Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 



ՆԱԽԱՊԵՍ ՄՏԱԾԵԼՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վերջին ժամանակներս խմբագրությունը հաճախակի է ստանում հարցեր, որոնցով քաղաքացիները ցանկանում են որոշակի մանրամասներ ճշտել այսպես կոչված ամուսնական պայմանագրերի մասին: Ուստիեւ, չկոնկրետանալով որեւէ հարցի վրա, փորձենք, ընդհանուր առմամբ, բավարարել այդ թեմայի շուրջ ընթերցողներին հետաքրքրող հարցերը: Թե որքանով է հարիր մինչեւ ամուսնությունը նորապսակների կողմից կնքվող ամուսնական պայմանագիրը, որտեղ խոսք է գնում ամուսնալուծվելիս յուրաքանչյուրին փոխանցվող գույքի մասին, այլ թեմա է: Հայաստանի ներպետական օրենսդրությամբ կարգավորված է սույն իրավանորմը, եւ օրենսդիրը թույլ է տալիս ամուսիններին, դեռ չամուսնացած, նախապես մտածել ոչ միայն «մի բարձի ծերանալու», այլ նաեւ ամուսնալուծվելու մասին:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածը նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը վերջիններիս սեփականությունն է համարվում, բացառությամբ ամուսնության ընթացքում նվեր կամ ժառանգություն ստացած գույքի, ինչպես նաեւ անհատական օգտագործման հագուստը, կոշիկը… բացի թանկարժեք իրերից եւ պերճանքի առարկաներից: Օրենսդրի կողմից պարտադիր պայման դիտվող այս իրավանորմը չի կիրառվում այն դեպքերում, երբ ամուսնանալիս ամուսինները կնքում են ամուսնական պայմանագիր:
Հարկավոր է գիտենալ, որ ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն ամուսնության պետական գրանցման պահից, այսինքն` զագսի կողմից տրվող վկայականը ստանալիս: Ամուսնական պայմանագիրը դասվում է այն պայմանագրերի շարքին, որը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման: Պայմանագիրը կնքելիս ամուսիններն ազատ են` փոփոխելու ընդհանուր սեփականության շրջանակը ինչպես ողջ գույքի, այնպես էլ դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ավելին, պայմանագրում կարող է նախատեսվել համապատասխան դրույթ` ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ: Այդ պայմանագրով ամուսիններին իրավունք է վերապահված.

 

ա) որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները,
բ) միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները,

գ) իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը,
դ) այն գույքը, որը պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին` ամուսնալուծվելիս:


Արգելվում է պայմանագրի մեջ ներառել.

ա) ամուսինների իրավունակության կամ գործունակության սահմանափակում,
բ) իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրա իրավունքը,
գ) ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները;
դ) իրենց երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները,
ե) նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող դրույթ,

զ) ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ:

Ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի համաձայնությամբ, կամ անվավեր ճանաչվել դատական կարգով: Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Լեւ գրուպ» փաստաբանական

գրասենյակի հիմնադիր նախագահ