Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

27.06.2016թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


«Իմ պաշտպանյալը բացարձակ առնչություն չի ունեցել խաղ առնել չառնելու մեջ». Լեվոն Բաղդասարյան


iravunk.com-ն արդեն գրել էր, որ «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը գտնվում է ազատության մեջ, եւ լուրի իսկությունը հաստատեց վերջինիս փաստաբան, «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը` նշելով, որ փոխվել է խափանման միջոցն իր պաշտպանյալի նկատմամբ, եւ նա գտնվում է ազատության մեջ: Փաստաբանին խնդրեցինք, որ մեկնաբանի, թե ինչը պատճառ հանդիսացավ, որ վերջինիս պաշտպանյալի խափանման միջոցը փոխվեց. «2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ քր. օրենսգրքի 201-ի 2-րդ, 3-րդ հոդվածի մասով, իմ պաշտպանյալի` Գագիկ Սիմոնյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ եւ առաջադրվել էր մեղադրանք: Նա, ինչպես գիտեք, «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչն էր եւ առաջին ձերբակալումից, կալանավորումից անմիջապես հետո իմ պաշտպանյալն ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին` չի կատարել այնպիսի արարք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Այս ամիսների ընթացքում նախաքննություն էր ընթանում, եւ 2016 թվականի հունիսի 23-ին վերջինիս նկատմամբ խափանման միջոցը փոխվեց եւ նա ազատվեց կալանքից:
Նախաքննության արդյունքում շատ հարցերի պատասխան կտրվի եւ, հավանաբար, նա անպարտ կճանաչվի: Չեմ կարծում, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվի մի արարք, որը հետապնդելի կլինի քրեորեն: Վերջինիս նկատմամբ առաջադրված մեղադրանքը միջին ծանրության մեղադրանք է եւ տվյալ դեպքում 6 ամսվա ընթացքում պարտավոր էին նրան բաց թողնել: Այսինքն` կար նաեւ այդ հիմքը, եւ ինչու չէ հետագա ամիսների ընթացքում ենթադրում եմ նախաքննությունը կհանգի այն եզրակացության, որ իմ պաշտպանյալը չի կատարել այնպիսի արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով»:

 

Լ. Բաղդասարյանն իր պաշտպանյալի կալանքից դուրս գալու հիմնական մեխը տեսնում է նրանում, որ. «ըստ պաշտոնական մեղադրանքի` պարզվել է, որ իբրեւ 2015 թվականի նոյեմբերի 28-ին «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը, ինչպես նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ, հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ` ապահովելով խաղերի կանխատեսելի ընթացք եւ արդյունք, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առաձին ֆուտբոլիստների միջեւ: Պետք է ասեմ, որ ոչ միայն իմ պաշտպանյալը կաշառք չի ստացել, այլ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, կաշառքի ոչ մի խոստում ոչ իրեն տվել են, ոչ էլ նա` երրորդ անձանց: Միգուցե քրեական գործի շրջանակում կպարզվի, որ կան անձինք, որոնք  սույն հարցի հետ որոշակի առնչություն ունեն, բայց կոնկրետ իմ պաշտպանյալը բացարձակ կապ չունի, ոչ խոստում են տվել, ոչ էլ նա է խոստում տվել: Իր դրվագով չկա որեւէ նման ապացույց: Պետական լիազոր մարմնի եւ քննչական աշխատանքներով արվում է որոշակի գործառույթներ, եւ հուսով եմ, որոշակի քննության արդյունքում պարզ կլինի, որ իմ պաշտպանյալը բացարձակ առնչություն չի ունեցել խաղ առնելու, չառնելու, կաշառք վերցնելու, կամ խոստանալու մեջ»:

 

Ի դեպ, մեր տեղեկություններով` վերոնշյալ քրեական գործով մեղադրյալներից մեկը փորձաքննության արդյունքում ճանաչվել է անմեղսունակ:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվեց մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք, որի մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով, վերջիններս կալանավորվել էին:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ