Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

27.07.2016թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

« ԼԵՎ ԳՐՈւՊ » ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

«Իրավունք» թերթի հյուրն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Տարոն Բաղդասարյանը: Նա հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում, երբ սահմանադրական բարեփոխումների ժամանակ մի խումբ իրավաբան ուսանողներով հանրությանն իրազեկում էին Սահմանադրության դրույթները եւ, ի տարբերություն որոշ կառույցների կողմից սնվող կազմակերպությունների, ոչ թե քարոզում էին «այո» կամ «ոչ» ասել, այլ պարզապես մարդկանց բացատրում էին սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ հոդվածները: Տարոն Բաղդասարյանը մեր տեսադաշտում նաեւ երկրորդ անգամ հայտնվեց, երբ ապրիլյան քառօրյա պատերազմում մի խումբ ուսանողների հետ զինվորագրվեց եւ կամավոր մեկնեց Արցախ: Հենց դրա շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:

- Որոշումն իմն էր, որը հեշտ չեմ կայացրել, քանի որ գիտակցում էի դրա պատասխանատվությունը: Նժարի մի կողմում դրեցի ընտանիքս, հարազատներիս, սիրածս աղջկան, իսկ մյուս կողմում` նրանց եւ իմ արժանապատվությունը, որն ավելի ծանր կշռեց:Դրանից հետո ավելի ծանր էր որոշմանս մասին հարազատներիս տեղեկացնելը: Գիտեք` մի բան է, երբ գնում ես, հետո մեսիջ ես ուղարկում որոշմանդ մասին, լրիվ այլ է, երբ նայում ես հարազատիդ աչքերին եւ հայտնում ես մի բան, լավ գիտակցելով դրա թողած բացասական, ինչու չէ` նաեւ կործանարար հետեւանքների մասին: Ի վերջո, մորս զարմացած-վախեցած հայացքի ներքո էլ ստացա հորս համաձայնությունը, որն ինձ համար շատ կարեւոր էր, եւ ընկերներիս հետ, որոնք բոլորն էլ անցել են որոշակի մարտական ուղի եւ նախկինում, ինչպես ես, զինապարտ էինք եղել, մեկնեցինք Արցախ:

- Քանի որ առաջին իսկ օրերից եղել եք պատերազմի կիզակետում, կպատմե՞ք մի փոքր, թե ինչ էր կատարվում պատերազմի դաշտում, եւ ինչպիսի՞ն էր զինվորների մարտական ոգին:

- Եթե զինվորի, կամ այնտեղ ապրող քաղաքացու մարտական ոգին գնահատվի 10 բալանոց սանդղակով, ապա գնահատականը կլինի 10 եւ մի բան էլ ավել: Անգամ հինգ տարեկան երեխաները խրամատային կռիվ-կռիվ էին խաղում: Յուրաքանչյուր զինվոր, շինական, կին թե տղամարդ կենդանի հերոսներ էին եւ գիտակցում էին, որ պաշտպանում են իրենց հողը, տունը, ի տարբերություն ոսոխի:

- Պատերազմին հաջորդող օրերին շատ էր խոսվում, որ մեր բանակն ուներ զենքի խնդիր: Դուք նման խնդիր նկատե՞լ եք:

- Ես ինձ չեմ վերապահի գնահատական տալ` դա թողնելով տվյալ ոլորտի մասնագետներին: Սակայն հասկանալի է, որ առանց համապատասխան զենք-զինամթերքի, այդ զենքը պատշաճ կերպով օգտագործելու ունակ մարդկային ռեսուրսների, միայն մարտական ոգին ոչ միայն բավարար չէր լինի թշնամու ագրեսիային դիմակայելու համար, ու կճեղքվեր ռազմաճակատի գիծը` բխող բոլոր կործանարար հետեւանքներով հանդերձ: Մինչդեռ փաստ է, որ հրադադարի ռեժիմը թեեւ խախտվեց ազերիների կողմից, բայց նրանք էին, որ չորս օր անց արդեն երրորդ երկրի միջոցով զինադադար էին մուրում... Միայն ափսոսում եմ, որ առաջ գնալու հրաման չտրվեց: Իսկ առհասարակ` նորագույն զենք-զինամթերքով մեր բանակին զինելու խնդիրը, անշուշտ, պետք է լինի պետական ծրագրի բաղկացուցիչ մաս:

- Ի՞նչ հիշողություններ, հետաքրքիր դրվագներ են տպավորվել Ձեզ մոտ պատերազմական օրերից:

- Ի տարբերություն խաղաղ պայմանների` պատերազմի ժամանակ, ըստ էության, զինվորը հրամանատարից չի տարբերվում, մեկը մյուսին լրացնելովª ընդհանուր խնդիր են լուծում: Հային էլ Աստված այնպիսի շնորհ է տվել, որ պահի տակ կարող է ստանդարտից դուրս այնպիսի գործողություններ կատարել, որ հետո անգամ ինքն իր արածին չհավատա: Օրինակներ ինչքան ուզեք, սկսած չոբան հոպարի ինքնաթիռ խփելուց, վերջացրած հասարակ ձեռքի ականանետով դիրքեր խոյահարող մարտական ուղղաթիռ կործանելով: Իմիջայլոց, աշխարհում նման հասարակ զենքով երկու հոգի են ուղղաթիռ ոչնչացրել: Մեկը Ռեմբոն էր, բայց կինոյում, մյուսը հայ զինվորը` իրական կյանքում, ռազմի դաշտում: Իսկ ավելի լուրջ. անգամ անչափահաս երեխաներն էին փորձում գաղտնի մասնակցել ռազմական գործողություններին, ու երբ արգելում էիր, ըմբոստանում էին, այն էլ` ի՜նչ համառությամբ: Ավելի փոքրերը, ի դեմս հայ զինվորի, տեսնում էին իրենց պաշտպանի: Խոսեցի երեխաների մասին եւ կարոտեցի ինձ ծանոթ բոլոր երեխաներին: Վստահ եմ, նրանք մեզանից ավելի լավ են պահելու մեր հայրենիքն ու մեր հարազատների արժանապատվությունը:

- Ի՞նչ կցանկանաք վերջում ասել:

- Հանրահայտ փաստ է, որ այս պարտադրված պատերազմը նախ մեր հայրերը, իսկ այժմª մենք, ընդունել ենք արժանապատվորեն: Մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք: Ինքս ցանկանում եմ, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, ադրբեջանցի իմ հասակակիցների հետ քննարկենք իրավունքի պաշտպանության զարգացման հեռանկարային հարցեր, փորձի փոխանակում, ինչու չէ` նաեւ ընկերություն-ախպերություն անենք: Բայց երբ գիշերը նենգաբար կացնահարում են հայ զինվորին, երբ ստորաբար խախտում են հրադադարը եւ, մտնելով հայկական գյուղ, մորթում են իրեն պետություն կոչող երկրից ավելի տարիքով հայ մարդկանց, ապա պեպսի-կոլայից էլ երիտասարդ այդ պետության զինվոր կոչվածների նկատմամբ պետք է լինել խիստ եւ անհանդուրժող: Մեկ անգամ եւս ափսոսանք եմ հայտնում, որ հրաման չտրվեց առաջ գնալու` չարին բնում արմատախիլ անելու համար: Այո, Հայաստանի քաղաքացին` համեմատած այլ երկրների քաղաքացիների հետ, աղքատ է ապրում, բայց ունի արժանապատվություն եւ երբեք չի հանդուրժի, որպեսզի քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայացքի առաջ կրկնվի 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը: Երբեք թույլ չի տա, որ քարանձավներից դուրս պրծած բորենիները կրկին քարով ջարդեն Վարուժանի եւ Սիամանթոյի գլուխները:

- Տարոն, երկու բառով էլ ներկայացրու քո ծրագրերի եւ անելիքների մասին: Դու ավարտել ես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրը եւ սովորում ես մագիստրատուրայում: Աշխատո՞ւմ ես: Որպես երիտասարդ իրավաբան, հետաքրքիր է քո կարծիքը համասեռամոլների իրավունքների մասին, որոնց պաշտպանության մասին բարձրաձայնելը մոդայիկ է դարձել:

- Մագիստրատուրային զուգահեռ սովորում եմ նաեւ ՀՀ փաստաբանների դպրոցում: Ինձ տեսնում եմ իրավապաշտպան ոլորտում: Շարժվում եմ «Իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին» սկզբունքով: Աշխատում եմ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակում` որպես իրավախորհրդատու:

Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված կատեգորիայի անձանց իրավունքներին, ապա պատրաստ եմ իրավական հարթության վրա ներկայացնել դրա վերաբերյալ իմ իրավական դիրքորոշումը: Այս պահին կարճ կասեմ հետեւյալը. Աստված Ադամին տվեց Եվա: Աստվածային օրենքով այն իմպերատիվ բնույթի է, ուստի` ներպետական օրենքներով ամրագրել այնպիսի իրավանորմ, որը կլեգալացներ համասեռամոլների ամուսնությունը եւ հակառակ գնալ քեզ ստեղծողի դրած խաղի կանոնին, այն ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաեւ կարող է կործանարար լինել տվյալ երկրի համար: