Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

ԵՐԲ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊՈՉԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿՈՇԻԿԻ ՏԱԿ

 

Կա՞ մեկը Հայաստանում, որ այսօր գոհ է դատական իշխանությունից. դժվար: Իհարկե, չկա մի երկիր, որտեղ բոլորը գոհ լինեն իշխանություններից, այդ թվում` դատական: Բայց երբ այն դժգոհությունը համատարած բնույթ է կրում, կարող է կործանարար լինել:Օրենքի կիրառման, պահպանման, պաշտպանության համար լավագույն մոդելն է համարվում դատական իշխանությունը: Մարդկությունը ոչ միայն արդարադատություն իրականացնելու հետ կապված այլընտրանք չի գտել, այլ այն, կարծում եմ, աստվածային իրավանորմ է: Ավելին, աստվածաշնչյան աղբյուրները հուշում են, որ դատական գործառույթի տիպիկ օրինակ ու կրող է եղել Մովսեսը, որը հետո նշանակեց դատավորներ եւ առանձնացրեց ու անկախացրեց դատական իշխանությունը: Պետք է փաստել, որ իշխանության կառուցվածքի աստվածաշնչյան առանձնահատկությունը դատական իշխանության առանձնացումն ու անկախությունն է: Եվ դա ինքնանպատակ չէ. օրենքը դա այն գրված խաղի կանոնն է, որն ընդունում է տվյալ հասարակությունը: Ուստի, տվյալ հասարակության կողմից օրենքի ցանկացած խախտման դեպքում, դատարանը ոչ միայն պետք է վեր հանի այդ խախտումները, որը կատարվել է տվյալ անձի կողմից, այլ նաեւ գլոբալ առումով բարձր ատյանը պետք է տա գնահատական` կապված հասարակության բարոյական հիմքերի քայքայման եւ դրա արդյունքում՝ օրենքները խախտելու վերաբերյալ:
Ահավասիկ, սա է դատական իշխանության առաքելությունը, որը նմանատիպ տարբեր ձեւաչափերով ներմուծված է աշխարհի իմ իմացած բոլոր պետությունների դատական համակարգերում: Հայաստանը եւս մաս է կազմում այն երկրների, որի դատական համակարգը օրենքի ուժով անկախ է եւ դրան է տրված արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավունք: Արդյոք Հայաստանում առկա՞ են այն բոլոր գործիքները, որի հիման վրա էլ դատավորը պատրաստ է արդարադատություն իրականացնել: Կարծում եմ` այո: Դատական բարեփոխումները Հայաստանում տեղի են ունեցել, սակայն աննշան թվացող մի բացառությամբ… Հայաստանում դատական անկախությունը թվացյալ է, նա գտնվում է գործադիր իշխանության կոշիկի տակ եւ ցանկացած պահի կարող է անցնել գործադրի ծանր մամլիչի տակով` կորցնելով դատական իշխանությանը բնորոշ բոլոր իշխանական լծակները: Այդ թվում նաեւ՝ արդարադատություն իրականացնող անձին բնութագրող այնպիսի հատկություններ, ինչպիսիք են մտածելու, արտահայտվելու, վերջապես արդարադատություն իրականացնելու կարողությունները: Ինչ խոսք, դրան նպաստում են նաեւ դատական իշխանության բոլոր այն պատասխանատու պաշտոնյաները, որոնց հետ դրվել է այդ խաղի կանոնը` մշտապես գտնվելու գործադիր իշխանության կոշիկի տակ: Տվյալ պարագայում դատական իշխանության ամեն մի ներկայացուցիչ կա՛մ պետք է ընդունի այդ խաղի կանոնը, կա՛մ պետք է հեռանա այդ համակարգից, իսկ նրա տեղը արագ կհամալրեն ուրիշները:

 

Կարծում եմ, որ ողջ դատական համակարգը եւս, ինչպես եւ հասարակությունը, հոգնած ու զզված է այս իրավիճակից, երբ մշտապես գտնվելով հսկողության տակ, ստիպված է կատարել տարբեր տիպի ու բնույթի քմահաճույքները, շատ հաճախ էլ` ոչ պրոֆեսիոնալ եւ հետագա կործանարար հետեւանքներ ունեցող (հավատի վերացում արդարադատության նկատմամբ, համատարած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սնանկացումներ, արտագաղթ, Եվրոպական դատարանի վճիռներ ընդդեմ Հայաստանի եւ այլն…):
Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ տիրում է այն կարծիքը, որ բոլոր անարդարներին, վատ ղեկավարներին անհրաժեշտ է հեռացնել, վերացնել: Սակայն նմանօրինակ քայլերը ոչ միայն արդյունք չեն տալու, այլ նաեւ ավելացնելու են հասարակություն-պետություն- քաղաքացի վիհը, քանի որ ապաշնորհ իշխանավորի կամ քաղաքացու կործանումով ոչինչ տեղի չի ունենում: Հակառակը, նրանց փոխարինում են ավելի ապաշնորհներն ու ավելի դաժանները:

Արդյունքում, եթե հիմքում դրված չէ բնական իրավունքի պաշտպանության գաղափարը, պետությունը, երկիրը, նրա քաղաքացին վատ ու թշվառ է ապրելու, իսկ դատական համակարգը գտնվելու է այսպիսի ողբալի վիճակում: Ու միայն դատական իշխանության գործառույթներն ինքնուրույն ու անկախ իրականացնելով է հնարավոր վերականգնելու անձի խախտված իրավունքը, այսինքն` միայն դատարանն է ի զորու` դառնալու իրավունքի հաստատման եւ երկրում իրավունքի գերակայության երաշխավորը:

Հարկավոր է իմանալ.

Կործանվում է նա, ով մեղքեր է գործում եւ իրեն արդարացնում է իր կատարածի մեջ: Իսկ տվյալ հասարակությունը դառնում է մասնակիցն ու ականատեսը դրա եւ այն բանի, թե ինչպես է դատական համակարգը օրինականացնում անօրինականությունը: Այդ դեպքում արդեն անօրինական վարքագիծը դառնում է ապրելու բաղկացուցիչ մաս, առանց որի կարող ես ընդհուպ օտարվել տվյալ հասարակությունից, եւ քեզ բռնում ես այն գիտակցության վրա, թե որքանով է սերտաճել մարդը չարիքի հետ...

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Լեւ գրուպ» փաստաբանական

գրասենյակի հիմնադիր նախագահ