբանությունների ներքո եզրահանգենք, որ՝
1. վիրավորանքի դեպքում վիրավորողի դիտավորությունն ուղղված է անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելուն, իսկ ատելության տարածման կամ հրահրման դեպքում՝ անձի Կոնվենցիայով սահմանված իրավունքը վերացնելուն, այսինքն՝ ատելության խոսքի դեպքում դիտավորության առարկան միայն արժանապատվության հարգման իրավունքը չէ, այլ Կոնվենցիայով սահմանված ցանկացած իրավունք և հատկապես խտրականությունից զերծ մնալու իրավունքը ՝ հիմք ընդունելով նաև Դաշնագրի և վերը նշված հանձնարարականների դրույթները. Ընդ որում, եթե վիրավորանքը դրսևորվում է ատելության խոսքով, ապա ցանկալի արդյունքը ոչ թե անձին նսեմացնելն է, այլ նրա արժանապատվությունը կամ գործարար համբավը հիմնովին ոչնչացնելը,
2. վիրավորանքի դեպքում թիրախ կարող են հանդիսանալ մեկ կամ մի խումբ անձինք, իսկ ատելության խոսքի դեպքում նաև առաջնային թիրախին ասոցացված թիրախներ,
3. ատելության խոսքի շարժառիթն անհանդուրժողականությունն է, իսկ վիրավորանքի դեպքում կարող է տարբեր լինել,
4. ի տարբերություն վիրավորանքի, ատելության խոսքը չի արդարացվում, այն բացարձակ արգելք է։
5. Որպես էական տարբերակիչ հանգամանք պետք է նշել նաև վիրավորանքով և ատելությամբ դրսևորված գործողությունների բնույթների տարբերակումը ։ 
Ինչպես գիտենք, «վիրավորանք» եզրույթը 2005թ.-ին ՀՕ-98-Ն օրենքով ապաքրեականացվեց և նախատեսվեց ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ ՝հիմք ընդունելով դրանում արարքի հանրային վտանգավորության բնույթի չհամապատասխանությունը քրեաիրավական պատասխանատվության կազմին։
Մինչև ապաքրեականացումը ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը պատիժ էր սահմանում վիրավորանքի համար, որը բնորոշվում էր հետևյալ կերպ. Վիրավորանքը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։ 
Ինչպես տեսնում ենք, սույն հասկացության մեջ առկա չէ ատելության հիմքը։ ՀՀ քր.օր.-ի 63-րդ հոդվածը որպես արարքը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը։ Սույն հոդվածն իր ուղղակի մարմնավորումն է գտել մի շարք հանցագործությունների որակավորումներում։
Սակայն ինչպես նկատում ենք, ՀՀ քր.օր.-ի 63-րդ հոդվածը չի նախատեսում ատելության հիմքով անձի սեռական կողմնորոշման դեմ ուղղված արարքի համար պատասխանատվության ծանրացնող հանգամանք։ Սույն սահմանափակումն, իհարկե, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի ոգուն և Եվրոպական դատարանի դիրքորոշումներին և ինքնին պարունակում է խտրականության դրսևորում։ 
Մասնավորապես, Վեջդելանդն ու այլոք ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ ներկայացված գործը դատարանին հնարավորություն է տալիս համակարգված մոտեցում ցուցաբերել ատելության հրահրման, սեռական կողմնորոշման հիմքով անձի կամ անձանց խմբի դեմ ուղղված դեպքերին, որը կապահովեր նրանց պաշտպանությունը նման դրսևորումներից։ Հստակ անալոգիա կարելի է կիրառել ռասիզմի և քսենոֆոբիայի, որոնք դատարանի քննության առարկա են, և սեռական կողմնորոշման միջև։ Սեռական կողմնորոշման նկատմամբ վերաբերմունքը պետք է նույնական լինի, ինչպես ռասայի, էթնիկ ծագման հիմքերի դեպքերում, որոնք որպես կանոն հանդես են գալիս ատելության հրահրմամբ և ատելության շարժառիթներով հանցագործություններով, քանի որ սեռական կողմնորոշումը անձի ինքնագիտակցման մասն է։ Բացի այդ այն հանդես է գալիս որպես խմբային ինքնության տեսակ» (թիվ 1813/07, 9/02/2012, « 44-45)։ 
Տարբերակիչ այս առանձնահատկություններից պարզ է դառնում, որ ատելության խոսքի ապացուցման առարկան էականորեն տարբերվում է վիրավորանքի ապացուցման առարկայից, ինչպես նաև հիմք ընդունելով ատելությամբ դրսևորված արարքների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ կարող ենք վստահորեն փաստել, որ ատելությամբ դրսևորված խոսքն ունի առանձին պաշտպանական միջոցի կարիք, քանի որ միայն դրա հետևանքով է հնարավոր վերականգնել անձի խախտված իրավունքը։
Մասնավորապես, մեր դեպքում որպես ատելության խոսքի ոչ նյութական փոխահատուցման միջոց՝ դատարանից խնդրել ենք պարտավորեցնել պատասխանող լրատվամիջոցին հրապարակել ատելության հրահրման հանգամանքի մասին դատական ակտով հաստատված փաստը։
Սույն հրապարակումն իր հիմնավորումներով արդյունավետ միջոց է անձի ատելության հրահրումից զերծ մնալու իրավունքի խախտման վերականգման համար, քանի որ լրատվության կողմից, ով հրահրել է ատելությունը, դրա դատական հաստատման մասին հրապարակելը կվերականգնի վստահորդիս համբավն ու հեղինակությունը, ինչպես նաև ցուցադրելով արդարադատության իրականացումը ուսուցանելի և խրատական ազդեցություն կունենա ինչպես հրապարակողի, այնպես էլ այդ հրապարակմանը կոնկրետ գործողություններով հետևած անձանց համար։
Ատելության խոսքի և վիրավորանքի հարաբերակցության դեպքում նույնացնող հատկանիշները հիմք են տալիս դրանց համակեցության կիրառման համար։ Մասնավորապես, 1) երկու ինստիտուտի դեպքում էլ ոտնձգությունն ուղղված է անձի մասնավոր կյանքի, մեր դեպքում գործարար համբավի դեմ, 2) ատելության խոսքը կարող է դրսևորվել վիրավորանքի հասկացությամբ ամրագրված միջոցներով կամ եղանակներով (խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով)։
ՀՀ քաղ.օր.-ի 1087.1 հոդվածի 11-րդ կետը, որի համաձայն սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ` 1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը. 2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը։
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավանորմի կարգավորումը և մեր բերված վերլուծությունն այն մասին, որ ատելությունը դրսևորվում է վիրավորանքի եղանակներով, կարևորելով ատելության հիմքի հանրային վտանգավորության աստիճանը, ատելության խոսքի բացարձակ արգելքը Եվրոպական կոնվենցիայով, կարող ենք պնդել, որ ատելության խոսքը համարվում է գնահատողական չափանիշ վիրավորանքի ինստիտուտում փոխհատուցման չափի որոշման համար, որպիսի դեպքերում փոխհատուցման չափը պետք է որոշվի ՀՀ քաղ.օր.-ի 1087.1-րդ հոդվածի առավելագույն չափով ։
Սույնով պայմանավորված ներկայացրել են վիրավորանքի համար նյութական փոխհատուցման առավելագույն չափ՝ 1.000.000 ՀՀ դրամ։ Իհարկե տվյալ դեպքում նշանակություն ունի նաև պատասխանողների գործողությունները, որոնց կանդրադառնանք հայցի հիմնավորումներում, հոդվածի տարածման եղանակը, այն հանգամանքը, որ հայտարարությունները հրապարակվել են զանգվածային լրատվական միջոցով, սակայն գտնում ենք, որ ատելության խոսքի հիմքն ինքնին բավարար հանգամանք է գումարի չափի հիմնավորման համար։
Այժմ անդրադառնանք վիրավորանքի առկայության հիմնավորումներին։
Վիրավորական ենք դիտել «համասեռամոլների գրանտածիծ պաշտպաններ» արտահայտությունը, որը տեղ է գտել հոդվածի վերնագրում, որի ամբողջական տեսքն է` «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում»։
«bararanonline.com» ինտերնետային բառարանում առկա են «համասեռամոլություն», «համասեռամոլ» և «մոլություն» բառերի բացատրությունները, համաձայն որոնց՝
• համասեռամոլ նշանակում է համասեռամոլությամբ տառապող, համասեռահակ,
• համասեռամոլություն՝ սեռական մոլություն՝ հակում նույն սեռի ներկայացուցիչների նկատմամբ,
• մոլություն՝ մոլի լինել, մոլեգնություն, կատաղություն, անբարոյական վարքագիծ։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/0749/02/10 քաղ.գործով նշել է. «Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով /իրական չեն/, նվաստացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»։
Վերոնշյալ վերլուծությամբ, ինչպես նաև ամբողջական հայտարարության մեկնաբանման արդյունքում՝ կարևորելով նաև «պետական աջակցություն են ստանում» արտահայտությունը, որով հեղինակը ցանկացել է ընդգծել հայ ժողովրդի համար վտանգավոր գործունեության իրականացումը, որն իրականացվում է կոնկրետ քաղաքականությամբ՝ բարձրացնելով դրա վտանգավորության աստիճանը պետական անվտանգության խարխլման աստիճանի, կարող ենք եզրահանգել, որ արտահայտության մեջ օգտագործելով «համասեռամոլներ» և «գրանտածիծ» բառերը, հեղինակը ցանկացել է նվաստացնել վստահորդիս, արատավորել նրա գործարար համբավը՝ ասես, թե վերջինս իրականացնում է հակաազգային, հակահայկական և անբարո գործունեություն։ Պատահական չէ, որ հոդվածը լույս է տեսել «ապազգային» խորագրի ներքո։ Ասվածն ընդգծվում է նաև այն հանգամանքով, որ միջազգային ակտերի թարգմանություններում չի օգտագործվում «համասեռամոլ» տերմինը, այլ օգտագործվում է «նույնասեռական» տերմինը, որն իր մեջ չի պարունակում «մոլուցք» արմատը։
Ավելին, մեկ այլ պարբերությամբ հեղինակը նշում է «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» արտահայտությունը, որը, փաստորեն, օգտագործել է որպես «համասեռամոլ» բառի բնութագրական կամ հատկանիշ ցույց տվող բառ՝ ածական, դրանով իսկ հավաստելով վստահորդիս ընկալման ճշմարտացիությունը այն մասին, որ իրեն վերագրվել է անբարո գործունեություն։
Հայտարարության փաստական հիմքի բացակայությունը ընդգծելու համար նշենք, որ որպես փաստացի տեղեկատվություն նշված է պետական աջակցություն ստանալը, ինչը, ինչպես երևում է հոդվածից, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից հայցվորին շնորհակալագրով խրախուսելու մասին է։ Սակայն այդ փաստը որևէ կապ չունի ոչ նույնասեռականների, ոչ էլ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի հետ։ Այսինքն, չկա փաստական հիմք, որ հայցվորը պետությունից ստացել է դրամաշնորհ նույնասեռականներին ուղղված ծրագրեր իրականացնելու համար, որր հիմք կտար լրագրողին կատարելու նման եզրահանգում։
Երկրորդ արտահայտությունը, որը գնահատել ենք որպես վիրավորանք հետևյալն է. «Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն» …
Հեղինակը ամբողջությամբ հերքել է վստահորդիս գործունեության արդյունավետությունը, նրան համարելով անարժան Հայաստանի Հանրապետության կողմից պարգև ստանալու, ինչը պայմանավորել է, ինչպես ինքն է նշել «հակամարդկային թափոնին պաշտպանող» գործունեության հետ։
Մի կողմից արատավորել է վստահորդիս գործունեության առարկան՝ անվանելով «հակամարդկային թափոնին պաշտպանող», մյուս կողմից նրան վերագրել ոչ իրավաչափ գործողություն՝ անվանելով ՀՀ Անկախության տոնը պղծող։
Մասնավորապես, ըստ հոդվածի սույն հայտարարության հիմք է հանդիսացել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից հայցվորին տարվա լավագույն կազմակերպություն ճանաչելը, որի վերաբերյալ հեղինակը նշել է. 
«Պարզվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», այսինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին։ Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն»։
Պղծելու մասով անդրադարձել է հոդվածում տեղակայված լուսանկարի ներքո կատարված մեկնաբանությամբ. «21 սեպտեմբեր 2013. «Նոր Սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում։ Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառներ։ Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների թիվ 1 կարգախոսն է»։ 
«Պղծել» տերմինն ունի քրեաիրավական նշանակություն, որպես օբյեկտիվ կողմի տարր նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 260 /վանդալիզմ/, 265 /դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը, 331 /պետական խորհրդանիշներն անարգելը/ հոդվածներում։
Առնվազն տարակուսանք են առաջացնում հեղինակի մեկնաբանությունները, որոնց վերաբերյալ ուղղակիորեն կմեջբերվի ՏՎԽ 40 կարծիքից հատված. «Տվյալ դեպքում լրագրողը կազմակերպությանը բնորոշել է «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» արտահայտությամբ։ Փաստերը ցույց են տալիս, որ նման բնորոշումը տրվել է բացառապես այն պատճառով, որ կազմակերպությունը իր գործունեությամբ կոչ է անում հարգել մարդու իրավունքները, չտրվել հոմոֆոբիային և վերջ տալ ատելության խոսքին՝ մի բան, որն արվում է ողջ քաղաքակիրթ մարդկության կողմից։ Նման պարագայում ցանկացած ողջամիտ ընթերցող կարող է հանգել հակառակ եզրահանգման. որ լրագրողը հերքում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մերժում է խտրականության, ատելության խոսքի և մարդատյացության համընդհանուր արգելքը։ Որևէ այլ եզրահանգման հնարավոր չէ հանգել նշված տեքստը կարդալիս։ Լրատվության մատուցման նման եղանակը մտահոգիչ է, քանզի ստացվում է, որ լրագրողը, նույնիսկ եթե իրականում նման մտադրություն չունի, ակամայից դառնում է ատելության խոսք տարածող, քարոզում է անհանդուրժողականություն և ծայրահեղականություն։ Տեղեկատվություն տրամադրելու նման եղանակը անընդունելի է, անիրավաչափ և հեռու է լրագրողական բարեխղճությունից։ Այդ ամենը պետք է գնահատել նաև այն լույսի ներքո, որ լրագրողը իրականացնում է հանրային գործառույթ (հանրությանը տրամադրելով զանգվածային լրատվություն) և նման պարագայում լրագրողական նման գործունեությունը ներկայացնում է նաև հանրային վտանգավորություն»։ 
Սույնի հիման վրա ՏՎԽ-ն գտել է, որ հոդվածում առկա են արտահայտություններ ու կոչեր, որոնք ծայրահեղականության,ատելության խոսքի դրսևորումներ են։
Ինչպես տեսնում ենք, իսկապես առկա է նախապաշարմունք և կանխակալ մոտեցում, քանի որ լրագրողը «ոչ ատելության» կոչը համարում է նույնասեռականների կարգախոս կամ «հարգել մարդու իրավունքները», «վերջ տալ հոմոֆոբիային» արտահայտությունները ասոցացնում է նույնասեռականների պաշտպանության հետ։
Այսպիսով, ընդհանրացնելով վիրավորանքի հիմնավորումները՝ ընդգծել են, որ արտահայտությունները կատարվել են առանց որևէ փաստական հիմքի, կրում են ոչ ադեկվատ և կանխակալ բնույթ, դրանցով կոպտորեն խախտվել են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի դրույթները՝ լրագրողի չեզոքության, խտրականությունից և նախապաշարմունքներից զերծ մնալու, օրենքները պահպանելու, մարդու /իրավաբանական անձի/ մասնավոր կյանքը հարգելու դրույթները ։ Լրագրողը արատավորել է վստահորդիս գործարար համբավը՝ նրա գործունեությունը անվանելով հակաբարոյական թափոնի պաշտպանություն և ազգային ու պետական տոները պղծող ։ 
Ատելության խոսքի հասկացության վերլուծություններից կարելի է որոշել հայցի ապացուցման առարկան, այն է՝ «Նոր Սերունդ» կազմակերպության գործունեության դադարեցմանը, սահմանափակմանը ուղղված արտահայտություններ, որոնք հիմք են սեռական կողմնորոշման ինքնարտահայտման կամ նույնասեռականների նկատմամբ անհանդուրժողականությամբ ։ 
Սույն հանգամանքը հավաստվում է հետևյալով՝ 
1. Պատասխանող լրատվամիջոցը ընդգծված քաղաքականություն է իրականացնում նույնասեռականների և նրանց իրավունքների պաշտպանների նկատմամբ, ինչը հիմնավորվում է հետևյալ հանգամանքներով. Պատասխանող լրատվամիջոցը վստահորդիս գործունեությունը դադարեցնելու կամ սահմանափակելու, ինչպես նաև նրա գործունեությունը պետական հսկողության ներքո առնելու նպատակով կազմել է բանաձևեր, կնքել դաշինքներ, կատարել բզմաթիվ հրապարակումներ և կոչեր, ճնշում գործոդրել պետական կառույցների նկատմամբ ։
Նշել է, որ լրագրողի դիտավորության հիմնավորության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է արձանագրելով՝ Դիտավորության առկայությունը հիմնավորվում է միայն փաստերով՝ առաջին հերթին անձի կոնկրետ գործողություններով կամ հայտարարություններով, որոնք նախորդել կամ հաջորդել են վիճահարույց հրապարակմանը։ Որպես ուղեցույց, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի փաստերի վրա, որոնք ցույց են տալիս, որ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու հանգամանքի մասին ։
Դատարանին ներկայացվել են պատասխանող լրատվամիջոցով հրապարակված մի շարք նյութեր նրա դիտավորության առկայությունը հավաստելու համար, որոնցից առանձնանում է 17.05.2014թ.-ին հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածը, քանի որ հետագա գործունեությունը սկսվել է այս հոդվածի հրապարակումով ։ Սույն հոդվածում որպես թիրախ էին ընտրվել «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի անդամներ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհանես Մկրտչյանը, որտեղ հեղինակը «ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» կոչ էր անում այն անձանց նկատմամբ, ովքեր իրականացնում էին նույնասեռականների պաշտպանություն և հրահանգում. 
«1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։ 
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը։
Սրանով, անշուշտ, չեն սահմանափակվում այն ոլորտները, ուր հնարավոր է սահմանափակել գեյ-լոբբիստների գործունեության հնարավորությունը»։
Սույն հոդվածով ուղղակիորեն նշված է հետագա քաղաքականության նպատակը՝ նույնասեռականների պաշտպանների գործունեության սահմանափակում։
2. «Պարսավանք ու մերժողականություն պետք է դրսևորվի գենդերային քարոզչության պաշտպանների նկատմամբ» 12.12.2014թ.-ի հոդվածում հեղինակը իրազեկում է, որ ստեղծվել է «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք», որի նպատակներից է. «Բացահայտել և գաղափարական պայքար ծավալել բոլոր այն կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք նպատակ են հետապնդում Հայաստանում իրականացնել գենդերային այլասերող գաղափարախոսությամբ նույնասեռականության քարոզչություն,…», ինչի հիման վրա Դաշինքը կոչ է անում՝ Համազգային պարսավանք ու մերժողականություն պետք է դրսևորվի գենդերային քարոզչության և գենդերային հավասարությունների, միասեռական «ամուսնությունների», … Հայաստանում այլասերում տարածող և դրանք պաշտպանող անձանց ու կազմակերպությունների, հայությանը խորթ եւ անընդունելի միջազգային նորմերի պաշտպանների նկատմամբ։ Սույն դաշինքի մասնակից է նաև «Իրավունք» թերթը։
3. Մի շարք հոդվածներում «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը ներկայացվում է որպես թիրախ վերոնշյալ դաշինքի նպատակաների /«Նույնասեռականության քարոզով հատկապես աչքի են ընկնում «Նոր սերունդ» և «ՓԻՆՔ Հայաստան» ՀԿ-ները (13.11.2014), «Մոտ 50 ՀԿ ընդունեցին բանաձև այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերների դեմ»(12.11.2014)։
4. «Նոր սերունդ»-ը ընտրում է ... սպիդով վարակելու ազատություն» (16.09.2014) հոդվածի վերջաբանում հեղինակը նշում է. «Ուրեմն` ինչ... Արդյոք ժամանակը չէ, որ այդ կառույցի գործունեությունը դառնա իրավապահ մարմինների մանրազնին ուսումնասիրության առարկա, իսկ կառույցի գործունեությունը իսպառ արգելվի»։
5. «Օմբուդսմենը տեղյակ չէ՞ր իջևանյան «երկնագույն» խայտառակությունից» (2-3 հուլիս 2014) հոդվածում մատնանշելով «Նոր սերունդ» ՄՀԿ-ի կողմից «Իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպված հանդիպում-քննարկումը՝ հարցում էր արել ՄԻՊ-ին պարզելու համար վերջինիս մասնակցության հնարավորությունը այդ միջոցառմանը, որին ի պատասխան ստանալով մերժում՝ նշում է. «Այնպես, որ ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով այս խնդրին՝ լիահույս ենք, որ նման անթույլատրելի սադրումներ այսօր իրեն վերապահված գործառույթներից ելնելով՝ այլևս ՄԻՊ-ը թույլ չի տա»։
Սույն հոդվածներով հավաստվում է պատասխանող լրատվամիջոցի կողմից իրականացվող գործունեությունը ուղղված հայցվորի դեմ՝ նրա գործունեության դադարեցման կամ սահմանափակման դեմ, ինչպես նաև հոդվածներով պետական մարմինների ուշադրությունն է հրավիրվում հայցվորի գործունեությանը, որը վերջիններս գնահատել են «ապազգային», «այլասերում տարածող», «անթույլատրելի»…..և այլն։
Սույն գործով վիճարկվող հոդվածով ևս հոդվածը տպագրվել է «Ապազգային» խորագրի ներքո, իսկ վերջում հեղինակը կոչ է անում պետական մարմիններին մինչև լավագույն ճանաչելը ծանոթանալ վստահորդիս կայքէջին։ Այսինքն, նպատակն ակնհայտ է։
Որպես դիտավորության հավաստում է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ հոդվածով արծածվում է մի իրադարձություն՝ վստահորդիս շնորհակալագիր տալը, որը տեղի է ունեցել հոդվածի տպագրումից մեկ տարի առաջ։ Հետևաբար, հարց է առաջանում, ինչումն էր կայանում սույն հրապարակման հանրային իրազեկության անհրաժեշտությունը։
Անդրադռանալով խտրականության հիմնավորմանը, նախ անդրադառնանք դրա հասկացությանը։
ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։
Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից։
Խտրականության հասկացությունը ՄԻԵԴ-ը տվել է Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով՝ «Խտրականությունը տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է համեմատաբար նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ` առանց որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման»։ 
ՄԱԿ Մարդու Իրավունքների Կոմիտեյի թիվ 31 ընդհանուր մեկնաբանության 16 կետի պահանջի համաձայն Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների Միջազգային Դաշնագրի ցանկացած դրութի խախտման դեպքում պետությունները պարտավոր են տրամադրել փոխհատուցում կամ դիմել հատուցման այլ միջոցների։
Սույն հայցով խնդրել ենք ոչ նյութական փոխհատուցում, այն է՝ խտրականության հրահրման փաստի արձանագրման հրապարակումը պատասխանող լրատվամիջոցի կողմից։ Սույնի վերաբերյալ հիմնավորումները նույնական են ատելության փաստի հաստատման հրապարակման պահանջի հետ՝ որխես Կոնվենցիոն և Սահմանադրական դրույթի խախտամբ վստահորդիս խտրականությունից զերծ մնալու իրավունքի վերականգման հնարավորություն։
Ուշագրավ է ՄԻԵԴ պրակտիկան խտրականության վերաբերյալ գործերով ապացուցման բեռի բաշխման մասին՝ ապացուցման պարտականության կանոնները պետք է փոփոխվեն այն դեպքերում, երբ առերևույթ (prima facie) խտրականության դեպք է առկա և, որպեսզի հավասարության սկզբունքն արդյունավետ կիրառվի, ապացուցման պարտականությունը պետք է կրի պատասխանողը, երբ նման խտրականության ապացույց է ներկայացվում։
« Ապացույցները կարող են բխել բավարար կերպով ուժեղ, հստակ և համաձայնեցված վարկածների գոյակցությունից կամ նմանատիպ անվիճելի փաստերից։ Ավելին՝ որոշակի եզրակացության հանգելու համար անհրաժեշտ համոզման մակարդակը, և այս կապակցությամբ ապացուցման պարտավորության բաշխումը անբաժանելիորեն կապված են այս փաստերի առանձնահատկությունների, պնդման բնույթի և ՄԻԵԿ-ի վտանգված իրավունքի հետ»։
Այսպիսով, ՄԻԵԴ պրակտիկայի համաձայն փաստերի առատության դեպքում խտրականության առկայության կանխավարկածը բավարար է պատասխանողին ապացուցման բեռի փոխանցման համար։
Սույնի վերաբերյալ խտրականությանը տրված ՄԻԵԴ մեկնաբանությունից առանձանցնվում է նրա առարկան ՝
1) Համեմատականության եզր և պաշտպանական հիմք-այսինքն ինչ հիմքով են տարբերակվել հայցվորները համեմատական նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ և Եվրոպական կոնվենցիայով և դրան կից թիվ 12 արձանագրությամբ սահմանված ցանկացած օրենքով երաշխավորված որ իրավունքի դեմ է դրսևորվել տարբերակումը։ 
Տվյալ դեպքում պաշտպանական հիմքը սեռական կողմնորոշումն է, որը թեև ուղղակիորեն ամրագրված չէ վերոնշյալ հոդվածներով , սակայն հանդիսանում է այդպիսին ՄԻԵԴ մի շարք վճիռների հիման վրա ։
«Վեջդելանդն ու այլոք ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ ներկայացված գործը դատարանին հնարավորություն է տալիս համակարգված մոտեցում ցուցաբերել ատելության հրահրման, սեռական կողմնորոշման հիմքով անձի կամ անձանց խմբի դեմ ուղղված դեպքերին, որը կապահովեր նրանց պաշտպանությունը նման դրսևորումներից։ Հստակ անալոգիա կարելի է կիրառել ռասիզմի և քսենոֆոբիայի, որոնք դատարանի քննության առարկա են, և սեռական կողմնորոշման միջև։ Սեռական կողմնորոշման նկատմամբ վերաբերմունքը պետք է նույնական լինի, ինչպես ռասայի, էթնիկ ծագման հիմքերի դեպքերում, որոնք որպես կանոն հանդես են գալիս ատելության հրահրմամբ և ատելության շարժառիթներով հանցագործություններով, քանի որ սեռական կողմնորոշումը անձի ինքնագիտակցման մասն է։ Բացի այդ այն հանդես է գալիս որպես խմբային ինքնության տեսակ» (թիվ 1813/07, 9/02/2012, « 44-45)։ 
Շարունակելով վերլուծությունը ՄԻԵԴ-ը նշել է. «Երբ որոշակի խումբ կամ անձ առանձնանում է որպես հետապնդման և խտրականության օբյեկտ, օրենքները ատելության հրահրման դեպքերում պետք է պաշտպանեն այն հատկանիշները, որոնք համարվում են սկզբունքային որոշակի խմբի պատկանելիության նույնացման համար։ Այդպիսով, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը թույլատրվում է այն դեպքերում, երբ դրսևորման նպատակը հանդիսանում է սեռական կողմնորոշում ունեցող անձի կամ խմբի նկատմամբ նվաստացումը, վիրավորանքը կամ ատելության հրահրումը ։
Համեմատական եզր են համարվում այն իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք հոդվածագրի հավաստմամբ իսկ վիճարկվող հոդվածով մասնակցել են մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել էր ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության կողմից, և ստացել շնորհակալագրեր։ Այսինքն, «Նոր Սերունդ» ՄՀԿ-ն գտնվել է նշված կազմակերպությունների հետ նույնանման վիճակում, սակայն դարձել է թիրախ լրատվամիջոցի համար միայն այն հանգամանքի բերումով, որ իրականացնում է նույնասեռականների շահերի պաշտպանություն։
Տվյալ դեպքում առկա է խտրականության տեսակներից հետապնդումը, որը որոշակի հատկանիշներ ունեցող անձի և/կամ մի խումբ անձանց համար անցանկալի բանավոր, ոչ բանավոր կամ ֆիզիկական պահվածքն է, որը հանգեցնում է կամ նպատակ է հետապնդում անձի և/կամ մի խումբ անձանց արժանապատվության վիրավորելուն և նրանց համար ահաբեկող, թշնամական, վիրավորական կամ մերժողական միջավայր ստեղծելուն ։ 
Հետապնդումն առկա է ոչ միայն հոդվածով հայցվորների համար մերժողական և թշնամական միջավայր ստեղծելու նպատակով, այլև պատասխանող լրատվամիջոցի կողմից պարբերաբար սեռական կողմնորոշում ունեցող անձանց վերաբերյալ հոդվածների հրապարակմամբ, ինչպես նաև հիսուն այլ կազմակերպությունների հետ միանալու ձևով կոնկրետ բանաձևերի մշակմամբ, դաշինքների կնքմամբ, որոնք ուղղված են նույնասեռականների պաշտպանների, մասնավորապես «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի դեմ /սույն հանգամանքները հավաստող ապացույցները բերվել են ատելության խոսքի հիմնավորումներում/։
Հետևաբար առկա է տարբերակում, որը կարող է համարվել խտրականություն, եթե տարբերակումը հիմնված չէ ողջամիտ և օբյեկտիվ հիմնավորման վրա։
Օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացման առկայությունը պետք է գնահատվի նպատակի և միջոցների համաչափության ներքո, հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք, որպես կանոն, գերակշռում են ժողովրդավարական հասարակություններում։ Կոնվենցիայով սահմանված իրավունքի իրականցման նկատմամբ տարբերակված վերաբերմունքը միայն իրավաչափ նպատակ չէ հետապնդում։ Հոդված 14-ը խախտվում է նաև, երբ հստակորեն հաստատվում է, որ չկա ողջամիտ հարաբերակցության համաչափություն ձեռնարկված միջոցների եւ նպատակի միջև, որը հնարավոր էր իրականացվել /Belgian Linguistics Case, para. 1(B)(10) / ։
Տվյալ դեպքում պատասխանողները չեն հետապնդել իրավաչափ նպատակ, քանի որ դուրս են եկել լրագրողի իրավասություններից, իրենց նախապաշարմունքների և այլ ներքին մղումների բերումով իրականացրել են կոնկրետ գործունեություն, որը կրում է պատժիչ բնույթ նույնասեռականության նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնելու Սահմանադրական լիազորությամբ օժտված են միայն ՀՀ դատարանները, մինչդեռ զանգվածային լրատվությունը համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածումն է, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկություններ ու գաղափարներ։
Հետևաբար, իրականացնելով կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված են հայցվորի գործունեության դադարեցմանը կամ սահմանափակմանը, պատասխանողը թույլ է տվել իրավունքների չարաշահում, ուստի նրա գործողությունները հիմնված չեն օրենքի վրա ։
Երկրորդ, նպատակը սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները վերացնելն է, նրանց գործունեությամբ զբաղվող անձանց լուծարումը, ինչը հակասում է ընդհանրապես մարդու իրավունքների սկզբունքներին, ինչի վերաբերյալ արդեն իսկ մեջբերված ՄԻԵԴ նախադեպերով հավաստվում է դրա ոչ իրավաչափությունը ։
Ավելին, դատարանին ներկայացվել է խտրականության վեճերով մասնագիտական մարմնի՝ Հավասարության խորհրդի թիվ 002 եզրահանգումը, որով վերջինս նույնպես հաստատել է պատասխանողների վարքագծում խտրականության դրսևորումը ։
Այսպիսով, ելնելով վերոգրյալից, խնդրել են հայցը բավարարել աբողջությամբ ։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցադիմումը և խնդրեցին հայցը բավարարել։

Պատասխանողների փաստարկները և իրավական դիրքորոշումը։
Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորի ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման Դատարանի կողմից հետևյալ պատճառաբանությամբ։
Թիվ ԵԿԴ/2750/02/14 քաղաքացիական գործով Հայցվորի կողմից որպես պատասխանող ներգրավվել է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ խնբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, որը սակայն չի կարող սույն քաղաքացիական գործով որպես պատշաճ պատասխանող հանդիսանալ, քանի որ «Իրավունք» մշտական անվանումն ունեցող լրատվության միջոցը պատկանում է իրավաբանական անձի, այն է՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին, իսկ Հայկ Բաբուխանյանն իրավաբանական անձ չի հանդիսանում և օրենքով սահմանված պատասխանատվության չի կրում լրատվական միջոցի գործունեության համար, առավել ևս դրանում հրապարակվող հոդվածների համար։
Ավելին՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն նույնպես չի կարող որևէ պատասխանատվություն ստանձնել ենթադրյալ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման համար։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1078.1. հոդվածի 6-րդ կետի համաձայն. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները Լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1078.1. հոդվածի 9-րդ կետի համաձայն. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը։
2014 թվականի հունիսի 6-9-ի «Իրավունք» մշտական անվանումն ունեցող լրատվության միջոցի թիվ 62 /2410/ համարում տեղադրված հոդվածն ունեցել է հեղինակ, որի անունը գրված է եղել Հոդվածի ստորին մասում։
Հոդվածի հեղինակի հայտնի լինելու պարագայում «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության դեմ ներկայացված պահանջը նույնպես կլիներ ոչ իրավաչափ և կհակասեր վերը նշված իրավադրույթներին։
2014 թվականի հունիսի 6-9-ի «Իրավունք» մշտական անվանումն ունեցող լրատվության միջոցի թիվ 62 /2410/ համարում տեղադրվել է հոդված «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով /այսուհետ՝ Հոդված/։
Հայցվորը նշված հոդվածի նախաբանն ընդունել է որպես իրեն ուղղված վիրավորանք և զրպարտություն և 13.06.2014 թվականին հերքման պահանջ է ներկայացրել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին, որից պատասխան չստանալով 11.07.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան։
Գտնում են, որ Հայցվորը բաց է թողել իր իրավունքի պաշտպանության համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում։
Իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հերքման պահանջ հայցվորը ներկայացրել է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին, որը սույն պարագայում իրավասու անձ չի հանդիսացել և որևէ իրավունք չուներ Հայցվորի գրությանը պատասխանելս կամ հերքման նախաձեռնությամբ հանդես գալու համար։
Իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հերքման պահանջ հայցվորը պետք է ներկայացներ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գեղամ Գրիգորյանին, ինչը չի արել, իսկ Հայկ Բաբուխանյանին նման պահանջ ներկայացնելը դուրս է օրենքի շրջանակից և հավասարազոր է նրան, որ նույն պահանջը ներկայացվեր օրինակ «Միավորված ագգերի կազմակերպության» գլխավոր քարտուղարին։
Հայցվորի հերքման պահանջն անպատասխան մնալուց հետո վերջինս 11.07.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան, որով էլ խախտել է օրենքով սահմանված հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը։
Հոդվածը հրապարակվել է 2014 թվականի հունիսի 6-9-ի «Իրավունք» մշտական անվանումն ունեցող լրատվության միջոցի թիվ 62 /2410/ համարում, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել մեկամսյան ժամկետը բաց թողնելուց հետո, այն է՝ 11.07.2014 թվականին։
Թեև միայն հայցային վաղեմության ժամկետի բացթողումը բավարար է, որպեսզի հայցադիմումը ենթակա լինի մերժման, այնուամենայնիվ հայտնել են իրենց դիրքորոշումը հայցադիմումում շարադրվածի վերաբերյալ.
Հայցադիմամում նշվում է, որ 2014 թվականի հունիսի 6-9-ի թիվ 62 /2410/ համարի «Ապազգային» խորագրի ներքո տպագրված հոդվածը նպատակ է ունեցել զրպարտել և վիրավորել հայցվորի գործարար համբավը։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, այն ավելի շատ հիշեցրեց «Լեզվի պետական տեսչության զեկույց» կամ կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, և այդպես էլ պարզ չդարձավ, թե հայցվորների կողմից հատկապես որ բառերն ու բառակապակցություններն են դիտվել որպես վիրավորանք և զրպարտություն։
Օրենսդիրն անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող երկու միջոց է տարբերակել, այն է՝ վիրավորանք և զրպարտություն։
Հայցադիմումում հստակ տարանջատված չէ, թե հոդվածի որ մասն է դիտվել որպես վիրավորանք և որ մասը որպես զրպարտություն։
Միայն «Փաստացի պղծում է» արտահայտությունն է դիտարկվել որպես զրպարտություն, իսկ մնացածի մասով առկա է խիստ անորոշության։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հայցի վերաբերյալ դատական գործեր քննելիս Դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորության ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատողական դատողությունները՝ միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում։
Հետևաբար հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև՝ կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով։ (տես Վանո Եղիազարյաեն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը)։
Ենթադրյալ վիրավորանք և զրպարտության պարունակող նշված արտահայտություններով որևէ մեկին վիրավորելու կամ գրպարտելու միտում չի եղել, ավելին՝ Հոդվածում ներառված արտահայտությունները չեն կարող արատավորել հայցվորի պատիվը և արժանապատվությունը և այդ հիմքով վերջինիս վրդովվմունքն անտեղի է, իսկ ներկայացված հայցն ամբողջությամբ հիմնազուրկ և Դատարանի կողմից մերժման ենթակա։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։ Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից։
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։...»։
Այս սահմանադրական դրույթից, ինչպես նաև միջազգային նորմերով սահմանված դրույթներով, գտնում են, որ յարաքանչյուր ոք ազատորեն կարող է արտահայտել իր կարծիքը, ընդ որում այն կարող է նաև լինել քննադատական, որն իհարկե չպետք է պարունակի վիրավորական կամ զրպարտող իմաստ։
Դեռ ավելին, այդ իրավունքի իրականացումը լրատվության միջոցով ևս չպետք է սահմանափակվի։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք ... անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում... այլ անձանց հեղինակությանը կամ իրավունքները պաշտպանելիս... նպատակով»։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն, անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, նշել է, որ նույնիսկ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը պաշտպանվում է, եթե անձը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է «վստահելի ու ճշգրիտ» տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա /տես Շարանովն ու Տրենն ըննդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը/։
Ինչ վերաբերում է Հոդվածում զետեղված արտահայտություններին, ապա դրանք որևէ կերպ չեն կարող դիտվել որպես վիրավորանք կամ զրպարտություն հետևյալ հիմնավորմամբ.
Հայցադիմումում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին Գյումրիում կազմակերպութումը նախաձեռնել է միջոցառումների շարք, այդ թվում ֆիլմի դիտում, նորաձևության ցուցադրություն և քայլերթ։
Ավելին, ինչպես արդեն նշվել է վերոգրյալում, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպայրն իրավունքի՝ արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսիք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։
Փաստորեն, լրատվամիջոցն ունի այդ իրավունքը և կարող է իր հոդվածներում օգտագործել այնպիսի բառեր, որոնք լրատվության սպառողի մոտ կառաջացնեն ցնցում, անհանգստաթյուն, և դա է նաև հանդիսանում արտահայտվելու ազատության սկզբունքի բաղադրիչը։
Զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության այդ թվում՝ գաղափարների տարածման պարտականություն։ Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին /պարտականությանը/ զուգորդվում /համապատասխանում/ է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Հայցվորների կողմից որպես վիրավորանք և զրպարտություն վերագրված արտահայտությունները հենց ունեցել են ցնցում կամ անհանգստություն պատճառելու նպատակ, այլ ոչ թե վիրավորելու կամ գրպարտելու միտում։
Հոդվածում զետեղված արտահայտությունները, որոնք Հայցվորը վերագրել է իրեն և դրանք ընդունել որպես վիրավորանք և զրպարտություն, հեղինակի գնահատողական դատողություններն են հանդիսանում, որոնց վերաբերյալ հեղինակը հայտնել է իր կարծիքը, ինչի հետ Հայցվորներն իրավունք ունեն համաձայն չլինել, իսկ գնահատողական դատողությունների կամ հայտնված կարծիքի ճշմարտացիությունն ապացուցելու վերաբերյալ բոլոր պահանջներն անհիմն են և հակասում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպայրն իրավունքին։
Ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի. «Ինչ վերաբերում է կարծիք հայտնելու ազատությանը, ապա գնահատող դատողության, քննադատության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման։ Հակառակ պարագայում, կարող է խախտել կարծիք հայտնելու ազատաթյունը, որը կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։ Այդուհանդերձ, գնահատող դատողությանը, քննադատությունը, որի հիմքում նույնիսկ բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված։ Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության, քննադատության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր (Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 29372/02, 14/12/2006, ՄԻԵԴ, պատ. 41։ Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23472/03, 21/07/2005, ՄԻԵԴ, պարբ. 30) »։
ՀՀ Սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշման մեջ նշել է, որ մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքամ առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում։
Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում է, որ «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Մերգեյ Գաբրիելյանի ներկայացրած հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման ։
Գործի քննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը առարկեց ներկայացված հայցի դեմ և դատարանին խնդրեց այն մերժել։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը։
1. 2014 թվականի հունիսի 6-9-ի «Իրավունք» մշտական անվանումն ունեցող լրատվության միջոցի թիվ 62 /2410/ համարում տեղադրվել է հոդված «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով։
2. Վերոնշյալ հոդվածում հեղինակը նշել է. «Պարզվում է, որ ՀՀ սպորտի և ռրիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», ասյինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին։ Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն։ Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն, փորձեցինք պարզել....»։
3. Հոդվածի կենտրոնական հատվածում տեղադրված է լուսանկար, որտեղ երիտասարդների ձեռքին ԱՄՆ-ի դրոշն է և «no hate speech» մակագրությամբ պաստառ։ Նկարի ներքևի մասում նշված է. «21 սեպտեմբեր 2013, «Նոր Սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում։ Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառներ։ Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների թիվ 1 կարգախոսն է»։
4. «Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» ՓԲԸ-ի, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի միջև 26.08.2014թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ԼԳ-14-548 Ի պայմանագրի համաձայն, «Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» ՓԲԸ-ն, ի դեմս Լևոն Բաղդասարյանի պարտավորվել է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Իլոնա Ազարյանին մատուցել իրավաբանական ծառայություններ, իսկ վերջիններս պարտավորվել ենդրա դիմաց վճարել 250.000 ՀՀ դրամ գումար։


Դատարանի իրավական վերլուծությունները և պատճառաբանությունները։
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու և 1.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին հայցը ենթակա է մերժման` ելնելով հետևյալ պատճառաբանություններից.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են։ Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի(այսուհետ՝ Դաշնագիր) նախաբանի համաձայն, մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից։
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի համաձայն՝ արգելվում է խտրականությունը սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հատկանիշներով։
Խտրականության արգելքը սահմանված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա կամ Կոնվենցիա) 14-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով սահմանված նույնանման հատկանիշներով։ Ի հավելումն, Կոնվենցիայի թիվ 12-րդ արձանագրությամբ, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի դեկտեմբերի 17-ին և ուժի մեջ մտել 2005 թվականի ապրիլի 1-ին, սահմանվել է խտրականության համընդհանուր արգելքը՝ ցանկացած հատկանիշի հիմքով։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն, «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…։ Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն, «մարդու և քաղաքացու Սահմանադրության 27 հոդվածով «ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում…այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այդ ազատությունների իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ և այդ իմաստով ենթակա է սահմանափակման այնպիսի սահմանափակումներով, պայմաններով ու ձևականություններով, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում և հետապնդում են իրավաչափ նպատակ, մասնավորապես, այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելը։
Եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունը ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։ Այդպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության և ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի,թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, « 41)։
Նշված սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում մամուլի առումով։ Մամուլը կատարում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում։ Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ, այդուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություններ կայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ` իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանմամբ տարածելու պարտավորություն։ Ոչ միայն մամուլը կրում է նման տեղեկություններ և գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման տեղեկություններ և գաղափարներ ստանալու իրավունք (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի` վկայակոչված վերևում, « 41)։
Ինչ վերաբերում է լրագրողական ազատությանը, ապա այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն (Պրագերնու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի, թիվ 15974/90, 26/04/1995, ՄԻԵԴ, « 38)։ Այդուհանդերձ, Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություններ կայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը, եթե լրագրողը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է վստահելի ու ճշգրիտ տեղեկություն՝ լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴպարբ. 40)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։
Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։
ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012թ.-ի նախադեպային որոշմամբ արձանագրվել է վերոհիշյալ հոդվածի մատնանշված դրույթների միատեսակ կիրառման համար էական այն փաստերն ու հանգամանքները, որոնք պետք է քննության առարկա դարձվեն դատարանների կողմից վիրավորանքի շուրջ ծագած դատական վեճերի ժամանակ։
Այսպես, անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա։ Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին։ Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը։
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը։ Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը։ Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը)։ Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում։
Ընդ որում նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել վիրավորանքի, հետևաբար նաև դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով։ Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց։

Անդրադառնալով «դիտավորության» եզրին, Վճռաբեկ դատարանը արտահայտել է մի շարք դիրքորոշումներ, թե ինչպես կարելի է հիմնավորել դիտավորության առկայությունը։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով,` արդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում«(էջ 10, պարբ. 3)։
Ի հավելումն, Վճռաբեկ դատարանը նույն որոշման մեջ վկայակոչել է նաև օրենքով սահմանված երկու պայման, որոնց դեպքում, նույնիսկ վերը նշված պայմանների առկայության դեպքում, արտահայտությունը կարող է չհամարվել վիրավորանք։ Այդ պայմաններն են, առաջին, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների), երկրորդ, երբ տեղեկատվությունը պայմանավորված է գերակա հանրային շահով։ Ըստ Վճռաբեկ դատարանի, օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ երկու պայմանները յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ (էջ 9, պարբ. 4)։
Անդրադառնալով սույն գործի փաստերին, դատարանը նկատում է, որ հայցվոր կազմակերպությունը դիմելով դատարան հայտնել է, որ հոդվածում տեղ են գտել կազմակերպության գործարար համբավը արատավորող արտահայտություններ։ Մասնավորապես, հայցվորը նշում է, որ հոդվածագիրը կազմակերպությանը վերագրել է «համասեռամոլների գրանտածիծ պաշտպան», «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» և «անկախության տոնը պացիվիստական-տոլեռաստական ակցիայով պղծած» որակումներ, որոնք կազմակերպությունը համարում է իրենց բնույթով արատավորող և կազմակերպության գործարար համբավը վնասող։ Դատարանը հարկ է համարում նշված արտահայտությունների իրավաչափության հարցը քննել վերը շարադրված իրավակարգավորումների հիմքով՝ հաշվի առնելով նաև հոդվածի ողջ համատեքստը, որի ներքո այդ արտահայտությունները կիրառվել են։
Անկասկած է, որ վիճահարույց արտահայտությունները տարածվել են հրապարակային եղանակով։ Այս առումով կողմերը նույնպես չեն ներկայացրել որևէ առարկություն։ Հետևաբար, վերը նշված առաջին պայմանը բավարարված է։
«Արատավորող» եզրը մեկնաբանվել է Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10քաղաքացիական գործով որոշմամբ, համաձայն որի «արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են … իրավաբանական անձի կողմից … անարդարացի վարքագծի դրսևորման, … հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, …. և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը» (էջ 10, վերջին պարբերություն)։
«Արատավորող» եզրը մեկնաբանվել է նաև Վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով որոշման մեջ, համաձայն որի «արատավորող արտահայտությունն այն արտահայտությունն է, որը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից» (տեԲս էջ 9, պարբ. 4)։

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/12 քաղ. գործով արձանագրել է, որ արտահայտությունը վիրավորական համարելու համար անհրաժեշտ է ցույց տալ երեք նախապայմանի առկայություն։ Դրանք են`
1) արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային եղանակով,
2) արտահայտությունը պետք է լինի անձի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող,
3) արտահայտությունը պետք է կատարված լինի անձի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու նպատակով, դիտավորությամբ։
Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածում տրված է ատելության խոսքի սահմանումը.
1. Պատերազմի ցանկացած քարոզչություն արգելվում է օրենքով։
2. Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով» ։
30.10.1997թ.-ի «Ատելություն սերմանող խոսքի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ R(97)20 Հանձնարարականի համաձայն որպես լրատվամիջոցներով տարածվող ատելության խոսք` «պետք է հասկանալ բոլոր այն արտահայտությունները, որոնք տարածում, հրահրում եւ արդարացնում են ռասայական ատելություն, քսենոֆոբիա, հակասեմիտիզմ եւ անհանդուրժողականության բոլոր այլ ձեւերը, ինչպիսիք են` ագրեսիվ ազգայնականության եւ էթնոցենտրիզմի միջոցով արտահայտվող անհանդուրժողականությունը, խտրականությունը փոքրամասնությունների, միգրանտների հանդեպ» ։
Ատելության խոսքը կարող է արդարացնել կամ հրահրել խտրականությունը, սակայն դա չի նշանակում, որ ատելության խոսքը սահմանափակված է միայն խտրականության դրսևորմամբ։ Սույն ինստիտուտները նույնպես հարաբերակցվում են, քանի որ խտրականության հրահրումը կարող է արտահայտվել ատելության խոսքով։
«Ատելություն սերմանող խոսքի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ R(97)20 Հանձնարարականի 3-րդ սկզբունքով սահմանված է, որ «արտահայտվելու ազատությունը պետք է զուգակցվի մարդու արժանապատվությունը հարգելու եւ ուրիշների հեղինակությունն ու իրավունքները պաշտպանելու սկզբունքի հետ» ։
Ինչ վերաբերվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ապա դրա 10-րդ հոդվածը սահմանում է ազատ արտահայտվելու իրավունքը, որի երկրորդ մասը սահմանում է այս իրավունքը սահմանափակելու հիմքերը, իսկ Կոնվենցիայի 17-րդ հոդվածը արգելում է օգտագործել արտահայտվելու ազատությունը Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունք վերացնելու նպատակով, կամ սահմանափակելու ավելի շատ, քան այդ իրավունքի սահմանափակումը սահմանված է Կոնվենցիայով.
Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
17-րդ հոդվածի նպատակն ու առարկան մեկնաբանվել է Եվրոպական դատարանի կողմից HIZB UT-TAHRIR-ն ու այլոք ընդդեմ Գերմանիայի (որոշ. թիվ 31098/08, 12/06/2012, « 72), գործով որոշման մեջ, ըստ որի.
«17-րդ հոդվածի նպատակը, այնքանով, որքանով դա առնչվում է անձանց կամ անձանց խմբերի, կայանում է նրանում, որ նրանց համար անհնարին դարձնի Կոնվենցիայից բխեցնել այնպիսի գործունեությամբ զբաղվելու կամ գործողություններ կատարելու իրավունք, որոնք ուղղված լինեն Կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատությունները ոչնչացնելուն...ուստի, ոչ մեկը չի կարող օգտվել Կոնվենցիայի դրույթներից կատարելու համար վերը նշված իրավունքները և ազատությունները ոչնչացնելուն ուղղված գործողություններ...Քանի որ 17-րդ հոդվածի ընդհանուր նպատակը, այլ կերպ ասած, կայանում է նրանում, որպեսզի արգելի տոտալիտար նպատակներ հետապնդող անձանց կամ անձանց խմբերի իրենց շահերին ծառայեցնել Կոնվենցիայով նախատեսված սկզբունքները, այս հոդվածը կիրառելի է միայն բացառիկ հիմքերով և ծայրահեղ դեպքերում՝ որն արտահայտված է Կոնվենցիայի նախադեպային իրավունքում»։
(HIZB UT-TAHRIR-ն ու այլոք ընդդեմ Գերմանիայի, « 72)։
Այսպիսով, Կոնվենցիայիում ատելության խոսքը կարգավորվում է 17-րդ հոդվածով, որը Դաշնագրի 20-րդ հոդվածի նման ատելության խոսքը սահմանափակում է բացարձակ իմաստով, քանի որ ատելության խոսքն ուղղված է վերացնելու անձի իրավունքները և ազատությունները Կոնվենցիայի ներքո։ Տվյալ դեպքում նկատի է առնվում խտրականության արգելքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո։
Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, դատարանը արձանագրում է, որ օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանել՝ թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող։ Դատարանը գտնում է, որ վիճահարույց արտահայտությունները հասարակական արժեհամակարգում գնահատվում են բացասական լույսի ներքո, հանդիսանում են ատելություն հրահրող, դրանք հասարակության կողմից դատապարտելի ու պարսավելի տեղեկություններ են, հետևաբար, նման տեղեկությունները օբյեկտիվորեն, անկախ սույն գործի փաստերի ամբողջությունից, արատավորող են ։
Վռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշման լույսի ներքո քննության առարկա դարձնելով հայցով ներկայացված վերևում նշված հրապարակված արտահայտությունները` դատարանը պարզել ու հաստատված է համարել, որ այնտեղ օգտագործված «համասեռամոլներ» և «հակաբարոյական մարդկային թափոնին» արտահայտություններն է միայն տեղավորվում «վիրավորական» արտահայտության տիրույթում։
Եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշմամբ արձանագրված էական փաստերի լույսի ներքո դիտարկելով 2014 թվականի հունիսի 6-9 «Իրավունք» լրատվության միջոցի թիվ 62/2410/ համարում «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» հոդվածը, որպես մեկ ամբողջություն, դատարանը պարզել է, որ այնտեղ բացակայում է պատասխանողի կողմից դրսևորված ոչ օրինաչափ /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով պատասխանատվության ենթակա/ վարքագիծն` ուղղված կոնկրետ հայցվորին, այսինքն` այն, որ վիրավորական հիշատակված արտահայտությունը վերաբերել է կոնկրետ հայցվորին, այսինքն` ուղղված է եղել կոնկրետ հայցվորի դեմ։
Այսինքն` արտահայտություն կատարողը` պատասխանողը, ի սկզբանե կոնկրետ «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի՝ հայցվորի, պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ չի հետապնդել, պատասխանողի վերոնշյալ «վիրավորական» արտահայտքությունները ուղված են եղել որոշակի սեռական ուղղվածություն ունեցող խմբերին՝ նույնասեռականներին։
Ոչ մի ազատ ժողովրդավարական հասարակության մեջ մտքի, խոսքի, կարծիքի և տեղեկատվության ազատությունը չի պաշտպանում անվայելուչ, անպարկեշտ արտահայտությունները, ոչ նորմատիվային բառապաշարը և զոհի նկատմամբ բացահայտ անպատկառ` մարդկային հասարակությունում ընդունված բարոյական և բարոյախոսական նորմերին, մարդկանց միջև վարքագծի տարրական կանոններին խորապես հակասող վերաբերմունքը և նրա մարդկային արժանապատվությունը նսեմացնող այլ ձևերը։
Խոսքի ազատության ցանկացած սահմանափակում պետք է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինի»։ Ըստ Բարձր դատարանի դատական պրակտիկայի` «անհրաժեշտ» ածականը ենթադրում է «հասարակական կենսական անհրաժեշտություն»։
Դատարանը խոսքի ազատությունը որակել է որպես «ժողովրդավարական հասարակությունների առաջընթացի և յուրաքանչյուր անձի զարգացման հիմնական պայմաններից մեկը» (Տես` Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1976թ. դեկտեմբերի 7-ի վճիռ, serie A no 24, 49)։
Բացի այդ, Ասոսյասիոն Էկին գործի կապակցությամբ Դատարանը հաստատել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված իրավունքները «գործում են անկախ սահմաններից» (Տես` Ասոսյասիոն Էկին ընդդեմ Ֆրանսիայի, «no 39288/98, Ժողովածու 2001-VIII, 62»)։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատությունը` դա տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, իսկ տեղեկությունը` դա անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն է՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ հրապարակումը` դա տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ՝ Ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելն է։
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան։ Հրապարակումների վիրավորական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս։ Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե'ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44)։
Տվյալ դեպքում, դատարանը գործի դատաքննությամբ պարզել ու հաստատված է համարել, որ հայցվորի կողմից հայցում մատնանշված ու դատարանի կողմից որպես վիրավորական համարված արտահայտություներն իրեն վերագրելու հայցվորի վարքագիծը պայմանավորված չէ փաստական որևէ հիմնավոր հանգամանքով, այլ հիմնականում հիմնված է ենթադրության ու կասկածի վրա։
Այսպես, հրապարակված արտահայտությունների ամբողջական տեքստից ակնհայտ է, որ պատասխանող Իլոնա Ազարյանի կողմից հոդվածում նշված վերոնշյալ վիրավորական արտահայտությունները վերաբերում են որոշակի սեռական ուղղվածություն ունեցող խմբերին՝ նույնասեռականներին։
Փաստորեն, գործի փաստական հանգամանքներով չի հիմնավորվել այն էական հանգամանքը, որ հրապարակված նյութի մեջ հեղինակի կողմից գործածված արտահայտությունները իրականում հասցեագրված են եղել անմիջականորեն հայցվորին։

Անդրադառնալով, հայցվորի կողմից մատնանշված՝ «համասեռամոլների գրատածիծ պաշտպան», «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» և «անկախության տոնը պացիվիստական-տոլեռաստական ակցիայով պղծած» որակումներին, դատարանը գտնում է, որ դրանք հեղինակի՝ որոշակի փաստական հանգամանքների վերաբերյալ գնահատողական դատողություններն են՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա։ Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել։ Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում։ Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տես Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76)։ Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տես Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45)։
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով արձանագրել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար։ Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք։ Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։ Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ։
Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող)։ Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա։ Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է։» (տես Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46)։
Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա։ Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տես Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33)։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում։
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով։
Դատարանը հարկ է համարում հիշատակել, որ կարծիք արտահայտելը մեծ պաշտպանություն ունի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն։ Կարծիք արտահայտելու (կամ «գնահատող դատողություն») դեմ ներպետական դատարանի կայացրած վճիռը կարող է որակվել 10-րդ հոդվածի խախտում, եթե միայն առկա է կարծիքն արտահայտելու որոշակի փաստական հանգամանք և բարի կամքի դրսևորում։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք ... անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում... այլ անձանց հեղինակությանը կամ իրավունքները պաշտպանելիս... նպատակով»։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն, անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, նշել է, որ նույնիսկ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը պաշտպանվում է, եթե անձը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է «վստահելի ու ճշգրիտ» տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա /տես Շարանովն ու Տրենն ըննդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը/։
Վերը նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» եւ «զրպար¬տու¬թյուն» որա-կումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարա¬գայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհա¬մապա¬տաս¬խանող փաստերի, փաստացի տվյալների տարած¬ման միջոցով անձի արժա¬նա¬պատ¬վությունն արա¬¬տավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրակա¬նությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադ¬րելուն, իսկ վիրա¬վորանքը ենթադրում է անձի` դիտավո¬րու¬թյամբ, կանխամտածված նվաստացում։ Այս տրա¬մաբանությունն է դրված նաեւ քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում։
Վիրավորանքի առկա սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունե-ցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրա¬վական դիրքո¬րոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի ար¬տա-հայտումը` այնքա¬նով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա եւ արված է արդար մտադ¬րություններով։ Ընդ որում, գնահատող դատողություն արտա¬հայտելու համար ապա¬ցույցներ չեն պահանջվում։ Քննադա¬տությունը, որն ուղղ¬ված է անձի գործու¬նեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաեւ հանրային պաշտոնի, հասա-րակական դիրքի առնչությամբ և ակն¬հայտորեն չի գերազանցում իրավա¬չափության սահմանները, չի կարող համարվել վի¬րավորանք վեճի առարկա հոդ¬վածի իմաստով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արտահայտելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսիք, որոնք վիրավորում, ցնցում կան ամհանգստություն են պատճառում։ Այդպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության և ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն»։ (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ 41)։
Վերևում հիշատակված մեկնաբանությունների լույսի ներքո քննության առնելով սույն գործի առանձնահատկությամբ պայմանավորված էական փաստերը` դատարանն ընդգծում է, որ տեղեկությունը «գնահատող դատողության» արդյունք հանդիսանալու, այդ հիմքով այն որպես վիրավորանք չհամարվելու ու այդ հիմքով հիշյալ տարբերակով ապացուցման պարտավորությունից ազատվելու համար գործով դատարանը ՄԻԵԴ-ի վերոհիշյալ դիրքորոշումների լույսի ներքո քննության առարկա դարձնի ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերը.

- արդյո՞ք տեղեկությունները հիմնվել է որոշակի փաստական հանգամանքների վրա, այսինքն` կարծիքն արտահայտելու համար առկա է եղել բավարար փաստական հիմք։

Սույն գործի քննությամբ պարզվել է, որ հայցվոր «Նոր Սերունդ» ՄՀԿ-ն ստանում է գրանտներ։ Պարզվեց նաև, որ հայցվոր կազմակերպությունը ի թիվս այլոց իրականացնում է նաև նույնասեռականների իրավունքների պաշտպանություն։ Ինչպես նաև պարզվեց, որ 2013 թվականի սեպտեմբերի 21-ին, հայցվոր «Նոր Սերունդ» ՄՀԿ-ն իրականացրել է որոշակի միջոցառումներ։ Նշված փաստերը չեն հերքվել հայցվորի կողմից։ Այսինքն, նշված արտահայտությունը հիմնված է որոշակի փաստական հանգամանքի վրա։
Սահմանադրական դատարանի 15.11.2011թ.-ի թիվ ՍԴ-997 որոշման մեջ արձանագրված այն դիրքորոշմամբ, որ գնահատողական դատողու¬թյունը փաստական հանգամանք¬ների վերլու¬ծության արդյունքում արվող հետևություն է, իսկ հոդվածում պատասխանող Իլոնա Այվազյանը կատարել է փաստական հանգամանքների վերլուծություն` արդյունքում այնտեղ արտահայտել է այդ վերլուծության արդյունքում ստացած իր հետևությունները, որը կրում է սուբյեկտիվ բնույթ։
Դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերը համադրելով վերևում հիշատակված ու գնահատող դատողության համար էական վերոհիշատակված փաստերին` պետք է հանգել այն իրավաչափ հետևության, որ պատասխանող Իլոնա Ազարյանն ուներ բավարար հիմք գործելու «գնահատող դատողության» սահմաններում, քանի որ ուղղակի կերպով առկա էր հայցվորի կողմից իրականացված անհրաժեշտ փաստական հիմքերը, այլև պատասխանողը տեղեկությանների արձանագրմամբ բողոքի ձևով գործել օրենքի սահմաններում։

Փաստորեն, տեղեկությունները հանդիսացել են «գնահատող դատողություն` կարծիք», այսինքն` «համասեռամոլների գրատածիծ պաշտպան», «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» և «անկախության տոնը պացիվիստական-տոլեռաստական ակցիայով պղծած» որակումներում առկա է գնահատողական դատողություն, իսկ այն իր բնույթով ու նյութի ամբողջ համատեքստի լույսի ներքո ուղղակի կարգով չի արատավորել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ուստի ստեղծված իրավիճակում դատարանը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող հայցվորի իրավունքներին միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար` ներպետական օրենսդրությամբ սահմանված միջոցներով վիրավորանքի համար քաղաքացիաիրավական պատասխանատվության հարցը որոշելու անհրաժեշտությունն ինքնին բացակայում է։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, իսկ նույն օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ մասը սահմանում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Քննվող գործում որպես վիրավորանք գնահատվող կարծիքը հանդիսանում է անձի կողմից կատարված գնահատող դատողության արդյունք, այլ ոչ թե իրականությանը չհամապատասխանող կոնկրետ հայցվորի գործունեությանը վերագրվող փաստերի տարածում, ուստի քննվող գործի պարագայում, ժողովրդավարական հասարակությունում նման տեղեկությունների տարածման դեմ պետության կողմից ուղղված միջամտությունը դատարանն անհրաժեշտ չի համարում։
Փաստորեն, գործի համար էական փաստերի լույսի ներքո դատարանը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող հայցվորի իրավունքներին միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար` ներպետական օրենսդրությամբ սահմանված միջոցներով վիրավորանքի համար քաղաքացիաիրավական պատասխանատվության հարցը որոշելու անհրաժեշտությունն ինքնին բացակայում է։

Անդադառնալով հայցվորի կողմից ներայայցված՝ «Իրավունք-Մեդիա» ՍՊԸ-ին նույն լրատվամիջոցով հրատարակելու թիվ ԵԿԴ/2750/02/14 քաղաքացիական գործով կայացված վճռով հօգուտ հայցվորի հաստատված փաստերը, մասնավորապես պատասխանողների կողմից հայցվորի գործարար համբավն արատավորելու, ատելության խոսքի տարածման և խտրականության դրսևորման փաստերը, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասը, դատարանը գտնում է, որ այդ պահանջը, իր բնույթով հանդսիանում է սույն հայցով ներկայացված հիմնական պահանջին ածանցյալ պահանջ, հետևաբար վերոնշյալ պատճառաբանություններով մերժված հիմնական պահանջի պայմաններում, դա ևս ենթակա է մերժման ։

Այսպիսով, դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

Դատական ծախսեր։
Անդրադառնալով դատական ծախսերի լուծման հարցին, դատարանը արձանագրում է, որ գործի դատաքննությամբ և ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ «Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» ՓԲԸ-ի, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի միջև 26.08.2014թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ԼԳ-14-548 Ի պայմանագրի համաձայն, «Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» ՓԲԸ-ն, ի դեմս Լևոն Բաղդասարյանի պարտավորվել է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Իլոնա Ազարյանին մատուցել իրավաբանական ծառայություններ, իսկ վերջիններս պարտավորվել է դրա դիմաց վճարել 250.000 ՀՀ դրամ գումար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ« Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03« Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03« Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել է հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ։ Մասնավորապես« վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական« անհրաժեշտ և ողջամիտ։
Իրական՝ նշանակում է« որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն« որ վնասն իրականում գոյություն ունի« վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների« շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։
Անհրաժեշտ՝ նշանակում է« որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի« որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։
Ողջամիտ նշանակում է« որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին« ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով« բացառելով ենթադրությունները և շահարկումները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաuտաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Այսինքն` փոխհատուցման ենթակա են ներկայացուցիչներին վճարվելիք այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Նշված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն գործով խախտված իրավունքի վերականգնման համար ներկայացուցչի կողմից ներկայացուցչություն իրականացնելու ուղղությամբ կատարված գործառույթները և հաշվի առնելով գործի բարդությունն իրականացված գործառույթների հետ համակցության մեջ` պետք է եզրահանգել, որ տվյալ դեպքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ծախսերի` ներկայացուցչին վճարվելիք գումարի, ողջամիտ չափը կարող է կազմել 100.000 ՀՀ դրամ։ Հետևաբար դատարանը գտնում է, որ ներկայացուցչին վճարման ենթակա գումարի տեսքով դատական ծախսը պետք է փոխհատուցվի 100.000 ՀՀ դրամի չափով։
Նկատի ունենալով, որ դատարան ներկայացված հայցապահանջը մերժվել է, իսկ հայցվորի կողմից սկզբնական հայցադիմումի համար նախապես վճարվել է պետական տուրքի գումարը, այնուհետև նվազեցրել է հայցապահանջը, իսկ տվյալ դեպքում, ավել վճարված պետական տուրքը հայցվորին վերադարձման հիմքերը բացակայում են, դատարանը գտնում է, որ պետական տուրքը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 134 և 140-1401 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի` ներողություն խնդրելուն, դատական ակտը մասնակի հրապարակելուն և պատճառված վնասը փոխհատուցելուն պարտավորեցնելու մասին հայցը մերժել։
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ից հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ. ԱՓԻՆՅԱՆ